Ասք Վլադիմիրի իշխանների մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսական ինքնակալության խորհրդանիշ հանդիսացող Մոնոմախի գդակը։

«Ասք Վլադիմիրի իշխանների մասին» (ռուս.՝ Сказание о князьях Владимирских), 16-րդ դարի ռուսական գրական հուշարձան, որը մանրակրկտորեն ներկայացնում է Մոսկվայի մեծ իշխանության և ապա Ցարական Ռուսաստանի կողմից «Երրորդ Հռոմ»-ի կոչումի ստանձման պայմանական հիմքերը[1]։ Ըստ ստեղծագործության սյուժեի՝ Մոսկովյան թագավորական ընտանիքը ոչ թե սերվում է Ռյուրիկից, այլև Պրուս անունով մի ազնվական իշխանից։ Ըստ ավանդության՝ Պրուսը եղել է Հռոմեական կայսրության տիրակալ Օգոստոս Օկտավիանոսի (վերջինս էլ մ․թ․ա․ 27 թվականին սկզբնավորել էր Հռոմի կայսերական վարչակարգը) եղբորորդին և վերջինիցս ստացել է հյուսիսային տարածքներում տնօրինելու իրավունքը։ Հետագայում նրա անվան հիմքի վրա առաջանում է գերմանական հողերի «սիրտը» հանդիսացող Պրուսիայի թագավորությունը, ով ստանձնում է Գերմանիայի վերամիավորումը։

Ստեղծագործությունում որոշ հատվածներ նվիրված են Կիևյան Ռուսիայի և Բյուզանդական կայսրության հարաբերություններին։ Ավանդության համաձայն, Մոնոմախի գդակը (ոսկյա նրբահյուս սրածայր գլխարկ՝ պսակված խաչով, սամույրով, թանկարժեք քարերով) ուղարկել է բյուզանդական կայսր Կոստանդին Մոնոմախն իր թոռանը՝ Կիևյան Ռուսիայի մեծ իշխան Վլադիմիր Մոնոմախին։ Մոնոմախի գդակով առաջին անգամ թագադրվել է ցար Իվան IV-ը (1547 թվական)․ սովորույթը պահպանվել է մինչև 1721 թվականը, երբ Մոնոմախի գդակը փոխարինվել է կայսերական թագով[2]։ Ռուսական ինքնակալության խորհրդանիշ հանդիսացող ցարական թագը ներկայումս պահվում է Մոսկվայի Կրեմլի Զինապալատում։

«Ասք Վլադիմիրի իշխանների մասին»-ի հեղինակի անունը մեզ հայտնի չէ։ Որոշ հետազոտողներ ստեղծագործության հեղինակային իրավունքը վերագրում են թարգմանիչ և դիվանագետ Դմիտրի Գերասիմովին, որոշներն էլ հագիոգրաֆ Պախոմի Սերբին[3]։ Գիտական որևէ հավաստիություն չունեցող մեկ այլ վարկածի համաձայն՝ 1500-ական թվականներին այն գրվել է Կիևի կառավարիչ (մետրոպոլիտան) Սպիրիդոնի կողմից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dimitrij Cizevskij. History of Russian Literature: From the Eleventh Century to the End of the Baroque. Walter de Gruyter, 1960. Pages 251–252.
  2. Isabel De Madariaga. Ivan the Terrible. Yale University Press, 2006. Pages 32–33.
  3. Жданов И. Н., Повести о Вавилоне и "Сказание о князьях владимирских", СПБ, 1891.