Jump to content

Ապոլլոնյան և դիոնիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապոլլոնի մարմարե արձանը
Դիոնիսոսի մարմարե արձանը

Ապոլլոնյան և դիոնիսյան, փիլիսոփայական և գրական հասկացություններ, որոնք ներկայացված են հունական դիցաբանության մեջ Ապոլլոնի և Դիոնիսոսի կերպարների միջև երկվությամբ։ Դրա ժողովրդականացումը լայնորեն վերագրվում է Ֆրիդրիխ Նիցշեի «Ողբերգության ծնունդը» աշխատությանը, չնայած այս տերմիններն արդեն օգտագործվել են դրանից առաջ[1], օրինակ՝ բանաստեղծ Ֆրիդրիխ Հյոլդերլինի, պատմաբան Յոհան Յոախիմ Վինկելմանի և այլոց աշխատություններում։ Դիոնիսյան բառը հանդիպում է դեռևս 1608 թվականին Էդվարդ Թոփսելի (1572-1625) «Օձերի պատմությունը» կենդանաբանական տրակտատում[2]։ Այդ ժամանակվանից ի վեր այս հասկացությունը լայնորեն օգտագործվել և քննարկվել է արևմտյան փիլիսոփայության և գրականության մեջ։

Հունական դիցաբանության մեջ Ապոլլոնը և Դիոնիսոսը երկուսն էլ Զևսի որդիներն են։ Ապոլլոնը՝ Լետոյի որդին, արևի, արվեստի, ժանտախտի և հիվանդության, ռացիոնալ մտածողության և կարգուկանոնի աստվածն է, դիմում է տրամաբանությանը, խոհեմությանը և մաքրությանը և պաշտպանում է բանականությունը։ Դիոնիսոսը Սեմելիի որդին, գինու, պարի և հաճույքի, իռացիոնալության և քաոսի աստվածն է, որը խորհրդանշում է կիրքը, սենտիմենտալությունը` հույզերը և բնազդները ։ Հին հույները երկու աստվածներին չեն համարել հակադիր կամ մրցակից, չնայած նրանք հաճախ միահյուսվում են խառնվածքով։

Նիցշեական կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշեն, որը տարածել է ապոլլոնյան և դիոնիսյան դիալեկտիկան

Նիցշեն դասական աթենական ողբերգության մեջ գտել է արվեստի մի ձև, որը գերազանցում էր այսպես կոչված Սիլենոսի իմաստության (հականատալիստական փիլիսոփայության) մեջ հանդիպող հոռետեսությունը: Հույն հանդիսատեսը, նայելով բեմում կերպարների պատկերված մարդկային տառապանքի անդունդը, կրքոտ և ուրախությամբ կառչում էին կյանքից՝ գտնելով, որ այն արժե ապրել:

Նիցշեի «Ողբերգության ծնունդը» աշխատության հիմնական թեման այն է, որ դիոնիսյան և ապոլլոնյան «գեղարվեստական ​​ազդակների» (գերմ.՝ Kunsttriebe) միաձուլումը ձևավորում է դրամատիկ արվեստներ կամ ողբերգություններ: Նա պնդում է, որ այս միաձուլումը չի իրականացվել հին հույն ողբերգակներից ի վեր: Ապոլլոնը ներկայացնում է ներդաշնակություն, առաջընթաց, պարզություն, տրամաբանություն և անհատականացման սկզբունք, մինչդեռ Դիոնիսոսը ներկայացնում է անկարգություն, հարբեցողություն, հույզ, էքստազ և միություն (այստեղից էլ՝ անհատականացման սկզբունքի բացթողումը):

Նիցշեն իր Դիոնիսոսին խիստ տարբերակում է օրփեոսյան ավանդույթի Դիոնիսոսից, որին նա համարում է սկզբնական Դիոնիսյան ուժի ավելի ուշ աղավաղում: Նրա համար նախահոմերոսյան աշխարհում Դիոնիսյան քաղաքակրթությունները բնութագրվում էին բարբարոսությամբ, դաժանությամբ և էքստատիկ սեռական անզսպությամբ, որոնք չէին սահմանափակվում ռացիոնալ կամ բարոյական սկզբունքներով: Նիցշեն այս շրջանը կապում է անմիջնորդ կյանքի հաստատման հետ, որտեղ բռնությունն ու էրոտիկան միահյուսվում էին որպես վայրի կենսունակության արտահայտություններ[3]:785: Այս անզուսպ վայրենության նկատմամբ անհանգստությունից ճնշված օրփեոսականներն արձագանքել են՝ հեռանալով ֆիզիկական աշխարհից և իրենց աստվածներին վերացարկելով մետաֆիզիկական գաղափարների վրա: Այդպիսով նրանք Դիոնիսոսին բնազդային ուժի կերպարից վերածել են տառապանքի և քավության աստծո և, զուգահեռաբար, մարդուն մարմնով և բնազդներով լի էակից վերածել մեղքի և մաքրագործման կարիք ունեցող հոգու[3]:874:

Նիցշեն քննադատում է այս օրփեոսյան վերաիմաստավորումը որպես հույների հոգևոր առողջության վաղ անկում՝ պնդելով, որ այն նշանավորել է կյանքի դեմ ուղղված միտման սկիզբը, որը հետագայում դրսևորվելու էր պլատոնիզմում և քրիստոնեությունում[3]:785: Նա նաև պնդում է, որ Սոկրատեսն ու Եվրիպիդեսը շարունակել են օրփեոսյան հետագիծը՝ բնազդը, առասպելը և գեղարվեստական ​​խելագարությունը փոխարինելով ռացիոնալիզմով, դիալեկտիկայով և բարոյական դիդակտիկայով: Այդպիսով նրանք խաթարել են ապոլլոնյան և դիոնիսյան ուժերի էքստատիկ և բռնի հավասարակշռությունը, ինչը, ի վերջո, հանգեցրել է հունական ողբերգության անկմանը[4]:

Նիցշեն օգտագործում է այս երկու ուժերը, քանի որ նրա համար մտքի և կարգուկանոնի աշխարհը՝ մի կողմից, և կիրքն ու քաոսը՝ մյուս կողմից, ձևավորում էին սկզբունքներ, որոնք հիմնարար էին հունական մշակույթի համար[5][6]. ապոլլոնյանը՝ երազային վիճակ, լի պատրանքներով, իսկ դիոնիսյանը՝ հարբած վիճակ, որը խորհրդանշում է բնազդների ազատագրումը և սահմանների ջնջում: Այս կաղապարում մարդը հանդես է գալիս որպես սատիր: Նա սարսափում է անհատականության սկզբունքի ոչնչացումից և միևնույն ժամանակ մեկն է, որը հաճույք է ստանում դրա ոչնչացումից[7]:

Այս վիճակում մարդն ամեն ինչ հարստացնում է իր անձնական առավելության տեսանկյունով. ինչ տեսնում է, ինչ կամենում է, երևում է փքված, լարված, հուժկու, ուժով գերբեռնված։ Այս վիճակում գտնվող մարդը վերափոխում է իրերը մինչև դրանք արտացոլեն իր ուժը, մինչև դրանք դառնան իր կատարելության արտացոլանքը։ Կատարելության ձգտման այս անհրաժեշտությունն էլ արվեստ է։

Նիցշեն անդրդվելի է այն հարցում, որ Էսքիլոսի և Սոֆոկլեսի ստեղծագործությունները ներկայացնում են գեղարվեստական ​​ստեղծագործության գագաթնակետը, ողբերգության իրական իրականացումը. հենց Եվրիպիդեսի հետ է, որ ողբերգությունը սկսում է իր «Ունտերգանգը» (Untergang, բառացիորեն «ներքև գնալ» կամ «վարընթաց ուղի», ինչը նշանակում է ընկնել, դեգրադացիա, անկում, մահ և այլն): Նիցշեն առարկում է Եվրիպիդեսի կողմից սոկրատեսյան ռացիոնալիզմը և բարոյականությունն օգտագործել իր ողբերգություններում՝ պնդելով, որ էթիկայի և բանականության միաձուլումը զրկում է ողբերգությունն իր հիմքից, մասնավորապես՝ դիոնիսականների և ապոլլոնականների փխրուն հավասարակշռությունից: Սոկրատեսն այնքան է շեշտել բանականության կարևորությունը, որ առասպելի և տառապանքի արժեքը տարածել է մարդկային գիտելիքների վրա: Պլատոնը շարունակել է այս ուղին իր երկխոսություններում, և ժամանակակից աշխարհն, ի վերջո, ժառանգել է բանականությունը՝ ապոլլոնյան և դիոնիսյան երկատման մեջ հանդիպող գեղարվեստական ​​ազդակների հաշվին: Նա նշում է, որ առանց ապոլլոնյան սկզբունքների, դիոնիսյանին պակասում է ձևն ու կառուցվածքը՝ արվեստի ամբողջական գործ ստեղծելու համար, իսկ առանց դիոնիսյանի, ապոլլոնյանականին պակասում է անհրաժեշտ կենսունակությունն ու կիրքը: Միայն այս երկու ուժերի՝ որպես արվեստ միավորված, բեղմնավոր փոխազդեցությունն է ներկայացրել հունական ողբերգության լավագույն կողմերը[8]:

Այս գաղափարի ազդեցության օրինակ կարելի է տեսնել «Մշակույթի օրինաչափություններ» գրքում, որտեղ մարդաբան Ռութ Բենեդիկտը նիցշեական «ապոլոնյան» և «դիոնիսյան» հակադրությունները ճանաչում է որպես բնիկ ամերիկյան մշակույթների մասին իր մտքերի խթան[9]: Կարլ Յունգը մանրամասն գրել է այս երկատվածության (դիխոտոմիայի) մասին «Հոգեբանական տեսակներ» աշխատությունում[10][11]: Միշել Ֆուկոն նշել է, որ իր «Խելագարություն և քաղաքակրթություն» գիրքը պետք է կարդացվի «նիցշեական խոշոր հետազոտության լույսի ներքո»: Այստեղ Ֆուկոն հղում է կատարում նիցշեական ողբերգությունում ծննդյան և մահվան նկարագրությանը և նրա բացատրությանը, որ արևմտյան աշխարհի հետագա ողբերգությունը եղել է ողբերգության մերժումը և, դրանով իսկ, սրբազանի մերժումը[12]: Նկարիչ Մարկ Ռոտկոն ազդվել է Նիցշեի «Ողբերգության ծնունդը» գրքում ողբերգության մասին ներկայացված տեսակետից:

Հետագա օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրցամաքային փիլիսոփայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիցշեի գաղափարը մեկնաբանվել է որպես մասնատված գիտակցության կամ գոյաբանական անկայունության արտահայտություն՝ ժամանակակից և հետմոդեռն գրողների կողմից, մասնավորապես՝ Մարտին Հայդեգերը, Միշել Ֆուկոն և Ժիլ Դելյոզը[13][14]։ Ըստ Պիտեր Սլոտերդայկի՝ դիոնիսյանը և ապոլոնյանը կազմում են մեկ դիալեկտիկա . դրանք հակադիր են, բայց Նիցշեն նկատի չի ունենում, որ մեկը պետք է ավելի շատ գնահատվի, քան մյուսը[15]: Քանի որ ճշմարտությունը նախնադարյան ցավ է, մեր գոյաբանական էությունը որոշվում է դիոնիսյան/ապոլոնյան դիալեկտիկայով։

Ապոլլոնյան և Դիոնիսյան ոճերի օգտագործումը մտքի և ֆիզիկական միջավայրի փոխազդեցության վերաբերյալ փաստարկի վրա ընդլայնելով՝ Աբրահամ Ակկերմանը մատնանշել է քաղաքի ձևի արական և իգական առանձնահատկությունները[16]:

Ռութ Բենեդիկտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդաբան Ռութ Բենեդիկտը այս տերմիններն օգտագործել է այն մշակույթները բնութագրելու համար, որոնք գնահատում են զսպվածությունն ու համեստությունը (ապոլոնյան) և ցուցադրականությունն ու չափազանցությունը (դիոնիսյան): Բենեդիկտի վերլուծության մեջ ապոլոնյան մշակույթի օրինակ էր զունի ժողովուրդը (Zuñi people)՝ ի տարբերություն դիոնիսյան կվակիուտլ ժողովրդի (Kwakiutl)[17]: Թեման զարգացրել է Բենեդիկտն իր «Մշակույթի օրինաչափություններ» հիմնական աշխատության մեջ:

Ալբերտ Սենթ-Գեորգի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Սենթ-Գեորգիn, որը գրել է, որ «հայտնագործությունը, ըստ սահմանման, պետք է հակասի առկա գիտելիքներին»[18], գիտնականներին բաժանել է երկու կատեգորիայի՝ ապոլոնյանների և դիոնիսյանների։ Նա գիտական այլախոհներին, որոնք ուսումնասիրում էին «գիտելիքի սահմանները», անվանել է դիոնիսյաններ։

Գիտության մեջ ապոլոնյանները հակված են կատարելության հասցնել հաստատված գծերը, մինչդեռ դիոնիսյաններն ավելի շուտ ապավինում են ինտուիցիային և ավելի հավանական է, որ բացեն նոր, անսպասելի նրբանցքներ հետազոտությունների համար... Մարդկության ապագան կախված է գիտության առաջընթացից, իսկ գիտության առաջընթացը՝ նրանից, թե ինչ աջակցություն կարող է գտնել։ Աջակցությունը հիմնականում դրամաշնորհների տեսքով է, և դրամաշնորհների բաշխման ներկայիս մեթոդները ոչ արդարացված կեպով ի օգուտ ապոլոնյանների են[18]։

Ամերիկացի հումանիտար գիտությունների գիտնական Կամիլ Պալիան իր 1990 թվականի բեսթսելլեր «Սեռական անձինք» գրքում գրում է ապոլոնյանի և դիոնիսյանի մասին[19]: Նրա հայեցակարգի ընդհանուր ուրվագիծը արմատներ ունի նիցշեական դիսկուրսում, որը, սակայն, ընդունելի ազդեցություն է, չնայած Պալիայի գաղափարները զգալիորեն տարբերվում են:

Ապոլլոնյան և Դիոնիսյան հասկացությունները կազմում են երկատվածություն, որը ծառայում է որպես Պալյայի արվեստի և մշակույթի տեսության հիմք։ Պալյայի համար ապոլլոնյանը թեթև և կառուցվածքային է, մինչդեռ դիոնիսյանը՝ մութ և խթոնիկ (նա գրքի ողջ ընթացքում նախընտրում է կիրառել խթոնիկ տերմինը ոչ թե դիոնիսյանը, պնդելով, որ վերջին հասկացությունը գրեթե հոմանիշ է դարձել հեդոնիզմիև անբավարար է իր նպատակների համար՝ հայտարարելով, որ «դիոնիսյանը զբոսախնջույք/պիկնիկ չէ»)։ Խթոնիկը կապված է կանանց, վայրի/քաոսային բնույթի և անկաշկանդ սեռական հարաբերության/բազմացման հետ։ Ի տարբերություն դրա, ապոլլոնյանը ասոցացվում է տղամարդկանց, հստակության, ամուրիության և/կամ համասեռամոլության, ռացիոնալության/բանականության և դիմացկունության հետ, նաև դեպի առաջընթաց նպատակամղված կողմորոշումով. «Արևմտյան քաղաքակրթության ամենամեծ ձեռքբերումները գալիս են մեր ծագման դեմ պայքարից»[19]:40:

Նա պնդում է, որ ապոլլոնյան/դիոնիսյան դիխոտոմիան (երկատվածությունն) ունի կենսաբանական հիմք՝ գրելով. «Ապոլլոնի և Դիոնիսոսի միջև վեճը մեծ գլխուղեղի կեղևի և ուղեղի ավելի հին լիմբային ու սողունային բաժինների միջև վեճ է»[19]:96։ Ավելին, Պալիան մարդկային քաղաքակրթության ողջ առաջընթացը վերագրում է բնության խթոնիկ ուժերի դեմ տղամարդկանց ապստամբելու և փոխարենը արարչագործության ապոլլոնյան հատկանիշը կարգավորելու արդյունք։ Դիոնիսյանը քաոսի և կործանման ուժ է, որը վայրի բնության գերիշխող և գրավիչ քաոսային վիճակն է։ Սոցիալապես կառուցված ապոլլոնյան առաքինությունների կողմից խթոնականության մերժումը կամ դրա դեմ պայքարը բացատրում է տղամարդկանց (ներառյալ անսեռ և համասեռամոլ տղամարդկանց, ինչպես նաև անզավակ և/կամ լեսբիական հակում ունեցող կանանց) պատմական գերիշխանությունը գիտության, գրականության, արվեստի, տեխնոլոգիայի և քաղաքականության մեջ։ Որպես օրինակ, Պալիան նշում է.

Դասական Աթենքի տղամարդկաին կողմնորոշումն անբաժան էր նրանց հանճարեղությունից։ Աթենքը հզորացավ ոչ թե` չնայած, այլ շնորհիվ իր կանանց նկատմամբ ատելության կողմնորոշման[19]:100։
- Կամիլ Պալիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Adrian Del Caro, " Dionysian Classicism, or Nietzsche's Appropriation of an Aesthetic Norm" (en), in Journal of the History of Ideas, Vol. 50, No. 4 (October–December 1989), pp. 589–605. JSTOR 2709799.
  2. Topsell, Edward (1608). The History of Serpents. Published by William Jaggard.
  3. 1 2 3 Nietzsche, Friedrich Wilhelm. Kritische Studienausgabe [KSA]: Homer's Wettkampf, vol. 1
  4. Nietzsche, Friedrich Wilhelm. Kritische Gesamtausgabe Werke [KGW], II, 4, p. 252.
  5. «Nietzsche, Dionysus and Apollo» (հոլանդերեն). Վերցված է 2026-01-08-ին.
  6. Desmond, Kathleen K. (2011-03-16). Ideas About Art (անգլերեն). John Wiley & Sons. ISBN 978-1-4443-9600-3.
  7. «Nietzsche's Apollonianism and Dionysiansism: Meaning and Interpretation». www.bachelorandmaster.com. Վերցված է 2026-01-08-ին.
  8. «SparkNotes: Friedrich Nietzsche (1844–1900): The Birth of Tragedy». sparknotes.com.
  9. Ruth Benedict. «Patterns of Culture». classes.yale.edu. Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին. Վերցված է 2026-01-08-ին.
  10. Jung, Carl. "The Apollonian and the Dionysian". Psychological Types.
  11. «Simenon, Apollo and Dionysus: A Jungian Approach to the Mystery by John Boe, Ph.D.». www.trussel.com. Վերցված է 2026-01-08-ին.
  12. Mahon, Michael (1992-01-01). Foucault's Nietzschean Genealogy: Truth, Power, and the Subject (անգլերեն). SUNY Press. ISBN 978-0-7914-1149-0.
  13. Drolet, Michael (2004). The Postmodernism Reader: Foundational Texts (անգլերեն). Routledge. ISBN 978-0-415-16084-1.
  14. Postmodernism and the re-reading of modernity. Internet Archive. Manchester ; New York : Manchester University Press ; New York : Distributed exclusively in the USA and Canada by St. Martin's Press. 1992. էջ 258. ISBN 978-0-7190-3745-0.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  15. «Thinker on Stage: Nietzsche's Materialism. Translation by Jamie Owen Daniel. Foreword by Jochen Schulte-Sasse. by [Nietzsche, Friedrich] Sloterdijk, Peter.: (1989) Signed by Author(s) | West Coast Rare Books». www.abebooks.com (անգլերեն). Վերցված է 2026-01-08-ին.
  16. Akkerman, Abraham (2006-04-01). «Femininity and Masculinity in City-Form: Philosophical Urbanism as a History of Consciousness». Human Studies (անգլերեն). 29 (2): 229–256. doi:10.1007/s10746-006-9019-4. ISSN 1572-851X.
  17. Adrian Del Caro, " Dionysian Classicism, or Nietzsche's Appropriation of an Aesthetic Norm" (en), in Journal of the History of Ideas, Vol. 50, No. 4 (October–December 1989), pp. 589–605. JSTOR 2709799.
  18. 1 2 Szent-Györgyi, Albert (1972-06-02). «Dionysians and Apollonians». Science (անգլերեն). 176 (4038): 966. doi:10.1126/science.176.4038.966.a. ISSN 0036-8075. PMID 17778411. S2CID 239854822.
  19. 1 2 3 4 Paglia, Camille. «Sexual Personae: Art and Decadence from Nefertiti to Emily Dickinson». www.abebooks.com (անգլերեն). ISBN 9780679735793. Վերցված է 2026-01-08-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]