Ավագ Սուրբ Գևորգ եկեղեցի (Թելավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավագ Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԿախեթի մարզ և Թելավ
Քարտեզ
Քարտեզ

Ավագ Սուրբ Գևորգ եկեղեցի հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Թելավ քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ կամ Մայր եկեղեցին կոչվում է նաև Սբ. Գևորգ, այն գտնվում է քաղաքի կենտրոնական մասում։ 1818 թվականին թեմական առաջնորդը եկեղեցին համառոտ նկարագրելուց բացի, ընդօրինակել է այժմ գոյություն չունեցող շինարարական արձանագրությունը. «Ի քաղաքն Թէլաւ գոյ եկեղեցի մի կամարաշէն կառուցեալ քարիւ և բռամբ ընդ չորից սեանց յանուն սրբոյն Գէորգեայ, իսկ արտաքոյ եկեղեցւոյ ունի զարձանագրութիւն ի վերայ մարմարեայ քարի այսպէս ոտանաւորեալ.

Թուին ՌՄԼԵ (1786)
ի թագաւորութեան Հերակլ արքային
ի հայրապետութեան Ղուկաս
կաթողիկոսին հանդերձ ի հիմանց
սկսեցի ձեռնտուութեամբ ազնիւ
բարեպաշտի զԲաղդասար Ղալօեանի
աւարտեցի Տեր Սարգիս գործակալ
բոլոր Կախեթի, որ եմ որդի՝ Տէր
Բաղդասար աւագ քահանայի. խնդրեմ
ի ձենջ ասել ողորմի, զի արժանանամ
տեսոյն Յիսուսի եւ խառնիմ ի դասս
աջակողմի, որ եւ դուք յիշեալ լիջիք
յահեղ Ատենին»

Եկեղեցին մի քանի անգամ նորոգման ու վերակառուցման է ենթարկվել։ Դաղստանի լեռնականների արշավանքի նախօրեին ևս որոշ ամրացումներ էին կատարվել։ Այդ մասին հիշատակվում է ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3245, թ. 5-ում՝ «...աւագ եկեղեցին հայոց Թէլաւի գոլով կից ամրոցական պարսպին, կարէ վտանգ մեծ լինել վասն բոլոր ամրոցին Թէլաւի յառաջիկայ յարձակման ամբոխից Շամիլի և վասնորոյ յայնմէն իսկ հարկաւոր է զբոլոր դրունսն երկաթապատ առնել, բաց յայնմանէ զամրոցական բուրգն, յորոց վերաենթադատեալ է շինել զզանգակատուն վասն նոյն եկեղեցւոյ, վերանորոգել դնելով ի վերնայարկի նորին զգերանս հանդերձ յատակաւ, որ կարիցէ մնալ յետոյ ի շինելն ի վերա բրգան զզանգակատուն։ Վասնորոյ պօլիցայն խնդրէ այժմէն իսկ տնօրինել երկաթապատ առնել յայնմ եկեղեցւոջ զդրունսն և դնել զգերանս հանդերձ յատակաւն...»[1]

1829 թվականին եկեղեցուն կից կառուցվել է զանգակատուն[2]։ 1861 թվսականին Թելավի հայ հասարակությունը հոգևոր իշխանությունից թույլտվություն է խնդրել՝ եկեղեցուն կաթողիկե (գմբեթ), շրջապարիսպ ու սենյակներ կառուցելու համար։ Մոտ 5000 ռուբլի կազմող ծախսից 3000-ը պետք է օգտագործվեր Սբ. Գևորգ եկեղեցու գումարներից, իսկ մնացածը՝ հանգանակել[3]։ Թելավցի Ղաղո Թաթոսյանցը (մահ. 1866 թ.) դեռ մինչև Սբ. Երրորդություն եկեղեցին կառուցելը (1862 թ.) իր աջակցությունն է ցուցաբերել նաև Սբ. Գևորգ եկեղեցու զանգակատան գմբեթի կառուցման գործում. «Յետ կառուցանելոյ շքեղաշէն կաթողիկէ զանգակատան Թէլաւու սուրբ Գևորգ աւագ եկեղեցւոյ...»[4]։

1923 թվականի մարտի 31-ից եկեղեցին փակ է[5][6]։ Զանգակատունը քանդել են 1924 թվականի ապրիլի 19-ին։ Մայիսի 10-ին տեղական իշխանությունները քանդել են նաև. «...փակ Ս. Գէորգ աւագ եկեղեցու արևմտեան և հարաւային պարիսպը, գաւիթը և ...զանգակատան գմբէթը և եկեղեցում այժմ թատրօն-պրօժեկտոր լինելով յաճախում է ժողովուրդը»[7]։

Եկեղեցական իրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1818 թվականի եկեղեցուն պատկանող մի շարք զարդերի, անոթների ու այլ իրերի թվում եղել են նաև արձանագրվածներ։ Դրանք են՝

  • Արծաթյա սկիհ. պատվանդանին՝ «Յիշատակ է Ղալօեանց Գէօրգւոյ ծնողաց՝ Բաղդասարին, եւ Դարէջանին, եղբարց՝ Պապին եւ հանգուցեալ Եսաւոյ, որդի՝ Բաղդասարին. թուին ՌՃՂԴ (1745)»[8]
  • Արծաթե աղավնի՝ որպես մյուռոնի աման, վրացերեն. Ընծայեցի զայս աղաւնիս Թէլավու Սրբոյ Աստուածածնայ եկեղեցւոյ Կիրակոսս և Պետրոսս. արտահանողքն սորա պատժեալ լինին, թւին վրաց 442 (1754)[9]
  • Սբ. Աստվածածնի փոքր պատկեր («...շուրջ զգլխովն չոքուրթմայ արծաթապատ, որոյ գլխաթագն կից ընդ թագի որդւոյ իւրոյ՝ ոսկէզօծ, ընդ զորով յօրինեալ տասն սատա ակունք, իսկ ի ստորիւ գրեալ գոյ արծաթի վերա»)՝ «Յիշատակ է զպատկերս Յակոբի որդի Ստեփանին ի դուռն Թէլավու Սուրբ Գէորգեայ, թուին ՌՄԴ (1755)»[9]
  • Սբ. Աստվածածնի պատկեր. ստորին մասում, արծաթի վրա՝ «Յիշատակ է պատկերքս Ղալօեանց Մարտիրոսին ի դուռն Թէլավու Սուրբ Գէորգեայ, թուին ՌՄԴ (1755)»[9]։
  • Սբ. Աստվածածնի պատկեր. ստորին մասում, արծաթի վրա վրացերեն՝ «Ընթերցողքդ սոյն Աստուածապատկերին՝ ողորմի ասացէք Գօրցի Կիրակոսի կին Բատօին. յօգոստոսի ամսոյ թւին վրաց 452 (1764)»[9]
  • Պահարան փայտե («...կամարաձև երկդրամբ ներքուստ և արտաքուստ, այլև այլ չոքուրթմայ պատկերօք և ընդմէջ պահարանի՝ ոսկէզօծ պատկեր սրբոյն Գէորգեայ, շուրջ շուրջանակի կարգաւ զետեղեալք երեք տսան պահարանք մասանց, ընդ որով եդեալ կան տասն մասն սրբոց, որոց զծանօթութիւն ընդ իւրաքանչիւր եդեալ փուսուլայից ունին յայտնել ’ի ներքոյ գրեալ է»)՝ «Յ(իսու)ս Ք(րիստո)ս Տ(է)ր բարերար քեզ աղաչեմ միշտ անդադար. Տ(է)ր Սարգիս պահեայ միշտ յար յա(մենայ)ն թշնամէ, որ սիրէ չար և դու՝ Գէորգ ս(ուր)բ զօրաւոր, որ վ(աս)ն մեր վկայ եղեալ, օգնական լեր Յոհաննէսին»
  • Նույն պահարանին («...գոյ կախեալ զկամարէ պահարանի զխաչ մի ձեռաց ընբնելի արծաթայ չիւթէշի շուշայս ի ասին կան մասունք սրբոց և ի միւս երեսին են զետեղեալք հինգ իրք հասարակ կարմիր ակամբք, որոյ պատուանդանին գրեալ է վրաց»)՝ «Եւանգուլեանց Զուրաբի կողակից Մայիայն՝ ընծայեցի Թէլավու Ս(ր)բ(ո)յ եկ(ե)ղ(ե)ցւ(ո)յն յունվարի 17 ի թիւն վրաց 491 (1803)»
  • Պահարանին՝ «Պետրոս առաքեալ, Պողօս առաքեալ։ Ահաւասիկ կամ աղախին Տ(եառ)ն։ Ողջոյն ընդ քեզ Մարի(ա)մ, դու ողորմեա Տ(է)ր Սարգսին»
  • Պահարանի եզրերին՝ «Ի թուին ՌՄԼԸ (1789) ի ժամանակս Հերակլ արքայի ես ամենամեղ Տ(է)ր Սարգիսս Թէլավ քաղաքի Ս(ուր)բ Գէորգեայ անուամբ կառուցեալ եկ(ե)ղ(ե)ցւ(ո)յ յետնեալ ք(ա)հ(ա)ն(ա)յս՝ որդի Տ(է)ր Բաղդասար աւագ ք(ա)հ(ա)ն(ա)յի, շինել տուայ զայս մասանց պահարանն ի յիշատակ իմ և իմ ծնողաց հոգւոյն, նաև զայս անցաւոր աշխարիս մէջն առ ի վայելումն իմ և իմ որդւոցն, վասն զի բազում ջանիւք զայս ս(ր)բ(ո)ց մասունքներն ճարեցի և երկու բարերարք ևս ճարեցի. ...Սէթի որդի Յոհաննէսն և Մէլիքի եղբայր Պապայն, հարիւր մսխալ արծաթիւ առնօղեղէն և այլ ս(ո)ր(ա) ... իմ հալալ արդեամբն եղեւ, վ(ա)ս(նորո)յ աղաչեմ վայելողաց և տեսողացդ միւով ողորմիւ զիս՝ Տ(է)ր Սարգսին և վերոյ գրեալ անձանց յիշէք և դուք յիշեալ լիջիք ի Ք(րիստո)սէ»[10]
  • Ավետարան (արծաթապատ և ոսկեզօծ), արծաթի վրա՝ «Յիշատակ է Աւագի կին Թինաթինին ի վայելումն Տէր Սարգիս աւագ քահանային և որդւոց որդիս ի Թէլավ. 1794»:
  • Նույն ավետարանի թղթի վրա՝ «Այս Սուրբ Աւետարանս առինք Նորաշէնու Տէր Յովսէփիցն. գինն չորս թուման. ՌՄԽԶ (1797)»[9]
  • Արծաթյա սկիհ. պատվանդանին՝ վրացերեն՝ «Ընծայեցի ես նացուալ Գէօրգիս զայս սկիհս Թէլավու սբյ. Գէորգեայ եկեղեցւոյն բարեխօս վասն հոգւոյ իմոյ ևս ի վայելումն իմ խոստովանահայր գործակալ և աւագ քահանայ տէր Սարգսին, թիւ վրաց. 488 (488+1312=1800 թ.) կշիռն հարիւր երկու մսխալ»[8]
  • Սբ. Աստվածածնի պատկեր. ստորին մասում՝ վրացերեն՝ «Վասն բարեխօս հոգւոյ իմոյ ընծայեցի զպատկերս Սուրբ Աստուածածնայ Հայոց Սրբոյ Գէորգեայ եկեղեցւոյ, որոյ եմ աստ թաղեալ Քովաթախէվէցի Պապայի դուստր և Նուխեանց Գիօրգւոյ կողակից Էլիսաբէդն, մայիսի 1, թւին վրաց 496 (1808)»[9]
  • Արծաթե ձեռքի խաչ. պատվանդանին՝ վրացերեն՝ «Ընծայեցի զխաչս Սրբոյ Գէորգեայ եկեղեցւոյ. Յոհաննէս Սարգսեան, թւին վրաց 498 (1810)»[8]
  • Արծաթաթելակար վակաս՝ «Յիշատակ է Մարիամին ի դուռն Թէլավու ս(ուր)բ Գէորգեայ եկեղեցւոյն ի վայելումն իմ խոստովանահայր Տ(է)ր Սարգսին»[8]
  • Սբ. Աստվածածնի պատկեր (արծաթապատ և ոսկեզօծ), ստորին մասում՝ «Յիշատակ է Տէր Բաղդասար քահանայի եղբօր՝ Ռամազի որդի Գաբրիէլին և կնոջն Էլէնին ի դուռն Թէլավու Սրբոյ Գէորգեայ եկեղեցւոյն ի վայելումն Տէր Սարգսին»[9]
  • Արծաթե ձեռքի խաչ. պատվանդանին՝ վրացերեն՝ «Ընծայեցի Թէլավու Սրբոյ Գէորգեայ եկեղեցւոյ վասն հոգւոյ կողակցոյն իմոյ Թինաթինին և վասն կենաց կլեկչի Կիրակոսի որդւոյ Դաւթին»[8]
  • Արծաթե ձեռքի խաչ. պատվանդանին՝ վրացերեն՝ «Թէլավու Սրբոյ Գէորգեայ եկեղեցւոյն»[8]
  • Արծաթե ձեռքի խաչ. պատվանդանին՝ վրացերեն՝ «Ընծայեցի զայս խաչս Սողրօյի որդի Մէլքօնն Թէլավու Սրբոյ Գէորգեայ եկեղեցւոյն վասն հոգւոյ իմոյ և վասն կեցութեան ոդւոց իմոց»[8]

Քահանաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեր Հարություն Տեր-Սահակյան. հիշվում է 1794-1818 թվականներին։ Ծնվել է 1768 թվականին, ձեռնադրվել 1794 թվականին Հաղբատի առաջնորդ Դավիթ արքեպիսկոպոսի կողմից[11]
  • Տեր Մարտիրոս Տեր-Սահակյան. հիշվում է 1800-1818 թվականներին։ Ծնվել է 1770 թվականին, ձեռնադրվել 1800 թվականին Հաղբատի առաջնորդ Սարգիս արքեպիսկոպոսի կողմից[11]։ Նրա երկու եղբայրները՝ Ենոքը և Մարտիրոսը եղել են տիրացուներ։
  • Տեր Մկրտիչ Հարությունյան. հիշվում է 1818 թվականներն՝ «...ի վաղուց հետէ հիւանդ և յայժմոյս մերձիմահ»[11]
  • 1910-1921 թվականներն եկեղեցում քահանայագործել է Խաչատուր Եզեկյանցը, որն աչքի է ընկել եկեղեցական, կրթական և նորոգչական գործունեությամբ[12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3245, թ. 5
  2. ՀԱԱ, ֆ. 209, ց. 1, գ. 157
  3. ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 4129, թ 1
  4. «Մեղու Հայաստանի», 1862, № 35, էջ 3
  5. ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3146, թ
  6. ՀԱԱ, ֆ. 57, ց. 3, գ. 525, թ. 16:
  7. ՀԱԱ, ֆ. 57, ց. 3, գ. 525, թ. 139, 140
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2569, թ. 1
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2569, թ. 2
  10. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2569, թ. 2-3
  11. 11,0 11,1 11,2 ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2569, թ. 3
  12. ՀԱԱ, ֆ. 57, ց. 3, գ. 191, թ. 1

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]