Գետնաստղ (լատին․՝ Asperula ), տորոնազընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 200 տեսակ, Հայաստանում՝ 8 տեսակ՝ գետնաստղ բուրավետ լատին․՝ A. odorata, գետնաստղ խոզանավոր լատին․՝ A. setosa, գետնաստղ դաշտային լատին․՝ A. arvensis, գետնաստղ գետնատարած լատին․՝ A. prostrata և այլն։ Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է խոտածածկ լանջերին, չոր, քարքարոտ վայրերում, թփուտներում, ցանքերում և այլն։
Ցողունը քառակող է, երբեմն՝ հիմքի մասում փայտացած, բարձրությունը ՝ մինչև 80 սմ։ Տերևներն օղակաձև են, հազվադեպ՝ հակադիր, կոշտ եզրերով։ Ծաղկաբույլը գլխիկ է կամ կիսահովանոց, ծաղիկները՝ մանր, սպիտակ, վարդագույն, կանաչադեղնավուն։ Պտուղը միասերմ երկկաղնիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. դաշտային գետնաստղ պարունակում է ֆերմենտներ (որպես պեպսինին փոխարինող՝ օգտագործում են պանրագործության մեջ)։ Գետնաստղի արմատներից և ծաղիկներից ստանում են կապույտ ու կարմիր ներկեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։