Աշխատանքի նորմավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նորմաների և նորմատիվների հստակ ձևավորված և գործող համակարգերը կազմակերպության կողմից բոլոր ռեսուրսների օգտագործման արդյունավետության երաշխիքն է։ Կառավարման գործընթացում կառավարչական ապարատի կողմից ընդունվոող գրեթե բոլոր որոշումները այս կամ այն չափով առնչվում են աշխատանքային ծախսումների հաշվառման հետ, որի հիմքում աշխատանքի նորմավորումն է։

Աշխատանքի նորմավորում, կազմակերպական-տեխնիկական որոշակի պայմաններում միավոր արտադրանքի պատրաստման կամ առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ աշխատանքի չափի սահմանում։ Այն կառավարչական աշխատանքի տարատեսակ է, որը խոշոր կազմակերպություններում իրականացվում է առանձնացված ստորաբաժանման կողմից։ Աշխատանքի չափի կոնկրետ արտահայտությունն աշխատանքի նորման է, որի տարատեսակներն են ժամանակի, արտադրանքի, սպասարկման և աշխատողների թվի նորմաները։ Դրանցից հիմնականն ու ելակետայինը ժամանակի նորման է, մյուսներն ածանցյալ են։ Ժամանակի նորման տվյալ ձեռնարկության համար կազմակերպական, տնտեսական և տեխնիկական առավել ռացիոնալ պայմաններում, արտադրական առաջավոր փորձի պարտադիր կիրառմամբ որոշակի աշխատանքի (գործողություն) կատարման համար անհրաժեշտ աշխատաժամանակի մեծությունն է, արտադրանք ինը՝ միավոր ժամանակի ընթացքում թողարկվող արտադրանքի քանակը՝ արտահայտված բնաիրային կամ պայմանական միավորներով։ Սպասարկման նորման հերթափոխի ընթացքում մեկ աշխատողի կամ աշխատողների խմբի համար սահմանված սպասարկվող սարքավորումների, աշխատատեղերի, քառակուսի մետրերով արտահայտված սպասարկվող հրապարակների քանակն է և այլն։ Աշխատողների թվի նորման աշխատողների կարգավորված թիվն է, որն անհրաժեշտ է միավոր աշխատանքի կամ դրա առանձին ֆունկցիայի կատարման համար։ Նորմաներից յուրաքանչյուրի ընտրությունը կախված է արտադրության պայմաններից, աշխատանքի բնույթից և այլ գործոններից։ Աշխատանքի նորմաներն ըստ սահմանման մեթոդների և բովանդակության կարող են լինել գիտականորեն հիմնավորված և փորձավիճակագրական։ Առաջին խմբի մեջ են մտնում այն նորմաները, որոնք հիմնավորված են տեխնիկապես, տնտեսապես, ֆիգիոլոգիապես և սոցիալապես։ Այդպիսի նորմաների կիրառումը նպաստում է աշխատանքի արտադրողականության աճին, աշխատուժի լավագույն օգտագործմանը, արտադրության ռեզերվների բացահայտմանն ու օգտագործմանը։ Փորձավիճակագրական նորմաները սահմանվում են ելնելով վարպետի կամ նորմավորողի փորձից և վիճակագրական տվյալներից։ Արտացոլում են աշխատանքի կազմակերպման արդեն ձեռք բերված մակարդակը, հաշվի չեն առնում արտադրության փոփոխվող պայմանները, եղած հնարավորություններն ու ռեզերվները։ Մեծ մասամբ դրանք ցածր են, հեշտությամբ գերակատարվող, արգելակում են արտադրության կազմակերպման հետագա կատարելագործումը, թուլացնում աշխատանքի արտադրողականության բարձրացման խթանները։

Արտադրական գործընթացում ներկայումս օգտագործվում է աշխատանքի նորմաների հաշվարկման հետևյալ մեթոդները՝ խրոնոմետրաժ, աշխատանքային ժամանակի նկարահանում, հաշվարկման և գումարային մեթոդներ։

  • Խրոնոմետրաժը արտադրական պրոցեսում մի քանի աշխատողների միաժամանակ հսկման միջոցով աշխատանքի կատարման ժամանակի սահմանումն է։
  • Աշխատանքային ժամանակի նկարահանումը հիմնականում ուղղված է գործող նորմաների թերությունների բացահայտմանը։
  • Հաշվարկային մեթոդը այլ կերպ անվանում են նաև վերլուծական մեթոդ, այն նախատեսում է աշխատանքային գործընթացի, աշխատաժամանակի և տեխնիկայի օգտագործման մանրամասն ուսումնասիրություն ր յուրաքանչյուր գործողության համար ժամանակի նորմայի սահմանում։
  • Գումարային մեթոդի կիրառման դեպքում աշխատանքի նորման սահմանվում է ըստ փորձնական ծախսումների, վիճակագրական տվյալների, կամ ըստ արտադրամասերում աշխատանքի կատարման համեմատության։ Գումարային մեթոդը հիմնականում կիրառվում է այն աշխատանքների համար, որոնք չունեն կրկնվող բնույթ։

Աշխատանքի տեխնիկական նորմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի տեխնիկական նորմավորումն աշխատանքային ծախսումների տեխնիկապես հիմնավորված նորմաներ սահմանելու պրոցես է, որն անհրաժեշտ է աշխատանքի քանակական ծախսերը և դրանց արդյունքները գնահատելու համար։ Քանակական նման գնահատումներ են համարվում ժամանակի նորմաները, անձբնակազմի թվաքանակը, նորմավորված առաջադրանքի արդյունքը։

Ծախսված աշխատանքի ելակետային գնահատման չափ է հանդիսանում ժամանակի նորման։ Այն արտացոլում է աշխատաժամանակի այն քանակությունը, որը որոշակի որակավորում ունեցող աշխատողը, կազմակերպական-տեխնիկական կոնկրետ պայմաններում պետք է ծախսի միավոր ծավալի աշխատանք կատարելու համար։ Այստեղ կարևոր նշանակություն ունի նաև նորմայի որակը։ Ցածր, ոչ լարված նորմաների օգտագործումը հանգեցնում է աշխատողների աշխատանքային ներդրումների գնահատման արհեստական բարձրացմանը, և հատկապես, աշխատավարձի աճին, որը ձեռնտու չէ ֆիրմային։ Մյուս կողմից նման նորմաները բացասաբար են ազդում աշխատավարձի խթանման գործառույթի վրա։

Նորմաներն օգտագործվում են գնահատումներ սահմանելու, այսինքն՝ գործավարձային հիմունքներով կատարվող աշխատանքի միավորի վարձատրություն որոշելու համար։ Ժամանակավարձային վարձատրման դեպքում նորմաներն անհրաժեշտ են նորմավորված առաջադրանքները հաշվարկելու, աշխատավարձի ֆոնդը սահմանելու համար և այլն։ Ծառայողների թվաքանակի նորմաները, ուրիշ գործոններին զուգընթաց, կանխատեսում են հաստիքային աշխատավարձերի մեծությունը։

Աշխատանքի նորմավորման ավանդական մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմավորման պրակտիկայում օգտագործվում են նորմաների մշակման տարբեր մեթոդներ։ Աշխատանքի նորմավորման այս կամ այն մեթոդի ընտրությունը կապված է հետևյալ հատկանիշների հետ՝ կիրառվող տեխնոլոգիայի բնույթ և դրանցում կատարողների մասնակցության աստիճան, աշխատանքի կազմակերպման եղանակներ։

Կիրառվող տեխնոլոգիայի բնույթը և բովանդակությունը դրսևորվում են ճյուղային յուրահատկություններով։ Մնացած երեք հատկանիշները կարող են հիմք լինել աշխատանքի նորմաների մշակման տարբեր մեթոդների կիրառման համար։ Այսպես՝ անկախ ճյուղային առանձնահատկություններից՝ սկզբունքորեն նույն հատկանիշներն են օգտագործվում ձեռքի, մեքենայական-ձեռքի, մեքենայական, ավտոմատ և ապարատային գործընթացների ժամանակ։ Այսինքն՝ հնարավոր է կիրառել մեթոդական նույն մոտեցումները։

Աշխատանքի նորմաների սահմանման մեթոդները տարբերվում են ըստ աշխատանքի կազմակերպման ձևերի․ անհատական աշխատանքի կատարման ժամանակ չեն կարող կիրառվել այն մեթոդները, որոնք օգտագործվում են աշխատանքի բրիգադային կատարման ժամանակ։

Նորմավորման պրակտիկայում լայն տարածում է գտել նորմաների մշակման վերլուծական մեթոդը։ Այս մեթոդի էությունն այն է, որ մինչ նորմաների սահմանումը կատարվում են աշխատատեղերի ռացիոնալացման, ինչպես նաև աշխատանքային գործընթացի օպտիմալացման խորը հետախուզություններ։

Համեմատական մեթոդի էությունն այն է, որ որոշակի օպերացիայի նորմայի սահմանման հիմքում ընկած է նմանատիպ օպերացիայի նորմայի մեծությունը։ Այսինքն իրականացվող օպերացիան համեմատվում է նմանատիպ օպերացիայի հետ, աշխատանքային գործելաձևերը ճշգրտվում են և սահմանվում աշխատանքի նորմաներ։ Նորմաների սահմանման այս մեթոդը չի համարվում գիտական։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 383