Ապլիկատուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Twinkle, Twinkle, Little Star» երգի հիպոթետիկ ապլիկատուրան թավջութակի համար
Ապլիկատուրա սաքսոֆոնի համար
Ապլիկատուրա կիթառի համար
Թավջութակի առաջին դիրքի ապլիկատուրան

Ապլիկատուրա (լատին․՝ applico – դնել վրան, սեղմել, հպել), նվագելիս մատների դասավորությունը և օգտագործման հաջորդականությունը։ Կարևոր նշանակություն ունի կատարողական արվեստում։ Հարմար ապլիկատուրան կատարողին հնարավորություն է տալիս նվազագույն ուժ գործադրելով՝ հաղթահարել տեխնիկական և ստեղծագործական բարդությունները։

Ապլիկատուրայի ընտրությունը պայմանավորված է կատարվող ստեղծագործության մեկնաբանությամբ և կատարողի ֆիզիկական ու տեխնիկական հնարավորություններով։ Առավել պարզ ապլիկատուրա ունեն 3 կամ 4 կափույրով պղնձե, ապա՝ փայտե փողային, իսկ ամենաբարդն ու դժվարը՝ ստեղնաշարային և լարային երաժշտական գործիքները։

Ապլիկատուրան նշվում է արաբական թվանշաններով, որոնք դրվում են նոտաներից փոքր-ինչ վերև կամ ներքև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Սեբաստիան Բախը երգեհոնի և ստեղնաշարային գործիքների ապլիկատուրայի համար նորամուծություն է արել (նմանատիպ, թեև, Բախի որդու՝ Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախի խոսքերով, պակաս արմատական, նորարարություն ներմուծել է Ֆրանսուա Կուպերենը մոտավորապես նույն ժամանակ՝ 1716 թվականին՝ իր «Art de toucher le clavecin» գրքում)։ Նախքան Բախը բութ մատը նվագելիս քիչ էր օգտագործվում։ Բախի նոր ապլիկատուրան մինչ այդ պահը թեև պահպանում էր ավանդական ապլիկատուրայի բազմաթիվ տարրեր, այդ թվում՝ մատներից մեկի՝ մյուսի տակով կամ վրայով անցնելը (Բախի ստեղծագործություններից շատերը նվագելու համար անհրաժեշտ է նման ապլիկատուրա, հատկապես երրորդ մատը չորրորդի կամ չորրորդ մատը հինգերորդի վրայով անցկացնելը), բայց ներկայացնում էր բութ մատի շատ ավելի մեծ կիրառում։ Ժամանակակից ապլիկատուրան նույնպես օգտագործում է բութ մատը նույն չափով և ներառում է բթամատի անցումը մյուս մատների տակով, բայց, ինչպես Բախն էր անում, սովորաբար չի ներառում ցանկացած այլ մատների անցումը մյուսների վրայով կամ տակով[1]։

1980-ական թվականներին Մարկ Լինդլին և Մարիա Բոքսալը ցույց տվեցին, որ վերը նշվածը հիմնված է բացառապես Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախի վկայությունների վրա․ Յոհան Սեբաստիան Բախի և նրա շրջապատի մեզ հասած բոլոր ապլիկատուրաները օգտագործում են հնագույն մեթոդները՝ բթամատի շատ սահմանափակ օգտագործմամբ։ Վերջերս ցույց տրվեց, որ նրա բոլոր կլավեսինային ստեղծագործությունները, ինչպես նաև երգեհոնային ստեղծագործությունների մեծ մասը հնարավոր է նվագել հին տեխնիկայով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Schweitzer, Newman, Albert Schweitzer; C M Widor (1967). «IX. The Artist and Teacher». J.S. Bach, Volume 1. Translated by Newman, Ernest. Courier Dover Publications. էջեր 206–209. ISBN 0-486-21631-4.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Mark Lindley and Maria Boxall. Early Keyboard Fingerings: an Anthology. Schott, London 1982. Revised and expanded 1991. ASIN B003AGJC7I.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։