Աշխատանքային պայմանագրի լուծում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի[1]  14-րդ հոդվածից բխում է, որ աշխատանքային իրավահարաբերությունները ծագում են գրավոր աշխատանքային պայմանագրի կնքմամբ կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով։ Աշխատանքային պայմանագրի կնքմամբ և աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելով՝ գործատուն և աշխատողը որպես կանոն նախատեսում են երկարատև համագործակցություն, հատկապես այն դեպքերում, երբ կնքվում է անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր։ Մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, այնուամենայնիվ, աշխատանքային պայմանագիրը լուծվում է, աշխատանքային հարաբերությունները՝ դադարում։ Աշխատանքային պայմանագրի լուծումը դադարեցնում է դրա գործողությունը, ըստ այդմ՝ դադարում են նաև դրա հիման վրա ծագած աշխատանքային հարաբերությունները։ Մասնագիտական գրականության մեջ առաջանում են տերմինաբանական խնդիրներ։ Որոշ տեսաբանների կարծիքով «աշխատանքային պայմանագրի դադարում»  հասկացությունը, որն օգտագործվում է աշխատանքային օրենսդրության մեջ, հանդիսանում է առավել լայն հասկացություն։ Այն ընդգրկում է աշխատանքային պայմանագրի լուծման բոլոր հիմքերը և ներառում է ինչպես այն դեպքերը, երբ աշխատանքային պայմանագիրը գործողությունը դադարեցվում է կողմերի կամ կողմերից մեկի նախաձեռնությամբ, այնպես էլ այն դեպքերը երբ կողմերի կամքից անկախ հանգամանքերով աշխատանքային հարաբերությունները դադարում են։ «Աշխատանքային պայմանագրի դադարեցում» հասկացությունն իր մեջ ընդգրկում է պայմանագրի լուծման այն հիմքերը, որոնց դեպքում առկա է աշխատանքային պայմանագրի կողմերի՝ աշխատողի և գործատուի կամքը[2]։ Ա. Ն. Միրոնովան նշում է, որ «աշխատանքից ազատում» հասկացությունը օգտագործվում  է հիմնականում իրավակիրառ պրակտիկայում այն դեպքերում, երբ նախաձեռնող կողմը հանդիսացել է աշխատողը[3]։

Աշխատանքային պայմանագրի լուծման բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային պայմանագրի լուծում ասելով՝ պետք է հասկանալ աշխատանքի կատարման և դրանից բխող հանդիպակաց պարտավորությունների դադարեցումը՝ դրանք չվերականգնելու մտադրությամբ։ Դա նշանակում է, որ աշխատանքային պայմանագրի լուծումն ինքնին չի առաջացնում աշխատանքային իրավահարաբերությունների դադարում։ Մի շարք դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծվում է, սակայն աշխատանքային իրավահարաբերությունները դեռևս չեն դադարում, օրինակ՝ աշխատանքային պայմանագրի լուծումից հետո դեռևս գործատուն պարտավոր է կատարել վերջնահաշվարկ, աշխատողը պարտավոր է վերադարձնել աշխատանքի կատարման կապակցությամբ գործատուի կողմից իրեն հանձնված գործիքները և նյութերը։

Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքեր են համարվում իրավաբանական փաստերը, այսինքն՝ այնպիսի հանգամանքները, որոնց առկայության դեպքում օրենքը թույլ է տալիս աշխատանքային հարաբերությունների դադարում։ Նման իրավաբանական փաստերը կարող են լինել երկու տեսակ. առաջինը՝ կամային գործողություններ, երբ կողմերից մեկը կամ երկու կողմը կամ աշխատանքային պայմանագրի կողմ չհանդիսացող երրորրդ անձը, ով իրավունք ունի պահանջել պայմանագրի դադարում, նախաձեռնություն է ցուցաբերում աշխատանքային պայմանագրի դադարեցան վերաբերյալ, երկրորդ՝ հանգամանքներ, որոնք կապված չեն կողմերի կամքից և որոնց արդյունքում աշխատանքային պայմանագիրը դադարում է։ Այսպիսով, աշխատանքային պայմանագրի դադարման հիմքերը ներառում են ինչպես միակողմ կամ երկկողմ կամային գործողությունները, այնպես էլ դեպքերը։

Աշխատանքային պայմանագրի լուծումը կարող է տեղի ունենալ միայն աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված հիմքերի առկայության դեպքում։ Ընդ որում՝ նշված հիմքերի առկայությունը դեռևս չի դադարեցնում աշխատանքային պայմանագրի գործողությունը։ Հիմքերի առկայության հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև որոշակի իրավաբանական գործողություն համապատասխան անձի կողմից (գործատուի կողմից արձակած հրաման կամ աշխատողի դիմում/հայտարարություն), որը պետք է կատարվի օրենսդրությամբ սահմանված կարգով և պետք է արտահայտի կողմի՝ աշխատանքային պայմանագրի դադարեցման կամքը։

Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի դադարեցման հիմքերի առկայությունը ևս չի պարտավորեցնում վերջինիս աշխատանքից ազատել աշխատողին, այլ իրավունք է վերապահում սահմանված կարգի պահպանմամբ դադարեցնել աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները։

Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային պայմանագրի լուծումը գրեթե միշտ շոշափում է կողմերի իրավունքները և շահերը, հատկապես այն դեպքերում, երբ այն տեղի է ունենում կողմերից մեկի նախաձեռնությամբ և մյուս կողմի կամքին հակառակ։ Աշխատանքային պայմանագրերի հաճախակի դադարումը շոշափում է նաև հասարակության շահերը, քանի որ առաջացնում է այնպիսի բացասական հետևանք, ինչպիսին գործազրկությունն է։ Նման բացասական հետևանքներից խուսափելու և աշխատանքային հարաբերությունների կայունությունն ապահովելու նպատակով՝ պետությունը սահմանում է աշխատանքային պայմանագրի դադարման հիմքերը և կարգը։ 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի «Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը» վերտառությամբ 109-րդ հոդվածում թվարկված են աշխատանքային պայմանագրի դադարման ընդհանուր հիմքերը, որոնք սպառիչ են։ 

Աշխատանքային պայմանագրի դադարման հիմքերի սահմանումը, այդ թվում՝ դրանց սպառիչ թվարկումը ՀՀ աշխատանքային օրենսգրքով, համարվում է շատ կարևոր երաշխիք անօրինական ազատումներից։ 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է`

  1. կողմերի համաձայնությամբ.
  2. պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.
  3. աշխատողի նախաձեռնությամբ.
  4. գործատուի նախաձեռնությամբ.
  5. աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.
  6. դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը.
  7. եթե օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից.
  8. եթե աշխատողը մինչև տասնվեց տարեկան է, և ծնողներից մեկը, որդեգրողը կամ հոգաբարձուն կամ խնամակալը, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի ծառայողը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում.
  9. աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում.
  10. ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում.
  11. աշխատողի մահվան դեպքում.
  12. աշխատանքի ընդունվելիս սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և (կամ) 4-րդ կետերի համաձայն` աշխատողի ներկայացրած տեղեկատվությունը կեղծ լինելու դեպքում.
  13. աշխատողի և գործատուի համաձայնությամբ սահմանված փորձաշրջանի արդյունքներով.

աշխատանքի ընդունվելիս որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկված լինելու փաստը աշխատողի թաքցնելու դեպքում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ Աշխատանքային օրենսգիրք».
  2. Гейхман В.Л., Дмитриева И.К. Трудовое право. М., 2010. С. 130-131.
  3. Миронова А.Н. Трудовые споры о прекращении трудового договора: теоретические и практические аспекты: автореферат дис. кандидата юридических наук: 12.00.05 / Миронова А.Н.; [Место защиты: Моск. гос. ун-т им. М.В. Ломоносова]. М., 2007.С. 12.
  4. «ՀՀ աշխատանքային օրենսգիրք».