Jump to content

Ավստրիայի տիեզերական գործակալություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրիայի տիեզերական գործակալություն
Տեսակտիեզերական գործակալություն
Երկիր Ավստրիա
Հիմնադրված1972
Գլխադասային գրասենյակՎիեննա, Ավստրիա
Կայքffg.at/ffg/alr(գերմ.) և ffg.at/en/space/alr(անգլ.)

Ավստրիայի տիեզերական գործակալությունը, որը 2005 թվականից պաշտոնապես հայտնի է որպես Ավիացիայի և տիեզերքի գործակալություն (գերմաներեն՝ Agentur für Luft- und Raumfahrt), կազմակերպություն է, որի նպատակն է համակարգել Ավստրիայի տիեզերական հետազոտություններին առնչվող գործունեությունը։ Այն ներգրավված է եղել ինչպես ազգային ծրագրերում, այնպես էլ Եվրոպական տիեզերական գործակալության միջոցով համակարգվող բազմազգ նախաձեռնություններում։

Ավստրիայի տիեզերական գործակալությունը ստեղծվել է 1972 թվականին, իսկ դրա կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում։ 1987 թվականի հունվարի 1-ին Ավստրիան դարձավ ԵՏԳ-ի անդամ պետություն։ Գործակալությունը հայտնի է ավստրիացու առաջին տիեզերական թռիչքի համակարգմամբ․ ինժեներ Ֆրանց Ֆիբյոկը 1990 թվականին թռիչք կատարեց խորհրդային Սոյուզ տիեզերանավով։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Ավստրիայի տիեզերական գործակալության ստեղծումը Ավստրիան արդեն ակտիվորեն ներգրավված էր տիեզերական գործունեության մեջ[1]։ 1950-ականների վերջին և 1960-ականներին երկիրը սկսեց ավելի ակտիվ մասնակցել բազմաթիվ միջազգային տիեզերական ուղղվածություն ունեցող կոմիտեների աշխատանքներին, սովորաբար՝ Միավորված ազգերի կազմակերպության միջոցով։ Ավստրիացի պատվիրակները միջազգային գործընկերների հետ համակարգում էին տիեզերքի օգտագործմանը վերաբերող վաղ պայմանագրերի և իրավական կարգավորումների մշակումը[1][2]։ Ավստրիայի կառավարությունը նաև հետաքրքրված էր տիեզերահեն գործունեության, հատկապես՝ ներքին ջանքերի խթանմամբ։ 1961 թվականի սկզբին երկիրը մասնակցեց Եվրոպական տիեզերական հետազոտությունների կազմակերպության հիմնադրման շուրջ բանակցություններին։ Երեք տարի անց կազմակերպության ստեղծումից հետո Ավստրիան ընտրեց դիտորդի կարգավիճակ։ Հաղորդվում է, որ դա պայմանավորված էր երկրի ֆինանսական ներդրումների վերաբերյալ համաձայնության բացակայությամբ[1]։

Ավստրիայի կառավարությունը չներգրավվեց Եվրոպական կրող հրթիռների զարգացման կազմակերպության նախաձեռնության մեջ․ դա հիմնականում պայմանավորված էր Ավստրիայի անկախության հռչակագրի խախտման վտանգով[1]։ Թեև երկիրը ԵՏՀԿ-ի լիիրավ անդամ չէր, Ավստրիայում մի շարք գործիչներ ձգտում էին ավելի ակտիվ դեր ունենալ տիեզերական գործունեության մեջ։ 1962 թվականի մայիսին ստեղծվեց Ավստրիայի աստղագնացական ընկերությունը՝ ապագա ծրագրերի տեսլականով մասշտաբային մոդելային հրթիռներ արձակելու նպատակով[1]։ 1967-1972 թվականներին ընկերությունը ներկայացնում էր Ավստրիան Միջազգային աստղագնացական ֆեդերացիայում՝ դադարեցնելով այդ դերը Ավստրիայի տիեզերական գործակալությամբ փոխարինվելուց հետո[1]։ Ավստրիայի տիեզերական գործակալության ստեղծումը առաջին անգամ առաջարկվել էր 1962 թվականին[1]։ 1968 թվականի մայիսին Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարարությունը ստեղծեց կոմիտե՝ այդ հնարավորությունը ուսումնասիրելու համար։ 1970 թվականին Գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության ստեղծումից հետո կազմվեց աշխատանքային խումբ՝ նախատեսվող գործակալությունը կյանքի կոչելու համար[1]։ 1972 թվականին ստեղծվեց Ավստրիայի տիեզերական գործակալությունը[2]։

Ակտիվ տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի տիեզերական գործակալության հայտարարված երկարաժամկետ նպատակն է եղել ամրապնդել ավստրիական արդյունաբերության, բիզնեսի և գիտության միջազգային դիրքը տիեզերահեն տեխնոլոգիաների ոլորտում՝ տնտեսական և տեխնոլոգիական զարգացման հասնելու, ինչպես նաև ավստրիական օդատիեզերական ոլորտի աճը խնամելու համար։ Գործակալության գործառույթներից է ազգային օդատիեզերական քաղաքականության իրականացումը, ինչպես նաև Ավստրիայի ներկայացումը տարբեր միջազգային օդատիեզերական կոմիտեներում[3]։

1975 թվականին Ավստրիան սկսեց ակտիվորեն մասնակցել Եվրոպական տիեզերական գործակալության աշխատանքներին, որը ԵՏՀԿ-ի իրավահաջորդն էր[2]։ 1981 թվականին Ավստրիան ճանաչվեց ԵՏԳ-ի ասոցացված անդամ[2]։ 1987 թվականի հունվարի 1-ին երկիրը պաշտոնապես դարձավ ԵՏԳ-ի լիիրավ անդամ[1]։ Ավստրիայի մասնակցությունը ԵՏԳ-ի գործունեությանը տարածվեց պարտադիր գործողություններից, ինչպիսիք են տիեզերական գիտությունը, տեխնոլոգիաները և ուսումնասիրության ծրագրերը, մինչև տարբեր կամընտիր ծրագրեր՝ ներառյալ Երկրի դիտարկումը և միկրոգրավիտացիայի հետազոտությունները, տիեզերական ենթակառուցվածքները և գիտական փորձերի զարգացումը, ինչպես նաև տիեզերական նավիգացիայի ու հեռահաղորդակցության նախագծերը[2]։

Ավստրիան իրականացրել է երկկողմ համագործակցային նախագծեր տարբեր միջազգային գործընկերների հետ[2]։ 1989 թվականին Ավստրիան համաձայնության եկավ Խորհրդային Միության հետ համատեղ ավստրիա-խորհրդային տիեզերական թռիչքի վերաբերյալ։ Արդյունքում ինժեներ Ֆրանց Ֆիբյոկը դարձավ առաջին ավստրիացի քաղաքացին, որը տիեզերական թռիչք կատարեց՝ հաջորդ տարի Սոյուզ տիեզերանավով իրականացնելով առաքելություն դեպի Միր տիեզերակայան[1]։ Ավստրիա-խորհրդային համագործակցության այլ ջանքերի արդյունքում Ավստրիան մշակեց մի շարք գիտական գործիքներ զոնդերի համար, ինչի շնորհիվ ներգրավվեց տարբեր առաքելություններում։ Այլ երկրներ, որոնց հետ Ավստրիան իրականացրել է երկկողմ նախագծեր, ներառում են Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Շվեյցարիան և Գերմանիան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Philipp Besser, Bruno (2004 թ․ հունվար). «Austria's History in Space» (PDF). European Space Agency.
  2. 1 2 3 4 5 6 7 «Austria in Space». ffg.at. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  3. «Aeronautics and Space Agency». ffg.at. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]