Աստղերն են մեղավոր (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստղերն են մեղավոր
անգլ.՝ The Fault in Our Stars
ՀեղինակՋոն Գրին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրyoung adult fiction?, ռոմանտիկ գեղարվեստական գրականություն և պատմվածք
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԱմստերդամ և Ինդիանապոլիս
Կազմի հեղինակՌոդրիգո Կորալ
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվհունվարի 10, 2012
Պարգև(ներ)
ՎիքիքաղվածքԱստղերն են մեղավոր
 The Fault in Our Stars Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղերն են մեղավոր (այլ կիրառումներ)

«Աստղերն են մեղավոր» (անգլ.՝ The Fault in our stars), ամերիկացի գրող Ջոն Գրինի վեպը[1][2][3]։ Հրատարակվել է 2012 թվականին։ Վեպը նվիրվում է Էսթեր Ըրլին։ Չնայած ուռուցքը փոքրացնող բժշկական հրաշքին, որը Հեյզելին ապրելու ևս մի քանի տարի է պարգևել, նա, միևնույն է, անբուժելի հիվանդ է՝ քաղցկեղի վերջին փուլում, որի կյանքի վերջին գլուխը գրվել է հենց ախտորոշման պահից։ Սակայն, երբ Օգոստոս Ուոթերս անունով շրջադարձային պայծառ կերպարը հանկարծակի հայտնվում է «Քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության խմբակում», Հեյզելի համար կյանքի նոր էջ է բացվում։ Խորաթափանց, համարձակ, հանդուգն և սուր «Աստղերն են մեղավոր» վեպը մրցանակակիր գրող Ջոն Գրինի դեռևս ամենահավակնոտ և սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ և սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ և ողբերգական գործընթացը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի հեղինակ Ջոն Գրինի ելույթ 2014 թվականի համաժողովին

Գլխավոր հերոսուհին Հեյզել Գրեյս Լանքասթրն է՝ 16-ամյա աղջիկ, որը տառապում է վահանագեղձի քաղցկեղից։ Նա իր մայրիկի խնդրանքով քաղցկեղով հիվանդների աջակցության խմբի անդամ է դառնում։ Հանդիպումներից մեկի ժամանակ Հեյզելը հանդիպում է 17-ամյա պատանու՝ Օգոստոս Ուոթերսին, որը հիվանդության պատճառով կորցրել էր իր աջ ոտքը։ Օգոստոսն այնտեղ էր իր ընկերոջը՝ Այզեքին, սատարելու համար, որը քաղցկեղի պատճառով պետք է կորցներ տեսողությունը։ Հանդիպումից հետո Հեյզելն ու Օգոստոսն անմիջապես ընկերանում են, և Օգոստոսը Հեյզելին հրավիրում է իր տուն, որպեսզի միասին դիտեն «Վ նշանակում է Վենդետա» ֆիլմը, որտեղ էլ նրանց կապն ամրապնդվում է։ Մինչ բաժանումը Օգոստոսը Հեյզելին առաջարկում է կարդալ իր նախընտրած գրքերից մեկը՝ «Լուսաբացի գինը», իսկ Հեյզելն իր հերթին՝ «Արքայական վիշտը» գիրքը, որը քաղցկեղով տառապող մի աղջկա մասին էր, որը կիսում էր իր փորձն ու մտահգությունները։ Այսպիսով, նրանք պայմանավորվում են կարդալ այդ գրքերը, մինչև իրենց հաջորդ հանդիպումը։ Նրանք որոշեցին, որ պետք է մյուս հանդիպումը լինի այն ժամանակ, երբ ավարտեն գիրքը։ Երբ Օգոստոսն ավարտեց ընթերցումը, նա զայրացած էր, քանի որ գիրքն ավարտվում էր շատ կտրուկ և չուներ եզրահանգում։ Գիրքն Աննայի կյանքի մասին էր, որը քաղցկեղով հիվանդ էր։ Օգոստոսը զանգահարում է Հեյզելին։ Հեյզելը բացատրեց նրան, որ գրքի հեղինակը հրատարակությունից հետո անհետացել է և այլևս ոչ ոք չի լսել նրա մասին։ Ոչ ոք չգիտի թե գիրքը շարունակություն ունենալու է թե ոչ։ Մեկ շաբաթ անց, Օգոստոսն ասում է Հեյզելին, որ գտել է գրքի հեղինակ վան Հաութենի օգնականին և նրա միջոցով կարողացել է նամակագրական կապ հաստատել հեղինակի հետ։ Հեյզելը Փիտեր վան Հաութենին գրում է էլեկտրոնային նամակ՝ ուղղելով մի շարք հարցեր կապված վեպի անորոշ ավարտի մասին։ Նրան հետարքրրում էր, թե արդյոք Աննան մահանում է կամ չափից շատ վատառողջ է լինում գրելը շարունակելու համար, Աննայի մայրն ամուսնանում է Հոլանդացի Վարդակակաչ Մարդու հետ, թե՞ ոչ, հետագայում մեկ ուրիշ երեխա ունենու՞մ է, թե՞ ոչ, արդյոք շարունակում է ապրել Թեմփլ 917 փողոցում, Հոլանդացի Վարդակակաչ Մարդը խաբեբա՞ է, թե՞ իրոք սիրում է նրանց, ինչ է լինում Աննայի ընկերների՝ հատկապես Քլերի և Ջեյքի հետ և ի վերջո ի՞նչ է տեղի ունենում Սիզիփոս գերմանամկան հետ։ Հեղինակը վերջապես պատասխանում է և բացատրում, որ Հեյզելի հարցերին կարող է պատասխանել անձամբ, քանի որ նրանց հեռախոսային զրույցը կարող են ձայնագրել կամ նամակը տարածել։ Հեյզելը Փիտեր վան Հաութենին անձամբ տեսնելու համար պետք է գնար Ամստերդամ։ Հեյզելն իր մայրիկին խնդրում է գնալ Ամստերդամ, բայց իր մայրիկը մերժում է աղջկա խնդրանքը, ճանապարհորդելու հետ կապված՝ ֆինանսական և բժշկական հնարավորությունների սահմանափակումների պատճառով։ Ավելի ուշ՝ ցերեկույթի ժամանակ, Օգոստոսն անակնկալ կերպով Հեյզելին է տալիս Ամստերդամ մեկնելու տոմսեր, որոնք նա ձեռք էր բերել բարեգործական կազմակերպությունից (պատճառն այն էր, որ, ինչպես Օգոստոսն էր անվանում այդ կազմակերպությանը «Ջիները», հասկանալով, որ նրանք արդեն ծայրահեղ վիճակում են, կարողանում են իրականացնել նրանց մեծ ցանկությունը։ Հեյզելն իր ցանկությունը «վատնել» էր Դիսնեյ Լենդ գնալու համար)։ Նա շատ ոգևորված էր, սակայն, երբ Օգոստոսը շոյեց նրա դեմքը, Հեյզելը փոքր-ինչ ամաչեց։ Հեյզելն իմացավ Օգոստոսի նախկին ընկերուհու մասին և սկսեց փնտրել նրան։ Ընթացքում պարզ է դառնում, որ աղջիկը մահացել էր ուղեղի քաղցկեղից։ Մտածելով մահվան մասին` Հեյզելը հասկացավ, որ պետք է գնահատել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը և ապրել այն լիարժեք։ Նա նաև հասկացավ, որ չի ուզում իր հիվանդությամբ ցավ պատճառել Օգոստոսին։ Հեյզելը չէր ուզում Օգոստոսը նորից ապրի այդ դժվարին պահերը, նա չէր ուզում պատկերացնել իր թաղմանը Օգոստոսին։ Նրա մտահոգությունները Օգոստոսի և իր մահվան մասին պատճառ դարձան Հեյզելի առողջական վիճակի վատացման։ Հեյզելը ճչում է, որպեսզի ծնողներին արթնացնի։ Հեյզելի ծնողները արագ ներս վազեցին, բայց ոչինչ չէին կարող անել։ Հեյզելին թվում էր, իր ուղեղում գերնոր աստղի պայթյուն է տեղի ունենում։ Հեյզելը մտածում էր, որ մեկընդմիշտ հեռանում է և, ինչպես նախկինում անընդհատ կրկնում էր, թե մարմինն անջատվում է, երբ ցավը չափից անտանեի է դառնում, որ գիտակցությունը ժամանակավոր է, և սա շուտով կանցնի։ Նա մտածում էր, որ միակ լուծումն այս ամենի համար աշխարհը ջնջելն է, նորից դարձնել խավար, լուռ ու անմարդաբնակ։ Հեյզելին տարիներ շարունակ ծակել են, դանակի տակ պառկեցրել, թունավորել, բայց նա շարունակում էր ապրել։ Հեյզելն ուշագնաց է լինում և արթնանում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վատանալու պատճառը թերօքսիգենացումն էր, որն առաջացել էր թոքերի մեջ մեծ քանակությամբ՝ մեկ ու կես լիտր հեղուկ հավաքվելուց, ինչը բարեհաջող դուրս էին բերել կրծքավանդակից։ Այդ ամենը նրա ծնողների և բժիշկների համար անհանգտանալու առիթ դարձավ, քանի որ նրանք կարծում էին, որ տվյալ պարագայում ճանապարհորդությունը Հեյզելի համար ապահով չէր լինի։ Բժիշկների խումբն այնքան ժամանակ է դեմ լինում այդ ճամփորդությանը, մինչև բժիշկներից մեկը՝ բժշկուհի Մարիան, որն ամենաշատն էր մտնում Հեյզելի դրության մեջ, ասաց, որ Հեյզելն իրավունք ունի ապրելու իր կյանքը և որ նա պետք է մեկնի։ Բայց Հեյզելի հետ պետք է լիներ մեկը, որը գիտեր նրա հիվանդության մասին և անհրաժեշտության դեպքում կարող էր օգնել նրան։ Ամստերդամ մեկնելու էին Հեյզելը, Օգոստոսը և Հեյզելի մայրիկը։ Երբ նրանք հասան Ամստերդամ, ռեստորաններից մեկում տեղեկացան, որ Վան Հաութենն արդեն նախապես վճարել է իրենց ուտելիքի և շամպայնի համար։ Այդ գիշեր Օգոստոսը խոսում է Հեյզելի հետ իր զգացմունքների մասին։ Խոստովանում է, որ սիրում է նրան։ Վերջապես նրանք հանդիպում են Վան Հաութենին, սակայն ապշած են լինում՝ բազմափորձ հանճարի փոխարեն տեսնելով հարբեցողի և, ինչպես հեղինակն էր ասում, գեր, անտաշ փորով մի մարդու։ Նա շարունակաբար վիրավորում էր Հեյզելին և ծաղրում իր հիվանդության պատճառով։ Վան Հաութենը նույնիսկ չպատասխանեց այն հարցերին, որոնց համար էլ Հեյզելը եկել էր Ամստերդամ։ Օգոստոսն ու Հեյզելը լքում են հեղինակի տունը՝ մեծ հիասթափությամբ և զայրույթով։ Այնուհետև Վան Հաութենի օգնականը՝ Լիդուվեյը, Հեյզելին և Օգոստոսին ուղեկցեց Աննա Ֆրանկի տուն-թանգարան։ Ընթացքում Հեյզելը դժվարանում է բարձրանալ՝ շատ և ոլորապտույտ աստիճանների պատճառով, և վատանում է ինքնազգացողությունը, սակայն դա նրան չի խանգարում հասնել ձեղնահարկ։ Այնտեղ նա Օգոստոսի հետ ռոմանտիկ համբույր է ունենում, որն ուղեկցվում է ծափահարություններով մյուս զբոսաշրջիկների կողմից։ Հաջորդ օրն Օգոստոսը դժվարությամբ պատմում է Հեյզելին, որ վերջին հետազոտություններից պարզ է դարձել, որ իր քաղցկեղը կրկնվել է և տարածվել։ Այդ ամենից հետո, նրանք առանց որևէ կասկածի խոսում էին իրենց սիրո մասին և հաստատում, որ միշտ միասին կլինեն և կաջակցեն իրար։ Մինչ իրենց վերադարձը, Օգոստոսի վիճակը կտրուկ վատանում է։ Մի քանի օր Օգոստոսը մնում է մոտակա հիվանդանոցում։ Իր վերջին օրերին Օգոստոսը կանչում է Հեյզելին և Այզեքին իր նախապես պլանավորված հուղարկավորությանը, որտեղ Օգոստոսը պետք է լսեր նրանց նախահուղարկավորության խոսքը, որ պատրաստվում էին ասել հուղարկավորությանը։ Հեյզելը խոսեց մեծ և փոքր հավերժությունների մասին, որ Օգոստոսն իրեն պարգևել էր և կրկին խոսեց իր անսահման սիրո մասին Օգոստոսի հանդեպ։ Ութ օր անց Օգոստոսը մահացավ։ Հուղարկավորության ժամանակ Հեյզելն ապշած էր՝ տեսնելով Վան Հաութենին այնտեղ։ Նա բացատրեց, որ Օգոստոսի հետ հեռակա կապ է պահպանել և Օգոստոսը պահանջել է նրան ներկա գտնվել իր հուղարկավորությանը։ Ներման արժանանալու համար Վան Հաութենը ներկայացնում է գրքի հերոսուհի Աննայի մոր չբացահայտված ճակատագիրը։ Այնուամենայնիվ, Հեյզելը խնդրում է նրան հեռանալ, քանի որ դեռ չէր համակերպվել և դուրս չէր եկել հիասթափությունից։

Մի քանի օր անց, Այզեքի հետ զրուցելիս Հեյզելը պարզում է, որ Օգոստոսը գրել է «Արքայական վշտի» գրքի շարունակությունը Հեյզելի համար։ Այդ լուրն իմանալով՝ Հեյզելը որոշում է կրկին հանդիպել Վան Հաութենին։ Հեղինակը պատմում է, որ այդ գիրքը նվիրված է եղել իր աղջկան՝ Աննային, որը մահացել է ութ տարեկանում քաղցկեղից։ Հեյզելն առաջարկում է Հաութենին սթափվել և գրել մեկ այլ գիրք։

Վերջապես Հեյզելն իմանում է, որ Օգոստոսն ուղարկել է իր գրած էջերը Վան Հաութենին, խնդրելով նրան օգտագործելով այդ էջերը՝ գրել Հեյզելի մասին։ Հեղինակի օգնականը ստիպել էր նրան կարդալ այդ ամենը և ուղարկել Հեյզելին։ Իր տողերում Օգոստոսը մասնավորապես գրել էր, որ մեզ միշտ ինչ-որ մեկը ցավ է պատճառում և մենք անկարող ենք դրա դեմ, բայց մենք կարող ենք ընտրել այն մարդուն, որին թույլ կտանք մեզ ցավ պատճառել և, որ նա ուրախ է, որ հենց Հեյզելին է ընտրել։ Ինչպես նաև նա հույս ուներ, որ Հեյզելը նույնպես գոհ է իր ընտրությունից։ Երկինք նայելով և դիմելով Օգոստոսին՝ Հեյզելը ակամա պատասխանում է, որ նա նույնպես երջանիկ է, որ հենց Օգոստոսին է ընտրել։

Հեղինակի խոսքը վեպի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գիրքը գեղարվեստական գործ է՝ հնարովի պատմություն։ Ոչ վեպերը, ոչ էլ ընթերցողները երբևէ օգուտ չեն քաղել գուշակելու փորձերից, թե արդյո՞ք պատմության հիմքում իրական փաստեր են ընկած, թե՞ ոչ։ Այդպիսի ջանքերն ուղղակի գրոհներ են նույնիսկ գաղափարին, թե հնարած պատմությունները կարող են որևէ նշանակություն ունենալ, բայց սա մեր տեսակի հատուկ կարծրատիպերի շարքից է։ Հեղինակը շատ բարձր է գնահատում ընթերցողի համագործակցությունը այս հարցում[4]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակը հարկ է համարում նշել, որ այս վեպում հիվանդությունն ու դրա բուժումը հորինված են։ Օրինակ, ֆալանքսիֆոր դեղամիջոց գոյություն չունի, հեղինակն է հորինել դա, որովհետև շատ կցանկանար, որ նման դեղամիջոց լիներ։

Վեպի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Գրինը ճարպկորեն միահյուսում է խորիմաստն ու հասարակը մարդկային հոգուն ուղղված այս ծանր և հուզիչ սիրային բացիկում։
- «Վաշինգթոն փոսթ
«Աստղերն են մեղավոր» վեպը պարզապես մի ինչ-որ հերթական վեպ չէ։ Այն կարևոր վեպ է։
- «Կանզաս Սիթի սթար»
Հիասքանչ ստեղծագործություն։
- «Մոնրեալ գազեթ»
Երանի՜ այս վեպը անվերջ լիներ։
- Վանկուվեր սան
Գրինը մեզ ցույց է տալիս իրական սերը. երկու դեռահասներ օգնում և ընդունում են իրար` անցնելով ֆիզիկական և ուզական ամենադաժան, ծանր փորձությունների միջով։ Եվ սա շատ ավելի ռոմանտիկ է, քան ցանկացած արևամուտ լողափում։
- «Նյու Յորք թայմզ»
Սուր, խորաթափանց սիրային պատմություն համացանցային սերնդի համար։
- Ֆամըլի սըրքլ
Սրամիտ կատակերգություն, կրքոտ սիրավեպ և թեթև ներկայացված, լայնածավալ մտորումներ կյանքի ու մահվան կարևոր հարցերի շուրջ։
- «Հորն բուք», լավագույն կարծիքներից
Անչափ գեղեցիկ, ցավալի պատմություն կյանքի և կորստի մասին։
- «Սքուլ լայբրարի» ամսագրիր, լավագույն կարծիքներից
Սիրավեպի վարպետորեն կազմակերպված «մտքի պայթյուն»... Գրեթե ամեն էջն անասելի հիացմունք կպատճառի ընթերցողներին։ Գրինի խնամքով կառուցված երկխոսություններից և ածելու սայրի պես սուր հերոսներից անկեղծ ու պարզ խելք, հումոր և ցանկություն է հորդում։
- «Քըրքըս», լավագույն կարծիքներից
Կյանքի մահվան և դրանց մեջտեղում սիրո «դառը և քաղցր» պատմություն։
- «Դեզերեթ նյուզ»
Իր հերոսների միջոցով Գրինն ապացուցում է, որ մնայուն սեր ունենալու համար այն կորցնելու վտանգ է անհրաժեշտ։ Սա հիվանդության ու մահվան մասին մռայլ գիրք չէ։ Հեյզելն ու Գասը մեզ կոչ են անում ծիծաղել և լիարժեք վայելել կյանքը, քանի կարող ենք։
- «Շելֆ ըվեյրենս»
Ուրախ, զվարթ, կատաղի և սաստիկ տխուր։
- «Սկրիփս Հովանդ» լրատվական ծառայություն
Ջոն Գրինը ժամանակակից լավագույն գրողներից է։
- «Է. Լոքհարթ»
Գրեթե հանճար է... «Աստղերն են մեղավոր» վեպը ժամանակակից ամերիկյան գրականության ամենաանկեղծ և հուզիչ սիրային պատմություններից է, միևնույն ժամանակվիթխարի խելքի, քաջության ու տխրության ողբերգություն է։
- «Թայմ» ամսագիր
Զվարճալի... սուր... լուսավոր։
- «Էնթերթեյնմենթ Վիքլի»
Լիովին կատարյալ, թախծոտ կատակերգություն։
- «ՅուԷսԷյ թըդեյ»
Սա մի գիրք է, որ կոտրում է սիրտդ, բայց ոչ թե հյուծելով, այլ շարունակ ավելի ու ավելի մեծացնելով, մինչև այն, ի վերջո, պայթում է։
- «Ատլանտիկ»
Գրինի գրքերը պատանիների համար են, բայց նրա խոսքն այնքան կլանող է, որ ոչ մի դասակարգման չի ենթարկվում։ Դուք շնորհակալ կլինեք այն փոքրիկ անվերջության համար, որ կանցնեք այս գրքում։
- «ԱՄՆ հանրային ռադիո»
կատարյալ ամեն ինչում։
- «Սակրամենտո Բի»
Գրինը տալիս է ավելին, քան պարզապես հավաքածուի ևս մի նմուշ... Պատմություն երկու պայծառ երեխաների մասին, ովքեր դեռ երկար կապրեն իրենց ճանաչած ընթերցողների մտքերում։
- «Փիփըլ»
Ուրած և սրտաճմլիկ... Հիշեցնում է, որ երբեմն, երբ թվում է, թե կյանքն ավարտվում է, իրականում այն դեռ նոր է սկսում։
- «Փերընթինգ» ամսագիր
Բոլոր տեսանկյուններից այս վեպը մեծ նվաճում է։
- «Բուքլիսթ», լավագույն կարծիքներից
Կյանքի ու մահվան և դրանց մեջտեղում խճճված մարդկանց մասին «Աստղերն են մեղավոր» վեպում Ջոն Գրինն ուղղակի փայլում է։ Դու ծիծաղում ես, լացում, իսկ հետո էլի ու էլի ես ուզում։
- «Մարկուս Ջուսաք»
«Աստղերն են մեղավոր» վեպում անդրադառնում է համընդհանուր թեմաների` «ինձ կսիրե՞ն», «ինձ կհիշե՞ն», «այս աշխարհում որևէ հետք կթողնե՞մ», դրամատիկորեն բարձրացնելով այդ հարցադրումներն անող հերոսների խաղադրույքները։
- «Ջոդի Փիքոլթ»

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարին 20th Century Fox-ը ստանում է իրավունք վեպը ֆիլմում ադապտացնելու համար։ Հեյզել Գրեյսի դերը խաղում է ամերիկացի դերասանուհի Շեյլին Վուդլին, Օգոստոսի դերը՝ Էնսել Էլգորթը[5] ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի մայիսի 16-ին[6][7][8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Syme, Rachel (2012 թ․ հունվարի 17). «'The Fault In Our Stars': Love In A Time Of Cancer». NPR. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  2. Lev Grossman (2012 թ․ փետրվարի 6). «The Topic of Cancer». Time. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. Stephan Lee (2012 թ․ հունվարի 11). «The Fault in Our Stars». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
  4. Ջոն Գրին, Աստղերն են մեղավոր, Երևան, Էդիթ Պրինտ, 2015։
  5. Sara Vilkomerson (2013 թ․ մայիսի 10). «Ansel Elgort offered lead in 'The Fault in Our Stars' opposite Shailene Woodley -- Exclusive». Entertainment Weekly. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  6. Deutsch, Lindsay (2013 թ․ հոկտեմբերի 8). «'The Fault In Our Stars' movie gets a release date». USA Today. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. «The Fault In Our Stars (2014)». Box Office Mojo. IMDB. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  8. «The Fault In Our Stars». Rotten Tomatoes. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  9. Deahl, Rachel (2012 թ․ հունվարի 31). «Fox Options John Green's 'Fault in Our Stars'». Publishers Weekly. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են