Ասպնջակ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասպնջակ
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրՎահան Սաղաթելյան
ՀիմնադիրՄերուժան Տեր-Գուլանյան

Ասպնջակ, հասարակական-քաղաքական, գրական-մշակութային, ազգագրական պարբերական, «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության պաշտոնաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1990-1996 և 2001-2006 թվականներին Երևանում (առաջին շրջանում՝ 16 համար՝ անկանոն պարբերականությամբ, երկրորդում՝ կիսամսյա, ապա՝ ամսաթերթ)։ Պարբերականի հիմնադիր-խմբագիրն է Մերուժան Տեր-Գուլանյանը։ 2001 թվականից ձևավորվել է խմբագրական խորհուրդ՝ Հովհաննես Այվազյանի նախագահությամբ, իսկ խմբագիրը եղել է Վահան Սաղաթելյան։ Ծանոթացրել է միության աշխատանքներին, հատուկ ուշադրություն է դարձրել Ջավախքում հայապահպանության խնդիրներին, կրթական և մշակութային կյանքին։ Անդրադարձել է վրացական մամուլում Ջավախքի և վրացահայության մասին տպագրված հոդվածներին, տարածաշրջանի հայության ազգագրությանը, ավանդույթներին, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի գործունեությանը։ Տպագրել է ազգագրագետ Վարդ Բդոյանի «Ջավախք. պատմաաշխարհագրական ակնարկ» աշխատությունը։ Լուսաբանել է Ղարաբաղյան ազատագրական պատերազմին (1992–1994) ջավախքահայության մասնակցությունը։ Հոդվածներ է հրապարակել երևելի ջավախքահայերի կյանքի ու գործունեության մասին, անդրադարձել Ջավախքում ավանդաբար կազմակերպվող ջիվանիական, տերյանական, հավասիական գրական-երաժշտական տոնահանդեսներին։

1996 թվականին ունեցել է հատուկ թողարկում՝ նվիրված Ջիվանու ծննդյան 150-ամյակին (խմբագիր՝ Ռոզա Մահտեսյան)։

2006 թվականին տպագրվել է «Հայրենիք» վերնագրով (մի քանի համար)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։