Աշխատակիցների հատուցումներ
Աշխատակիցների հատուցումներ, աշխատակիցների, ներառյալ տնօրենները և կառավարչական անձնակազմը, մատուցած ծառայության դիմաց կազմակերպության կողմից ցանկացած ձևով տրվող փոխհատուցումներ[1]։
Աշխատակիցների հատուցումները պետք է լինի հետևյալ չորս տեսակներից մեկը`
- աշխատակիցների կարճաժամկետ հատուցումներ, որոնք աշխատակիցների հատուցումներ են (բացի ազատման նպաստներից), որոնք ամբողջությամբ մարվում են այն ժամանակաշրջանի ավարտից հետո տասներկու ամսվա ընթացքում, որում աշխատակիցները մատուցում են համապատասխան ծառայությունը,
- հետաշխատանքային հատուցումներ, որոնք աշխատակիցների հատուցումներ են (բացի ազատման նպաստներից), որոնք ենթակա են վճարման աշխատանքային գործունեությունն ավարտելուց հետո,
- աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումներ, որոնք աշխատակիցների հատուցումներ են (բացի հետաշխատանքային հատուցումներից և ազատման նպաստներից), որոնք ոչ ամբողջությամբ են մարվում այն ժամանակաշրջանի ավարտից հետո տասներկու ամսվա ընթացքում, որում աշխատակիցները մատուցում են համապատասխան ծառայությունը,
- ազատման նպաստներ, որոնք աշխատակիցների հատուցումներ են, որոնք ենթակա են վճարման որպես հետևանք կամ`
- կազմակերպության որոշման` աշխատանքից ազատել աշխատակիցներին մինչև թոշակի անցնելու ընդունված ժամկետը, կամ
- աշխատակցի որոշման` աշխատակիցների թվաքանակի կրճատման դեպքում կամավոր ազատվել` փոխարենը ստանալով այդ նպաստները։
Աշխատակիցների հատուցումները ներառում են նաև բաժնետոմսերի վրա հիմնված վճարման գործարքները, որոնց միջոցով աշխատակիցները ստանում են բաժնային գործիքներ (ինչպիսիք են բաժնետոմսերը կամ բաժնետոմսերի օպցիոնները), կամ կազմակերպության բաժնետոմսերի կամ այլ բաժնային գործիքների գնի վրա հիմնված գումարներով արտահայտված դրամական միջոցներ կամ կազմակերպության այլ ակտիվներ։
Աշխատակիցների բոլոր հատուցումների ճանաչման ընդհանուր սկզբունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպությունը աշխատակիցների բոլոր այն հատուցումների ծախսումները, որոնց նկատմամբ աշխատակիցները հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կազմակերպությանը ծառայություններ մատուցելու արդյունքում ձեռք են բերել իրավունք, պետք է ճանաչի`
- որպես պարտավորություն, աշխատակցին ուղղակիորեն վճարված կամ աշխատակիցների հատուցումների հիմնադրամին որպես մասհանում վճարված գումարները հանելուց հետո։ Եթե վճարված գումարը գերազանցում է մինչև հաշվետու ամսաթիվը մատուցած ծառայությունից առաջացած պարտականության գումարը, կազմակերպությունը այդ գերազանցումը պետք է ճանաչի որպես ակտիվ այն չափով, որով կանխավճարը կհանգեցնի ապագա վճարումների կրճատման կամ դրամական միջոցների վերադարձի.
- որպես ծախս, բացառությամբ երբ ՖՀՄՍ-ները պահանջում են, որ ծախսումը ճանաչվի որպես ակտիվի արժեքի մաս, ինչպիսիք են` պաշարները կամ հիմնական միջոցները։
Աշխատակիցների կարճաժամկետ հատուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատակիցների կարճաժամկետ հատուցումները ներառում են այնպիսի հոդվածներ, ինչպիսիք են` աշխատավարձերը և սոցիալական ապահովության մասհանումները, կարճաժամկետ փոխհատուցելի բացակայությունները (ինչպիսիք են վճարովի տարեկան արձակուրդները և հիվանդության հետ կապված վճարովի արձակուրդները), երբ ակնկալվում է, որ բացակայությունները տեղի կունենան այն ժամանակաշրջանի ավարտից հետո տասներկու ամսվա ընթացքում, որում աշխատակիցները մատուցել են համապատասխան ծառայությունը, շահույթի բաշխումները և պարգևավճարները, որոնք ենթակա են վճարման այն ժամանակաշրջանի ավարտից հետո տասներկու ամսվա ընթացքում, որում աշխատակիցները մատուցել են համապատասխան ծառայությունը, ոչ դրամային հատուցումները (ինչպիսիք են բուժսպասարկումը, բնակարանով և ավտոմեքենայով ապահովումը, անվճար կամ մասնակի վճարումով ապրանքների կամ ծառայությունների տրամադրումը) ընթացիկ ժամանակաշրջանում աշխատող աշխատակիցների համար։
Հետաշխատանքային հատուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաշխատանքային հատուցումները ներառում են, օրինակ՝ աշխատանքային գործունեությունը ավարտելու հետ կապված հատուցումները, ինչպիսիք են կենսաթոշակները, այլ հետաշխատանքային հատուցումներ, ինչպիսիք են հետաշխատանքային կյանքի ապահովագրությունը և հետաշխատանքային բուժսպասարկումը։
Հետաշխատանքային հատուցումների պլանները դասակարգվում են կամ որպես սահմանված մասհանումների պլաններ, կամ որպես սահմանված հատուցումների պլաններ` կախված դրանց հիմնական պայմաններից։
Սահմանված մասհանումների պլանները հետաշխատանքային հատուցումների պլաններ են, որոնց համաձայն կազմակերպությունը ֆիքսված մասհանումներ է կատարում որևէ առանձին կազմակերպության (հիմնադրամի) և չունի իրավական կամ կառուցողական պարտականություն` կատարելու հետագա մասհանումներ կամ կատարելու հատուցումների ուղղակի վճարումներ աշխատակիցներին, եթե հիմնադրամը չունենա բավարար ակտիվներ, որպեսզի վճարի աշխատակիցների բոլոր հատուցումները` կապված ընթացիկ և նախորդ ժամանակաշրջաններում աշխատակցի ծառայության հետ։ Աշխատակցի կողմից ստացվող հետաշխատանքային հատուցումների գումարը որոշվում է կազմակերպության (հնարավոր է` նաև աշխատակցի) կողմից հետաշխատանքային հատուցումների պլանին կամ ապահովագրողին վճարված մասհանումների գումարով` այդ մասհանումներից առաջացող ներդրումների հատույցի հետ միասին։
Սահմանված հատուցումների պլանները սահմանված մասհանումների պլաններից տարբեր հետաշխատանքային հատուցումների պլաններ են։ Ըստ սահմանված հատուցումների պլանի` կազմակերպությունը պարտականություն ունի տրամադրելու համաձայնեցված հատուցումներ ընթացիկ ժամանակաշրջանում աշխատող և նախկին աշխատակիցներին, և ակտուարային ռիսկը (որ հատուցումները կլինեն ակնկալվածից շատ կամ քիչ) և ներդրումային ռիսկը (որ հատուցումները ֆինանսավորելու համար առանձնացված ակտիվներից հատույցները կտարբերվեն ակնկալիքներից), ըստ էության, կրում է կազմակերպությունը։ Եթե ակտուարային կամ ներդրումային փորձի արդյունքները ակնկալվածից ավելի վատ են, ապա կազմակերպության պարտականությունը կարող է աճել, և հակառակը` եթե ակտուարային կամ ներդրումային փորձի արդյունքները ակնկալվածից ավելի լավ են, ապա կազմակերպության պարտականությունը կարող է նվազել։
Աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումները ներառում են, օրինակ՝ երկարաժամկետ փոխհատուցելի բացակայությունները, ինչպիսիք են երկարամյա ծառայության համար տրվող արձակուրդը կամ գիտական (ստեղծագործական) աշխատանքների համար տրվող արձակուրդը, երկարամյա ծառայության համար հատուցումները, երկարաժամկետ անաշխատունակության նպաստները, շահույթի բաշխումները և պարգևավճարները, որոնք ենթակա են վճարման այն ժամանակաշրջանի ավարտից տասներկու կամ ավելի ամիսներ հետո, որում աշխատակիցները մատուցել են համապատասխան ծառայությունը, հետաձգված փոխհատուցումները, որոնք ենթակա են վճարման այն ժամանակաշրջանի ավարտից տասներկու կամ ավելի ամիսներ հետո, որում դրանք վաստակվել են։
Կազմակերպությունը աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումների գծով պետք է ճանաչի պարտավորություն` չափված հետևյալ մեծությունների զուտ հանրագումարով`
- հաշվետու ամսաթվի դրությամբ հատուցումների գծով պարտականության ներկա արժեքը` հանած
- հաշվետու ամսաթվի դրությամբ պլանի ակտիվների (եթե այդպիսիք կան) իրական արժեքը, որոնցից ուղղակիորեն մարվելու են պարտականությունները։
Կազմակերպությունը պետք է ճանաչի ժամանակաշրջանի ընթացքում պարտավորության զուտ փոփոխությունը` որպես ժամանակաշրջանի ընթացքում աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումների արժեք, բացառությամբ ժամանակաշրջանի ընթացքում աշխատակիցներին վճարված հատուցման կամ գործատուից ստացված մասհանումներին վերագրվող փոփոխությունը։ Այդ արժեքն ամբողջությամբ ճանաչվում է շահույթում կամ վնասում որպես ծախս, եթե ՖՀՄՍ-ները չեն պահանջում, որ այն ճանաչվի որպես ակտիվների, օրինակ` պաշարների կամ հիմնական միջոցների արժեքի մի մաս։
Ազատման նպաստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպությունը կարող է օրենսդրությամբ, աշխատակիցների կամ նրանց ներկայացուցիչների հետ կնքված պայմանագրային կամ այլ համաձայնությամբ, կամ էլ գործարար պրակտիկայի, ավանդույթների կամ արդար գործելու ցանկության վրա հիմնված կառուցողական պարտականությամբ պարտավորված լինել վճարումներ կատարել (կամ տրամադրել այլ հատուցումներ) աշխատակիցներին, երբ կազմակերպությունը դադարեցնում է նրանց աշխատանքը։ Այդպիսի վճարումները ազատման նպաստներ են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թաթուլ Մովսիսյան «Հաշվապահական հաշվառում» (2-րդ լրամշակված հրատարակություն)/-Եր., «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ, 2020, 552 էջ.