Jump to content

Ապրիլյան հեղափոխություն Աֆղանստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաուրի հեղափոխություն
Քաբուլի փողոցները հեղափոխության հաջորդ օրը․ 1978 թ․ ապրիլի 28
ԵրկիրԱֆղանստանի հանրապետություն
Ամսաթիվ1978 թվականի ապրիլի 27
ԿողմերԱֆղանստանի Ժողովրդա-դեմոկրատական ​​կուսակցություն Խորհրդամետ ուժեր
ՁերբակալվածներՆուր Մուհամմեդ Տարակի, Բաբրակ Կարմալ


Ապրիլյան հեղափոխություն (փուշտու՝ د ثور انقلاب‎, դարի՝ إنقلاب ثور ՝ Սաուրի հեղափոխություն), ռազմական հեղաշրջում (հեղափոխություն) Աֆղանստանի Հանրապետությունում 1978 թվականի ապրիլի 27-ին, որի հետևանքով երկրում հաստատվել է սոցիալիստական ​​խորհրդամետ կառավարություն և սկսվել քաղաքացիական պատերազմ։

Պատճառներ և նախադրյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին «Խաղաղության և սոցիալիզմի հիմնախնդիրները» ամսագրի հունվարյան համարում Աֆղանստանի Ժողովրդա-դեմոկրատական ​​կուսակցության (ԱԺԴԿ) անդամներից մեկը՝ Զերեյը, նախահեղափոխական իրավիճակը նկարագրում է հետևյալ կերպ[1]

Մասսաները պատրաստ էին ապստամբել։ Կյանքի մակարդակը կտրուկ ընկել էր։ Ավելի քան 1 միլիոն աֆղան արտագաղթել էր Իրան։ Կառավարության լեգիտիմությունը ժողովրդի աչքում լրջորեն սասանվել էր. հրամանները չէին կատարվում։ Շատ կարևոր փաստ էր, որ մենք 13-14 տարի աշխատել ենք ժողովրդի մեջ, ղեկավարել ենք համաժողովրդական շարժում։ Մինչ հեղափոխությունը մեր կուսակցությունը տպավորիչ ուժ էր՝ 50 հազար անդամներով ու համակիրներով, և դա վախեցրեց ռեժիմին։

Իր «Աֆղանստանի ողբերգությունն ու քաջությունը» գրքում Ա.Ա.Լյախովսկին նշում է[2]

Քաբուլում Խորհրդային Միության ներկայացուցիչների, ինչպես նաև մեր հատուկ ծառայությունների համար 1978 թվականի ապրիլի 27-ի ռազմական հեղաշրջումը եղավ միանգամայն անսպասելի, ինչպես «որոտը պարզ երկնքից»։ Աֆղանստանի Ժողովրդա-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդները խորհրդային կողմից թաքցնում էին Դաուդին տապալելու իրենց ծրագրերը և, ավելին, այդ հարցերի շուրջ չէին խորհրդակցում, քանի որ վստահ էին, որ Մոսկվան բացասաբար կվերաբերվի իրենց մտադրություններին։

Նույնն է նշում նաև պրոֆեսոր Ս. Մ. Մենշիկովը․ «1978 թվականի ապրիլին, երբ Աֆղանստանում ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկան տեղական կոմունիստները, դա մեծ անակնկալ էր խորհրդային ղեկավարության համար։ Մեր հարաբերությունները տապալված ռեժիմի հետ վատ չէին, և թերևս այդ պատճառով աֆղան կոմունիստները չէին համաձայնեցնում իրենց գործողությունները Մոսկվայի հետ»[3]։

Ապրիլյան հեղափոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականի ապրիլի 17-ին ԱԺԴԿ-ի նշանավոր գործիչ, ընդդիմադիր «Փարչամ» թերթի նախկին գլխավոր խմբագիր Միր Աքբար Խայբարը գլխատվում է։ Ապրիլի 19-ին նրա հուղարկավորությունը վերածվում է ցույցի՝ ընդդեմ նախագահ Մուհամմեդ Դաուդի ռեժիմի (ըստ որոշ տեղեկությունների՝ դրան մասնակցել է մոտ 20 հազար մարդ), քանի որ խոսակցություններ կային սպանությանը Դաուդի գաղտնի ոստիկանության մասնակցության մասին, և այս ամենը հանգեցնում է բախումների ցուցարարների և ոստիկանների միջև։

Դաուդը հրամայում է ձերբակալել ԱԺԴԿ առաջնորդներին։ Ապրիլի 26-ի գիշերը Նուր Մուհամմեդ Տարակին և Բաբրակ Կարմալը ձերբակալվում են։ Չորս ժամ անց բանտ է ուղարկվում արդեն տնային կալանքի տակ գտնվող Հաֆիզուլլահ Ամինը։ Ապրիլի 26-ի առավոտյան Քաբուլի բոլոր չորս թերթերը հանդես են գալիս կառավարության հաղորդագրությամբ, որում ասվում է. «Հաշվի առնելով Միր Աքբար Խայբարի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած հայտարարությունները, ելույթները, կարգախոսները, կոչերը, գործողությունները և ինքնակառավարումը, կառավարությունը դրանք համարում է սադրիչ և հակասահմանադրական… Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող և անվտանգության մարմինների կողմից ձերբակալված անձինք են ՝ Նուր Մուհամմեդ Տարակին, Բաբրակ Կարմալը, դոկտոր Շահ Վալին,Դաստագիր Փանջշիրին, Աբդուլ Հաքիմ Շարային, Հաֆիզուլլահ Ամինը, դոկտոր Զամիր Սաֆին: Նշված անձանց ձերբակալելիս նրանց բնակարաններից առգրավվել են հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր: Մի շարք այլ անձանց նկատմամբ ակտիվ որոնումները շարունակվում են»։

Սակայն Ամինն իր որդու օգնությամբ ԱԺԴԿ-ին հավատարիմ զորամասերին փոխանցում է զինված ապստամբություն սկսելու մասին դեռևս մարտին նախաատրաստված հրամանը։ Դրանից հետո զինված ուժերի շարքում ԱԺԴԿ-ի կողմնակիցները զինված գործողություններ են իրականացնում իշխանափոխության համար[4]։

1978 թվականի ապրիլի 27-ին, առավոտյան ժամը 10-ի սահմաններում Քաբուլի փողոցներում տանկեր են հայտնվում։ Տանկերը շրջափակում են Արգ նախագահական պալատը[5]։ Գեներալ Ա.Ա.Լյախովսկին իր գրքում գրում է[6]

Ապրիլի 27-ի մոտավորապես կեսօրին չորրրդ տանկային բրիգադի առաջին շարասյունը տանկային վաշտի հրամանատար ավագ կապիտան Ումարի գլխավորությամբ հայտնվում է նախագահական պալատի գլխավոր մուտքի դիմաց։ Այդ պահին պալատում տեղի էր ունենում կառավարության նիստը՝ Մ.Դաուդի նախագահությամբ։ Վերջինս անմիջապես տեղեկացվում է տանկերի հայտնվելու մասին։ Դաուդը պաշտպանության նախարար Ռասուլիին և նախագահական գվարդիայի ղեկավար մայոր Զիային հրամայում է պարզել, թե ինչ է կատարվում։ Երբ Զիան հարցնում է, թե ինչու են տանկերը ժամանել, Ումարը պատասխանում է, որ դրանք ուղարկվել են բրիգադի հրամանատարի կողմից նախագահական պալատի անվտանգությունն ուժեղացնելու համար: Ումարին հրամայվում է վերադառնալ բրիգադի գտնվելու վայրը: Սակայն հեռանալով պալատի գլխավոր մուտքի մոտից՝ նա տանկերը քշում է կողքի փողոց և սպասում։ Շուտով ժամանում են 4-րդ տանկային բրիգադի մյուս ստորաբաժանումները։ Նախագահական պալատը շարունակում է շրջափակված մնալ տանկերով։ Սպաներ Մ․Ա․Վաթանջարը, Ս․Դ․Թարունը, Նազար Մուհամմեդը, Շ. Մազդուրյարը և Ահմեդ Ջանը ղեկավարում էին իրենց գործողությունները։

Ասլամ Վաթանջարի հրամանատարությամբ տանկային ստորաբաժանումները գնդակոծում են Արգ թագավորական պալատը, որտեղ գտնվում էր Դաուդն իր ամբողջ ընտանիքով, հիմնական նախարարությունները, ուժային գերատեսչությունների շենքերը։ Աֆղան հրապարակախոս Ռազակ Մամունի խոսքով՝ տանկային ատրճանակից արձակված առաջին արկն օրվա կեսին հարվածել է երկրի պաշտպանության նախարարության շենքին։ Այս կրակոցով քանդվում է ռազմական նախարարության և Արգ նախագահական պալատի միջև կապը[7]։

Ինքնաթիռները, որոնցից մեկը ղեկավարում էր ապագա ականավոր քաղաքական գործիչը, այն ժամանակ ավագ սերժանտ Ս. Գուլաբզոյը, «ակրոբատիկ» հարված են հասցնում պալատի գլխավոր շենքին։ Դաուդին հավատարիմ 7-րդ դիվիզիան փորձում է մարտով ներխուժել մայրաքաղաք, բայց ցրվում է ապստամբների օդային հարձակումներով[8]։ Արգի պաշարումը շարունակվում էր ամբողջ գիշեր: Ռմբակոծության ու հրետակոծության ենթարկված պալատը հաջորդ առավոտյան ընկնում է։ Իմամուդդինի գլխավորությամբ մի խումբ զինվորականներ ներխուժում են շենք։ Նախագահն ու նրա ամբողջ ընտանիքը սպանվում են: Նույն ժամանակահատվածում ճնշում է գործադրվում նաև կառավարության զորքերի նկատմամբ։ Ա. Կադիրը և Մ. Վաթանջարը ապրիլի 27-ի երեկոյան ռադիոյով հայտարարում են «Սաուրի հեղափոխության» մասին («Սաուր»-ը դարի լեզվով պարսկական օրացույցի երկրորդ ամսվա անվանումն է[9]։ ԱԺԴԿ-ի առաջնորդներ Տարակին, Կարմալը և ուրիշներ ազատ են արձակվում բանտից։ Աֆղանստանը հռչակվում է Աֆղանստանի Դեմոկրատական ​​Հանրապետություն (ԱԴՀ): Պետության ղեկավար և վարչապետ է դառնում Նուր Մուհամմեդ Տարակին, նրա տեղակալը՝ Բաբրակ Կարմալը, իսկ Հաֆիզուլլահ Ամինը՝ վարչապետի առաջին տեղակալն ու արտաքին գործերի նախարարը։

Արդյունքներ և բնույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլյան հեղափոխությունը կոմունիստական ​​էր (հակակղերական, հակաֆեոդալական, հակակապիտալիստական ​​և ծայրահեղական)։ Ձևականորեն սոցիալիզմը որպես պետական ​​համակարգ հաստատվեց Աֆղանստանում, բայց նոր կառավարության՝ ուժով ԽՍՀՄ-ից կրկնօրինակված ռազմավարություն իրականացնելու փորձերը՝ անտեսելով տեղական առանձնահատկությունները, հանգեցրին իշխանության դեմ ընդդիմության ի հայտ գալուն, որի դեմ պայքարելու համար հետագայում ներդրվեց խորհրդային զորքերի կոնտինգենտը։

Քաբուլում գտնվող ռազմական տեխնիկան հեղափոխության հաջորդ օրը

Կարծիք կա, որ Հեղափոխական խորհրդի գլխավորությամբ գործող ԱԺԴԿ-ի նոր կառավարությունը չի վայելել մասսաների աջակցությունը[10]։ Այդ պատճառով շուտով հայտարարվեց և իրականացվեց մի դոկտրին, որը ենթադրում էր պայքար ցանկացած քաղաքական այլախոհության դեմ՝ լինի կուսակցության ներսում, թե դրսում։ Աֆղանստանում առաջին կոմունիստ առաջնորդ Նուր Մուհամմեդ Տարակին ձերբակալվել է, իսկ ավելի ուշ՝ սպանվել Հաֆիզուլլահ Ամինի կողմից։ Վերջինս հայտնի էր իր ազատատենչ և ազգայնական հայացքներով, ինչպես նաև շատերի կողմից դիտվում էր որպես անողոք առաջնորդ: Նա մեղադրվում էր տասնյակ հազարավոր աֆղան խաղաղ բնակիչների սպանության մեջ, որոնք բանտարկված էին Փուլի-Չարխիում և այլ բանտերում։ Անհերքելի է, որ Փուլի-Չարխիում 27000 քաղբանտարկյալներ մահապատժի են ենթարկվել[11]։

Գեներալ Լև Գորելովը, ով 1975-1979 թվականներին ծառայել է որպես Աֆղանստանի զինված ուժերի գլխավոր ռազմական խորհրդական, հետագայում դա գնահատել է այսպես․ «Ընդհանուր առմամբ, դա ոչ թե հեղափոխություն էր, այլ ավելի շուտ՝ սպայական կազմի, բանակի կողմից իրականացված հեղաշրջում»[12]։

Աֆղանստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Սայիդ Մահդում Ռահինի (2010) խոսքով, 1978 թվականի հեղաշրջումը մի քանի տասնամյակ կանգնեցրեց երկրում ժողովրդավարության զարգացման գործընթացը[13]։

Ապրիլյան հեղափոխության օրը ներկայումս Աֆղանստանում ընդունված չէ տոնել[14]: Դրա փոխարեն, հաջորդ օրը՝ ջիհադի ընթացքում, նշվում է աֆղան ժողովրդի հաղթանակի օրը, (1992 թվականին Խորհրդային կառավարության տապալման տարելիցը)[15]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Обзор истории революции и контрреволюции в Афганистане
  2. «Русская разведка, арабские шейхи, Афганистан…». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 27-ին.
  3. «НА СТАРОЙ ПЛОЩАДИ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  4. «Советский ревизионизм и Апрельская (1978 г.) революция в Афганистане». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 27-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 41 (օգնություն)
  5. ««Саурская революция»». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 14-ին.
  6. Александр Антонович Ляховский. Трагедия и доблесть Афгана (1995)
  7. ««Апрельской революции» 30 лет». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 27-ին.
  8. Афганистан: история войн от Александра Македонского до падения «Талибан». — М.: Изд-во Эксмо, 2004.
  9. «Д. Е. Еремеев. Ислам: образ жизни и стиль мышления. Глава VIII. Языческие верования и праздники в исламе». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 3 (օգնություն)
  10. Neamatollah Nojumi, 2002, էջեր 42
  11. «Soldiers of God: With Islamic Warriors in Afghanistan and Pakistan — Robert D. Kaplan — Google Книги». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 67 (օգնություն)
  12. «Лев Горелов: Как это было. Art Of War — Военно-исторический литературный портал». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 38 (օգնություն)
  13. Рахин: Апрельский переворот остановил процесс демократизации Афганистана Արխիվացված 2010-05-06 Wayback Machine (Ստուգված է 26 ապրիլի 2010)
  14. Ровно 30 лет назад в Афганистане произошла Апрельская революция(չաշխատող հղում)
  15. 30 лет назад в Афганистане произошла Апрельская революция. Արխիվացված 2011-04-20 Wayback Machine (Ստուգված է 26 ապրիլի 2010)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Neamatollah Nojumi. The Rise of the Taliban in Afghanistan: Mass Mobilization, Civil War, and the Future of the Region. — 1st ed. — New York : Palgrave, 2002.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապրիլյան հեղափոխություն Աֆղանստանում» հոդվածին։