Ապրանից վանք
| Ապրանից վանք | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | վանք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Էրզինջանի մարզ |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
![]() | |
![]() | |
Ապրանից վանք (հայտնի նաև՝ Ապրանց վանք, Սուրբ Դավթի վանք, Ապրանից Սուրբ Գրիգորի վանք, Ծակքարի վանք[1][2]), հայկական լքված վանական համալիր Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակի նախկին հայաբնակ Ապրանք գյուղում, Դավթի (ներկայում՝ Հյոբեկ) լեռան վրա[3]։ Համալիրի մեջ են գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին (17-րդ դար) և Սուրբ Դավթի մատուռը։ 19-րդ դարում վանքը հիշատակվում է որպես Սուրբ Դավիթ վանք: Վանքի տարածքում պահպանվել են աշխարհում ամենաբարձր երկու խաչքարերը։ 1915 թվականին համալիրը լքվել և ներկայումս գտնվում է կիսավեր վիճակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքի հիմնադրման ստույգ տարեթիվը և նրա վաղ պատմության մանրամասները հայտնի չեն։ Երկու խաչքարերի վրա քանդակված են 1191 և 1194 թվականները։ Խաչքարերն ունեն մոտ 6 մետր բարձրություն և 1 մետր լայնություն[4]։
19-րդ դարում վանքը եղել է Դերջանի եպիսկոպոսական կենտրոնը, որում կար 34 հայկական գյուղ[3]։ 1902 թվականին վանքը դեռ գործում էր, ուներ սեփական արտեր, պարտեզ և մեծ այգի: Ավելի վաղ ունեցել է նաև սեփական անտառ: Սակայն արդեն մեկ տարի հետո՝ 1903 թվականին, նշվում է, որ արդեն լքված էր միաբանության կողմից: 1903 թվականին Կ. Տէր-Խաչատուրյանի այցելության ժամանակ Սուրբ Հովհաննեսում ապրում էր միայն վանահայրը, իսկ Սուրբ Դավիթը լքված էր:
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքը շրջապատված է բարձր պարիսպներով, սակայն այդ այն չի ունեցել պաշտպանական նշանակություն։ Պատերի հյուսիսային մասում գտնվում են դարպասները։ Պարսպի արևմտյան կողմում նախկինում եղել են թթի ծառեր։ Պատերից դուրս կան շինության մնացորդներ՝ մեծ կամարաձև թաղածածկով։ Վանական համալիրի հյուսիսային հատվածում եղել են շենքեր, որոնք կից էին պատերին։
Սուրբ Հովհաննես
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային հատվածի կենտրոնում գտնվում էր վանքի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Հովհաննես (Սուրբ Հովհաննես Մկրտիչ): Եկեղեցին ուներ ուղղանկյուն հիմք և չորս առանձին կանգնած սյուներ, որոնք պահում էին գմբեթը։ Այս տեսակի ճարտարապետությունը հայկական եկեղեցիներում լայնորեն տարածված էր XVII դարի կեսերից սկսած։ Եկեղեցու ներքին մասը բաժանված է նավի և երկու միջանցքի, որոնցից յուրաքանչյուրն ավարտվում է աբսիդով:
Սուրբ Դավիթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքի տարածքում գտնվում է նաև Սուրբ Դավիթ մատուռը, որը տեղակայված է գլխավոր եկեղեցու հարավային կողմում։ Այն ուղղանկյուն, մեկ նավով մատուռ է, որը ներսից ունի գլանաձև թաղածածկ և դրսից՝ երկլանջ տանիք։ Մատուռի մուտքի վերևում գտնվող արձանագրությունը վկայում է, որ սա եղել է անհայտ «Դավթի» գերեզմանատեղին, ում պատվին էլ կոչվել է մատուռը։ Սուրբ Դավիթ մատուռից ոչ հեռու կանգնած են երկու խոշոր խաչքարեր, որոնք համարվում են աշխարհում ամենամեծերը[3]։
Խաչքարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Դավթի մոտ կար չորս խաչքար. որոնցից երեքն ունեին հայերեն արձանագրություններ: Խաչքարերից մեկը 1877 թվականին կանգնեցնել է Եփրեմ վարդապետը: Այստեղ են գտնվում նաև յուրահատուկ արվեստով պատրաստված հսկա խաչքարերը, որոնցից երկուսը կանգուն են առ այսօր:
Վանքն ունեցել է մեծ գերեզմանատուն, որի տապանաքարերից մի քանիսն արձանագիր էին: Ամեն տարի աշնանը, կալերի ավարտից հետո, Դերսիմի հայ և քուրդ ուխտավորներն այցելում էին այստեղ՝ նշելու վանքի տոնը: Եթե ուխտին ներկա էր որևէ հայ քահանա, ապա քուրդ ռեյպերը, սեիդը և/կամ փիրը մատաղի աղի օրհնությունը զիջում էին հայ քահանային:
Երեմիա Չելեպի Քյոմյուրճյանի 1691 թվականին կազմած քարտեզում նշված է, որ այս սրբավայրը նվիրված է Դավիթ Դվնեցուն: Սակայն պատմական այլ աղբյուրների համաձայն, Դավիթ Դվնեցին թաղված էր Դվինում։ Հավանական է, որ Ապրանից վանքում պահվել են Սուրբ Դավիթ Դվնեցու մասունքները:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Erzincan - Abrenk (Aprank) Vank Church». wowcappadocia.com. Արխիվացված է օրիգինալից 2023-07-28-ին. Վերցված է 2023-07-28-ին.
- ↑ Հովհաննիսյան, Կարեն (12.05.2020). Ս. ԴԱՎԻԹ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ՍՐԲԱՎԱՅՐԵՐԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ (PDF).
{{cite book}}: line feed character in|title=at position 42 (օգնություն) - ↑ 3,0 3,1 3,2 «Armenian Architecture - VirtualANI - The Monastery of Aprank». www.virtualani.org. Արխիվացված է օրիգինալից 2023-07-28-ին. Վերցված է 2023-07-28-ին.
- ↑ «Армянский монастырь Сурб Давид (Апранк) Ерзнка нуждается в реставрации (фоторепортаж)». Hayern Aysor (ռուսերեն). 2018-05-23. Արխիվացված է օրիգինալից 2023-07-28-ին. Վերցված է 2023-07-28-ին.

