Աստրաֆոբիա
| Աստրաֆոբիա | |
|---|---|
| Տեսակ | ֆոբիա |
Աստրաֆոբիա, հայտնի է նաև որպես աստրապոֆոբիա, բրոնտոֆոբիա, կամ տոնիտրոֆոբիա, վախ որոտի և կայծակի, ցրված և մեկուսացված ամպրոպների հանդեպ, ֆոբիայի տեսակ: Այն բուժելի ֆոբիա է, որը կարող է զարգանալ և՛ մարդկանց, և՛ կենդանիների մոտ: Աստրաֆոբիա տերմինը կազմված է հունարեն ἀστραπή (աստրապե, կայծակ) և φόβος (ֆոբոս, վախ) բառերից:
Ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստրաֆոբիայով տառապող անձը անհանգստություն է զգում ամպրոպի ժամանակ, նույնիսկ այն դեպքում, եթե հասկանում է, որ իր համար սպառնալիք չկա: Ֆոբիան ուղեկցվում է որոշ ախտանիշներով, ինչպիսիք են՝ դողը, լացը, քրտնարտադրությունը, խուճապային ռեակցիաները, զուգարանից օգտվելու հանկարծակի ցանկությունը, սրտխառնոցը, սարսափի զգացումը, մատները ականջների մեջ մտցնելը և սրտի արագացած աշխատանքը : Աստրաֆոբիայով տառապող շատ մարդիկ փոթորկից լրացուցիչ ապաստարան են փնտրում: Նրանք կարող են թաքնվել մահճակալի տակ, վերմակի տակ, պահարանում, նկուղում կամ ցանկացած այլ տարածքում, որտեղ իրենց ավելի անվտանգ են զգում: Սովորաբար ջանքեր են գործադրվում կայծակի ձայնը խլացնելու համար, օրինակ՝ անձը կարող է փակել իր ականջները կամ վարագույրներով փակել պատուհանները:
Աստրաֆոբիայի ախտանիշ է եղանակի կանխատեսումների նկատմամբ չափազանց բարձր հետաքրքրությունն է: Աստրաֆոբիայով տառապող անձը ուշադրություն է ցուցաբերում փոթորիկների մասին լուրերի նկատմամբ: Անձը կարող է անընդհատ դիտել եղանակի տեսությունը հեռուստացույցով անձրևոտ եղանակի ժամանակ: Այս ամենը կարող է հանգեցնել անհանգստության, իսկ ծայրահեղ դեպքերում՝ ագորաֆոբիայի՝ տնից դուրս գալու վախի[1]։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին գիտնականները պարզել են, որ աստրաֆոբիան ԱՄՆ-ում երրորդ ամենատարածված ֆոբիան է[2]։ Այն կարող է առաջանալ ցանկացած տարիքում: Երեխաների մոտ նկատելիս պետք չէ անմիջապես վախը նույնականացնել որպես ֆոբիա, քանի որ երեխաները մեծանալիս բազմաթիվ վախեր են զգում, ինչը բնական է: Երեխաների մոտ վախը որոտից և կայծակից չի կարող համարվել լիովին զարգացած ֆոբիա, եթե այն վեց ամսից ավել չի տևում: Հակառակ դեպքում երեխայի ֆոբիան պետք է բուժվի, քանի որ այն կարող է լուրջ խնդիր դառնալ մեծահասակ տարիքում:
Ամպրոպների ժամանակ երեխային հանգստացնելու համար կարելի է շեղել նրան՝ օգտագործելով տարբեր տեսակի խաղեր և զբաղմունքներ: Տարբերակ է նաև փոթորկին որպես զվարճանք վերաբերվելը:
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստրաֆոբիայի ամենատարածված, և հնարավոր է, ամենաարդյունավետ բուժումը ամպրոպներին նայելն ու հետևելն է: Բուժման այլ մեթոդներից են կոգնիտիվ վարքային թերապիան[3] (ԿՎԹ) և դիալեկտիկ վարքային թերապիան (ԴՎԹ): Հիվանդին շատ դեպքերում հանձնարարվում է փոթորկի ժամանակ հանգստանալու համար ինքն իրեն արտահայտություններ կրկնել: Ծանր շնչառական վարժությունները նույնպես կարող են հանգստացնել անձին:
Շներ և կատուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շները կարող են ուժեղ անհանգստություն ցուցաբերել ամպրոպների ժամանակ[4]։ Բուժման միջոցները ներառում են վարքային թերապիաներ, ինչպիսին է դեսենսիտիզացիան, կամ անհանգստության դեմ դեղամիջոցներ և շներին հանգստացնող ֆերոմոն[5]։
Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ կատուները նույնպես կարող են վախենալ ամպրոպներից[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lalramengmawii (2020 թ․ մայիս). «A Case of Astraphobia Induce Severe Anxiety in Human». Journal of Pharmaceutical Sciences and Research. 12: 656–657.
- ↑ Dennis Coon, John O. Mitterer (2008). Introduction to Psychology: Gateways to Mind and Behavior. Cengage Publishing. էջ 482. ISBN 978-0-495-59911-1.
- ↑ Fritscher, Lisa Astraphobia - Fear of Thunder and Lightning Արխիվացված 2016-03-03 Wayback Machine. 30 Apr. 2011. About.com. Retrieved on 30 June 2014.
- ↑ «Research aimed at finding way to soothe thunderstorm-stressed doggos». Pennsylvania State University. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «There's Hope for Thunder-Phobic Dogs». University of Illinois. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Cato (2010 թ․ օգոստոսի 3). «Thunderstorms Phobia in Cats – Cats and Thunderstorms». Our-cats.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
|