Աշխատանքային բուժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխատանքային բուժում, աշխատանքով որոշ հիվանդությունների և վնասվածքների բուժում։

Երկարատև անգործությունը տկարացնում է մարդուն, այն դեպքում, երբ աշխատանքն իբրև բնական խթան բարձրացնում է կենսական տոնուսը։ Երկարատև հիվանդության հետևանքով մարդու էներգիական հնարավորությունները նվազում են, որը ոչ միայն հիվանդագին վիճակի, այլև անգործունեության հետևանք է։ Հոգեբանական առումով անցանկալի է նաև չաշխատող մարդու երկարատև սոցիալական մեկուսացումը։

Աշխատանքի կիրառումը բուժման ընթացքում՝ բժշկության խնդիր է։ Միայն բժիշկը կարող է ճիշտ որոշել աշխատանքային բուժման սկիզբը, աշխատանքային բեռնվածությունը, աշխատանքի տեսակը, որոնք հանձնարարվում են հիվանդի վիճակին համապատասխան։ Աշխատանքային բուժումը, որպես վերականգնողական բուժման մեթոդ, կիրառվում է վերականգնման կենտրոններում, որտեղ վնասվածքներ, ուղեղային արյան շրջանառության խանգարումներ ունեցող հիվանդներին աստիճանաբար վերադարձնում են սովորական կենսական ռիթմի։ Այն օգնում է մարդուն գլխուղեղի անոթային ախտահարումից հետո վերականգնել ընդհանուր ակտիվությունը և մեղմացնել լուծանքների հետևանքները, ինֆարկտից հետո վերադառնալ նախկին կենսակերպին։

Աշխատանքային բուժումը ոսկրահոդային համակարգի հիվանդությունների դեպքում կանխում է հոդերի կայուն անշարժության (անկիլոզ) առաջացումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։