Աշխատանքի շահագործում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխատանքի շահագործումը մարդու աշխատանքի արդյունքների յուրացումն է առանց վարձատրման կամ դրանց փոխանակումը այլ ապրանքներով (ծառայություններով), որոնց արժեքն ավելի ցածր է, քան այն արժեքը, որը ստեղծվում է մարդու աշխատանքի արդյունքում։ Տնտեսական շահագործումը համարվում է արժեքի աշխատանքային տեսության հիմնական թեմաներից մեկը, հատկապես մարքսիզմում։ Բազմաթիվ այլ տնտեսագիտական տեսություններ նշում են, որ շահագործում կամ գոյություն չունի կամ կրում է արտատնտեսական բնույթ (հիմնված է բռնության, խաբեության, կախվածության, հարկադրման վրա և այլն)։

Շահագործումը մինչկապիտալիստական հասարակությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մարքսիզմի՝ շահագործման նյութական նախապայմանն է հանդիսանում արտադրողական ուժերի զարգացման այնպիսի մակարդակը, որի դեպքում մարդը կարող է արտադրել արտադրանք, ոչ միայն իր նվազագույն պահանջմունքերի բավարարման նպատակով (անհրաժեշտ արտադրանք), այլև որոշակի ավելցուկ (ավելցուկային արտադրանք), որը և յուրացվում է արտադրանքի միջոցների սեփականատիրոջ կողմից։

Ստրկատիրության ժամանակ ստրկատերը համարվում է ստրուկի և նրա կողմից կատարված աշխատանքի արդյունքների սեփականատերը։ Սա շահագործման ամենացայտուն եղանակն է՝ հիմնված ֆիզիկական բռնության և ստրուկի իրավաբանական լրիվ անզորության վրա, որտեղ գերակշռում է արտատնտեսական հարկադրումը։

Ֆեոդալիզմի ժամանակ շահագործման հիմքն է հողի մասնավոր սեփականությունը։ Միևնույն ժամանակ գյուղացին հաճախ անձնապես ազատ էր և ուներ որոշակի իրավաբանական իրավունքներ, բայց չէր կարող խուսափել շահագործումից այն պատճառով, որ չուներ տնտեսական հիմքեր իր սեփական արտադրությունը բացելու համար։ Հողի սեփականատերը (ֆոեդալը, սենյորը) տալիս էր գյուղացիներին հնարավորություն օգտվել հողի որոշակի տարածքներից՝ փոխարենն իրեն յուրացնելով աշխատանքի արդյունքները կամ վերցնելով որոշակի վարձավճար (ռենտա,բահրա)։ Միևնույն ժամանակ աշխատուժը չուներ ապրանքային բնույթ, քանզի գյուղացին պայմանավորվում էր ոչ թե իր աշխատավարձի մեծության, այլ ֆեոդալի պարգևատրման մասին։

Շահագործումը կապիտալիզմի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտալիզմի ժամանակ աշխատողը կամավոր կերպով կնքում է աշխատանքային պայմանագիր գործատուի հետ։ Նա ցանկացած ժամանակ կարող է լուծել իր պայմանագիրը և այն կնքել այլ գործատուի հետ։ Երկու կողմերն էլ հանդես են գալիս գործարքի հավասարազոր մասնակիցներ։ Չի դիտարկվում աշխատանքի ներքին հարկադրում կամ աշխատանքի արդյունքների անվճար յուրացում։ Մի շարք տնտեսագիտական հոսանքներ (օրինակ, ավստրիական դպրոց) համարում են, որ կողմերն իրականացնում են հավասար արդարացի փոխանակում, և կապիտալիզմի դեպքում շահագործում չկա։

Համաձայն մարքսիզմի՝ կապիտալիստը լրիվությամբ վճարում է իր աշխատողների աշխատուժի արժեքը՝ աշխատավարձի տեսքով։ Բայց աշխատանքի արդյունքում վարձված աշխատողները ստեղծում են նոր արժեք, որը որոշակի մեծությամբ գերազանցում է կապիտալիստի կողմից ծախսված արժեքը՝ այդ աշխատուժը ձեռք բերելու համար։ Մարքսը այդ տարբերությունը անվանել է «ավելացված արժեք»:Կապիտալիստը իրեն է վերցնում այդ ավելացված արժեքը՝ հիմք ունենալով արտադրության միջոցների իր մասնավոր սեփականության իրավունքը։ Արդյունքում աշխատողը ստանում է մի արժեք, որը հավասար է «աշխատուժ» ապրանքի գնին, իսկ կապիտալիստը ստանում է այն արժեքը, որը գերազանցում է այդ ապրանքի գնին։ Հենց ավելացված արժեքի յուրացումն էլ Մարքսը համարում էր աշխատանքի շահագործման եղանակ։

Պետք է նշել, որ ավելացված արժեքը ծառայում է ոչ միայն շահույթի, այլև բոլոր տեսակի հարկերի, ակցիզների, մաքսերի, ռենտայի, բանկային տոկոսների հիմք։ Այդ պատճառով, համաձայն մարքսիստների, աշխատուժը շահագործում են ոչ միայն ձեռնարկությունների սեփականատերերը։ Անուղղակիորեն այդտեղ մասնակցում են նաև առևտրականները և միջնորդները, պետությունը, հողի սեփականատերերը, բանկերը և այլն։

Շահագործման մակարդակը Մարքսը գնահատում էր ավելացված արժեքի և աշխատուժի արժեքի հարաբերակցությամբ։ Այլ կերպ ասած, գնահատվում է այն ժամանակների հարաբերակցությամբ, երբ մի դեպքում նա ստեղծում է արժեք ուրիշների համար, իսկ մյուս դեպքում՝ իր համար։ Ինչքան այդ մեծությունը մեծ է, այնքան ավելի մեծ է շահագործման մակարդակը։

Կապիտալիստական շահագործման համար անհրաժեշտ է հետևյալ տարրերի առկայությունը՝

  1. Աշխատողները չեն կարողանում գոյատևել առանց վաճառելու իրենց աշխատուժը,
  2. Աշխատանքի միջոցները գտնվում են մասնավոր սեփականության տակ,
  3. Առանց աշխատանքի վարձակալման աշխատողների արտադրողականությունը զգալիորեն ցածր է աշխատանքի վարձակալությամբ աշխատողների արտադրողականությունից,
  4. Պետության ճնշող պետական ապարատը պաշտպանում է մասնավոր սեփականության իրավունքները։

Ինքնաշահագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն հանդիպում են նաև ինքնաշահագործման դեպքեր։ Որպես օրինակ բերվում են անհատ ձեռներեցները, ֆերմերները, որոնք զբաղվում են ինքնազբաղվածությամբ։ Ինքնաշահագործում առաջանում է այն դեպքում, երբ նրանց ստացված շահույթն ավելի քիչ է, քան կլիներ, եթե նրանք իրենց աշխատուժը տային վարձակալությամբ, այսինքն նրանք իրենց աշխատուժը վաճառում են շուկայական գնից ցածր գնով։ Իսկ համաձայն մեկ այլ կարծիքի՝ շահագործում առաջանում է այն դեպքում, երբ անվճար յուրացվում է մեկ այլ մարդու աշխատանքի արդյունքը, այսինքն շահագործել կարելի է միայն մեկ այլ՝ ուրիշ մարդու, այլ ոչ թե սեփական աշխատանքը։

Մանկական աշխատանքի շահագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երկրներում, այդ թվում Հայաստանում, մանկահասակաների աշխատանքի օգտագործումն (մինչև 14 տարեկան անձանց) արգելված է։ Հայաստանում օրենքով թույլատրվում է աշխատել միայն 16 տարեկանից սկսած։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]