Ասթորների ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Ջեյքոբ Ասթոր

Ասթորների ընտանիքը 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում նշանակալի դերակատարություն է ունեցել Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության գործարար, հասարակական ու քաղաքական կյանքում։ Ծագումով իտալական Ալպերից[1] Գերմանիայում հաստատված Ասթորները Հյուսիսային Ամերիկայում հայտնի են դարձել 18-րդ դարից՝ հանձին պատմության ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ջոն Ջեյքոբ Ասթորի։ Նա համարվում է առաջին ամերիկացի մուլտիմիլիոնատերը։

Ընտանիքի հիմնադիր անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ջեյքոբ Ասթորը կամ Ասթոր 1-ինը (1763—1848 թթ․) Յոհան Ջեյքոբ Ասթորի և Մարի Մագդալենա վոմ Բերգի ամուսնությունից ծնված չորս որդիներից ամենակրտսերն է եղել։

1783 թվականին Ջոն Ջեյքոբը մեկնել է Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաք։ Նախ եղել է փայտե փողային գործիքների վաճառական, հետո Նյու Յորքում զբաղվել է մորթեղենի, դաշնամուրների, անշարժ գույքի առևտրով։ Հենց Նյու Յորքում էլ հանդիպել է իր ապագա կնոջը՝ Սառա Քոքս Թոդին։ Նա աշխատել է իր ամուսնու հետ, եղել նրա խորհրդականը, իսկ 1817 թվականին ընկերությանը բերած իր հաջողությունից հետո անգամ մեղադրվել սև մոգության մեջ։ Բայց մեղադրանքներն այդպես էլ դատական ընթացք չեն ստացել։ Նրանք ունեցել են յոթ զավակ։ Որդիներից առավել հայտնի են եղել Ջոն Ջեյքոբ Ասթոր կրտսերը (1791–1869 թթ․) և Վիլիամ Բեքհաուս Ասթոր ավագը (1792–1875 թթ․)։

Ջոն Ջեյքոբի մորթեղենի առևտրով զբաղվող ընկերությունը 1811 թվականին Կոլումբիա գետի վրա՝ Ասթորիա կայանում առևտրի կետ է հիմնել։ Այն դարձել է Միացյալ Նահանգների առաջին համայնքը Խաղաղ օվկիանոսի ափամերձ տարածքում՝ այդպիսով հաստատելով Ամերիկայի դիրքերը այդտեղ։ 1810–1812 թվականներին Ջոն Ջեյքոբը ֆինանսավորել է «Ասթոր» արշավախումբը՝ վիճելի Օրեգոն երկրամասում գտնվող առաջապահ ուղեկալ հասնելու համար։ Ասթորիա կայանի նվաճումը այդ ժամանակ նշանակալի դեր է խաղացել Անգլիայի և Ամերիկայի տարածքային վեճում՝ հօգուտ Ամերիկայի։

Ավագ եղբայրը՝ Հենրին (1754–1833), հետևել է եղբորը, նույնպես արտագաղթել Ամերիկա։ Հենրին ձիարշավների սիրահար է եղել և իր հետ 1788 թվականին Ամերիկա է տեղափոխել ազնվացեղ Մեսենջեր անունով հայտնի հովատակին։ Հենց այս ձին է դարձել ամերիկյան ստանդարտբրեդ ցեղատեսակի նախահայրը։

Ասթորների ընտանիքի մեծ մասը Եպիսկոպոսական եկեղեցու[2] հետևորդ է, միայն Ասթոր 1-ինն է մինչև մահը մնացել Բարեփոխված միաբանության անդամ[3]։

Ասթորների հետ կապված տեղանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վալդորֆ-Ասթորիա» հյուրանոցը Մանհեթենում XX դարի սկզբում

Երկար տարիներ Ասթորների ընտանիքին համարել են «Նյու Յորքի սեփականատեր»։ Նյու Յորքում այս ընտանիքի անվան հետ են կապված աշխարհահռչակ «Վալդորֆ-Ասթորիա» հյուրանոցը, «Astor Row» կոչվող 28 թաունհաուսների շարքը Հարլեմում, Մետրոպոլիտեն թանգարանում գտնվող «Astor Court»-ը, որը ներկայացնում է չինական Մին դինաստիայի մշակույթը, «Astor Place»-ը, որը ժամանակին անվանել են նաև Արվեստի փողոց, և Ասթոր ծառուղին Բրոնքսում, որտեղ Ասթորները պահել են իրենց ձիերին։ Քուինսի վարչական շրջանի թաղամասերից մեկը ևս անվանվել է Ասթորիա՝ իր հիմնադրի Ջոն Ջեյքոբ Ասթորի անունով։ Ասթորների հետ կապված տեղանունների աշխարհագրությունը Նյու Յորքով չի սահմանափակվել։ Ջոն Ջեյքոբ Ասթորի պատվին է անվանվել Ասթոր փողոցը Չիկագոյի հանրահայտ Գոլդ Քոսթ թաղամասում։ Կան Ասթոր անունը կրող քաղաքներ Ֆլորիդա, Ջորջիա, Այովա և Կանզաս նահանգներում։ Ասթորիա անունն են ստացել Իլինոյս, Միսսուրի և Օրեգոն նահանգներում գտնվող քաղաքներ։ Ասթոր անունը ներկա է նաև Վիսկոնսին նահանգում՝ Ասթոր կոչվող այգիով, նաև Մակինո կղզում, Միչիջանում և Ռոդ Այլենդի Նյուփորթ կղզում, որտեղ դեռ կանգուն է Ասթորների «Բիչվուդ» ամառանոցը։ Անգամ Անգլիայի Յորք քաղաքում կա հյուրանոց, որը կոչվում է «Ասթոր»։

Անգլո-ամերիկյան ազնվական Ասթորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի ընթացքում Ասթորները դարձել են Միացյալ Նահանգների ամենահարուստ ընտանիքներից մեկը։

Նենսի Ասթոր (1908 թ․)

Ասթոր I-ի հետնորդները մեծ հաջողությամբ սկսել են զբաղվել նաև հյուրանոցային բիզնեսով։ Նրանք հիմնել են «Վալդորֆ Ասթորիա» հյուրանոցային ցանցը։ Այդ անունով առաջին հյուրանոցը կառուցվել է Նյու Յորքում և համարվել աշխարհի ամենաշքեղ հյուրանոցը։ Նմանատիպ հյուրանոցներ Ասթորները սկսել են կառուցել աշխարհի տարբեր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում, Բուդապեշտում և այլն։

Դարավերջին ընտանիքի մի մասը տեղափոխվել է Անգլիա և մեծ բարձունքների հասել նաև այնտեղ։ 20-րդ դարում Ասթորների ամերիկյան ճյուղի անդամների թիվը սկսել է նվազել, բայց նրանց հիշատակն ապրում է բազմաթիվ հանրային ներդրումներում, այդ թվում՝ Նյու Յորքի հանրային գրադարանում, որը ստեղծվել է Ջոն Ջեյքոբ Ասթորի հովանավորությամբ։

Ասթորների անգլիական շառավիղն ունի երկու ազնվական ճյուղավորում։ Նրանք սերնդեսերունդ փոխանցում են ազնվական երկու կոչումները․ վիկոնտ Ասթոր և Հիվերի բարոն Ասթոր։

Ասթորների բրիտանական շառավիղի նստավայրը եղել է Քլայվդեն ազնվականական կալվածքը։ Վիկոնտուհի Նենսի Ասթորը (1879–1964)՝ Վալդորֆ Ասթորի կինը, եղել է Մեծ Բրիտանիայի Պառլամենտում ընտրված առաջին կին ներկայացուցիչը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրա կալվածքում հավաքվել է անգլո-ամերիկյան գործարարների ու քաղաքական գործիչների մի խումբ, որը քննարկել է Նացիստական Գերմանիայի հետ Բրիտանիայի կապերը սերտացնելու հարցերը։ Այս խումբը պատմության մեջ հայտնի է «քլայվդենյան հանցախումբ» տերմինով։

Ասթոներից շատերն իրենց ընտանիքի հիմնադրի անունով կոչվել են Ջոն և Ջեյքոբ։ Ջոն Ջեյքոբ Ասթոր IV-ը մասնակցել է «Տիտանիկի» հայտնի նավագնացությանը և մահացել։ Նրա որդին՝ Վինսնեթը հիմնադրել է «Newsweek» ամսաթերթը, որը հրատարակվել է մինչև 2012 թվականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Madsen, Axel (2002 թ․ մարտի 14). John Jacob Astor: America's First Multimillionaire. New York: John Wiley & Sons (published 2002). էջեր 7–8. ISBN 9780471009351. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին. «The Astors [...] were Italian Protestants from the Alpine village of Chiavenna high above the northern end of Lake Como. [...] The first documented ancestor is Jean-Jacques d'Astorg. [...] He and his family are assumed to have been followers of the persecuted Waldensian Puritan faith [...]. Like most subjects of the duke of Savoy, d'Astorg spoke French and Italian, and answered both to Jean-Jacques and Giovan Petro Astore. [...] [I]n 1685 [...] the Sun King revoked the Edict of Nantes [...]. The massacre of Protestants in Valtellina high up in the Adda Valley sent d'Astorg-Astore, his wife, and their two children fleeing north across Switzerland to Heidelberg.»
  2. B. Drummond Ayres Jr. (2011 թ․ դեկտեմբերի 19). «The Episcopalians: An American Elite with Roots Going Back to Jamestown». New York Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  3. Reformed Congregation James Parton, Life of John Jacob Astor: To which is appended a Copy of his last will (The American News Comp., 1865), pg. 81

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասթորների ընտանիք» հոդվածին։