Ավիացիոն հրետանային կայանք

Ավիացիոն հրետանային կայանք (ԱՀԿ), բարդ կառուցվածքային համակարգ է, որը գտնվում է թռչող սարքերի վրա, նախատեսված է օդային մարտում կրակային միջոցների (ավիահրանոթ, գնդացիր), էֆեկտիվ կիրառումով հակառակորդի օդուժի, թեթև զրահավորված տեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման համար։ Մի ԱՀԿ-ն կարող է բաղկացած լինել մինչև 4 ավիահրանոթներից։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՀԿ-երը լինում են
- անշարժ
- շարժական
և կախված իրենց դիրքից դասակարգվում են երեք հիմնական խմբի՝
- ներկառուցված ֆյուզելյաժային,
- ներկառուցված թևային
- կախովի[1]։
Կործանիչ և ռմբակոծիչ-կործանիչ ինքնաթիռները հիմնականում զինված են անշարժ ԱՀԿ-ներով։ Անշարժ ԱՀԿ կարող են տեղադրվել նաև ռազմական ուղղաթիռների վրա։ Անշարժ ԱՀԿ-երի նշանառությունը կատարվում է թռչող սարքերի մանյովրի շնորհիվ։ Շարժական ԱՀԿ-ները թույլ են տալիս կրակային միջոցների տեղաշարժումը թռչող սարքերի նկատմամբ, որոշակի անկյան տակ։ Շարժական ԱՀԿ-ները լինում են մեկ կամ երկու հարթության մեջ նշանառվող՝ սեկտորային և կիսասֆերիկ նշանառության[1]։ Թռչող սարքերի առաջամասի և պոչամասի ԱՀԿ-ները հիմնականում լինում են սեկտորային նշանառության, իսկ ֆլուզելյաժային ԱՀԿ-ները կիսասֆերիկ նշանառության։ Ըստ կիրառվող կրակային միջոցների, ԱՀԿ-ները լինում են զինված ավիահրանոթներով կամ խոշոր տրամաչափի գնդացիրներով, որոշ դեպքերում ուղղաթիռների վրա տեղադրվում են նաև ավտոմատ նռնականետերով զինված ԱՀԿ-ներ։


Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավիացիոն հրետանային կայանքը բաղկացած է շրջանակից, նշանառության համակարգից, զինամթերքի սնուցման համակարգից և կրակի ղեկավարման համակարգից։ Շրջանակը ուժային կառուցվածք է, որը ամրակցում է ԱՀԿ-ն թռչող սարքերին։ Շրջանակը բաղկացած է հաստոցից, ամրացման հանգույցներից, հետհարվածի մեղմիչից։ Նշանառության համակարգը բաղկացած է ապահամաձայնեցման չափիչից և կրակային միջոցների շարժման շարժաբերից, որը ապահովում է նրա շարժումը թռչող սարքերի նկատմամբ՝ ըստ նշանոցի։ Ապահամաձայնեցման չափիչի մեջ մտնում են նշանոցի անկյունային դիրքը հսկող տվիչը և հրազենի անկյունային դիրքը հսկող ընդունիչը։ Եթե նշանակետի և հրազենի անկյունային դիրքերը համաձայնեցված չեն լինում, ապա ապահամաձայնեցման չափիչի ազդակներով շարժաբերին հրաման է տրվում շրջել հրազենը նշանակետին համապատասխան ուղղության։ Զինամթերքի սնուցման համակարգը բաղկացած է, արկերի կամ փամփուշտների արկղից, սնուցման ճկափողերից և պարկուճա-հանգուցային հեռացման հավաքարանից։ Կրակի ղեկավարման համակարգը նախատեսված է կրակելու և կրակը դադարեցնելու, սեփական թռչող սարքին անցանկալի կրակից պահպանման, հրազենի վերալիցքավորման համար և զինամթերքի տնտեսման համար (կրակի դադարեցում ապահամաձայնեցման չափիչի միջոցով)[1]։ Ներկայումս ԱՀԿ-երի կրակի ղեկավարման և մյուս համակարգերում լայնորեն կիրառվում են համակարգչային տեխնոլոգիաները։