Աստիճանավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աստիճանավորում (լատ.՝ gradatio, ռուս.՝ градация, անգլ.՝ gradation - աստիճանական բարձրացում, ուժեղացում), մտքի, հույզի և տրամադրության աստիճանական խորացումը՝ ուժեղացումը կամ թուլացումն է, որը կարող է վերաբերել որևէ դեպքի, գործողության կամ հոգեվիճակի։ Այն խոսքին սաստկական երանգ է հաղորդում, հուզականություն և արտահայտչականություն ապահովում։ Օրինակ՝

Ձենով Օհանը ահից սարսափած`
Թշնամու առաջն ելավ գլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները:
(Հովհ. Թումանյան, «Սասունցի Դավիթը»)

Կիրառվում է գեղարվեստական և հրապարակախոսական, հաճախ նաև առօրյա-խոսակցական խոսքում։

Իրականացման միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստիճանավորումն իրականացվում է՝

  • հոմանշային շարքի միավորներով.

Փախչում եմ... փախչում... և հեռանալիս
Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ…
(Վ. Տերյան, «Սիրահարվածը»)

  • բառաիմաստային միևնույն խմբի միավորներով.

Ապրիլյան զրնգուն օր է, Ծիծեռնակաբերդի գալարուն ճանապարհներով գնում են, բարձրանում ծերեր, ջահելներ, երեխաներ: (Վ. Պետրոսյան, «Հայկական էսքիզներ»)

Աստիճանավորում կարող է ձևավորվել նշված եղանակների համադրմամբ, ինչպես՝ Ոչ թե խոսում, այլ դյութում, կախարդում է, գամում է մեզ նստարանին, և մենք չենք զգում, թե նստած ենք դասարանում (Մ. Խերանյան, «Երկա՜ր, երկար մի ճանապարհ»):

Աստիճանավորումն իրականացվում է լեզվական այնպիսի միավորների միջոցով, որոնք դասավորվում են փոքրից մեծ քանակային, ծավալային կամ տարածական և այլ հատկանիշների աճման սկզբունքով։ Օրինակ՝ Կառուցում էր ոչ թե մի մարդ, մի ընտանիք, մի գյուղ կամ մի քաղաք,- ամբողջ հայ ժողովուրդն էր կառուցում` օր ու գիշեր, շաբաթներ ու ամիսներ, տարիներ ու տասնամյակներ (Գ. Էմին, «Յոթ երգ Հայաստանի մասին»)։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստիճանավորումը լինում է երկու տեսակ՝ բարձրացող (ուժեղացող) և իջնող (թուլացող):

Բարձրացող աստիճանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսքի մեջ յուրաքանչյուր հաջորդ բառ, դարձվածք կամ արտահայտություն ավելի ուժգին, հագեցած է արտահայտում նախորդի իմաստը, առավել արտահայտչական է, քան նախորդ միավորը։ Օրինակ՝

Որպես փոթորիկ, իջե՛ք ավերիչ
Եվ խորտակեցե'ք աշխարհն այս զազիր,
Փոշի' դարձրեք այստեղ ամեն ինչ: (Վ. Տերյան, «Ջարդեցե'ք անդուլ, անգութ, անխնա»)

Իջնող աստիճանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսքի մեջ յուրաքանչյուր հաջորդ բառ, դարձվածք կամ արտահայտություն թուլացնում է նախորդի իմաստը։ Օրինակ՝

Անաղմուկ, անտրտունջ, անհնչյուն
Գալիս ես ու նորից հեռանում,
Ու հեռվից դյութում ես ու կանչում,
Լուսերե՜ս, անմարմի՜ն, անանո՜ւն...
(Վ. Տերյան, «Փողոցում»)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դավիթ Գյուրջինյան, Հայոց լեզու. խոսքարվեստի դասագիրք, Ս. Էջմիածին, 2015:
  • Էդ. Ջրբաշյան, Գրականագիտական բառարան, Երևան, 1980:
  • Ֆ. Հ. Խլղաթյան, Ոճաբանական բառարան, Երևան, 2000:
  • Պ. Մ. Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, Երևան, 1991: