Ապարանի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ապարանի տարածաշրջանից)
Ապարանի շրջան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնԱպարան
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1987)19 900
Խտություն33,6
Ազգային կազմՀայեր
Տարածք591,5
(1,99 %)
Հիմնադրված է1930-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Այրարատ

Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Արագածոտնի մարզի հյուսիսում։ Գտնվում էր ՀԽՍՀ կենտրոնական մասում՝ մայրաքաղաք Երևանից 50 կմ հեռավորության վրա։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 591,5 քառ. կմ էր, բնակչությունը՝ 19 900 մարդ (1987), խտությունը՝ 33,6 մարդ։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապարանի շրջանի վարչական կենտրոնն էր Ապարան քաղաքը։ Ուներ 1 քտա (Ապարան), 1 ավանային և 11 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապարանի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Ապարանի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Նիգ գավառի մեջ։ Տարբեր ժամանակաշրջաններում այն եղել է Կամսարականների, Պահլավունիների, Վաչուտյանների և այլ իշխանների տոհմական կալվածքը։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Ապարանի շրջանը Երևանի կուսակալության, ապա Երևանի խանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Հայկական մարզի, Երևանի նահանգի Էջմիածնի գավառի, Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ մինչև 1930 թվականը՝ Էջմիածնի գավառի Հրագդան գավառամասը։

Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Ապարանի սուրբ Խաչ եկեղեցին (4-րդ դար), Քասաղի բազիլիկը (5-րդ դար), Թեղենյաց վանքը (7-13-րդ դարեր), Եղիպատրուշ եկեղեցին (10-13-րդ դարեր)։ Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել էր 1930 թվականին։ 1987 թվականին կար 61 սկզբնական կուսակցական, 99 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Ծաղկունք» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Արագածի, Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև։ Ունի լեռնային, կտրտված մակերևույթ։ Բարձրությունը 1800-4090 մ է (Արագած)։ Կան տորֆի, կրաքարի, կավահողի, շինարարական քարի պաշարներ, հանքային ջրերի ելքեր։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։

Կլիման ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ - 8 °C-ից մինչև - 14 °C, հուլիսինը՝ 8- 17 °C, տարեկան տեղումները՝ 550-800 մմ, վեգետացիայի շըր- ջանը՝ 20-150 օր։ Խոշոր գետը Քասաղն է։ Տարածքում է Ապարանի ջրամբարը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է։ Կար 7 կոլտնտեսություն, 11 խորհրդային տնտեսություն, 4 միջտնտեսային ձեռնարկություն։ Մշակում են հացահատիկ, կարտոֆիլ, կերային կուլտուրաներ, կաղամբ։ Կար 12 արդյունաբերական ձեռնարկություն։

Ապարանում գործում են «Հայ-գորգ» արտադրական միավորման մասնաճյուղ, 2 պանրագործարան, ռադիոտեխնիկական իրերի գործարան, Քուչակում՝ հաստոցաշինական, Արագածում՝ արհեստական ալմաստի, Երնջատափում՝ մաքրող նյութերի ձեռնարկություններ։ Ավտոճանապարհների երկարությունը 102 կմ էր։ Կար կապի հանգույց՝ 9 բաժանմունքով։ Տարածքով են անցնում Ապարան-Երևան, Ապարան-Սպիտակ ջրատարները։

1986-1987 թվականների ուսումնական տարում գործում էր 13 միջնակարգ, 8 ութամյա, 1 հեռակա, 1 տարրական, 1 երաժշտական, 1 մարզական, 1 գեղարվեստի դպրոց, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին կար 1 հիվանդանոց, 4 ամբուլատորիա, ստոմատոլոգիական պոլիկլինիկա, 13 մշակույթի տուն, 8 ակումբ, 25 գրադարան, 1 պատանի տեխնիկների կայան, 1 կինոթատրոն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 503
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։