Առաստաղ
Առաստաղ (անգլ.՝ ceiling), սենյակի վերին հատվածը ծածկող ներքին ծածկ։ Ընդհանուր առմամբ, այն չի համարվում կառուցվածքային տարր, այլ ավարտուն մակերես է, որը թաքցնում է տանիքի կառուցվածքի ստորին հատվածը կամ վերևի հարկի հատակը: Առաստաղները կարող են զարդարվել ըստ ճաշակի։ Կան առաստաղների ֆրեսկոների և արվեստի գործերի բազմաթիվ օրինակներ, հատկապես կրոնական կառույցներում: Առաստաղը կարող է հանդիսանալ նաև թունելի վերին սահմանը:
Առաստաղի ամենատարածված տեսակը կախովի (անգլ.՝ dropped) առաստաղն է, որը կախված է վերևում գտնվող կառուցվածքային տարրերից: Գիպսաստվարաթղթե վահանակներն ամրացվում են անմիջապես առաստաղի փայտե հեծաններին կամ խոնավադիմացկուն նրբատախտակի մի քանի շերտերի, որոնք այնուհետև ամրացվում են փայտե հեծաններին: Խողովակաշարերը կամ օդատարները կարող են անցկացվել առաստաղի վերևում գտնվող բացվածքում, որտեղ կարող են տեղադրվել նաև ջերմամեկուսիչ և հրդեհակայուն նյութեր: Որպես այլընտրանք, առաստաղները կարող են ներկվել ցողմամբ՝ խողովակաշարերն ու օդատարները թողնելով բաց, սակայն ներկված, և օգտագործելով ցողվող փրփուր։
Կախված առաստաղի ենթատեսակներից է ձգվող առաստաղը, որտեղ գիպսաստվարաթղթի փոխարեն ալյումինե ձողերի ցանցն է ամրացվում փայտե հեծաններին՝ ձևավորելով ուղղանկյունաձև բացվածքների շարք: Այնուհետև գիպսաստվարաթղթի առանձին կտորներ տեղադրվում են այդ տարածքների ստորին հատվածում այնպես, որ գիպսաստվարաթղթի արտաքին կողմը՝ ալյումինե ձողերով, ներքևից երևա որպես առաստաղ: Այս կառուցվածքը համեմատաբար հեշտացնում է առաստաղի հետևում գտնվող խողովակների և մեկուսացման վերանորոգումը, քանի որ անհրաժեշտ է պարզապես բարձրացնել և հանել համապատասխան տարրը՝ գիպսաստվարաթուղթը քանդելու և այնուհետև վերականգնելու փոխարեն։
Առաստաղի այլ տեսակներից են տաճարային, գոգավոր կամ տակառաձև և կեսոնային առաստաղները: Առաստաղը հաճախ միացվում է պատերին ձուլվածքի (անգլ.՝ coving) միջոցով։ Առաստաղները կարող են որոշակի դեր խաղալ հրդեհի վտանգի նվազեցման գործում, և գոյություն ունի կախովի առաստաղների հրդեհակայունության համակարգ:
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաստաղները դասակարգվում են ըստ իրենց արտաքին տեսքի կամ կառուցվածքի: Տաճարային առաստաղը բարձր է, որը նման է եկեղեցիների առաստաղներին: Կախովի առաստաղն այնպիսին է, որի ավարտուն մակերեսը կառուցվում է իրենից վեր գտնվող կառուցվածքից մի քանի սանտիմետրից մինչև մի քանի մետր ցածր։ Սա կարող է արվել էսթետիկ տեսքը ապահովելու նպատակով օրինակ՝ առաստաղի ցանկալի բարձրության հասնելու համար, կամ գործնական նպատակներով, ինչպիսիք են ձայնամեկուսացումը կամ ՋՕՕ (ջեռուցում, օդափոխություն և օդորակում) համակարգերի ու խողովակաշարերի համար տարածք ապահովելը: Սրա հակառակ տարբերակը բարձրացված հատակն է: Գոգավոր կամ տակառաձև առաստաղը դեպի վեր կորացված կամ կլորացված է՝ սովորաբար տեսողական կամ ակուստիկ ազդեցության համար, մինչդեռ կեսոնային առաստաղը բաժանված է խորացված քառակուսի կամ ութանկյուն պանելների ցանցի, որը կոչվում է նաև «լակունար առաստաղ»: Գոգավոր-քիվային առաստաղը պատի և առաստաղի միջև օգտագործում է ծեփամածիկային կոր անցում։ Այն իր անվանումն ստացել է գոգավոր քիվից՝ գոգավոր կորություն ունեցող շրիշակից[1]: Ձգվող առաստաղի դեպքում օգտագործվում են առանձին վահանակներ՝ պատրաստված այնպիսի նյութերից, ինչպիսին է պոլիվինիլքլորիդը, որոնք ամրացվում են պարագծային պրոֆիլին[2]։
Ձևավորման տարրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաստաղները հաճախ զարդարվել են ֆրեսկոներով, խճանկարներով, սալիկներով և մակերեսային այլ հարդարումներով: Թեև դրանց իրականացումը, առնվազն տեղում, բարդ է, զարդարված առաստաղն ունի այն առավելությունը, որ մեծապես պաշտպանված է մատների հպումներից և փոշուց առաջացած վնասներից: Անցյալում, սակայն, այս առավելությունը գերազանցապես չեզոքացվում էր մոմերի կամ բուխարուց ծխի հասցրած վնասով: Բազմաթիվ պատմական շինություններ ունեն հռչակավոր առաստաղներ. թերևս ամենահայտնին Միքելանջելոյի Սիքստինյան կապելլայի առաստաղն է:
Առաստաղի բարձրությունը, հատկապես ցածր առաստաղների դեպքում, կարող է հոգեբանական ազդեցություն ունենալ[3]։
Հրդեհակայունություն ունեցող առաստաղների դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առևտրային և բնակելի շինարարության մեջ հրդեհակայունության ցուցանիշին նպաստող ամենատարածված առաստաղը կախովի առաստաղն է: Կախովի առաստաղի դեպքում հրդեհակայունության ցուցանիշը ձևավորվում է ամբողջ համակարգի հաշվին, որը ներառում է ինչպես վերևում գտնվող կառուցվածքը, որից կախված է առաստաղը՝ բետոնե կամ փայտե ծածկ, այնպես էլ կախման մեխանիզմը և, ի վերջո, ամենացածր թաղանթը կամ կախովի առաստաղը: Այն կառուցվածքի, որից կախված է առաստաղը, և ստորին թաղանթի, օրինակ, T-աձև պրոֆիլներով առաստաղ կամ գիպսաստվարաթղթե շերտ, միջև հաճախ որոշակի տարածություն է մնում էլեկտրական խողովակաշարերի, մալուխների և օդատարների անցկացման համար:
Այնուամենայնիվ, հնարավոր է կառուցել այնպիսի առաստաղ, որն ունի ինքնուրույն հրդեհակայունության համակարգ։ Նման համակարգերը պետք է փորձարկվեն առանց վերևում գտնվող սալից կախված լինելու՝ ապացուցելու համար, որ ստացված համակարգն ունակ է ինքնուրույն պահել իր կառուցվածքը։ Այս տեսակի առաստաղը տեղադրվում է վերևում գտնվող տարրերը հրդեհից պաշտպանելու համար։
- Եզրերը ազատ, կառուցվածքի գործառույթ չկրող առաստաղ, որը ենթարկվում է 4-ժամյա հրդեհային փորձարկման։ Ճկումը չափվում է I-ձողից։
- «Durasteel»-ի առաստաղը, հրդեհային փորձարկումն հաջողությամբ անցնելուց հետո, դուրս է բերվում վառարանից և պատրաստվում է լրացուցիչ 45 PSI (3.1 բար) ջրային շիթի փորձարկման։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերածննդի դարաշրջանի առաստաղ Փարիզի Լուվրի պալատի Հենրի II-ի աստիճանավանդակում, հեղինակներ՝ Էտիեն Կարմուա, Ռեյմոն Բիդոլե, Ժան Շրեստիեն և Ֆրանսուա Լյորյո, 1553 թվական[5]
- Վերածննդի դարաշրջանի առաստաղ Լուվրի պալատի թագավորի ննջասենյակում, հեղինակ՝ Ֆրանսիսկ Սկիբեկ դե Կարպի, 1556 թվական[6]
- Նեոկլասիկ ոճի առաստաղ Լուվրի պալատի՝ Դյուշատելի սրահը, կենտրոնում «Ֆրանսիական գեղանկարչության հաղթանակը․ Պուսենի, Լեսյուերի և Շառլ ապոթեոզը» կոմպոզիցիայով, հեղինակ՝ Շառլ լը Բրեն, 1822 թվական Ինչպես նաև առաստաղի վահանակներով, որոնց վրա ֆրանսիացի նկարիչների մեդալիոնային դիմանկարներն են (1828-1833 թվականներ)[8]
- Նեոկլասիկ ոճի առաստաղ Լուվրի պալատի Մոլիենի աստիճանավանդակում, ճարտարապետ՝ Հեկտոր Լըֆյուել (1857 թվական), նկարիչ՝ Շառլ Լուի Մյուլլեր (1868-1870 թվականներ)[9]
- Մավրիտանական վերածննդի ոճի առաստաղ Նիկոլաե Տ. Ֆիլիտիի / Նաե Ֆիլիտիսի տանը (Կալեա Դորոբանցիլոր № 18), Բուխարեստ, Ռումինիա, ճարտարապետ՝ Էռնեստ Դոնո, 1910 թվական[10]
- Հռոմի Վատիկան քաղաքի Սիքստինյան կապելլայի առաստաղի մի հատվածը, որը ցույց է տալիս առաստաղի շարունակությունը մյուս ֆրեսկոների հետ
- Կախվող առաստաղ
- Փայտե հեծաններով առաստաղ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Casa de las Ratas 2/2/2003». Արխիվացված է օրիգինալից September 29, 2008-ին. Վերցված է September 14, 2008-ին.
- ↑ Corky Binggeli (2011). Interior Graphic Standards: Student Edition. John Wiley & Sons. էջ 220. ISBN 978-1-118-09935-3.
- ↑ Meyers-Levy, Joan; Zhu, Rui (Juliet) (August 2007). «The Influence of Ceiling Height: The Effect of Priming on the Type of Processing That People Use». Journal of Consumer Research. 34 (2): 174–186. doi:10.1086/519146. JSTOR 10.1086/519146. S2CID 16607244.
- ↑ Melvin, Jeremy (2006). …isme Să Înțelegem Stilurile Arhitecturale (ռումիներեն). Enciclopedia RAO. էջ 39. ISBN 973-717-075-X.
- ↑ Bresc-Bautier, Geneviève (2008). The Louvre, a Tale of a Palace (անգլերեն). Musée du Louvre Éditions. էջ 26. ISBN 978-2-7572-0177-0.
- ↑ Bresc-Bautier, Geneviève (2008). The Louvre, a Tale of a Palace (անգլերեն). Musée du Louvre Éditions. էջ 30. ISBN 978-2-7572-0177-0.
- ↑ Bresc-Bautier, Geneviève (2008). The Louvre, a Tale of a Palace (անգլերեն). Musée du Louvre Éditions. էջ 55. ISBN 978-2-7572-0177-0.
- ↑ Bresc-Bautier, Geneviève (2008). The Louvre, a Tale of a Palace (անգլերեն). Musée du Louvre Éditions. էջ 106. ISBN 978-2-7572-0177-0.
- ↑ Bresc-Bautier, Geneviève (2008). The Louvre, a Tale of a Palace (անգլերեն). Musée du Louvre Éditions. էջ 138. ISBN 978-2-7572-0177-0.
- ↑ Marinache, Oana (2015). Ernest Donaud - visul liniei (ռումիներեն). Editura Istoria Artei. էջ 79. ISBN 978-606-94042-8-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Առաստաղ կատեգորիայում։ |
- . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 5 (11th ed.). 1911.
- . New International Encyclopedia. 1904.
- Merriam-Webster ceiling definition