Աշխարհկառուցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համակարգչային մոդելավորմամբ ստեղծված արհեստական աշխարհի տեսքը տիեզերքից:

Աշխարհկառուցում (անգլերեն՝ Worldbuildung), երևակայական աշխարհի կառուցման գործընթացը։ Անգլերեն «world-buildung» տերմինն առաջին անգամ գործածվել է «Էդինբրը Ռիվյու»-ում 1820 թվականի դեկտեմբերին[1]։ Այն հայտնվել է 1920-ին լույս տեսած Էդինգտոնի «Տիեզերական ժամանակ և գրավիտացիա։ Ընդհանուր հարաբերականության տեսության ներածություն» աշխատության մեջ՝ ֆիզիկայի այլ օրենքներով հնարավոր աշխարհների մասին հայացքները նկարագրելու համար[2]։ Տերմինը՝ Լուպոֆի «Էդգար Ռայս Բառոուզ։ Արկածների վարպետը» (1965) տպագրումից հետո օգտագործվել է գիտաֆանտաստիկ և ֆենթեզի գրականության քննադատության մեջ[3]։ Աշխարհկառուցման հետևանքով ստեղծված աշխարհը կարող է անվանվել «կառուցված աշխարհ»։ Աշարհկառուցման ընթացքում հեղինակը սովորաբար պետք է կառուցի նաև երևակայական աշխարհի պատմությունը, աշխարհագրությունը և էկոլոգիան[4]։ Աշխարհկառուցումը սովորաբար ներառում է նաև քարտեզների, անցյալի պատմության և աշխարհի բնակիչների ստեղծումը։ Կառուցված աշխարհներ կարող են ստեղծվել անձնական զվարճանքի, մտածական մարզանքների կամ հատուկ ստեղծագործական նպատակներով՝ վեպերի, համակարգչային խաղերի և դերային խաղերի մեջ օգտագործվելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական երևակայական աշխարհների կառուցումն առաջին անգամ արել են ֆենթեզի գրողները՝ Ջորջ ՄաքԴոնալդը, Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը, Քլայվ Սթեպլս Լուիզը և Դորոթի Լի Սեյրերսը[5]։ Թոլքինը աշխարհկառուցման խնդրին անդրադարձել է իր «Կախարդական պատմությունների մասին» էսսեում, որտեղ նշել է, որ «երկրորդական աշխարհի» ստեղծումը կամ «ենթաարարումը» չափազանց տարբեր գրելու ձև է[6]։ Կառուցված աշխարհները տարբերվում են պատմություն պատմելուց և կերպարների ստեղծումից, քանի որ այս դեպքում պետք է բացահայտել ամբողջ աշխարհը՝ «ծառ առ ծառ»։ 2000-ականների կառուցված աշխարհներով ֆիլմերը ավելի հանրահայտ են դարձել։ Եթե մի ժամանակ հեղինակները ստեղծում էին այնպիսի կերպարներ, որոնք կարող են դիմանալ և գործել տարբեր պատմություններում, ապա այժմ հեղինակներն ստեղծում են այնպիսի աշխարհներ, որը կարող է իր մեջ կրել բազմաթիվ կերպարներ և պատմություններ[5]։

Մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհները կարող են կառուցվել վերևից ներքև կամ ներքևից վերև կամ այս երկու եղանակների համադրությամբ։ «Զնդաններ և վիշապներ»-ի (անգլերեն՝ Dungeons and Dragons) աշխարհկառուցման պաշտոնական ձեռնարկում այս մեթոդներն անվանվում են «դրսից ներս» և «ներսից դուրս»[7]։ Վերևից ներքև մեթոդի ժամանակ հեղինակը նախ տալիս է աշխարհի ընդհանուր պատկերը, ընդհանուր պատկերացում օրինակ՝ բնակիչների, բնաշխարհի, տեխնոլոգիական զարգացվածության վերաբերյալ։

Ներքևից վերև մոտեցման ժամանակ հեղինակը կառուցումն սկսում է ինչ-որ տեղանքի մանրամասն նկարագրումից, տեղանքի բնակիչներից, մշակույթից, պատմությունից և հետզհետե անցնում ամբողջ աշխարհի կառուցմանը։

Տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղերի ստեղծման տեսանկյունից՝ աշխարհկառուցման նպատակն է ստեղծել համատեքստ պատմության համար։ Հաջորդականությունը շատ կարևոր է, քանի որ աշխարհը պատմության գործողությունների հիմքն է[8]։ Այնուամենայնիվ, Թոլքինը համարում է, որ աշխարհկառուցման նպատակը «խորացումն է» կամ «կախարդումը» և աշխարհի նկարագիրը կարող է ընդհանրապես կապված չլինել պատմության հետ[6]։

Որոշ նպատակների համար ստեղծվում են անմարդաբնակ երևակայական աշխարհներ, բայց հիմնականում, կառուցված աշխարհն ունենում են բնակիչներ, սովորաբար մի քանի տեսակներ՝ իրենց երևակայական մշակույթով և լեզվով։ Բարդ գիտաֆանտաստիկ գրականության մեջ կարող է կառուցվել նաև աշխարհի ֆլորան և ֆաունան՝ աշխարհի շրջակա միջավայրի մանրամասն նկարագրությամբ։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցված աշխարհի օրինակներ են՝ Թերրի Փրաթչեթի «Դիսքոուրլդը», Կոնանի մասին շարքի կեղծ Երկրի Հայբորյան դարաշրջանը, «Ավազաբլուրների» շարքի «Առակիս» աշխարհը, Հայաո Միյաձակիի ստեղծած ենթամայրցամաքը՝ «Նաուսիկաան Քամիների դաշտից» մանգայից, «Ֆանտաստիկա» աշխարհը Միխայել Էնդեի «Անվերջանալի պատմությունից», Թոլքինի «Միջերկրի» «Մատանիների տիրակալը» եռագրությունից և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World». Օքսֆորդի անգլերեն բառարան (3-րդ հրատարակություն ed.). Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն. սեպտեմբեր, 2015. 
  2. Eddington, Arthur Stanley (1920). Space, Time and Gravitation : an outline of the general relativity theory. Cambridge University Press.
  3. Jeff Prucher, ed. (2006). Brave New Words: The Oxford Dictionary of Science Fiction. էջ 270. ISBN 9780199891405.
  4. Stableford, Brian M. (2004). Historical Dictionary of Science Fiction. Scarecrow Press. ISBN 0-8108-4938-0.
  5. 5,0 5,1 Mark J.P. Wolf (2014). Building Imaginary Worlds: The Theory and History of Subcreation. Routledge. ISBN 9781136220814.
  6. 6,0 6,1 J. R. R. Tolkien (1983), Christopher Tolkien (ed.), «On Fairy Stories», The Monsters and the Critics and Other Essays, էջեր 109–161
  7. Cook, Monte; Tweet, Jonathan; Williams, Skip (2003). Dungeon Master's Guide. revised by David Noonan and Rich Redman. Wizards of the Coast. ISBN 0-7869-2889-1.
  8. Laramee, Francois Dominic (2002). Game design perspectives. Charles River Media. ISBN 1-58450-090-5.