Ապստամբություն Աթենքի պոլիտեխնիկական համալսարանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապստամբություն Աթենքի պոլիտեխնիկական համալսարանում (հուն․՝ Εξέγερση του Πολυτεχνείου), ուսանողական անկարգություն Աթենքում, որը տեղի է ունեցել 1973 թվականի նոյեմբերի 14-17-ը։ Ուսանողները դեմ էին «Սև գնդապետների» բռնապետությանը։ Ապստամբությունը դաժանորեն ճնշվել է զինվորականների կողմից։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական խունտայի դեմ առաջին զանգվածային հասարակական ակցիան ուսանողների կողմից սկսվել է 1973 թվականի փետրվարի 21-ին, երբ իրավագիտության ուսանողները գործադուլ հայտարարեցին և բարիկադավորվեցին Աթենքի համալսարանի Իրավաբանական դպրոցի շենքում՝ պահանջելով չեղյալ համարել օրենքը, որը սահմանում էր պարտադիր զորակոչ[1]։

Երիտասարդների շրջանում աճում էր հակաբռնապետական ուսանողական շարժումը, որի սպառնալիքին դիմակայելու համար ոստիկանությունը կիրառում էր դաժան մեթոդներ և խոշտանգումներ[2]։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապստամբությունը սկսվել է այն ժամանակ, երբ ուսանողական միությունները բողոքել են համալսարանական ընտրություններին միջամտելու կառավարության ծրագրերի դեմ։ 1973 թվականի նոյեմբերի 14-ի երեկոյան, ուսանողները ամրացել են Աթենքի պոլիտեխնիկական համալսարանում և պայքար հայտարարել կառավարության դեմ։ Համալսարանում սկսել է աշխատել ինքնաշեն ռադիոկայանը, որը կարողացել է գրավել քաղաքի բնակիչների ուշադրությունը։

Նոյեմբերի 15-16-ը համալսարանի մոտ մի քանի հազար մարդ էր հավաքվել՝ հիմնականում ուսանողներ և դպրոցականներ։ Ուսանողների համակարգող հանձնաժողովը կոչ է արել «պայքարել դեպի հաղթանակ»։ Երեկոյան ցուցարարների և ոստիկանների միջև սկսվել է բախումներ, որոնք աստիճանաբար ընդգրկել են քաղաքի ամբողջ կենտրոնը։ Երեկոյան ժամը իննին կենտրոնում արդեն բարիկադներ են կառուցվել, տեղ-տեղ հրդեհներ են բռնկվել։ Քաղաքում կրակոցներ են գրանցվել։ Երեկոյան ժամը տասնմեկի սահմաններում բանակի միջամտության հրաման է տրվել։

Կեսգիշերին մոտ Ղուդի քաղաքային շրջանից դուրս է եկել զրահամեքենաների շարասյունը։ Գիշերը ժամը 2:45-ին Պոլիտեխնիոնի ռադիոկայանը հեռարձակել է իր վերջին հայտարարությունը։ Համալսարանի դիմաց տանկեր են շարվել, որոնցից մեկը ջարդել է համալսարանի դարպասները։ Այնուհետև տեղի է ունեցել կարճատև հարձակում, որի ընթացքում զոհվել է 24 և վիրավորվել ավելի քան հազար մարդ[3]։ Ձերբակալվել են հարյուրավոր ուսանողներ։

Համալսարանի գրոհին հաջորդել են հակակառավարական ցույցերը, որոնք ճնշվել են ռազմական ռեժիմի կողմից զենքի կիրառմամբ։ Խունտայի ղեկավար Գեորգիոս Պապադոպուլոսը պաշտոնանկ է արվել, իսկ զինվորականները նրա փոխարեն առաջադրել են Դիմիտրիոս Իոաննիդիսի թեկնածությունը։ Դրանից հետո խունտան երկար չի տևել՝ մեկ տարուց պակաս։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամյա երթը ոգեկոչում է ապստամբությունը[4]։ 1980 թվականին, երբ կառավարությունը թույլ չի տվել երթի մասնակիցներին անցնել Աթենքում ամերիկյան դեսպանատան մոտով, ոստիկանությունը սպանել է երկու ցուցարարների[5]։

Ժողովրդավարական իշխանության վերականգնումից հետո Պոլիտեխնիոնի զոհերը հռչակվել են նահատակներ։ Նրանց մեծարում են պետական մակարդակով[6], հուշարձաններ են կանգնեցվել։ Նրանց գործի շարունակողներն իրենց համարում էին «Նոյեմբերի 17» ձախ արմատական խմբավորման գրոհայիններ[7], որոնք գործել են 1970-ական թվականների կեսերից մինչև 2002 թվականը,

Ժողովրդավարական իշխանության վերականգնումից ի վեր հունական համալսարաններն օգտվում էին արտատարածքային իրավունքից՝ ոստիկանության մուտքն այնտեղ արգելված էր։ Համալսարանի տարածք ոստիկանների մուտքը կարող էր թույլատրել ռեկտորատի խորհուրդը՝ կազմված ուսուցիչներից ու ուսանողներից, որը պահանջում էր միաձայն որոշում։ 2019 թվականին նոր կառավարության իշխանության գալով այդ իրավունքը վերացել է։ Դրա պատճառը ծայրահեղ աջ և անարխիստական գաղափարախոսություններով խմբերը վերացնելու ցանկությունն էր, որոնք ավանդաբար թաքնվում են հունական համալսարանների, փախստականների, սև շուկայի և թմրավաճառության պատերի հետևում։ Ուսումնական տարվա սկզբից ոստիկանությունը բազմիցս ներխուժել է երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններ, ինչը հանգեցնում է դասախոսությունների անցկացման և ուսումնական գործընթացի իրականացման անհնարինությանը՝ վնասելով ուսանողներին և համալսարանի շենքերը։ Ոստիկանության գործողությունները արժանանում են հանրության քննադատությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brown, Kenneth (1974). «Greece». The World Book Year Book 1974. Chicago: Field Enterprises Educational Corporation. էջ 340. ISBN 0-7166-0474-4. LCCN 62-4818.
  2. Kornetis, 2013, էջեր 225-226
  3. «1973: Army deposes 'hated' Greek president» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. «Greece marks '73 student uprising». Athens News. 1999 թ․ նոյեմբերի 17. էջ A01. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 17-ին.
  5. Papadogiannis, Nikolaos (2015). Militant Around the Clock?: Left-Wing Youth Politics, Leisure, and Sexuality in Post-Dictatorship Greece, 1974-1981. Berghahn Books. էջ 210. ISBN 978-1-78238-645-2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  6. «День памяти Событий «Политехнио»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  7. Lekea, 2014, էջ 10

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]