Առաջին նավթային գործարքները Սաուդյան Արաբիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաջին նավթային գործարքները Սաուդյան Արաբիայում, երբ Սաուդյան Արաբիայում ավարտվել էր կառավարման կենտրոնացումը և ֆեոդալա-ցեղային անիշխանության դեմ պայքարը, երկրում սկսվեց ամերիկյան իմպերիալիզմի տնտեսական էքսպանսիայի սպառնալիքը[1]։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ի նավթային ընկերությունները սկսեցին ակտիվ պայքար մղել Կենտրոնական և Հարավային Ամերիկայի ու Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում անգլիական և ֆրանսիական իրենց մրցակիցների դեմ[2]։ 1920 թվականին ՈՒ. Ֆեյրիշը՝ հետագայում Ստանդարտ օյլ Կոմպանի օֆ Նյու-Ջերսիի նախագահը, հայտարարեց, որ Տեխասում և Օկլահոմայում նավթը սպառվում է։ Նույն տարի Ուայթը՝ ԱՄՆ-ի երկրաբանական վարչության գլխավոր մասնագետը, կանխագուշակեց ամերիկյան նավթի պաշարների սպառումը 18 տարվա ընթացքում։ Ամերիկյան ընկերությունները մտավախություն ունեին, որ իրենք ուշացել են մերձավորարևելյան նավթային պաշարների բաժանման համար։ 1920 թ. ապրիլին Սան-Ռեմոյի խաղաղության կոնֆերանսի ժամանակ քննարկվում էր Օսմանյան կայսրության ճակատագիրը։ Լոնդոնը և Փարիզը պայմանավորվել էին բաժանել իրաքյան նավթը։ Ամերիկյան կառավարությունը միջամտեց՝ իր մոնոպոլիստական կորպորացիաների շահերը պաշտպանելու նպատակով[3]։

Ամերիկյան մոնոպոլիաները Մերձավոր Արևելքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Աթաթուրքի կառավարությունը փորձում էր վիճարկել Մոսուլի վիլայեթի միացումը Իրաքին, ԱՄՆ-ի համար հնարավորություն ստեղծվեց շանտաժի ենթարկել թուրքական պահանջին աջակցող իր դաշնակիցներին։ Դրա համար արդեն 1921-1922 թթ. նրանք պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ ամերիկացիներին կտրամադրեն ապագա նավթային ընկերությունների 20-25% բաժնետոմսերը։ 1921 թ.` այն բանից հետո, երբ Ազգերի լիգայի խորհուրդը Մոսուլի վիլայեթը տվեց Իրաքին, իրաքյան կառավարությունը Թրքիշ Պետրոլիում Կոմպանիին¦ 75 տարով կոնցեսիա տրամադրեց։ 1927 թ. Մոսուլում սկսվեց նավթի արդյունահանումը, Անգլիան ստիպված էր բաժնետոմսերի մի մասը զիջել ֆրանսիական և ամերիկյան իր մրցակիցներին, որոնք դարձան այդ ընկերության մասնակիցներ[4]։

Անգլիական նավթային ընկերությունների մոտ Բահրեյնում և Արաբիայում կոնցեսիաների նկատմամբ հետաքրքրության բացակայությունը բացատրվում էր նրանով, որ ըստ նրանց, նավթ այնտեղ չի լինի և նրանք չէին պատրաստվում ռիսկի դիմել[5]։ Իրանում և Իրաքում նավթի արդյունահանումը իրականացվում էր այնպիսի երկրաբանական կառուցվածքում, ինչպիսին չկար Բահրեյնում և Արաբիայում։ Վերջիններիս նման կառուցվածք ունեցող իրանական Քեշմ կղզում նավթ չէր հայտնաբերվել։ Ուստի անգլիացիները Բահրեյնն ու Արաբիան համարում էին անհեռանկարային շրջաններ։ Սակայն նավթարդյունաբերության պատմությունը ունի օրինակներ, որ նոր եկվորները գտնում են նավթը այն տեղերում, որոնցից աշխարհագրական նկատառումներով հրաժարվել էին հին ընկերությունները[6] :

Մեծ Բրիտանիան դեմ էր ամերիկյան նավթային ընկերությունների հայտնվելուն Պարսից ծոցում։ Ըստ 1914 թ. ստորագրված համաձայնագրի` Բահրեյնի կառավարիչը պարտավորվում էր իր տարածքում կոնցեսիա չտրամադրել և առաջարկներ չընդունել որևէ մեկից՝ առանց անգլիական համաձայնության։

1928 թ. Ստանդարտ օյլ օֆ Կալիֆոռնիա¦ (ՍՕԿԱԼ) ընկերությունը իր ձեռքը վերցրեց Բահրեյնյան կղզիների նավթային աղբյուրները[7]։ Նավթային ընկերությունը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց Եմենի և Սաուդյան Արաբիայի բնական հարստությունների նկատմամբ։

Այդ տարիներին Սաուդյան Արաբիայի տնտեսական դրությունը կտրուկ վատթարացել էր։ Այն իրենից ներկայացնում էր չափազանց հետամնաց ագրարային երկիր, որը սնանկացել էր բազմաթիվ պատերազմների պատճառով։ Կառավարության մտադրությունները՝ կայունացնել տնտեսությունը ամբողջ աշխարհի մուսուլմանների հաշվին, որոնք գալիս էին Սաուդյան Արաբիայի սուրբ վայրերը¦ ուխտագնացության, ապարդյուն եղան[8]։ Անգլիան, Ֆրանսիան և Իտալիան հրաժարվեցին Սաուդյան Արաբիային փոխառություն տալ։ Էմիր Ֆեյսալի փորձերը, ով 1932 թվականին գտնվում էր Լոնդոնում, ստանալ փոխառություն ֆինանսական ճգնաժամը մեղմացնելու համար, չպսակվեց հաջողությամբ[9]։

Հ. Ֆիլբին, օգտվելով Իբն Սաուդի հետ իր անձնական կապերից, համոզեց նրան հանդիպել ամերիկյան միլիոնատեր Չ. Կրեյնի[10] հետ, ով ճանապարհորդում էր արաբական երկրներով։ Ակնհայտ է, որ նա կապեր է ունեցել ամերիկյան նավթային ընկերությունների հետ և զննել հողերը՝ իրենց համար բոլորովին անծանոթ շրջանում ներդրում կատարելու համար։ Ամերիկյան միլիոնատերը երկրաբան Կ. Թվիթչելին ուղարկեց՝ իբր թե Սաուդյան Արաբիայում ջրի որոնում անցկացնելու[11]։ 1932 թ. գարնանը Թվիթչելը հայտնաբերեց, որ նավթի համար բարենպաստ երկրաբանական կառուցվածք կա Դահրանի շրջանում, և ուղևորվեց ԱՄՆ, որպեսզի այդ մասին տեղեկացնի նավթային ընկերություններին[12]։

Կոնցեսիոն համաձայնագրի կնքումը Սաուդյան Արաբիայի կառավարության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաուդյան Արաբիայի ծանր տնտեսական դրությունից շտապեցին օգտվել ամերիկյան և անգլիական իմպերիալիստները։ Դեռևս 1930 թ. սաուդյան ներկայացուցչին Լոնդոնում դիմել էին ՍՕԿԱԼ-ի ներկայացուցիչները, որպեսզի թույլտվություն ստանային, որ իրենց երկրաբանները այցելեն Ալ-Հասա։ Սակայն մերժում էին ստացել։

1932 թ. հոկտեմբերին ՍՕԿԱԼ-ի ղեկավարությունը հեռագիր ուղարկեց Հ. Ֆիլբիին, որը այդ ժամանակ ապրում էր Ջիդդայում, առաջարկելով պայմանավորվել Սաուդյան Արաբիայի կառավարության հետ՝ անցկացնելու նավթի նախնական երկրաբանական հետախուզում Արևելյան նահանգներում։ Սակայն սաուդյան կառավարությունը գերադասեց մինչև երկրաբանական աշխատանքները սկսելը անցկացնել կոնցեսիաների մասին բանակցություններ[13]։

1933 թ. սկզբին Լլոյդ Համիլտոնը՝ ընկերության ներկայացուցիչը, ժամանեց Ջիդդա, որտեղ բանակցություններին նրան օգնեց Կ. Թվիթչելը, ով հետազոտել էր ջրային և հանքային պաշարները Արաբիայում։ Միաժամանակ Ջիդդայում հայտնվեցին Իրաք Պետրոլիումի¦ ներկայացուցիչ Լոնգրիգը և Հոլմսը՝ անգլիական Իսթերն ընդ Ջեներալ Սինդիքեյթ¦ ընկերությունից։ Սաուդյան ներկայացուցիչը բանակցություններում պահանջեց, որպեսզի ապագա կոնցեսիոները համաձայնագիրը ստորագրելու դիմաց վճարի 100 հազ. ֆունտ։ Սինդիքեյթը¦ անմիջապես դուրս եկավ խաղից։ Իրաք Պետրոլիումն¦ առաջարկեց մաքսիմում 10 հազ. ֆունտ ստերլինգ՝ նախկինի պես չհավատալով Սաուդյան Արաբիայում նավթի առկայությանը։ ՍՕԿԱԼ-ը շահեց կոնցեսիան 50 հազ. ֆունտ ստերլինգով[14]։

Ամերիկացիների կողմից Սաուդյան Արաբիային փոխառություն տրամադրելու պատրաստակամությունը նպաստեց նրանց կոնցեսիաների ձեռքբերմանը[15]։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Սաուդյան Արաբիան ստանում էր երկու փոխառություն՝ 50 հազ. դոլլար և անվերադարձ 30 հազ. դոլլար։ Իր հերթին Սաուդյան Արաբիան 1933 թ. Ստանդարտ օյլ օֆ Կալիֆոռնիա¦ ընկերությանը տրամադրեց կոնցեսիա 932 հազ. քառ. կմ տարածքով նավթի արդյունահանման համար 66 տարի ժամկետով՝ մինչև 1999 թ.[16]։

Վերջապես 1933 թ. մայիսի 29-ին համաձայնագիրը ստորագրվեց սաուդյան ֆինանսների նախարար Աբդալլահ Աս-Սուլեյմանի և Ստանդարտ օյլ օֆ Կալիֆորնիայի¦ ներկայացուցիչ Լ. Համիլտոնի միջև։ Սաուդյան կառավարությունը թագավորական դեկրետով 1933 թ. հուլիսի 7-ին վավերացրեց այս համաձայնագիրը, և այն ուժի մեջ մտավ 1933 թ. հուլիսի 14-ից[17]։

Նավթային հանքավայրերի շահագործման համար Ստանդարտ օյլ օֆ Կալիֆոռնիան¦ ստեղծեց Կալիֆոռնիա-Արաբիեն Ստանդարտ օյլ Կոմպանի¦ դուստր ձեռնարկությունը և 1933 թ. նոյեմբերին կոնցեսիան տրվեց այդ ընկերությանը[18]։ 1936 թ. Ստանդարտ օյլ օֆ Կալիֆոռնիան¦ տիրապետում էր խոշոր արտադրական հնարավորությունների, սակայն թույլ էր փոխադրման և նավթի շուկայի ոլորտներում։ Դրա համար 1936 թ. Կալիֆոռնիա-Արաբիեն Ստանդարտ օյլ Կոմպանին¦ հարկադրված եղավ իր մրցակից Տեքսաս օյլ Կոմպանիին¦, որը վաճառահանման շուկաներ ուներ Խաղաղ օվկիանոսի և Հարավային Ամերիկայի երկրներում, 21 միլիոն դոլլարով վաճառել իր բաժնետոմսերի 50 տոկոսը[19]։

Կոնցեսիոն համաձայնագիրը ՍՕԿԱԼ-ին տալիս էր բացառիկ իրավունքներ 60 տարի ժամկետով՝ հետազոտելու, հորատելու, արդյունահանելու, վերամշակելու, արտադրելու, փոխադրելու, վաճառելու, արտահանելու¦ նավթը և նավթամթերքները ու ստեղծել անհրաժեշտ սպասարկման միջոցները այդ բոլորը իրականացնելու համար։ Ընկերությանը տրամադրված կոնցեսիոն տարածքն ընդգրկում էր Սաուդյան Արաբիայի համարյա ամբողջ արևելյան մասը։ Այս համաձայնագիրը նախատեսում էր նախընտրելի իրավունք¦ ՍՕԿԱԼ-ի համար՝ ստանալու լրացուցիչ կոնցեսիա Սաուդյան Արաբիայի արևելյան մասի մնացած շրջաններում, ինչպես նաև Քուվեյթից հարավ ընկած Չեզոք գոտում[20]։

Այս կոնցեսիաների փոխարեն՝ ընկերությունը համաձայնվեց կատարել հետևյալ պայմանները՝

  1. Սաուդյան Արաբիային 30 հազար ֆունտ փոխառություն տալ, որը պետք է վճարվեր համաձայնագիրը ստորագրելու պահից տասնհինգ օրվա ընթացքում։ Ընկերությունը պարտավորվում էր տալ լրացուցիչ փոխառություն 20 հազար ֆունտ տասնութ ամսվա ընթացքում։
  2. Ամեն տարի վճարել 5 հազ. ֆունտ։
  3. Նավթի հայտնաբերումից հետո մտցնել վարձակալական վճար 5 հազ. ֆունտ և ևս մեկ այդպիսի վճար մեկ տարի հետո։
  4. Նավթի հայտնաբերումից հետո կառավարությունը պետք է ստանար վարձակալական վճար չորս շիլլինգ կամ դրան համարժեքը յուրաքանչյուր տոննա նավթի դիմաց։ Ամեն տարի ընկերությունը պարտավորվում է անվճար առանձնացնել կառավարության նավթը՝ բենզին և կերոսին ստանալու համար։
  5. Կառուցել նավթավերամշակման գործարան այն բանից հետո, երբ նավթը կհայտնաբերվեր, և անվճար ապահովել Սաուդյան Արաբիային 200 հազ. ամերիկյան գալլոն բենզին և 100 հազ. ամերիկյան գալլոն կերոսին (մեկ ամերիկյան գալլոնը հավասար է 3,78 լիտրի)։

Իր հերթին կառավարությունը համաձայնվում էր ընկերությանը և նրա ձեռնարկություններին ազատել բոլոր ողղակի և անուղղակի հարկերից, մաքսային տուրքերից և այլն[21]։

Անկասկած, համաձայնագրի դրույթները չափազանց շահավետ էին ընկերության համար և ոչ շահավետ Սաուդյան Արաբիայի համար։ Երբ սաուդյան կառավարությունը ստորագրեց համաձայնագիրը, նա չուներ որևէ փորձ նավթային գործերում և փողի խիստ կարիք ուներ։ Համաձայնագրի այն կետը, որը ընկերությանը ազատում էր բոլոր ուղղակի և անուղղակի հարկերից¦, թագավորությանը զրկեց եկամտի հսկայական աղբյուրներից և ընկերությանը տվեց մեծ շահույթ իր ներդրումներում[22]։

Նավթի արդյունահանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանդարտ օյլ օֆ Կալիֆոռնիա¦ ընկերության առաջին երկու երկրաբանները ափ իջան Ալ-Ջուբայլում 1933 թ. սեպտեմբերին։ Դեռ կոնցեսիոն համաձայնագրի ստորագրումից չորս ամիս էլ չէր անցել, երբ նրանք հանդիպեցին Թվիթչելի հետ, որը ժամանել էր Ջիդդայից։ Տեղացի առևտրական Համադ Ալ-Գուսայբին դարձավ ընկերության գործակալը։ Երկրաբանները մինչև 1936 թ. ապրեցին Հուֆուֆում՝ նրա տանը։

Սկզբից երկրաբանները բեռները փոխադրում էին ուղտերով։ Միայն մի քանի ամիս անց հայտնվեցին բեռնատարները։ Բոլոր պիտույքները և սննդի մեծ մասը ընկերությունը բերեց ԱՄՆ-ից Ալ-Խուբար նավահանգստով։ 1933 թ. վերջին Սաուդյան Արաբիայում արդեն կային ութը նավթագործ մասնագետներ[23]։

Նավթի արդյունահանումը արագ աճեց՝ 1936 թ. արդյունահանվեց 24 հազար, 1938 թ.` 66,7 հազար, 1939 թ.` 536,4 հազար, 1940 թ.` 696 հազար տոննա[24] :

1935 թ. սկսվեց փորձնական հորատում, իսկ 1936 թ. արդեն հայտնվեց առաջին նավթը, թեև ոչ արդյունաբերական որակի։ 1938 թ. մարտին Դամմամի հանքավայրում դուրս ցայտեց առաջին նավթային շատրվանը։ Հանքավայրի կողքին ամերիկացիները կառուցեցին Դահրան ավանը։ Սկզբում նավթը տանում էին Բահրեյն կղզի, որտեղ կար նավթային նավահանգիստ, իսկ 1936 թվականից գործում էր նավթավերամշակման գործարան, որը պատկանում էր Բահրեյն Պետրոլիում Կոմպանիին¦: 1940 թ. Ռաս-Թանուրա հրվանդանի մոտ կառուցվեց նավթազտիչ գործարան, որի տարեկան հզորությունը 150 հազար տոննա էր։

Վաճառքի համար նախատեսված առաջին նավթը հայտնաբերվել է 1938 թ.: 1938 թ. սեպտեմբերին որոշ քանակությամբ նավթ փոխադրվեց Բահրեյն` վերամշակման գործարան։ Դրանից հետո ընտրվեց նավահանգիստը՝ նավթ արտահանելու համար (Ռաս Թանուրա)։ Անգլիական ծովակալությունը որոշակի տեղեկություններ տվեց Պարսից ծոցում նավագնացության պայմանների վերաբերյալ[25]։

1939 թ. թագավոր Իբն Սաուդը և նրա արքունիքը այցելեցին Դահրանի նավթարդյունահանման շրջան, որտեղ կար տեղակայված 350 վրան։ Մի քանի օր սաուդյան վերնախավը տոնում էր նավթի արդյունահանման սկիզբը։ 1939 թ. մայիսի 1-ին Սաուդյան Արաբիայից դուրս եկավ առաջին լցանավը[26]։

Երբ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, երկրաբանները կատարել էին 175 հազ. քառակուսի մղոն տարածքի նախնական հետախուզություն և 50 հազ. քառակուսի մղոն տարածքի մանրամասն հետախուզություն։ Երբ աշխատանքները պատերազմի պատճառով դադարեցվեցին, երկրաբանները արդեն գիտեին, որ նրանք հայտնաբերել են նավթի հսկայական պաշարներ, բայց դեռ ամբողջովին որոշված չէին դրանց չափերը։ Նավթի հայտնաբերումից հետո սաուդյան կառավարությունը համաձայնեց մեծացնել կոնցեսիայի սկզբնական տարածքը Արևելյան Արաբիայի հարավային և հյուսիսային շրջաններում և ընկերությանը իրավունք տալ շահագործելու Սաուդյան Արաբիայի և Իրաքի, Սաուդյան Արաբիայի ու Քուվեյթի միջև չեզոք գոտիների սաուդյան բաժինը[27]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին Կալիֆոռնիա-Արաբիեն Ստանդարտ օյլը¦ այսպես կոչված հավելյալ համաձայնագրով 1939 թ. հունիսի 21-ից ստացավ 207,2 հազար քառ. կմ տարածքով կոնցեսիա 66 տարի ժամկետով (մինչև 2005 թվականը)։ Այսպիսով պատերազմը սկսվելու պահին կոնցեսիայի տարածքը կազմում էր արդեն 1139,2 հազար քառ. կմ և ընդգրկում էր Սաուդյան Արաբիայի տարածքի երկու երրորդը։ Դրա հետ մեկտեղ ընկերությունը ստացավ երկրի մյուս հանքային ռեսուրսների շահագործման իրավունքը 153 հազար քառ. կմ տարածքում։ Ամերիկյան իմպերիալիստները վերցրեցին մաքսիմում կոնցեսիոն տարածք նրա համար, որպեսզի լինեն նավթի մենաշնորհային տերեր և եթե նույնիսկ չշահագործեն այն, ապա արդեն երկրի նավթային հարստությունները չէին թողնի իրենց մրցակիցներին[28]։ Դրա դիմաց ընկերությունը պարտավորվում էր՝

  1. վճարել 140 հազ. ֆունտ և հավելյալ 100 հազ. ֆունտ վաճառքի ենթակա նավթի հայտնաբերումից հետո։
  2. Սահմանել 20 հազ. ֆունտ տարեկան վարձ ավելացված շրջանի համար, որը պետք է փոխհատուցվեր, եթե վաճառքի ենթակա նավթը չհայտնաբերվեր։
  3. Ավելացնել մինչև 1,3 մլն. գալլոն անվճար բենզինի արտադրությունը սաուդյան կառավարության համար[29]։

Սաուդյան Արաբիան 30-ական թթ. վերջից թևակոխեց նոր, նավթային ժամանակաշրջան, թեև նրա ազդեցությունը երկիրը սկսեց մեծ չափով զգալ միայն 40-ական թվականների վերջերից[30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Прошин Н. И., Саудовская Аравия, Москва 1964, стр.93, Васильев А. М., История Саудовской Аравии, Москва 1982, стр.351
  2. Ամերիկյան նավթային ընկերությունները շեշտում էին, որ այդ պահին ԱՄՆ-ը, տիրելով աշխարհի նավթի պաշարների 12%-ին, տալիս է համաշխարհային արտադրության 70%-ը։ Բայց նավթի աղբյուրների վրա հսկողությունը ԱՄՆ սահմաններից դուրս գտնվում է անգլո-հոլանդական և ֆրանսիական ընկերությունների ձեռքում։ Беляев И.П., Американский империализм в Саудовской Аравии, Москва 1957, стр.14.
  3. Денин Л., Борьба за нефтяную монополию, Москва 1934, стр.35.
  4. Բաժնետոմսերի 23,75%-ը պատկանում էր անգլո-հոլանդական «Ռոյալ Դատչ Շելլին», 23,75%-ը՝ «Անգլո-Իրանիան օյլ Կոմպանիին», 23,75%-ը՝ ֆրանսիական «Կոմպանի Ֆրանսեզ դը Պետրոլին»,23,75%-ը՝ ամերիկյան «Նիըր Իսթ դիվելըպմենթ Կորպորեյշնին» և 5%-ը Գալուստ Գյուլբենկյանին։Հովհաննիսյան Ն., Արաբական երկրների պատմություն, հատոր 3, Երևան 2006, էջ 452.Беляев И.П.,ук. соч, стр.8. Герасимов О, Иракская нефть, Москва 1969, стр. 24-26.
  5. Васильев А. М.,ук. соч., стр353.
  6. Թրյան Հ.Կ.,Պայքար նավթի համար, Երևան 1957, էջ 143.
  7. Бодянский В. Л.,Современный Бахрейн,Москва 1976, стр.151-152
  8. Այդ տարիներին սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամը հանգեցրեց ուխտագնացների թվի կտրուկ նվազմանը. 100 հազարից (1929 թ.)հասնելով 29 հազարի(1932 թ.): Դա իր հերթին վատ անդրադարձավ թագավորության գանձարանի վրա, որը եկամուտների մեծ մասը ստանում էր հաջից։Прошин Н. И., Саудовская Аравия, Москва 1964, стр.93.
  9. http://www.al-qassim.org/sa7at/Qassim-1244.html(չաշխատող հղում).
  10. Չիկագոյի Կրեյն Կոմպանի ձուլարանների՝ մոնոպոլիստական խոշորագույն խմբերից մեկի բաժնետեր, ով, 1914 թվականից սկսած, ԱՄՆ-ի արտաքին գործերի պետական դեպարտամենտի հետ սերտ կապեր էր հաստատել և մոտիկից շահագրգռվածություն էր ցուցաբերում Արաբիայի նկատմամբ։Георгиев А. Г., Озолинг В.В.,Нефтяные монархии Аравии: Проблемы развития, Москва 1983,стр.68.
  11. Беляев И.П.,ук.соч., стр.16,Philby H., Saudi Arabia, London, 1946, p. 328
  12. Васильев А. М., ук. соч,стр.54
  13. Прошин Н. И., Саудовская.., ук. соч., стр.94, Васильев А. М., Персидский Залив в эпицентре бури, Москва 1983, стр. 15-17.
  14. Կոնցեսիայի համար պայքարում ամերիկացիների հաղթանակների պատճառներից մեկն այն էր,որ Մերձավոր Արևելքում նրանք չէին ունեցել գաղութային անցյալ։Բոլոր կողմերից շրջապատված լինելով անգլիական գաղութներով կամ Մեծ Բրիտանիայից կախվածության մեջ գտնվող երկրներով և հարկադրված լինելով բարեկամաբար տրամադրվել նրանց նկատմամբ՝ Իբն Սաուդը չվստահեց նրանց և չցանկացավ թողնել բրիտանական ընկերություններին իր երկիր։Թրյան Հ.Կ.,նշվ. աշխ., էջ 144,Васильев А. М.,История..., ук. соч,стр.356
  15. Андреев Г., Экспансия доллара, Москва 1961, стр.73-74.
  16. Прошин Н. И., Саудовская.., ук. соч., стр.94-95
  17. Денин Л.,ук. соч., стр. 40-41,Васильев А. М.,История..., ук. соч,стр.355.
  18. Այս անունը 1944 թ. փետրվարին փոխվեց «Արաբիեն-Ամերիկիեն օյլ Կոմպանիի»(ԱՐԱՄԿՕ):Беляев И.П.,ук.соч., стр.21-22
  19. Васильев А. М.,История..., ук. соч,стр.356-358,Прошин Н. И., Саудовская.., ук. соч., стр.95-96.
  20. Прошин Н. И.,Страны Аравийского полуострова, Москва 1958, стр. 198-199, Длин Н. А., Зверева Л. С,. Кувейт, Москва 1968, стр. 28-30.
  21. Васильев А. М.,История..., ук. соч,стр.356-357,Թրյան Հ.Կ.,նշվ. աշխ., էջ 145-146.
  22. Philby H., op. cit., p.331.,Прошин Н. И.,Страны..., ук.соч., стр. 62-63
  23. Philby H., op. cit., p.332-333.
  24. Прошин Н. И., Саудовская.., ук. соч., стр.95.
  25. Герасимов О. П., Саудовская Аравия, Москва 1977, стр.22-23
  26. Васильев А. М.,История..., ук. соч,стр.358,Թրյան Հ.Կ.,նշվ. աշխ., էջ 146.
  27. Прошин Н. И.,Страны..., ук.соч., стр. 63-64
  28. Прошин Н. И., Саудовская.., ук. соч., стр.96
  29. Васильев А. М.,История..., ук. соч,стр.358-359.
  30. Прошин Н. И.,Страны..., ук.соч., стр. 63,Васильев А. М.,История..., ук. соч,стр.359