Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ընտանիքում, ապա սովորել ֆրանսիական դպրոցում։ Բեմական ասպարեզ մտել է 1870-ականների սկզբներին, Հակոբ Վարդովյանի քաջալերանքով։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 1870-1871 թթ. թատերաշրջանում, Մոլիերի «Պարոն Բուրսոնյագ» պիեսում կատարելով Նիրինի դերը։ Այնուհետև աչքի է ընկել այլ դերերով։ Իր բեմական կարողությունները լիովին դրսևորել է հաջորդ թատերաշրջանում՝ Պ. Մաղաքյանի խմբում։ Օրթագյուղի այդ թատրոնում խաղացել է գերազանցապես արևմտաեվրոպական մելոդրամաներում։ 1875 թ. նորից է միացել Վարդովյանին։ 1879 թ. իր կրտսեր քրոջ՝ Սիրանույշի և Պետրոս Ադամյանի հետ եկել է Կովկաս՝ Թիֆլիսի հայկական թատերական կոմիտեի հրավերով։ Նույն թվականի սեպտեմբերից մինչև 1881 թ. գարունը խաղացել է Թիֆլիսի թատրոնում, կատարելով կարևոր բազմաթիվ դերեր, որոնցից հիշատակության արժանի են՝ Պորցիա (Ու. Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Կուկուշկինա («Եկամտավոր պաշտոն»), Կատարին Հովարտ (համանուն պիեսում) և այլն։ 1882 թ. վերադարձել է ծննդավայր, մասնակցել Ս. Պենկլյանի օպերետային խմբի ներկայացումներին՝ Իզմիրում, Հունաստանում, մեծ հաջողությամբ կատարելով կոնտրալտո դերեր, ինչպես՝ տիկին Լանժ (Շ. Լեկոկի «Մադամ Անգո»), Օրոր (Շ. Լեկոկի «Ժիրոֆլե-Ժիրոֆլա»), Պարիս (Ժ. Օֆենբախի «Գեղեցկուհի Հեղինե») և այլն[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 589)։