Ավագ հինգշաբթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1.Ավագ Հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին։ Այս օրն ունի նաև հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդը, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք ԺԲ, ԺԶ, ԺԷ)։ Ավագ Հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում է զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը (սրա հիշատակն ենք նշում եկեղեցում այս օրը կատարվող Ոտնլվա արարողությամբ, որի վերջում հավատացյալներին օրհնված յուղ է բաժանվում հիվանդությունների պարագային գործածության համար), նրանց հաղորդ դարձնում Իր մարմնին ու արյանը՝ այսպիսով հաստատելով Սուրբ Պատարագի խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռը, Իր Աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. ԻԶ-17-46)։ Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո տալ Սուրբ Խորհուրդը։ Ավագ Հինգշաբթի օրը, երբ Տերը Վերնատանը նստեց Իր աշակերտների հետ, խորհրդանշում է Քրիստոսի՝ Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ։ Ավագ Հինգշաբթի երեկոյան եկեղեցիներում կատարվում է նաև Խավարման արարողությունը, որն արդեն վերաբերում է Ավագ Ուրբաթի խորհրդին՝ Տիրոջ ձերբակալությանը, չարչարանքներին, խաչելությանն ու մահվանը և Խավարում է կոչվում այն պատճառով, որ Հիսուսի խաչելության ժամանակ արևը կեսօրին խավարեց մինչև ժամը երեքը, երբ Հիսուսը հոգին ավանդեց (Մատթ. ԻԷ 45-50)։

2.Մեծ պասն վերջանում է, բայց պասը չի վերջանում։ Դրան հաջորդում է Ավագ շաբաթը, որ դարձյալ պաս է, դրա համար էլ պասը տևում է 48 օր։ Մեծ պասից հետո եկեղեցին մտնում է Ավագ շաբաթվա մեջ։ Եկեղեցիներ կան, որ այն «Սուրբ շաբաթ» կամ «Մեծ շաբաթ» են անվանում։ Կոչվում է այդպես, որովհետև այդ շաբաթ հիշվում են Տիրոջ վերջին շաբաթվա իրադարձությունները։ Եվ ամեն օր Ավետարանից հատված է կարդացվում՝ այդ օրվան նվիրված, և ժողովուրդը հրավիրվում է եկեղեցի՝ մտորելու օրվա խորհրդի մասին։ Ավագ շաբաթվա իրադարձություները Ավետարանում գրված են, և հորինված ոչինչ չկա, ու եկեղեցին էլ ջանք չի խնայում ժողովրդին հիշեցնելու Քրիստոսի անցած ճանապարհի մասին։

Շաբաթ օրվանից սկսվում է Ավագ շաբաթը և սկսվում է Ղազարոսի հարության մասին պատմող եղելությունից։ Ավետարանն ասում է, որ Քրիստոս Երուսաղեմ գնալու ճանապարհին հարություն է տալիս Ղազարոսին։ Ղազարոսն ուներ երկու քույր՝ Մարիամ և Մարթա, և այդ ընտանիքի հետ բավական ջերմ հարաբերությունների մեջ էր, սիրում էր այդ ընտանիքը։ Եվ երբ մոտենում է Բութանիային, լուր է ստանում Ղազարոսի մահվան մասին։ Այդ ժամանակ աշակերտներին ասում է, որ Ղազարոսը չի մահացել, այլ ննջել է, որ գնան ու արթնացնեն, որովհետև Ղազարոսը հարություն պիտի առնի։ Աշակերտները չեն հասկանում նրան։ Բութանիայում Քրիստոսը հանդիպում է Մարթային ու Մարիամին, ովքեր Տիրոջը տեսնելով՝ ասում են. «Եթե այստեղ լինեիր, Ղազարոսը չէր մեռնի»։ Քրիստոսն ասում է. «Հավատա՛, և կապրի»։ Եվ գնում են դեպի գերեզման, որ, ըստ հրեական սովորության, մի քարանձավ էր, որտեղ դրել էին Ղազարոսին և մուտքը մի քարով փակել։ Քույրերն ասում են, որ արդեն 4 օր է, ինչ իրենց եղբայրը մահացել է։ Բայց Հիսուս Ղազարոսին հարություն է տալիս. մանրանկարչության մեջ էլ կա, որ նա, պատանքով փաթաթված, դուրս է գալիս գերեզմանից։ Քրիստոս կատարում է ամենամեծ հրաշագործությունը։ Դրանից հետո փարիսեցիները որոշում են վերջնականապես ոչնչացնել նրան, որովհետև վախենում են կորցնել իրենց իշխանությունը։

Շաբաթ առավոտյան եկեղեցում ընթերցվում է Ղազարոսի ավետարանը և արարողություն է կատարվում։ Հնում այդ արարողությունն արվում էր դրսում, որովհետև եկեղեցիները հիմնականում գտնվում էին գերեզմանոցների կողքին, և քահանաները դուրս էին գալիս գերեզմանոցներ՝ այդ արարողությունը կատարելու։ Ժամանակի ընթացքում սա վերացավ, որովհետև եկեղեցիներն այլևս գերեզմանոցներին մոտիկ չէին։

Ավագ շաբաթը հաջորդ օրը շարունակվում է Ծաղկազարդով, որը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ։ Նախապես մարգարեների կողմից կանխորոշված էր, որ Փրկիչը պիտի մտնի Երուսաղեմ խոնարհ, ավանակի վրա նստած։ Զարմանալի կթվա շատերին այս փաստը, որ, այդքան ժամանակ ոտքով շրջելով, նա ցանկանում է ավանակով մտնել Երուսաղեմ, բայց մարգարեների խոսքը պիտի կատարվեր։ Զաքարիա մարգարեն Քրիստոսից առաջ այդ մասին ասել էր։ Երբ մտնում է Երուսաղեմ, ամբողջ քաղաքը դղրդում է, այսինքն՝ քաղաքը խառնվում է իրար, ասես թե թագավոր է գալիս։ Բայց թագավորը շքախմբով է գալիս, մունետիկներով է գալիս, շքեղ ձիու վրա նստած է գալիս, իսկ Հիսուս հեզությամբ մտավ քաղաք, և բոլորը դուրս եկան նրան դիմավորելու, և մանուկներն արմավենիների ճյուղեր ունեին ձեռքերին և իրենց հագուստներն էին փռում, որպեսզի նա դրանց վրայով անցնի։

Մեծ ուրախությամբ դիմավորեց Երուսաղեմը Տիրոջը։ Եվ Տերը հետո մտավ տաճար ու այն մաքրեց առևտրականներից։ Այսօր ավետարանական եղբայրներն ասում են, թե Քրիստոս տաճարը մաքրեց, բայց դուք եկեղեցում մոմ եք վաճառում։ Բայց նրանք սխալվում են, որովհետև այն ժամանակ տաճարը վերածվել էր շուկայի, որտեղ վաճառում էին ամեն ինչ։ Քրիստոս վտարեց նրանց, բայց ոչինչ չասաց այն այրի կնոջը, որ գանձանակի մեջ դրամ նետեց։ Այսինքն՝ տաճարին տրվող հանգանակության դեմ նա ոչինչ չուներ։ Մոմավաճառությունը ժողովրդի տուրքն է եկեղեցուն։ Առաջ կար տասանորդը, որ տրվում էր եկեղեցուն, որովհետև դա Աստծո բաժինն է համարվում, որովհետև Աստծուց է եկել այդ շահույթը։ Այս հասկացողությունը ժամանակին մարդիկ ունեին։ Նախկինում եկեղեցին հարուստ էր, բայց այսօր այդպես չէ, դրա համար էլ մոմավառությունը նվիրատվության լավագույն ձևն է։

Ծաղկազարդի օրն այս իրադարձության հիշատակությունն է, և այդ օրը եկեղեցին ոստեր է օրհնում ու բաժանում ժողովրդին։ Ծաղկազարդին օրհնվում են նաև մանուկները, ովքեր Երուսաղեմում մեծ ցնծությամբ դիմավորեցին Տիրոջը։ Ծաղկազարդի երեկոյան մեր եկեղեցին ունի Դռնբացեքի արարողությունը։ Ավետարանում կա հետևյալ խոսքը, որ ասում է, թե տիրոջ գալստյան ժամին ովքեր որ քնած էին, քնով անցան, ովքեր որ արթուն էին, դիմավորեցին։ Սա այն խորհուրդն ունի, թե ով կարող է մտնել դրախտ։ Դրախտ կարող են մտնել ինչպես արդարները, այնպես էլ մեղավորները՝ ապաշխարությամբ։ Դռնբացեքն ունի հետևյալ խորհուրդը հնում եկեղեցու դռները փակվում էին, և ժողովուրդը մնում էր դրսում, նրա հետ դրսում մնում էր նաև մի քահանա, իսկ մյուս քահանան մնում էր ներսում։ Դրսում գտնվող քահանան ծեծում էր դուռը՝ խնդրելով բացել, և ներսի քահանան ասում էր այն պայմանները, որոնց շնորհիվ նա կարող էր ներս մտնել։ Հիմա այդ արարողությունը տեղի է ունենում ներսում՝ վարագույրի առջև։ Սա արդեն «թատերական» ներկայացում է։

(Արտասահմանում ուսանելուս տարիներին Ավագ շաբաթ օրը դասախոսներիս բերեցի Էջմիածին, և նրանք ապշեցին այդ արարողությունների գեղեցկությունից։ Օտարները շատ ավելի են գնահատում հայ եկեղեցու գանձերը, քան մենք)։

Դրանից հետո սկսվում է բուն Ավագ շաբաթը։ Ավագ երկուշաբթի թզենու հիշատակության օրն է։ Երուսաղեմից դուրս գալիս Հիսուս մի թզենի է տեսնում ու ցանկանում է թուզ ուտել, բայց տեսնում է, որ թուզ չկա և անիծում է թզենին. «Թող քեզնից այլևս ոչ ոք թուզ չուտի», և հաջորդ առավոտյան առաքյալները տեսնում են, որ թզենին չորացել է։ Սրա բացատրությունը հետևյալն է. թզենին հրեա ժողովրդի խորհրդանիշն է, որ դարեր շարունակ պատրաստվեց պտուղ տալու, բայց չտվեց։ Այսպես Տերը ցանկացավ ցույց տալ, որ պտուղ չտվող ծառը չորանում և կրակն է նետվում։ Սրանով վերջացավ հին ուխտը, և սկսվեց նոր ուխտը։ Տիրոջ գալուստը միշտ անակնկալ է լինելու, ուստի պետք է միշտ պատրաստ լինել։

Ավագ երեքշաբթին նվիրված է տասը կույսերի առակին։ Տասը կույսեր սպասում էին փեսային, բայց հայտնի չէր, թե նա երբ է գալու։ Հինգ իմաստուն կույսերը ձեթ պահեցին, որ գիշերը ճրագ ունենան փեսային դիմավորելու համար, իսկ հինգ հիմարներն անհոգ էին և ձեթ չհավաքեցին։ Գիշերը փեսան եկավ և դուռը թակեց։ Հինգ իմաստունները ճրագներով դուրս եկան նրան դիմավորելու, իսկ հինգ հիմարները ձեթ չունեին, և ուզեցին իմաստուններից, բայց սրանք չտվեցին, և հիմարները մնացին ձեռնունայն։ Փեսան Քրիստոսն է, իսկ հարսը՝ եկեղեցին։ Երեքշաբթի օրը երեկոյան ընթերցվում է այդ առակը, որը ևս հիշեցնում է թատերական ներկայացում։ Ավագ չորեքշաբթին շատ բան չունի իր մեջ. հիշատակն է Հուդայի մատնության, այսինքն՝ գնաց քահանայի մոտ ու ասաց, որ մատնելու է 30 արծաթով, և կնքվեց այդ համաձայնությունը, որ պիտի իրականացվեր 2 օր հետո։ Ավագ չորեքշաբթի օրը Հուդան պատրաստակամություն հայտնեց մատնելու Տիրոջը։

Ավագ հինգշաբթի օրը՝ առավոտյան ժամերգությունից հետո, վերջին ընթրիքի խորհուրդն է, բայց այդ օրն անցկացվում է նաև ապաշխարողների արձակման կարգ։ Սա հաստատել է եկեղեցին։

Հնում, եթե որևէ մեկը մեղք էր գործում, պետք է հրապարակայնորեն խոստովաներ։ Եվ եպիսկոպոսը նրան մեկ տարի զրկում էր հաղորդությունից, տրվում էր ժամանակ ապաշխարության համար։ Եվ նրանք, ովքեր ապաշխարության մեջ էին, արձակվում էին Ավագ հինգշաբթի օրը։ Հետագայում այս խոստովանությունը դարձավ անհատական։ Այդ օրը եկեղեցին օգտագործում է մեծ սկիհ և մեծ նշխար։ Այս կարգից հետո վերջին ընթրիքի հիշատակման պատարագն է։ Սա հաստատվեց, երբ Հիսուս վերջին ընթրիքի ժամանակ ասաց. «Սա է իմ արյունը, և սա է իմ մարմինը, և սա արեք իմ հիշատակի համար»։ Դա է, որ կատարվում է ամեն պատարագի ժամանանակ։ Ամեն կիրակի Քրիստոսին ներկայացնում է մեղավոր քահանան։ Ավագ հինգշաբթի օրվա պատարագը պատարագի ծննդյան հիշատակությունն է, և այդ օրը բոլորը պետք է հաղորդություն ստանան։ Վերջին ընթրիքի հիշատակի օրը ցերեկը պատարագ է լինում։

11-րդ դարում մի արարողություն ևս ավելացավ, որ Ոտնլվայի արարողությունն է։ Կիլիկիայում արդեն հայերը շփման մեջ էին մտել կաթոլիկների հետ, երբ Գրիգոր Վկայասեր կաթողիկոսը նրանց մոտ տեսավ այս արարողությունը, շատ հավանեց։ Արարողության ժամանակ ավագ հոգևորականը կրտսեր հոգևորականների ոտքերն է լվանում՝ ի հիշատակ Քրիստոսի խոնարհության դրսևորման, քանի որ վերջին ընթրիքից առաջ Քրիստոս իր աշակերտների ոտքերը լվաց՝ խոնարհության և ծառայության օրինակ տալով։ Նա այն ներմուծեց հայ եկեղեցի։ Երեկոյան այս արարողությունը հատուկ շարականներով կատարում է ավագ հոգևորականը. հանում է պատարագի զգեստները և լվանում իր աշակերտների ոտքերը, որից հետո յուղի օրհնություն է լինում և բաժանվում հավատացյալներին։ Հնում օրհնվում էր ոչ թե յուղ, այլ ձեթ՝ ի հիշատակ այն ձեթի, որ մեղավոր կինը լցրեց Քրիստոսի ոտքերին։ Հնում նաև մեռոն էին օրհնում Ավագ հինգշաբթի օրը։

Եկեղեցում գոյություն ունի երկու տեսակի ձեթ՝ մեռոնը, որ օրհնում է միայն կաթողիկոսը 7 տարին մեկ։ Նաև ամեն Ավագ հինգշաբթի օր ձեթ էր օրհնվում, որ բժշկության համար էր։

Ոտնլվայով Ավագ հինգշաբթի օրվա արարողությունն ավարտվում է, որովհետև սկսվում է Խավարման արարողությունը, որը, սակայն, Ավագ ուրբաթի կարգ է։ Խավարման կարգը նախկինում տեղի էր ունենում ուրբաթ գիշերը՝ ժամը երկուսին, բայց ծուլության պատճառով ավելի շուտ են անում, որ շուտ վերջացնեն։ Խավարման կարգը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է։ Այդ օրը 7 ավետարան է ընթերցվում, թե ինչպես Հուդան մատնեց, և թե ինչպես Քրիստոս չարչարվեց։ Կոչվում է «Խավարման կարգ», և վառվում է 12 մոմ։ Մեջտեղում Քրիստոսին խորհրդանշող մոմն է, իսկ Հուդայի մոմը սև է, և ամեն ավետարանից հետո մեկ կամ երկու մոմ հանգցվում է, որովհետև առաքյալները Քրիստոսին թողեցին ու փախան։ Եվ վերջում 12 մոմն էլ հանգցվում է, հետո մեկ մոմն էլ է թաքցվում, և լրիվ խավար է լինում, և այդ խավարի ժամանակ երգվում է «Ու՞ր ես, մայր իմ» մեղեդին, որ ավելի շատ ժողովրդին հուզելու համար է։ Երգից հետո քարոզ է ասվում, որին հաջորդում է «Փառք ի բարձունս»-ը։ Հետո լույսերը վառվում են (ոչ թե որովհետև Քրիստոս մեռելներից հարություն առավ, այլ որովհետև նրա չարչարանքներն ու խաչելությունն էլ մեր փրկության և լուսավորության համար էին)։

Ավագ ուրբաթ օրը խաչելության հիշատակության օրն է, որ արվում է կեսօրին։ Լուսաբացին Քրիստոսին խաչ են հանում, և ուրբաթ օրը դրա հիշատակության օրն է։ Երեկոյան թաղման հիշատակն է։ Խաչի վրա երկար չմնաց Քրիստոս, և շատերը զարմացան, որ այդքան շուտ մահացավ, որովհետև մահը խաչի վրա տառապալից մահ է, և եղել է, որ մարդիկ օրերով տանջվել են խաչված։ Սա ամենատանջալից մահն էր, որ մարդկային երևակայությունը կարող էր հնարել։ Քրիստոս շուտ մահացավ, որովհետև Աստված խնայեց նրան։ Եվ զինվորը, գեղարդով ծակելով նրա կողը, ստուգեց, թե արդյո՞ք մահացել է։ Քանի որ հաջորդ օրը շաբաթ էր, ուստի որոշեցին հապշտապ թաղել Քրիստոսին, քանի դեռ շաբաթը չի եկել։ Ուրբաթ երեկոյան թաղման կարգն է կատարվում, եկեղեցում լինում է թափոր, խորհրդանշական կերպով զարդարվում է գերեզմանը, որ մնում է մինչև շաբաթ իրիկուն։ Ավագ շաբաթ առավոտյան գերեզմանը կնքելու արարողությունն է, երբ փարիսեցիները գալիս են Պիղատոսի մոտ և զգուշացնում, որ աշակերտները կարող են գողանալ Քրիստոսին և ասել, թե հարություն է առել։ Պիղատոսը հրամայում է կնքել գերեզմանը և պահակներ է նշանակում։ Շաբաթ առավոտ այդ հիշատակն է, իսկ գիշերն արդեն Հարության տոնն է՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»։ Սա ճրագալույցի պատարագն է, որ կեսգիշերին պիտի կատարվի։ Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին, իբրև Հաղորդության խորհրդի հաստատում։ Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ։ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն։ Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը։ Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով։ Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը։ Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը։ Ժամանակացույց. Առավոտյան ժամերգության ավարտին կկատարվի ապաշխարողների արձակման կարգ։ Միջօրեին կմատուցվի Ս. Պատարագ (ժ. 11.00-ին)։ Ժամը 16.00-ին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ոտնլվայի արարողությունը կկատարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Ընթացքում կօրհնվի յուղը։ Ավագ հինգշաբթի երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի Խավարման կարգ (սկիզբը՝ ժ.19.00-ին)։ Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում։ Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը։ Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ։ Մի՞թե պետք է Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների թվով հավկիթ ներկել և ճաշակել Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ Հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես այն, ապա չեղյալ կհամարվի Մեծ Պահքը պահելու քո ամբողջ ջանքը։