Աշոտ Աթանասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Աթանասյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 15, 1870(1870-02-15)[1][2]
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմարտի 22, 1941(1941-03-22)[1][2] (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԼայպցիգի համալսարան (1895)[1]
Մասնագիտությունխմբագիր, հրատարակիչ, երգիծաբան և գյուղատնտես
ԱմուսինՎերգինե Աթանասյան

Աշոտ Նահապետի Աթանասյան (փետրվարի 15, 1870(1870-02-15)[1][2], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 22, 1941(1941-03-22)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ գյուղատնտես, խմբագիր-հրատարակիչ, երգիծաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Աթանասյանը ծնվել է փետրվարի 15-ին, Երևանում, տեղի թեմական դպրոցի ուսուցչի ընտանիքում։ Ավարտել է Երևանի թեմական դպրոցը և մեկնել արտասահման։ 1895 թվականին ավարտել է Լայպցիգի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը։ Մինչև 1905 թվականը Հարավային Կովկասի տարբեր վայրերում աշխատել է որպես գյուղատնտես։

Հրապարակախոսական-ժուռնալիստական գործունեության մեջ Աթանասյանը հմտորեն օգտագործել է սատիրայի սուր զենքը։ 1903 թվականից Թիֆլիսում հիմնադրել և խմբագրել է «Աշխատանք», ապա «Նոր աշխատանք» շաբաթաթերթերը (1906-1907) և Հարավային Կովկասում՝ հայկական առաջին մասնագիտական «Գյուղատնտես» հանդեսը (1909-1917)։ 1903 թվականից սկսած Սալ-մանէ Ստորա֊կետ, ինչպես նաև Հաճախ Ես-չեմ, Ղոն֊պեդբո, Մե-բիս, Կարմիր, Կայծակ, Բիձա ծածկանուններով ֆելիետոններ է տպագրել «Մշակ»֊ում, «Արշալույս»-ում, «Խաթաբալա»֊ում, «Աշխատանք»-ում, բոլշեվիկյան «Կայծ» թերթում և այլ պարբերականներում[3]։ Աթանասյանը ֆելիետոններ է գրել նաև սովետական կարգերի օրոք և դրանք հրապարակել «Կարմիր աքլոր», «Մարտակոչ», «Կարմիր մոծակ» և այլ ամսագրերում ու թերթերում։ Աթանասյանի գրական-երգիծական գործունեության մեջ ուրվագծվում Է երկու շրշան՝ 1905-1907 և 1910-1917 թվականներ։ Այդ տարիներին առավել բեղմնավոր և ինտենսիվ Էին ֆելիետոններ ստեղծելու բնագավառում։

Կազմել է նաև 1877-1878 թթ. հայազգի գեներալներ Մ. Լորիս-Մելիքովին, Վ. Մադաթովին, Ի. Լազարևին նվիրված պատկերազարդ հուշամատյանները։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, տարբեր կազմակերպությունների կազմում զգալի աշխատանք է կատարել Արևմտյան Հայաստանի քայքայված տնտեսությունը վերականգնելու համար. կազմակերպել է հողագործական աշխատանքները, հայ գյուղացիներին սովորեցրել է հողի մշակման նոր, առաջավոր եղանակներ և գյուղատնտեսական նորագույն գործիքներով աշխատելու ձևերը։ Բացի այդ, լինելով Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում, արձանագրել և լուսանկարել է օսմանյան իշխանությունների կողմից իրականացրած հայկական բնակավայրերի ավերածություններն ու հայերի զանգվածային սպանությունները։ 1922 թվականին Աթանասյանը Թիֆլիսից փոխադրվել է Խորհրդային Հայաստան և աշխատել Գյուղատնտեսության նախարարությունում։

1926 թ. Ա. Աթանասյանը, Ս. Կանայանի, Է. Տեր-Գրիգորյանի և ուրիշների հետ հիմնադրել է «Հայ գրական ընկերությունը», որը սակայն խորհրդային իշխանությունների կողմից լուծարվեց։ Աշխատել է ՀԽՍՀ Հողժողկոմատում (1922-1931)։ Աթանասյանը «Մուրճ», «Մշակ» և այլ պարբերակաևներում Ստորա-Կետ, Սալ-Ման, Դոև-Պեդրո և այլ կեղծանուններով տպագրել է ֆելիետոններ, ծաղրել ժամանակի բարքերը։ Գրել է նաև «Ջրվեժ» (1915) և «Սևան» (1932) պատմական պիեսները։ Մահացել է մարտի 22 (ապրիլի 4)-ին, Երևանում։ Ունի անտիպ հուշեր[4][5][6]։

Ծածկանունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Աթանասյանը մամուլում հանդես է եկել մի քանի տասնյակ ծածկանուններով, դրանք են՝ Ա., Ա. Ա., Ա. Ղ. Ա., Ա. Աթ., Ա. Ա-թյան, Ա. Աթ-յան, Ա. Ա-յան, Ա-սյան, Աթո, Ալ-Ման, Ագրոնոմ, Ա. Այան, Աշխատավոր, Ասյան, Ա. Ասյան, Բարեկամ, Գյուղատնտես, Դոն-Պեդրո, Ես չեմ, Ա. Երկաթ, Զանգակ, Ժուռնալիստ, Լոռեցի Սաքո, Խաթաբալիստ տերտեր, |Խմբագր., Խմբագրություն, Կաղ-Դև, Կաղլիկ, Կայծակ, Կար-Միր, Կիրակոս, Հայկազունի, Հաշ, Ճանճ, Մաճկալ, Մե-Բիս, Միջակետ, Նեբո-էֆենդի, Ս. Մ., Ս.-Մ., Ս. Ման, Ս. Մ-ան, Սալ-Ման, Սպեկտոր, Ստորակետ, Վարժապետ, Վերջակետ, Րեպորտյոր, Քամելիոն, Քավոր աղա, Ֆիգարո, S. A., Z., Сал-Ман ծածկանունները[7]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուս-տաճկական պատերազմը (1877-1878 թթ.) և նրա հայազգի հերոսները, 1915։
  • Տեխնիկական բույսերը և նրանց մշակությունը (Դասագիրք), 1933։
  • Արաթը յեվ նրա նշանակությունը, 1930։
  • Գիւղատնտեսի զրոյցները, 1910։
  • Բանջարաբուծություն, 1929։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «Աշոտ Աթանեսյանը որպես երգիծաբան» (PDF). ՀԽՍՀ ԳԱ տեղեկագիր. N 9, 1961.(չաշխատող հղում)
  4. Հայկական համառոտ հանրագիտարան, 1990։ հ. 1:
  5. Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 550։
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  7. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 550։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս. Թ. Իշխանյան, Հայ դեմոկրատական մամուլի պատմությունից («Աշխատանք» հանդեսի մասին), Ե., 1962:
  • Լ. Ա. Ալոյան, Աթանասյան խմբագիր-հրապարակախոսը, ՀՀ ԳԱԱ Լրաբեր հասարակական գիտությունների, 2001, N 2, էջ 150-155։
  • Ռուբեն Սահակյան, Աշոտ Աթանասյանի գործունեությունը Արևմտյան Հայաստանի վերաշինության գործում, Բանբեր Հայաստանի արխիվների, 2007, N 1-2, էջ 37-55,http://www.armarchives.am/UserFiles/File/banber%201-7.pdf
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 127
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Աթանասյան» հոդվածին։