Աստված ճիշտը տեսնում, բայց անմիջապես չի ասում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստված ճիշտը տեսնում, բայց անմիջապես չի ասում
ռուս.՝ Бог правду видит, да не скоро скажет
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԼև Տոլստոյ
Երկիր Ռուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1872
Հրատարակվել է1872
Թվային տարբերակru.wikisource.org/wiki/Третья_русская_книга_для_чтения_(Толстой)#Бог_правду_видит,_да_не_скоро_скажет_(Быль)

«Աստված ճիշտը տեսնում, բայց անմիջապես չի ասում», Լև Տոլստոյի՝ ներման մասին պատմվածք։ Գրվել է «Այբբենարանի» համար։ Առաջին անգամ հրատարակվել է 1872 թվականին «Զրույց» ամսագրում։ Գրողի այն երկերից մեկն է, որը նա իր իսկ ստեղծագործությունների մեջ համարել է լավագույնը։ Պատմվածքի վերնագիրը ռուսական ասացվածք է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդասպանության մեջ անարդարացի մեղադրված, շատ տարիներ տաժանակրության մեջ անցկացրած, սակայն հետագայում իրական մարդասպանին ներած մարդու մասին թեման հանդիպում է «Պատերազմ և խաղաղություն» վեպի չորրորդ հատորում։ Պիեռ Բեզուխովը լսում է, թե ինչպես է Պլատոն Կարատաևը պատմում «իր սիրելի պատմությունը ընտանիքի հետ բարեպաշտ ու աստվածավախ ապրած ծեր վաճառականի մասին, որը մի անգամ հարուստ վաճառական ընկերոջ հետ գնացել էր Մակարի մոտ»։ Պատմությունը տպավորություն է գործել Պիեռի վրա[1]։

Ոչ թե այդ պատմությունն ինքը, այլ դրա խորհրդավոր իմաստը, այն հիացական ուրախությունը, որը պատմելու ընթացքում շողում է Կարատևի դեմքին, այլ այդ ուրախության խորհրդավոր նշանակությունն էր այժմ անորոշ և ուրախ պարուրում Պիեռի հոգին։

Պատմվածքի սյուժեն նաև պատկերավորում է տալիս Պլատոն Կարատաևի խոսքերին. «Որտեղ դատարան, անտեղ էլ անարդարություն»։

Հետագայում՝ 1872 թվականի ապրիլին, Լև Տոլստոյը մշակել է տվյալ սյուժեն՝ գրելով «Աստված ճիշտը տեսնում, բայց անմիջապես չի ասում» պատմվածքը։ Առածը վերնագիր դարձնելով՝ Լև Տոլստոյն իրականացրել է իր վաղեմի երազանքը, որի մասին գրել էր դեռևս 1862 թվականին[2]։

Արդեն վաղուց Սնեգիրյովի առածների՝ իմ ամենասիրելի ժողովածուն ինձ համար ոչ թե ամենասիրելի զբաղմունքն է, այլ բավականությունը։ Ամեն մի առածից իմ առջև վեր են հառնում մարդկանց դեմքերը և նրանց բախումը՝ ըստ առածի իմաստի։ Ինձ միշտ անիրականանալի երազանք է թվացել առածների հիման վրա գրել ոչ այն է պատմվածքների, ոչ այն է նկարների շարք։

Պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է 1872 թվականին Սերգեյ Յուրիևի «Զրույց» ամսագրի երրորդ համարում, այնուհետև ընդգրկվել «Ընթերցանության երրորդ ռուսական գրքում»[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ վաճառական Իվան Դմիտրիևիչ Աքսյոնովը Վլադիմիր քաղաքից գնում է Նիժնի Նովգորոդ՝ տոնավաճառ։ Ճանապարհին նա գիշերում է մի ուրիշ վաճառականի հետ, որին այդ գիշեր սպանում են։ Սպանության մեջ մեղադրում են Աքսյոնովին, քանի որ տանը այլ մարդիկ չեն եղել։ Նրան պատժում են ճիպոտահարությամբ և աքսորում Սիբիր՝ տաժանակրության։ Աքսյոնովն անմեղ է, սակայն հասկանում է, որ ոչ մեկը չի կարող դա ապացուցել. «Երևում է՝ բացի Աստծուց ոչ ոք չի կարող ճշմարիտն իմանալ և միայն Նրան պետք է խնդրել ու միայն Նրանից խղճմտանք սպասել»։ Նա տաժանակրության մեջ անցկացնում է քսանվեց տարի։ Նրան այնտեղ գիտեին որպես հնազանդ ու աստվածապաշտ մարդու։

Տաժանակրության է գալիս նոր կալանավոր՝ մոտ վաթսուն տարեկան Մակար Սեմյոնովիչը։ Պարզվում է, որ նա էլ Վլադիմիրից է և ծանոթանալու ժամանակ բերանից թռցնում է, որ ինքն արդեն հանդիպել է Աքսյոնովին։ Իվան Դմիտրիևիչը սկսում է կասկածել, որ սպանության մեղավորը Մակար Սեմյոնովիչն է։ Մի անգամ նա տեսնում է, որ Մակարը քնադարակների տակ գիշերը գաղտնի անցք է փորում, իսկ ցերեկը հողը դուրս տանում փողոց։ Երբ բանտապահները հայտնաբերում են անցքը, Աքսյոնովը ցանկանում է վրեժ լուծել Մակարից, սակայն հետո՝ հարցաքննության ժամանակ չի մատնում նրան։

Գիշերը Մակար Սեմյոնովիչը խոստովանում է, որ այն ժամանակ ինքն է սպանել վաճառականին և արյունոտ դանակը գցել Աքսյոնովի մոտ։ Աքսյոնովը ներում է մարդասպանին՝ ասելով. «Թող Աստված ների քեզ. հնարավոր է՝ ես հարյուրապատիկ վատն եմ քեզնից»։ Դրանից հետո նրա հոգին խաղաղվում է։ Մակար Սեմյոնովիչը ղեկավարությանը խոստովանում է իր սպանությունը, բայց արդեն արդարացնելու պահին Աքսյոնովը մահանում է։

Տեքստի տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոլստոյի հրատարակիչ Վլադիմիր Չերտկովը 1885 թվականի հունվարի 31-ին Լև Տոլստոյին գրած նամակում նշել է պատմվածքի՝ իր կարծիքով անհաջող հատվածը. վերադասի այն հարցին, թե կալանավորներից ով է անցք փորել, Աքսյոնովը, չնայած ճշմարտախոս մարդու իր համբավին, պատասխանում է. «Ես չեմ տեսել ու չգիտեմ»։ Չերտկովի կարծիքով՝ դրանով իսկ «Աքսյոնովը,... հանուն ընկերոջ փրկության, գիտակցաբար դիմում է խաբեության, և նրա այդ արարքը նրա կյանքի բարձրագույն սխրանքի տպավորություն է թողնում։ Եվ այդպես, այդ արարքը կարող էր մնալ նույնիսկ իր՝ խաբեությունից ազատվելու ժամանակ... Եթե Դուք չեք մտածում, թե ես սխալվում եմ, ապա, Լև՛ Նիկոլաևիչ, Դուք ինձ իրական երջանկություն պարգևած կլինեիք, եթե այդ հատվածը ինքներդ փոխեիք պարզաճաշակ հրատարակության համար»[4]։

Տոլստոյը համաձայնվել է, որ Չերտկովը փոխի տվյալ հատվածը, և «Միջնորդ» հրատարակչության 1885 թվականի հրատարակության մեջ, մի քանի այլ աննշան փոփոխությունների հետ, Աքսյոնովի պատասխանը հնչել է այսպես.

Չեմ կարող ասել, Ձե՛րդ ազնվություն. Աստված ինձ չի թույլատրում ասել։ Եվ չեմ ասի։ Ինչ ուզում եք, ինձ արեք, իշխանությունը Ձերն է։

Այս հրատարակության գրախոսներից մեկը «Նորություններ» պետերբուրգյան թերթում նշել է այդ փոփոխության կասկածելի բնույթը. «Դրանով, անկասկած, արտահայտվում է ժողովրդական բարոյականության հոգատար պահպանումը։ Մեր կարծիքով այդ հոգատարությունն ավելորդ է. ժողովուրդը երեխա չէ։ Նա կյանքի բավական փորձառություն ունի, հիանալի կարող է տարբերել անբարոյական սուտը մերձավորի փրկությանն ուղղված ստից»[5]։

Այն հարցը, թե որքանով է օրինական Չերտկովի ուղղումը և արդյոք համապատասխանում է պատմվածքի սյուժեի տրամաբանությանը, քննարկվում են նաև ժամանակակից տոլստոյագետներ Հյու Մակլեյնի[6] և Հերի Ջանի կողմից[7]։

ԽՍՀՄ-ում պատմվածքի տեքստը հրատարակվել է առավելապես առաջին տարբերակով, այդ թվում՝ Տոլստոյի երկերի Հոբելյանական ժողովածուում։

Տոլստոյի գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոլստոյը բարձր է գնահատել իր պատմվածքը և այն համարել իր լավագույն ստեղծագործություններից մեկը։ Տոլստոյի հետ հանդիպում ունեցած գրականագետ և թատերագետ Սերգեյ Դուրիլինի այն հարցին, թե «իր ստեղծագործություններից ո՞ր մեկն է Լև Նիկոլաևիչը գեղարվեստական տեսանկյունից համարում լավագույնը», գրողը պատասխանել է. «Աստված ճիշտը տեսնում, բայց անմիջապես չի ասում»[8]։

«Ի՞նչ է արվեստը» տրակտատում պատմվածքը հիշատակվել է հետևյալ ենթատեքստում[9].

…իմ գեղարվեստական ստեղծագործությունները ես վերագրում եմ վատ արվեստի ոլորտին՝ բացառությամբ «Աստված ճիշտը տեսնում, բայց անմիջապես չի ասում», որը միտում ունի պատկանելու առաջնակարգ տեսակին, և «Կովկասի գերին», որը պատկանում է երկրորդ տեսակին։

Ընդ որում՝ Տոլստոյը լավ արվեստի «առաջին տեսակը» հենց նույն տեղում որակել է «այն արվեստը, որն արտահայտում է աշխարհում մարդու՝ կարգավիճակի կրոնական ընկալումից բխող զգացմունքը՝ ուղղված աստծուն և մերձավորին, այսինքն՝ կրոնական արվեստը»։

Մեկնաբանելով տվյալ տրակտատը՝ փիլիսոփա Լև Շեստովը նկատել է, որ «…իրականում Տոլստոյը հիանալի հասկանում է, որ «Կովկասի գերին» և «Աստված ճիշտը տեսնում, բայց անմիջապես չի ասում» պատմվածքները (միայն այս երկուսն է իր գրածներից նա վերագրում լավ արվեստին) ընթերցողների համար երբեք չեն ունենա այն նշանակությունը, որ ունեն նրա ոչ միայն մեծ վեպերը, այլ նույնիսկ «Իվան Իլյիչի մահը» վիպակը»[10]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Տոլստոյի ստեղծագործություններն ուսումնասիրող Հյու Մակլեյնը նշել է, որ պատմվածքում առկա է առնվազն երկու սխալ, որ, հնարավոր է, ծագել են հեղինակի անուշադրության հետևանքով[6]։

  • Աքսյոնովի կինը, չնայած նրան, որ ամուսինն իրեն ասել էր իր անմեղության մասին, դատապարտումից հետո տաժանակրության քսանվեց տարիների ընթացքում ոչ մի անգամ չի փորձել տեսնվել ամուսնու հետ։
  • «Հաջորդ օրը, երբ կալանավորներին դուրս բերեցին աշխատանքի, զինվորները նկատեցին, որ Մակար Սեմյոնովը հող է դուրս թափում։ Սկսեցին խուզարկել բանտախուցը և գտան անցքը» արտահայտությունը ենթադրել է տալիս, որ զինվորներն արդեն գիտեին՝ ով է փորել գաղտնի անցքը, և այդ դեպքում անհասկանալի է՝ ինչու է պետը հետո հարցաքննում կալանավորներին և Աքսյոնովին։

Պատմվածքի սյուժեի կառուցվածքային վերլուծությունը տրված է Հերի Ջանի աշխատության մեջ[11]։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Տոլստոյի «Աստված ճիշտը տեսնում, բայց անմիջապես չի ասում» պատմվածքը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով[12]։

  • Իրեն Տոլստոյի աշակերտ համարող Մահաթմա Գանդին գուջարանթի լեզվով թարգմանել է նրա մի քանի ժողովրդական պատմվածքներ, և 1905 թվականին դրանք հրատարակել «Հնդկական կարծիք» ամսագրում։ Այդ պատմվածքներն են՝ «Աստված ճիշտը տեսնում, բայց անմիջապես չի ասում» (վերնագրված՝ «Աստված ճշմարտությունն է սիրում»), «Հեքիաթ Իվան-Հիմարի և նրա երկու եղբայրների մասին», «Ինչո՞վ են մարդիկ ապրում» (հնդկական անվանումը՝ «Կյանքի թելը») և «Արդյոք շա՞տ բան է պետք հողի մարդուն» (հնդկական անվանումը՝ «Ագահություն»)[13][14][15]։

Պատկերազարդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տոլստոյի երկերը բարձր արժևորած ռուս նկարիչ Վասիլի Սուրիկովը 1882 թվականին ստեղծել է նրա պատմվածքի երկու պատկերազարդումներ. մեկում պատկերել է վաճառական Աքսյոնովի ձերբակալումը[16], մյուսում՝ բանտախուցը և Մակար Սեմյոնովիչի զղջումը։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Война и мир. Том 4. Часть 1. Глава XIII.
  2. Статья «Кому у кого учиться писать, крестьянским ребятам у нас или нам у крестьянских ребят?»
  3. Третья русская книга для чтения
  4. Гусев Н. Н. Лев Николаевич Толстой: Материалы к биографии с 1881 по 1885 год. М., 1970.
  5. Е. Н. Книжки для народа // «Новости и биржевая газета», первое ежедн. изд., 16 июля 1885 г., № 193.
  6. 6,0 6,1 McLean, Hugh. Could the Master Err? A Note on 'God Sees the Truth but Waits' // Tolstoy Studies Journal 16 (2004): 77-81. Перепечатано в книге: Hugh McLean. In Quest of Tolstoy. Boston: Academic Studies Press, 2008. Русский перевод в книге: Лев Толстой и мировая литература: Материалы IV Международной научной конференции 22 – 25 августа 2005. – Тула, 2007.
  7. Jahn, Gary R. (reply) Was the Master Well Served? further Comment on 'God Sees the Truth, but Waits' // Tolstoy Studies Journal 16 (2004): 81-86. Перепечатано в книге: Hugh McLean. In Quest of Tolstoy. Boston: Academic Studies Press, 2008. Русский перевод в книге: Лев Толстой и мировая литература: Материалы IV Международной научной конференции 22 – 25 августа 2005. – Тула, 2007.
  8. Сергей Дурылин. У Толстого и о Толстом: Воспоминания
  9. Что такое искусство?
  10. Лев Шестов. Добро в учении гр. Толстого и Ницше. С. 1.311.
  11. Jahn, Gary R. A Structural Analysis of Leo Tolstoy's 'God Sees the Truth, But Waits // Studies in Short Fiction, XXI, No. 3 (Summer 1975), 261 70.
  12. «А. И. Шифман. ЛЕВ ТОЛСТОЙ И ВОСТОК». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
  13. А. И. Шифман. ТОЛСТОЙ — ЭТО ЦЕЛЫЙ МИР
  14. «А. Я. Соколовский. ИНДИЙСКИЕ МОТИВЫ В РУССКОЙ КУЛЬТУРЕ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
  15. Как Россия узнавала Индию: Колонка для любознательных писателя Валентина Осипова, посвященная Году Индии в России // Индийский вестник № 6—7, 2009(չաշխատող հղում)
  16. «Арест купца Аксёнова. Иллюстрация к рассказу "Бог правду видит, да не скоро скажет", В. И. Суриков, 1882». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  17. Бог правду видит, да не скоро скажет (1916) - информация о фильме - фильмы Российской империи - Кино-Театр.РУ
  18. «Charo Santos' film comeback "Ang Babaeng Humayo" to be screened at the 2016 Venice Film Festival - Articles.». entertainment.abs-cbn.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]