Աջապահյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աջապահյաններ, իշխանական տոհմ Կիլիկյան Հայաստանում։ Ժառանգաբար պահպանել են կաթողիկոսական իշխանության խորհրդանիշ համարվող Սրբազան Աջերը (ս. Գրիգոր Ա Լուսավորչի, ս. Սեղբեստրոսի, ս. Նիկողայոս Սքանչելագործի, ս. Պարսամի) և այլ սրբություններ։ Այստեղից էլ՝ տոհմի անունը։ Ձեռագիր հիշատակարաններում արձանագրված ավանդության համաձայն, գերդաստանը սերել է Հեթում Բ թագավորի եղբայր Հովհաննեսից։ 1292-ի հուլիսի 28-ին եգիպտական զորքերը, գրավելով Հռոմկլան, գերեվարել են Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և տարել կաթողիկոսական բոլոր սրբություններն ու թանկարժեք անոթները։ Մի քանի տարի հետո, մեծ ջանքերի գնով, Հեթում արքային ու Հովհաննես Արքաեղբորը հաջողվել է վերադարձնել սրբությունների մի մասը, որոնց թվում՝ նաև սրբազան Աջերը։ Հետագայում, նման դեպքերից խուսափելու համար, դրանք հանձնվել են ի պահպանություն Հովհաննես Արքաեղբորն ու իր հաջորդներին։ Այսպես հիմնվել է Աջապահյան տոհմը, որը մեծ դեր է կատարել Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սսի, մասնավորապես՝ Կիլիկիայի կաթողիկոսության եկեղեցական, վարչական, հոգևոր կյանքում։ 1731-ին Հուսիկ քահանա Աջապահյանը մեկնել է Կոստանդնուպոլիս և սուլթանից ստացել Կիլիկիայի կաթողիկոսության հրովարտակը, որով Թեոդորոս Ա-ին իրավունք է տրվել տնօրինելու կաթողիկոսության գահը։ 1731–1866-ին, անընդմեջ, կաթողիկոս են օծվել Աջապահյանների Սսի ճյուղի ներկայացուցիչները հետևյալ հաջորդականությամբ. Ղուկաս Ա (1731–1737), Միքայել Ա (1737–58), Գաբրիել Ա (1758–1770), Եփրեմ Ա (1771–1784), Եղիազար Ա (1772, անվավեր), Թեոդորոս Ա (այլ ցանկերում՝ Թորոս Գ, 1784–1796), Կիրակոս Ա Մեծ (1797–1822), Եփրեմ Բ (1823–33), Միքայել Բ (1833–55), Կիրակոս Բ (1855–1866)։ Աջապահյան տոհմի կաթողիկոսները (Ղուկաս Ա, Միքայել Ա, Կիրակոս Ա) ծավալել են շինարարական, վարչական, հոգևոր-մշակութային և կրթական մեծ գործունեություն։ Գրական գործունեությամբ աչքի է ընկել Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսը։ 1860-ի Ազգային սահմանադրությամբ սահմանափակվել են Աջապահյանների իրավունքները, թեև, համաձայն գերդաստանի սրբագործված ավանդության, Աջապահյանների ժառանգներն իրենց տիրական ներկայությունը պահել են Կիլիկիայի կաթողիկոսական աթոռի միաբանության շարքերում։ Մեծ եղեռնի տարիներին նրանք նույնպես ենթարկվել են ջարդի և տեղահանության։ Փրկվածները բնակություն են հաստատել Լիբանանում, որտեղից էլ հետագայում սփռվել են այլ երկրներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 518