Jump to content

Ավանդավեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավանդավեպ, ավանդազրույց, հայ հին ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանր։ Ավանդավեպերը երբեմն կոչվում են նաև պատմական բանաստեղծություն, քանի որ նրանցում նկարագրվում են իրական պատմական փաստեր, դեմքեր և դեպքեր։ Հնում կոչվել են նաև «երգք առասպելաց», որովհետև հաճախ հարակցվել են առասպելների հետ։ Հայ հին ավանդավեպերի համար որպես նյութ են ծառայել մ. թ. ա. 2-րդ-1-ին դարերում Հայաստանում տեղի ունեցած պատմական դեպքերը, երբ հայ ժողովուրդը մի իսկական վիպական-հերոսական շրջան էր ապրում։ Արտաշես Առաջինի, Տիգրան Մեծի, նրա որդի Արտավազդի և թոռ Արտաշեսի և հայոց մյուս թագավորների մասին պատմող երգերն ու զրույցները, միաձուլվելով նախորդ դարերում ստեղծված երգերի ու առասպելների հետ, դարձել են ավանդավեպեր։ Մովսես Խորենացու վկայությամբ՝ դրանք շատ սիրված են եղել ժողովրդի կողմից և մշտապես անգիր արտասանվել, պատմվել ու երգվել են՝ հատկապես ժողովրդական ծեսերի ու տոնակատարությունների ժամանակ։ Առավել հայտնի ավանդավեպերն են՝ «Տիգրան Մեծ և Աժդահակ», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ», «Երվանդի վեպ», «Վարդգես Մանուկ» և այլն։ Ավանդավեպերն ունեցել են հարուստ և պատկերավոր լեզու, հերոսները ներկայացվել են զանազան գունեղ արտահայտչամիջոցներով (մակդիրներ, փոխաբերություններ, համեմատություններ և այլն)։ Ավանդավեպերի մի մասը հորինված է ազատ ոտանավորով, որը ձևով մոտ է արձակին և խոսքին հաղորդում է ժողովրդական-խոսակցական լեզվի երանգ։

  • Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, «Գրականագիտական բառարան», 1980, էջ 30