Jump to content

Ավելացված արժեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավելացված արժեք, տնտեսագիտության մեջ կիրառվող հասկացություն, որը հաշվարկվում է ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքի և դրա բաղադրիչների հանրագումարային արժեքի տարբերությամբ։ Վաճառքի որոշակի միավորների համար այն հարաբերականորեն արտահայտվում է առաջարկի և պահանջարկի կորով[1]։ Այն ներկայացնում է արտադրության տնտեսագիտության և ֆինանսական վերլուծության շուկայական հավասարակշռության տեսակետը։ Ավելացված արժեքը տարբերվում է հաշվապահական ավելացված արժեք տերմինից, որը չափում է միայն շուկայում առկա վաճառքի որոշակի միավորների փոփոխման գործընթացների արդյունքում ստացված ֆինանսական շահույթը։

Բիզնեսում ընդհանուր ավելացված արժեքը հաշվարկվում է՝ ամփոփելով յուրաքանչյուր վաճառված միավորի ավելացված արժեքը(որը չափվում է մեկ միավորի շահույթի՝ վաճառքի գնի և արտադրության ծախսի տարբերության, մեկ միավորի մաշվածքի ծախսի և մեկ միավորի աշխատանքի ծախսի գումարով)։ Այսպիսով, ընդհանուր ավելացված արժեքը համարժեք է եկամուտներին՝ հանած միջանկյալ սպառումը[2][3]։ Ավելացված արժեքը կազմում է եկամուտների ավելի մեծ մաս ինտեգրված ընկերությունների համար (օրինակ՝ արտադրական ընկերություններ) և եկամուտների ավելի փոքր մաս՝ ավելի քիչ ինտեգրված ընկերությունների համար (օրինակ՝ մանրածախ առևտրով զբաղվող ընկերություններ)։ Ընդհանուր ավելացված արժեքը շատ մոտ է աշխատողների հատուցմանը, որը ներկայացնում է վերադարձ աշխատանքին, գումարած մինչև հարկումը ստացված շահույթին, որը ներկայացնում է վերադարձ կապիտալին[3][4]։

Միկրոտնտեսագիտությունում շրջանակներում ավելացված արժեքը սահմանվում է որպես վերափոխման գործընթացի արդյունքում ստեղծված համախառն արտադրանքի շուկայական արժեքի և այդ գործընթացում օգտագործված համախառն մուտքի (կամ համախառն մուտքերի) շուկայական արժեքի տարբերություն։ Ավելացված արժեքը կարելի է նկարագրել Ուլբո դե Սիտերի (անգլ.՝ Ulbo de Sitter) արտադրական փոխազդեցությունների նախագծման տեսության օգնությամբ։ Նա վերափոխման գործընթացները բաժանում է երկու կատեգորիայի՝ փուլեր և բնագավառներ(կամ ասպեկտներ)։ Փուլերը կարելի է համեմատել ժամանակային փուլերի հետ, ինչպես օրինակ՝ սկզբում ուտեստի նախապատրաստումը, այնուհետև լվացումը, ապա չորացումը։ Բնագավառները հավասարեցվում են տարածքային մասնագիտացմանը, օրինակ՝ մեկը հոգ է տանում վաճառասեղանի ապակե մասի մասին, մյուսը՝ ափսեներից բաղկացած մասի, երրորդը՝ դանակ-պատառաքաղի[4][5]։ Այսպիսով, ավելացված արժեքի ըմբռնման կարևոր կողմերից է արտադրության տարբեր փուլերի տարանջատման վերլուծությունը։

Մակրոտնտեսագիտությունում այս հասկացությունը վերաբերում է արտադրության գործոնների՝ կապիտալի և աշխատանքի ներդրմանը արտադրանքի արժեքի բարձրացման և այդ գործոնների սեփականատերերի եկամուտների ավելացման գործում։ Հետևաբար, ազգային ավելացված արժեքը բաշխվում է կապիտալի և աշխատանքի միջև[3]։

Բիզնեսից և տնտեսագիտությունից դուրս, ավելացված արժեքը վերաբերում է այն տնտեսական բարելավմանը, որը ընկերությունը տալիս է իր արտադրանքին կամ ծառայություններին՝ նախքան դրանք սպառողին առաջարկելը, ինչն էլ հիմնավորում է, թե ինչու են ընկերությունները կարողանում վաճառել իրենց արտադրանքն ավելի թանկ, քան դրանց արտադրության ինքնարժեքն է։ Բացի այդ, այս բարելավումը նաև օգնում է տարբերակել ընկերության արտադրանքը իր մրցակիցների արտադրանքից[6]։

Ազգային հաշիվներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրության գործոնները մատուցում են ծառայություններ, որոնք բարձրացնում են արտադրանքի (X) մեկ միավորի գինը՝ համեմատած X-ի արտադրության մեջ օգտագործված միջանկյալ ապրանքների մեկ միավորի ծախսի հետ։

Ազգային հաշիվներում, ինչպիսիք են Միավորված Ազգերի Կազմակերպության ազգային հաշիվների համակարգը (անգլ.՝ UNSNA) կամ Միացյալ Նահանգների ազգային եկամուտների և արդյունքի հաշիվները (անգլ.՝ NIPA), համախառն ավելացված արժեքը ստացվում է համախառն արտադրանքից հանելով միջանկյալ սպառումը։ Այսպիսով, համախառն ավելացված արժեքը հավասար է զուտ արտադրանքին(անգլ.՝ net output)։ Զուտ ավելացված արժեքը ստացվում է համախառն ավելացված արժեքից հանելով հիմնական կապիտալի սպառումը (կամ մաշվածքի գումարը)։ Հետևաբար, զուտ ավելացված արժեքը հավասար է համախառն աշխատավարձերին, մինչհարկային շահույթին՝ հաշվի առնելով մաշվածքը, և անուղղակի հարկերին՝ հանած սուբսիդիաները։

Ավելացված արժեքի հարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) հարկի մի տեսակ է, որը գանձվում է ապրանքներ ու ծառայություններ վաճառելիս։ է։ Այն աստիճանաբար գանձվում է ապրանքից կամ ծառայությունից արտադրության յուրաքանչյուր փուլում։ Ինչպես վերևում բացատրեցինք մեկ միավոր ապրանքի ավելացված արժեքի օրինակով, ԱԱՀ-ն նպատակ ունի հարկելու հենց այդ ավելացված արժեքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Value-Added Product: What It Means in Industry and Marketing». Investopedia. Վերցված է 2023 թ․ ապրիլի 14-ին.
  2. «International Economics Glossary: V». www-personal.umich.edu. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 «What does value added mean?». www.definitions.net. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  4. 4,0 4,1 «Value Added: Opportunities and Strategies» (PDF). Kansas State University. Վերցված է 2023 թ․ ապրիլի 14-ին.
  5. Sitter, Sitter, L.U. de (1994). Synergetisch Produceren. van Gorcum. ISBN 978-90-232-3365-7.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Hayes, Adam (2020 թ․ օգոստոսի 28). «Why Value-Added Matters». Investopedia (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Alan Deardorff Deardorff's Glossary of International Economics (Click "V' for "Value added.")
  • Edgar Z. Palmer, The meaning and measurement of the national income, and of other social accounting aggregates.
  • Paul A. Samuelson and William D. Nordhaus (2004) Economics. "Glossary of Terms," Value added.
  • Anwar Shaikh & Ahmet Ertugrul Tonak, Measuring the Wealth of Nations. CUP.
  • M. Yanovsky, Anatomy of Social Accounting Systems.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավելացված արժեք» հոդվածին։