Ասորական փոխառությունները հայերենում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասորական փոխառություններ, հայերենի` ասորերենից փոխառյալ բառերը։

Ասորերենի ազդեցությունը հայերենի վրա սկսվում է մ.թ.ա. 2-րդ դարից և շարունակվում մինչև մ.թ. 5-6-րդ դարերը։ Ասորերենից կատարված փոխառություններն իրենց բնույթով տարբեր են։ Դրանք վերաբերում են ինչպես կենցաղին, առտնին հարաբերություններին, կենդանական ու բուսական աշխարհին, մարդկային գործունեության այլևայլ բնագավառներին։

Գրաբարի և միջին հայերենի կատարած 205 ասորական փոխառություններից ժամանակակից հայերենում գործածվում են շուրջ 45 %-ը` 90 բառ։

Ասորերենից փոխառյալ բառերն են՝ աբեղա, ագուգա (փողրակ), առնետ, աքսոր, բուրգ, գուբ, գուռ, գուլպա, դար (հարյուրամյակ), զույգ, զուրկ, թարգման, թոհ ու բոհ, լավաշ, լոշ (լոշտակ բույս), լումա, խանձարուր, խանութ, խարտել, խավիծ, խլուրդ, խմոր, ծարիր, ծնծղա, ծոթոր (բույս), ծոմ, ծրար, կաթսա, կասկարա, կատու, կացին, կաքավ, կեղև, կթղա (բաժակ), կողով, կոմս, կուղբ (ջրշուն), կուպր, հազար (բույս), հաշիվ, հեգ (հեգել), հեթանոս, հրեա, ձեթ, ձյութ, ղեկ, մագաղաթ, մախաթ, մակաղել, մամոնտ, մանանա, մանգաղ, մանիշակ, մաշկ, մարսել, մաքս, մտրակ, նաշիե, շաբաթ, շալակ, շամփուր, շավիղ, շեղբ (դանակի), շերաս (շերամ), շեփոր, շեք, շղթա, շպար, շուկա, շուշան, պողոտա, ջայլամ, սատանա, սափրել, սյուք, սկահ (բաժակ), սվին, սուսեր, սուսր (կարմիր ներկ), սպեղանի, տառապել, տերև, տղա, ցամաք, ուրբաթ, փարատել, փիլիսոփա, փրկել, քահանա, քանքար, քարոզ, քնար, քուրա, քուրմ:

Հիշյալ բառերի մեջ կան միջնորդավորված՝ անուղղակի փոխառություներ, որոնց սկզբնաղբյուրն ասորերենը չէ, օրինակ՝ փիլիսոփա, պողոտա, կեղև, հեթանոս։

Ասորերենից կատարված փոխառությունների մեծ մասը կատարվել են մ.թ. 2-5-րդ դարերում։ Հինգերորդ դարից հետո կատարված փոխառությունները շատ քիչ են։ Ուշ շրջանում կատարված փոխառությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք չեն ենթարկվել հին շրջանի հնչյունական օրենքներին։ Ավելի ուշ շրջանի ասորական փոխառություններից են ժամանակակից հայերենում լայն գործածություն ունեցող մանիշակ, մախաթ, շուկա, գուլպա բառերը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]