Աստվածների խնջույքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Աստվածների խնջույքը
Giovanni Bellini and Titian - The Feast of the Gods - Google Art Project.jpg
տեսակգեղանկար
նկարիչՋովանի Բելլինի[1][2] և Տիցիան[1]
տարի1514[1], 1529[1] և 1514[2]
բարձրություն170,2 սանտիմետր[1]
լայնություն188 սանտիմետր[1]
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց, Բարձր վերածնունդ[2] և Քվատրոչենտո
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ[3], Իտալիա[2] և Ֆեռարա[2]
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ[1]
պատվիրատուAlfonso d'Este?
https://www.wga.hu/html/b/bellini/giovanni/1510-/207feas1.html, https://www.wga.hu/html/b/bellini/giovanni/1510-/207feas.html, https://www.nga.gov/collection/art-object-page.1138.html կայք
The Feast of the Gods (Giovanni Bellini and Titian) Վիքիպահեստում

«Աստվածների խնջույքը» (անգլ.՝ The Feast of the Gods, իտալ.՝ Il festino degli dei), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Ջովաննի Բելլինիի յուղանկար, որի ձախակողմյան և կենտրոնական բնապատկերներում էական լրացումներ են կատարել Դոսսո Դոսսին և Տիցիանը։ Վենետիկցի նկարչի դիցաբանական կտավներից մեկն է, որն ավարտված լինելով 1514 թվականին, հանդիսացել է նրա վերջին խոշոր աշխատանքը։ Այժմ գտնվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում և համարվում «Վերածննդի դարաշրջանի ամենամեծ նկարներից մեկն ԱՄՆ-ում»[4]։

Կտավը Վերածննդի արվեստում «Աստվածների խնջույք» թեմայի առաջին գլխավոր պատկերումն է, որն արդիական է մնացել մինչև հյուսիսային մաներիզմի ավարտը մոտավորապես մեկ դար անց[5]։ Այն ունի մի քանի նմանություն այժմ Լուվրում գտնվող, 1490-ական թվականներին ֆլորենսիացի նկարիչ Բարտոլոմեո դի Ջովաննիի հեղինակած մեկ այլ կտավին[6]։

Հանձնարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերկուրիի այս պատկերումը եվրոպական նկարչության մեջ չինական ճենապակու ամենավաղ հայտնի պատկերումն է

Նկարն ստորագրված է աջից ներքևում գտնվող փայտե տաշտակին կցված թղթի կտորին արված գրությամբ՝ «joannes bellinus venetus / p MDXIIII» (Ջովաննի Բելլինի, նկարված է 1514 թվականին)․ ամրագրված է նաև այդ տարի նրա վճարված լինելու հանգամանքը[7]։ Հիմք ընդունելով Օվիդիուսի գրվածքը[8]՝ այն համարվել է դիցաբանական թեմայով խոշոր նկարների շարքի ամենավաղ կտավը, որոնք արվել են Ֆերարայի դուքս Ալֆոնսո I դ՛Էստեի համար Էստե ամրոցի ալեբաստրե հարկաբաժինը զարդարելու նպատակով։ Թեմաներն ընտրվել են մինչև 1511 թվականը, այդ ժամանակ դքսի քրոջ՝ Իզաբելա դ՛Էստեի համար աշխատող Վերածննդի հումանիստ Մարիո Էքվիկոլայի կողմից, և էսքիզներ ներառող որոշ ցուցումներ են ուղարկվել նկարիչներին[9]։ Հետագա հանձնարարությունների թվում եղել են նաև 4 խոշոր տիցիաններ (մեկն այժմ կորել է) և Դասսո Դոսսիի հեղինակությամբ տասն ավելի փոքր աշխատանքներ, որոնք հավանաբար կախվել են դրանցից վերև[10]։ Պահպանված երեք տիցիաններից են՝ Լոնդոնի ազգային պատկերասրահում գտնվող «Բաքոս և Արիադնե» և Մադրիդի Պրադո թանգարանում գտնվող «The Bacchanal of the Andrians» և «Վեներայի երկրպագությունը» կտավները[11]։

Փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ Բելլինին մի շարք նախնական փոփոխություններ է կատարել նախքան 1514 թվականը կամ դրանից անմիջապես հետո, սակայն այս տեսակետը հերքվել է 1956 թվականին կատարված ռենտգենյան ճառագայթներով հետազոտությունից հետո․ այժմ համարվում է, որ կերպարները պատկերվել են բացառապես Բելլինիի կողմից[12]։ Նա վախճանվել է 1516 թվականին կտավն ավարտելուց կարճ ժամանակ անց, իսկ մի քանի տարի հետո Դոսսո Դոսսին ու հավանաբար Տիցիանը փոփոխության են ենթարկել բնապատկերները՝ կերպարների հետևում ավելացնելով ժայռոտ լեռն ու աջում գտնվող ծառի ավելի պայծառ գունավորմամբ սաղարթը։ Տիցիանի կողմից ավելի մանրակրկիտ վերամշակում իրականացվել է մոտավորապես 1529 թվականին՝ ավելացնելով ավելի շատ բնություն, սակայն կերպարների վրա ամբողջ աշխատանքը պատկանում է Բելլինիին[13]։ Աջում գտնվող ծառի վրայի փասիանի հեղինակը հավանաբար դուքս Ալֆոնսոն ինքն է, որը նաև սիրողական նկարիչ էր[14]։

Թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիապուս և Լոտոս

Կտավում պատկերված է Լոտոսի բռնաբարության փորձի միջադեպը։ Նա հավերժահարս էր, Նեպտունի կամ Ներևսի դուստրը։ Լիբերի պատվին անցկացվող տոնի ժամանակ Պրիապուսը փորձել է քնած ժամանակ բռնաբարել նրան, սակայն Սիլենուսի ավանակի հանկարծակի զռռոցն արթնացրել է նրան ու նա փախել է՝ Պրիապուսին թողնելով խայտառակ վիճակում, քանի որ մնացած բոլորը նույնպես արթնացել են ու տեղեկացել նրա մտադրության մասին[8]։ Պատմությունն արտացոլված է կտավի եզրամասերում, որոշակիորեն ոչ դրամատիկ ձևով, հավանաբար պատկերելով առանցքային դեպքից անմիջապես առաջ այն պահը, երբ Սիլենուսն ու իր ավանակը գտնվում են ձախ կողմում, իսկ Պրիապուսն ու Լոտոսը՝ աջ (բոլորը բացի Լոստոսն արթուն են)[15]։ Այս թեմայով պատկերազարդում կա 1497 թվականին Վենետիկում լույս տեսած Օվիդիուսի իտալերեն առաջին պատկերազարդ հրատարակության մեջ։ 1510 թվականի վենետիկյան տպագրության մեջ այս հազվագյուտ թեմայի մեկ այլ նկարագրություն պատկերել է Լոտոսին նույն դիրքում, սակայն ավելի մեծ շեշտադրում արել պատմության էրոտիկ բնույթի վրա, պատկերելով Պրիապուսի առնանդամն անպատշաճ վիճակում, որն այստեղ երևում է միայն հագուստի տակից[16]։

Կտավում պատկերված կերպարներն են՝ (ձախից աջ) սատիր, Սիլենուսն իր ավանակի ու դեռևս պատանի Բաքոսի հետ, Սիլվանոսը կամ Ֆավնուսը, Մերկուրին իր կադուսով և սաղավարտով, մեկ այլ սատիր, Յուպիտերը, հյուրասիրող հավերժահարսը, Կիբելան, Պանը, Նեպտունը, կանգնած երկու հավերժահարս, Կերեսը, Ապոլլոնը, Պրիապուսը և Լոտոսը[17]։ Կերպարներից ոմանք հնարավոր է պատկերված լինեն Ֆերարայի պալատի մարդկանց դեմքերով, այդ թվում՝ Ալֆոնսոի ու վերջինիս կնոջ՝ Լուկրեցիա Բորջիայի[14]։

Մեկ այլ ենթադրություն կա, որ կենտրոնում պատկերված զույգը՝ ձեռքը կնոջ ազդրերի արանքում գտնվող տղամարդն ու կինն ամուսնական զույգ են, ինչպես ցույց է տալիս նրանց մտերմությունը և կնոջ ձեռքում պատկերված սեռական ցանկությունը մեծացնելու համար հարսնացուներին առաջարկվող սերկևիլը[18]։ Եթե տղամարդը Նեպտունն է, ապա կինը Ամփիտրիտեն է։

Սիլենուսն իր ավանակի ու մանուկ Բաքոսի հետ

Մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունը բնորոշ է Վերածննդի դիցաբանական նկարչությանը՝ գլխավոր աստվածների հանդեպ երկրային վերաբերմունքի առումով, որը կարելի է բացատրել Թեբեի հասարակ քաղաքացիներ պատկերող կերպարներով և դիցաբանական արվեստում Բելլինիի անփորձությամբ։ Աշխատանքն զգալիորեն տարբերվում է կրոնական տեսարաններ պատկերող նրա սովորական թեմաներից ու կերպարներից, քանի որ նկարիչն ավելի քան 80 տարեկան էր, երբ սկսել է կտավը։ Նախկինում նա դժկամորեն է պատկերել դիցաբանական պատմություններ, 1501-1504 թվականներին հրաժարվելով Ալֆոնսոյի քրոջ՝ Իզաբելա դ՛Էստեի հանձնարարություններից։ Հավանաբար նա չի ցանկացել մրցակցել իր ազգական Անդրեա Մանտենյայի հետ, որը մասնագիտացած էր դասական թեմաներում․ վերջինս մահացել է 1506 թվականին[19]։

Հետագա պատկանելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավներն իրենց համար նախատեսված սենյակում մնացել են մինչև 1598 թվականը, որից հետո բռնագրավվել են ու տարվել Հռոմ Իպոլիտո Ալդոբրանդինիի կողմից։ Կտավների խմբի նկարներն առանձնացվել են իրարից 1623 թվականին, իսկ «Խնջույքը» 1796-1797 թվականներին Ալդոբրանդինիների ընտանիքից անցել է Կամուչինիների ընտանիքին։ 1853 թվականին կտավն Իտալիայից տեղափոխվել է Անգլիա, որը գնել է Նորթումբերլանդիայի 4-րդ դուքսը, այնուհետև 1916 թվականին 7-րդ դուքսն այն վաճառել է լոնդոնցի դիլեր «Թոմաս Էգնյու և որդիներ» ընկերությանը։ 1922 թվականին կտավը գնել է ամերիկացի մագնատ Փիթեր Ա․ Բ․ Վայդեների կալվածքը, իսկ 1942 թվականին Վայդեների ամբողջ հավաքածուի կազմում այն հայտնվել է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում[20]։

Ցուցադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը ցուցադրվել է 1856 թվականին Լոնդոնում։ Վաշինգտոնում հայտնվելուց ի վեր 1990 թվականին ցուցադրվել է նաև Վենետիկում, 2003 թվականին Լոնդոնում ու Մադրիդում, 2006 թվականին՝ Վիեննայում[21]։

Նկարչական նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին կտավը մանրակրկիտ ուսումնասիրվել է և գունանյութերի լայնածավալ վերլուծություն է իրականացվել նկարի մաքրման և պահպանման աշխատանքների ընթացքում[22]։ Բոլոր երեք նկարիչները՝ Բելլինին, Դոսսոն ու Տիցիանը, օգտագործել են այդ ժամանակ առկա գունանյութերը, այդ թվում՝ բնական ուլտրամարինը, կապարա-անագային դեղինը, մալաքիտը, պայծառ կապտա-կանաչը և ալ կարմիրը։ Կտավն իր աուրիպիգմենտի և ռեալգարի օգտագործմամբ հանդիսանում է իտալական Վերածննդի նկարչության սակավաթիվ օրինակներից մեկը։ Այս նկարի շատ մանրամասն և ծավալուն գիտական ուսումնասիրությունը հասանելի է դարձել ինտերնետում ավելի լայն լսարանի համար WebExhibits[23] և ColourLex[24] կայքերի միջոցով։

Հատվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.nga.gov/collection/art-object-page.1138.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Make Lists, Not War — 2013.
  3. http://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.1138.html
  4. «The Feast of the Gods»։ www.nga.gov։ Վերցված է 2021-01-29 
  5. Bull, 342–43
  6. Bartolomeo di Giovanni's painting in the Louvre
  7. «The Feast of the Gods»։ www.nga.gov։ Վերցված է 2021-01-30 
  8. 8,0 8,1 Ovid, Fasti, 1. 391 of; Bull, 242
  9. Colantuono, 237–239; Freedman, 42–48
  10. Jaffé, 102
  11. All have entries in Jaffé, with 3 of the Dossi's, 101–111
  12. Colantuono, 237–238
  13. Jaffé, 108; Bull, 242; NGA "Overview". The precise sequence and authorship of the alterations remains the subject of some debate.
  14. 14,0 14,1 NGA "Explore"
  15. Holmes, 282
  16. Spangenberg, 56; the print is an engraving by Giovanni Battista Palumba, British Museum collection online (Hind, 7, Museum number 1845,0825.624); Colantuono, 242
  17. Jaffé, 108; Colantuono, 242, prefers Faunus to Silvanus, though sometimes the two were conflated in any case.
  18. Syson, 252
  19. Holmes, 284
  20. NGA full provenance; Jaffé, 101 for 1623 split.
  21. NGA "Exhibition history"; Jaffé, 101–111
  22. Plesters, J. The Feast of the Gods: Conservation, Examination, and Interpretation. Studies in the History of Art, 40, 1990
  23. Investigating Bellini's Feast of the Gods, WebExhibits
  24. Bellini, The Feast of the Gods, ColourLex

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bull, Malcolm, The Mirror of the Gods, How Renaissance Artists Rediscovered the Pagan Gods, Oxford UP, 2005, 0195219236
  • Colantuono, Anthony, "Dies Alcyoniae: The Invention of Bellini's Feast of the Gods", The Art Bulletin, Vol. 73, No. 2 (Jun., 1991), pp. 237–256, JSTOR
  • Freedman, Luba, Classical Myths in Italian Renaissance Painting, 2011, Cambridge University Press, 9781107001190, google books
  • Holmes, George, "Giovanni Bellini and the Background to Venetian Painting", in Communes and Despots in Medieval and Renaissance Italy, Editors: Bernadette Paton, John Easton Law, 2010, Ashgate Publishing Ltd, 9780754665083, google books
  • Jaffé, David (ed), Titian, No. 15, The National Gallery Company/Yale, London 2003, 1-85709-903-6
  • Plesters, J. The Feast of the Gods: Conservation, Examination, and Interpretation. Studies in the History of Art, 40, 1990
  • Spangeberg, K.L. (ed), Six Centuries of Master Prints, Cincinnati Art Museum, 1993, 0931537150
  • Syson, Luke, "Belle, Picturing Beautiful Women", in Art and Love in Renaissance Italy, ed. Andrea Bayer, 2008, Metropolitan Museum of Art, 9781588393005

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]