Օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաջնային և երկրորդային հատկություններ կամ սուբյեկտիվ և օբյեկտիվ հատկություններ, տերմիններ, որոնք օգտագործվում են տարբերելու համար իրերի հատկությունները (որակները) ըստ օբյեկտիվության հատկանիշի։

Տերմինները մտցրել է Ջոն Լոկը, չնայած այդպիսի տարբերակում նրանից առաջ կատարել են Դեմոկրիտեսը, Գալիլեյը, Դեկարտը, Թոմաս Հոբսը։ Լոկն օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկությունները տարբերակել է հետևյալ կերպ.

  1. առաջնային կամ օբյեկտիվ հատկություններից են շարժումը, անթափանցությունը, խտությունը, մասնիկների շղթայակցումը, ֆիգուրը, ծավալը և այլն
  2. երկրորդային կամ սուբյեկտիվ հատկություններից են գույնը, հոտը, համը, ձայնը։

Այն բոլոր հատկությունները, որոնք բացատրության չէին ենթարկվում մեխանիկայի տեսակետից, Լոքը հայտարարում էր երկրորդային հատկություններ, որոնք որոշվում են միայն սուբյեկտի կազմակերպումով, կառուցվածքով և վիճակով։ Սուբյեկտիվ հատկությունների առանձնացումը հիմնվում էր և՛ հատկությունների օբյեկտիվ գոյության ու գիտակցության մեջ նրանց արտացոլման ձևերի շփոթման վրա, ինչպես և կապված էր իրերի հատկությունների արտացոլման մեջ մտածողության հատուկ դերի չըմբռնման հետ։ Սուբյեկտիվ իդեալիստներ Ջորջ Բերկլին, Դևիդ Հյումը և ուրիշներ, օգտագործելով մետաֆիզիկական մատերիալիզմի անհետևողականությունը, առաջնային հատկությունները նույնպես դասում էին սուբյեկտիվ կարգի հատկությունների թվին։ Դիալեկտիկական մատերիալիզմը մերժում է իրերի հատկությունների բաժանումը օբյեկտիվ և սուբյեկտիվ տեսակների։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայական բառարան, Ե., 1975 թ.։