Ասլան (կերպար)
| Մասն է | Tashlan | |
|---|---|---|
| Սեռ | արական | |
| Հայր | The Emperor-Over-the-Sea | |
| Զբաղեցրած պաշտոն | fictional king | |
| Հիման վրա | Հիսուս | |
| Ստեղծել է | Քլայվ Սթեյփլս Լյուիս | |
| Կատարող | Լիամ Նիսոն | |
| From narrative universe | Narnia universe | |
| Բնութագրվում է | մոգություն, Տելեպորտացիա, omniscience | |
| Սուբյեկտի նշանակություն | demiurge, assistant | |
| Թշնամի | White Witch | |
| Character type | Christ figure | |
Ասլան, Ք. Ս. Լյուիսի «Նարնիայի ժամանակագրությունները» շարքի գլխավոր հերոսներից։ Ի տարբերություն Նարնիայի շարքի որևէ այլ կերպարի՝ Ասլանը հայտնվում է բոլոր յոթ ժամանակագրություններում[1]։ Ասլանը պատկերված է որպես խոսող առյուծ և նկարագրվում է որպես Գազանների արքա, ծովից այն կողմ գտնվող կայսեր որդի,[2] և Նարնիայի բոլոր Բարձրագույն արքաների արքա[3]։
Ք. Ս. Լյուիսը հաճախ մեծատառով է գրում «Առյուծ» բառը՝ նկատի ունենալով Ասլանին, քանի որ նա զուգահեռներ է անցկացնում Հիսուսի հետ, ով քրիստոնեական աստվածաբանության[4] մեջ հայտնի է որպես «Հուդայի առյուծ»։ «Ասլան» (aslan) բառը թուրքերենում[4][5] նշանակում է «առյուծ»։
Դեր «Նարնիայի ժամանակագրություններում»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասլանին առաջինը հիշատակում է պարոն Կուղբը, երբ Փևենսի երեխաները ժամանում են Նարնիա։ Պարոն Կուղբը նրան նկարագրում է որպես Նարնիայի իսկական թագավոր, ով վերադարձել է, որպեսզի օգնի Փևենսիներին ազատել երկիրը Սպիտակ Կախարդի տիրապետությունից։
Տեր և տիկին Կուղբերը ուղեկցում են Փիթերին, Սյուզանին, Լյուսիին դեպի Քարե սեղան՝ Ասլանին հանդիպելու: Նրանք տեղեկացնում են Ասլանին, որ Էդմունդը դավաճանել է իրենց՝ միանալով Սպիտակ Կախարդին: Ասլանն իր հետևորդներից մի քանիսին ուղարկում է Էդմունդին փրկելու: Հաջորդ օրը Սպիտակ Կախարդը մոտենում է Ասլանին և պահանջում Էդմունդին սպանելու իր իրավունքը, քանի որ, ըստ «խորը կախարդանքի», բոլոր դավաճանները պատկանում են իրեն: Ասլանը առանձնազրույց է ունենում Կախարդի հետ և համոզում նրան բաց թողնել Էդմունդին:
Այդ նույն գիշերը Ասլանը Սյուզանի և Լյուսիի հետ ճամփա է ընկնում դեպի Քարե սեղանը: Կախարդն ու նրա հետևորդները կապում են Ասլանին սեղանին. պարզվում է, որ Ասլանը համաձայնվել էր սպանվել՝ Էդմունդին փրկելու համար: Սակայն, շնորհիվ «ավելի խորը կախարդանքի» (որի մասին Կախարդը չգիտեր), Ասլանը հարություն է առնում և կարողանում է փրկել իր այն հետևորդներին, որոնց Կախարդը քար էր դարձրել: Նա իր հետևորդներին տանում է ճակատամարտի դաշտ, որտեղ անձամբ սպանում է Կախարդին՝ մեկընդմիշտ վերջ դնելով նրա բռնապետությանը:
Ասլանը ներկա է լինում Փևենսի չորս երեխաների թագադրմանը։ Այնուհետև նա հեռանում է՝ այլ գործերով զբաղվելու, իսկ պարոն Կուղբը հավաստիացնում է երեխաներին, որ նա դեռ կգա ու կգնա:
Փևենսի երեխաներին իրենց աշխարհից կանչում են Նարնիա, որպեսզի նրանք օգնեն Կասպիանին՝ Նարնիայի օրինական թագավորին, տապալել իշխանությունը զավթած հորեղբայր Միրազին և վերականգնել երկրի ազատությունը: Երբ նրանք մոլորվում են անտառում, Ասլանը կանչում է Լյուսիին, որպեսզի վերջինս իր քույր-եղբայրներին առաջնորդի դեպի իրեն. ոմանք ավելի հավատարմորեն են հնազանդվում, քան մյուսները: Ասլանն օգնում է Փիթերին, Էդմունդին և Թրամփքին թզուկին ժամանակին Կասպիանին օգնության հասնել՝ կանխելու նրա դեմ ուղղված մահափորձը: Այնուհետև Ասլանն առաջնորդում է արթնացած Ծառերի և Մենադների բանակը՝ հաղթանակ տանելով Միրազի թելմարինյան օկուպացիայի դեմ։ Հետո նա թագադրում է Կասպիանին և ստեղծում է մի դուռ, որի միջոցով ողջ մնացած թելմարինները ցանկության դեպքում կարող են լքել Նարնիայի աշխարհը։
Էդմունդ և Լյուսի Փևենսիները իրենց կամակոր զարմիկ Յուսթասի հետ տեղափոխվում են Նարնիայի աշխարհի արևելյան օվկիանոս, որտեղ միանում են թագավոր Կասպիանին իր ծովային ճամփորդության ընթացքում: Երբ Յուսթասը կախարդանքի ազդեցության տակ վիշապ է դառնում, Ասլանն ազատում է նրան այդ կախարդանքից: Ճանապարհորդության տարբեր փուլերում Ասլանը հայտնվում է՝ ուղղություն ցույց տալու համար: Երբ նրանք հասնում են աշխարհի եզրին, Ասլանը, մինչ իր սովորական կերպարանքին վերադառնալը, հայտնվում է գառան տեսքով։ Նա Ռիփիչիփին (խոսող մկանը) ցույց է տալիս դեպի Ասլանի երկիր ճանապարհը:
Արծաթե գահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասլանը Յուսթասին և նրա դասընկերուհի Ջիլին բերում է Նարնիա: Նա բացատրում է Ջիլին, որ իրենց հանձնարարված է գտնել թագավոր Կասպիանի որդուն՝ արքայազն Ռիլիանին(ով անհետացել էր տարիներ առաջ), և տալիս է չորս նշաններ, որոնք կուղղորդեն նրանց իրենց որոնումների ընթացքում: Ասլանն այլևս չի հայտնվում մինչև պատմության ավարտը, սակայն նրա տված նշանները առանցքային դեր են խաղում որոնումների հաջող ընթացքի համար: Երբ նա Յուսթասին և Ջիլին վերադարձնում է իրենց աշխարհ, Ասլանը հայտնվում է նրանց դպրոցի բուլլերների առջև՝ նրանց վախեցնելու համար։
Ասլանի ազդեցությունը սկզբում թաքնված է հերոսներից: Նախքան պատմության սկիզբը, նա փրկում էԱղեղնավորների երկրի(Archenland) մանուկ արքայազն Քորին թշնամիներից և հանձնում մի կալորմենցի ձկնորսի, ով տղային անվանում է Շաստա։ Գրքի մի հատվածում Ասլանը, սովորական «անխելք» առյուծ ձևանալով, հետապնդում է Շաստային և խոսող ձի Բրիին, որպեսզի նրանք հանդիպեն Արավիսին և Հուինին, ովքեր դառնում են նրանց ճամփորդական ընկերները: Նա կատվի կերպարանք ընդունելով մխիթարում է Շաստային և պաշտպանում նրան քնած ժամանակ: Հետո նա կրկին հետապնդում է Շաստային և մյուսներին, որպեսզի նրանք ժամանակին հասնեն Աղեղնավորների երկիր և նախազգուշացնեն Կալորմենի արքայազն Ռաբադաշին սպասվող հարձակման մասին: Ռաբադաշի պարտությունից հետո Ասլանը նրան որպես պատիժ վերածում է ավանակի։
Այս գիրքը պատմում է Ասլանի կողմից Նարնիայի արարման, նրա առաջին թագավորի ու թագուհու թագադրման և որոշ կենդանիներին խոսելու շնորհ պարգևելու մասին: Ասլանը հայտնում է երկու գլխավոր հերոսներին՝ Դիգորի Քըրքին և Փոլի Փլամերին, որ չարագործ Ջադիսը (ով հետագայում դառնալու է Սպիտակ Կախարդը) մեծ սպառնալիք է հանդիսանալու նարնիացիների համար: Ասլանը Դիգորիին և Փոլիին մի հանձնարարություն է տալիս․ ձեռք բերել կախարդական խնձորը, որը տնկելու դեպքում կպաշտպանի Նարնիան Ջադիսից:
Թեև Շիֆթ կապիկը և մյուս չարագործները գործում են նրա անունից (միամիտ ավանակ Փազլին հագցնելով առյուծի մորթի), Ասլանն ինքը հայտնվում է միայն պատմության վերջում՝ դրախտում, որտեղ մուտքը ախոռի դռնով է: Նա վերջ է դնում Նարնիային և իր երկիր է առաջնորդում այն բնակիչներին, ովքեր, աշխարհի վերջի պահին գալով ախոռի դռան մոտ, նայում են նրա դեմքին և սիրում նրան՝ ոմանք նույնիսկ ի զարմանս իրենց: Գրքի վերջում նա տեղեկացնում է մյուս հերոսներին, որ «դուք բոլորդ, ինչպես սովոր էիք ասել Ստվերների երկրում, մահացած եք», և որ անդրշիրիմյան կյանքը, որում նրանք այժմ գտնվում են, ճշմարիտ իրականությունն է, մինչ նրանք գնում են «դեպի վեր և դեպի ներս»:
Ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնեկան մեկնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև Ասլանին կարելի է ընկալել որպես ինքնատիպ կերպար, նրա և Հիսուսի[6] միջև զուգահեռներ կան: Ըստ հեղինակի՝ Ասլանը Քրիստոսի այլաբանական պատկերը չէ, ալ Քրիստոսի ենթադրյալ մարմնավորումը․
| «Եթե Ասլանը ներկայացներ ոչ նյութական Աստվածությանը, նա կլիներ այլաբանական կերպար: Սակայն իրականում նա մի հորինվածք է, որը տալիս է երևակայական պատասխան հետևյալ հարցին. Ինչպիսի՞ն կլիներ Քրիստոսը, եթե իրոք գոյություն ունենար Նարնիայի նման մի աշխարհ, և Նա ընտրեր մարմնավորվել, մեռնել ու հարություն առնել այդ աշխարհում այնպես, ինչպես իրականում արել է մեր աշխարհում: Սա բոլորովին այլաբանություն չէ»[7]: |
Իր վերջին նամակներից մեկում Լյուիսը գրել է․
| «Քանի որ Նարնիան խոսող գազանների աշխարհ է, ես մտածեցի, որ Նա (Քրիստոսը) այնտեղ կդառնար Խոսող Գազան, ինչպես որ այստեղ դարձավ մարդ: Ես պատկերացրի Նրան այնտեղ որպես առյուծ, որովհետև՝ ա) առյուծը համարվում է գազանների արքան, բ) Աստվածաշնչում Քրիստոսը կոչվում է «Հուդայի առյուծ», և գ) երբ սկսեցի ստեղծագործությունը գրել, առյուծների մասին տարօրինակ երազներ էի տեսնում»[8]: |
Ասլանի մահվան ու հարության և Հիսուսի մահվան ու հարության միջև նմանությունն ակնհայտ է: Հեղինակներից մեկը նկատել է, որ, ինչպես և Հիսուսը, Ասլանը մահից առաջ ենթարկվել է ծաղրուծանակի։ Սգացել են նրա մահը, ապա պարզվել է, որ նա այնտեղ չէ, որտեղ դրվել էր նրա մարմինը[9][10][11]։ Այս մեկնաբանության մեջ Սյուզանը և Լյուսին, ովքեր ականատես են լինում Ասլանի մահվանը, սգում նրա մահը և ականատես լինում նաև նրա հարությունը, մարմնավորում են քրիստոնեական ավանդույթի երեք Մարիամներին։
Ասլանի խոսքերն ուղղված կալորմենին «Վերջին ճակատամարտը» գրքում («Ես ինձ եմ վերցնում այն ծառայությունները, որոնք դու մատուցել ես (կեղծ աստված Թաշին)... եթե որևէ մարդ երդվում է նրանով և պահում է իր երդումը հանուն երդման, ապա իրականում հենց (Ասլանով) է նա ճշմարտապես երդվել, թեև ինքն այդ մասին չգիտի, և ես եմ նրան պարգևատրում»), հաստատելով վերջինիս կատարած բարի գործերը նույնիսկ կեղծ աստծուն ծառայելիս, դարձել են բանավեճերի առարկա, քանի որ դրանք անուղղակիորեն պաշտպանում են ինկլյուզիվիզմը (ներառականությունը)[12]։
Էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 թվականի հեռուստասերիալում Ասլանի դերը կատարել է Բեռնարդ Քեյը։
1979 թվականի անիմացիոն ֆիլմում Ասլանին հնչյունավորել է Սթիվեն Թորնը, ով հետագայում հնչյունավորել է Ասլանին նաև BBC Radio 4-ի «Նարնիայի պատմությունների» բոլոր յոթ ռադիոներկայացումներում[13][14]։
BBC-ի «Նարնիայի ժամանակագրությունների» հեռուստատեսային էկրանավորումներում Ասլանի շարժումները կատարել են Էյլսա Բերկը և Ուիլյամ Թոդ-Ջոնսը, իսկ նրան հնչյունավորել է Ռոնալդ Պիկապը[15][16]։
Focus on the Family ռադիոթատրոնի բեմադրություններում Ասլանին հնչյունավորել է Դեյվիդ Սուշեն։
2005 թվականի «Նարնիայի ժամանակագրություններ. Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ֆիլմում համակարգչային գրաֆիկայով ստեղծված Ասլանին հնչյունավորել է Լիամ Նիսոնը։ Նիսոնը հնչյունավորել է Ասլանին նաև հաջորդ երկու «Արքայազն Կասպիան»(2008) և «Լուսաբացի նվաճողը»(2010) ֆիլմերում[17]։
2025 հաղորդվեց, որ Մերիլ Սթրիփը բանակցություններ է վարում Ասլանի դերը ստանձնելու համար Netflix-ի 2026 թվականի «Նարնիա. Հրաշագործի զարմիկը» էկրանավորման մեջ, որի ռեժիսորն է Գրետա Գերվիգը[18]։
Հիշատակում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Ասլանը դարձավ բրիտանական կախարդական ութ կերպարներից մեկը (որոնց թվում էին նաև Արթուր թագավորի լեգենդների, Հարրի Փոթերի, և «Հարթ աշխարհի»(Discworld), հերոսները, որոնց պատվին Միացյալ Թագավորության թագավորական փոստը թողարկեց փոստային դրոշմանիշների հատուկ շարք[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Carter, Joe (2017 թ․ հունիսի 16). «9 Things You Should Know About The Chronicles of Narnia». Արխիվացված օրիգինալից 2018-10-18-ին. Վերցված է 2018-10-18-ին.
- ↑ «Gallery: Royal Mail: Stamps from magical realms». The Guardian. 2011 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2018-10-11-ին. Վերցված է 2018-10-11-ին – via www.theguardian.com.
- ↑ Will Vaus (2004 թ․ մարտի 30). Mere Theology: A Guide to the Thought of C. S. Lewis. InterVarsity Press. էջեր 146–. ISBN 978-0-8308-2782-4.
- 1 2 The Collected Letters of C.S. Lewis, vol iii, p 160: "I found the name [Aslan]...it is the Turkish for Lion. ... And of course it meant the Lion of Judah."
- ↑ Langenscheidt Pocket Turkish Dictionary. Langenscheidt publishing group. 2006. էջ 428. ISBN 9781585735228. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Religion in the Chronicles of Narnia». 2013 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018-10-12-ին. Վերցված է 2018-10-18-ին – via www.bbc.co.uk.
- ↑ Root, Jerry; Martindale, Wayne (2012 թ․ մարտի 12). The Quotable Lewis. Tyndale House Publishers, Inc. էջեր 59–. ISBN 978-1-4143-5674-7.
- ↑ Ford, Paul (2005). Companion to Narnia: Revised Edition. San Francisco: HarperCollins. էջ 6. ISBN 978-0-06-079127-8.
- ↑ John Visser. «Into the Wardrobe». Արխիվացված օրիգինալից 2012-01-15-ին. Վերցված է 2018-10-18-ին.
- ↑ «Christian Themes In The Lion, The Witch and the Wardrobe - The Narnian». Արխիվացված օրիգինալից 2018-10-18-ին. Վերցված է 2018-10-18-ին.
- ↑ «Reading Matters: Page moved». Արխիվացված օրիգինալից 2017-02-17-ին. Վերցված է 2018-10-18-ին.
- ↑ McCormack, Elissa (2008). «Inclusivism in the Fiction of C.S. Lewis: The Case of Emeth». Logos: A Journal of Catholic Thought and Culture. 11 (4): 57–73. doi:10.1353/log.0.0017. S2CID 170304073.
- ↑ «C.S. Lewis – Tales Of Narnia: The Lion, The Witch, And The Wardrobe». Discogs. 1990.
- ↑ «C.S. Lewis – The Chronicles Of Narnia: Prince Caspian: A BBC Radio 4 Full-Cast Dramatisation». Discogs. Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «The Chronicles of Narnia (UK)». TV.com. Արխիվացված է օրիգինալից 2016-08-23-ին. Վերցված է 2020-09-11-ին.
- ↑ Fordy, Tom (2021 թ․ դեկտեմբերի 23). «How the Lion, the Witch and the Wardrobe made the BBC take children seriously». The Daily Telegraph.
- ↑ «Caspian to be Second Narnia movie». BBC News. 2006 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2008-12-30-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Shoard, Catherine (2025 թ․ ապրիլի 3). «Meryl Streep in talks to play Aslan in Greta Gerwig's Narnia movie». The Guardian.
- ↑ «Gallery: Royal Mail: Stamps from magical realms». The Guardian. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Imdb.com: Aslan
- SparkNotes reference to the meaning of Aslan's death
- "Aslan is still on the move" Արխիվացված 2008-11-23 Wayback Machine Christianity Today editorial, 6 August 2001.