Jump to content

Անցողիկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անցողիկություն, ժամանակայնություն կամ տեմպորալություն (temporality = լատիներեն՝ tempora «ժամանակներ» ← tempus «ժամանակ» հոգնակին), փիլիսոփայության մեջ անցյալի, ներկայի և ապագայի գծային հաջորդականության գաղափար։ Սակայն այս տերմինը հաճախ օգտագործվում է գծային ժամանակի մասին տարածված գաղափարների քննադատության համատեքստում։ Հասարակական գիտություններում ժամանակայնությունն ուսումնասիրվում է մարդու կողմից ժամանակի ընկալման և ժամանակի սոցիալական կազմակերպման համատեքստում[1]: Արևմտյան մտածողության մեջ ժամանակի ընկալումը զգալի փոփոխությունների է ենթարկվել միջնադարից մինչև արդի ժամանակների միջև ընկած երեք հարյուր տարվա ընթացքում[2]:

Մայրցամաքային փիլիսոփայության մեջ ժամանակայնության հարցեր բարձրացնող փիլիսոփաների օրինակներից են Էդմունդ Հուսերլի ներքին ժամանակային գիտակցության վերլուծությունը, Մարտին Հայդեգերի գլուխգործոցը` «Կեցություն և ժամանակ» աշխատությունը (գերմ.՝ Sein und Zeit)[3], Ջ. Մ. Է. ՄաքԹագգարտի «Ժամանակի անիրականությունը»[4] հոդվածը, Ջորջ Հերբերտ Միդի «Ներկայի փիլիսոփայությունը»[5] և Ժակ Դերիդայի քննադատությունները Հուսերլի վերլուծության վերաբերյալ[6]։

Ժամանակայնությունը «խորապես միահյուսված է արդարության համար ծավալվող պայքարում իշխանությունը զսպելու և խաթարելու հռետորական գործողության հետ»[7]: Ժամանակայնությունները, մասնավորապես եվրոպական գաղութատիրության մեջ, քննադատական տեսության (Ֆրանկֆուրտյան դպրոց)[8] մեջ դիտարկվել են որպես թե՛ բնիկ համայնքների ենթարկման և ճնշման, թե՛ այդ ճնշմանը բնիկների դիմադրության գործիք[9]:

Ժամանակի պահերի և ժամանակային բնութագրերի միջև որոշակի կապ, երևույթների ժամանակային էություն, այն երևույթների և գործընթացների փոփոխությունների դինամիկա, որոնց որակական առանձնահատկությունները որոշվում են մարդկային գոյության սոցիալ-մշակութային առանձնահատկություններով:

Ժամանակայնության հասկացությունը փիլիսոփայական մշակույթ է մտել ֆենոմենոլոգիական և էքզիստենցիալիստական ավանդույթների շնորհիվ, որոնցում մարդկային գոյության ժամանակայնությունը հակադրվում է ժամանակին, նկարագրվում է որպես օտարված, ներխուժող և ճնշող: Մշակութային ուսումնասիրություններում, հոգեբանության մեջ և ֆենոմենոլոգիական կողմնորոշմամբ սոցիոլոգիայում ժամանակայնության հասկացությունը հիմնականում օգտագործվում է այնպիսի դինամիկ օբյեկտներ նկարագրելու համար, ինչպիսիք են անհատականությունը, սոցիալական խումբը, դասը, հասարակությունը և արժեքը: Ժամանակային վերլուծության մեթոդաբանությունը հիմնված է փոխկապակցված սոցիալական երևույթները վերլուծելու գաղափարի վրա՝ դրանց ժամանակայնության համեմատության միջոցով:

Ժամանակային շրջադարձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտավոր պատմագրության մեջ հասարակական գիտությունները` հարցականի տակ դնելով պատմության պարբերականացումը, և որպես տարածական շրջադարձից[10] հետո հետագա զարգացում, սկսել են վերանայել ժամանակը և դրա տարբեր սոցիալական ընկալումները[11]: Հասարակական գիտությունները, որոնք դիտարկում են ժամանակային շրջադարձը, ուսումնասիրում են ժամանակի տարբեր ընկալումները տարբեր ժամանակներում և վայրերում, ինչը հանգեցնում է այնպիսի հասկացությունների առաջացմանը, ինչպիսին է ժամանակատարածությունը, որտեղ ժամանակն ու տարածությունը փոխկապակցված են հասկացվում[12]:

Ժամանակի նույնականացումը, գնահատումը և գործելակերպը կարող են զգալի տարբերություններ ներկայացնել՝ կախված ոլորտից. ժամանակի գնահատումը զգալիորեն տարբերվում է աստղագիտության, երկրաբանության, հնէաբանության, հնագիտության, պատմության, տնտեսագիտության, աշխարհաքաղաքականության կամ նույնիսկ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմատիկայի կամ հեռահաղորդակցության ոլորտներում։

Տնտեսագիտությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի ընթացքի անդառնալի բնույթը դրան տալիս է որոշակի արժեք, այդ թվում՝ դրամական («Ժամանակը ոսկի է». բարձր հաճախականության առցանց միջնորդության միջոցով ֆոնդային շուկայի առևտուրը զարգացնող թրեյդերների համար մի քանի նանովայրկյան շահելը պահանջում է միլիարդավոր եվրոների ներդրումներ[13]) կամ կենսական («Ժամանակը կյանք է»)։

Այսպիսով, ժամանակը կարելի է համարել «չվերականգնվող» բնական ռեսուրս։ Եվ ժամանակայնությունը այն չափումներից մեկն է, որն իրականում ի հայտ է եկել 1990-ականներին՝ կայունության միջոցով «կայուն զարգացման» հասկացությամբ:

Ժամանակի հասկացությունը կարող է աննշան թվալ մեր տարածաժամանակում, որտեղ ամեն ինչ ժամանակայնության մաս է կազմում, բայց այն ձեռք է բերել յուրահատուկ, նոր նշանակություն բազմաթիվ ոլորտներում (բարձր ճշգրտության ատոմային ժամացույցից մինչև ֆինանսական սպեկուլյացիաներ, որոնք հիմնված են բարձր հաճախականության ֆոնդային բորսայի առևտրի վրա, որն իրականացվում է նանովայրկյանների մասշտաբով առևտրականներին փոխարինող ծրագրաշարի միջոցով, և որը կարող էր դեր ունենալ որոշ բանկերի սնանկացման և 2008 թվականի ճգնաժամի մեջ):

Ժամանակային շրջանակները ձևավորվում են ֆինանսական ցիկլի հիման վրա՝ ներդրված կապիտալ ⇒ կապիտալի «աշխատանք» ⇒ ներդրված կապիտալի և/կամ դրան կից եկամտի եկամտաբերություն։

  • Կարճաժամկետը վերաբերում է ֆինանսական շուկաներում մի քանի օրվա ժամանակահատվածներին։ Վարկերի դեպքում սա կարող է լինել մինչև մեկ տարի։
  • Միջնաժամկետը սովորաբար տևում է 3-ից 5 տարի (փոխառություններ և այլն)։
  • Երկարաժամկետը վերաբերում է 5 կամ 10 տարուց ավելի ժամանակահատվածներին (20 տարուց ավելի փոխառությունները երբեմն անվանում են շատ երկարաժամկետ վարկեր)։

Փիլիսոփայությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայի համար ժամանակայնությունն ամենից հաճախ ընկալվում է որպես պատմական և շարունակական տրամաբանության դրսևորում՝ անցյալ, ներկա և ապագա: Գիտական ​​հայտնագործությունները, մասնավորապես Այնշտայնի հայտնագործությունները, փիլիսոփաներին դրդել են վերանայել ժամանակի այս անփոփոխ հասկացությունը և նոր դարաշրջանի որոշ փիլիսոփաներ ժամանակայնությունը տարբեր կերպ են մեկնաբանել։

Էդմունդ Հուսերլը գրել է «Դասեր ժամանակի մտերիմ գիտակցության ֆենոմենոլոգիայի համար» աշխատությունը` ժամանակի ներքին գիտակցության վերլուծությունը, իսկ Մարտին Հայդեգերը վերանայել է ժամանակի օնտոլոգիան «Կեցություն և ժամանակ» (1927) աշխատության մեջ: Օրինակներից են` ՄաքԹագգարտի «Ժամանակի անիրականությունը», Ջորջ Հերբերտ Միդի «Ներկայի փիլիսոփայությունը» (1932) և Ժակ Դերիդայի քննադատությունը Հուսերլի վերլուծության վերաբերյալ, ինչպես նաև Նիցշեի «հավերժական վերադարձը», չնայած վերջինս ավելի շատ վերաբերում է ժամանակայնություն առաջացնող պատմականությանը։

Տեմպորալ ֆինիտիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակային ֆինիտիզմը (վերջավորություն) անցյալի վերջավորության ուսմունքն է: Արիստոտելիփիլիսոփայական հայացքների համաձայն, ինչպես դրանք ներկայացված են նրա «Ֆիզիկա» աշխատությունում, տարածությունը վերջավոր է, իսկ ժամանակն անվերջ: Այս ուսմունքը խնդիրներ է ստեղծել միջնադարյան իսլամական, հրեական և քրիստոնյա փիլիսոփաների համար, ովքեր չկարողացան համատեղել Արիստոտելի հավերժության հայեցակարգը արարչագործության աստվածաշնչյան պատմության հետ:

Ժամանակակից կոսմոլոգիան, ավելի շատ հենվելով ֆիզիկայի, քան փիլիսոփայության հիմքերի վրա, ընդունում է ֆինիտիզմը Մեծ պայթյունի տեսության տեսքով, այլ ոչ թե կայուն վիճակի տեսությունը, որը հավանական է համարում անվերջ տիեզերքի գոյությունը։

Իմմանուիլ Կանտի առաջին անտինոմիայում ժամանակային վերջավորության օգտին բերվող փաստարկները, գոնե մեկ առումով, հետևյալն են.

...ենթադրենք, որ աշխարհը ժամանակի մեջ սկիզբ չունի, այդ դեպքում նախքան ժամանակի որևէ պահը անցել է հավերժություն, և, հետևաբար, աշխարհում իրերի հաջորդական վիճակների անվերջ շարք է անցել։ Սակայն շարքի անվերջությունն հենց նրանում է, որ այն երբեք չի կարող ավարտվել հետևողական սինթեզի միջոցով։ Հետևաբար, անցյալի անվերջ աշխարհաշարքը անհնար է. սա նշանակում է, որ աշխարհի սկիզբը դրա գոյության անհրաժեշտ պայման է...[14][15]:
- Իմանուիլ Կանտ, «Մաքուր բանականության քննադատություն»

Տեմպորալ տրամաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեմպորալ կամ ժամանակային տրամաբանությունը տրամաբանություն է, որի պնդումները հաշվի են առնում ժամանակային կողմը[16]։ Այս հասկացությունն օգտագործվում է երևույթների հաջորդականությունները և դրանց փոխհարաբերությունները ժամանակային մասշտաբով նկարագրելու համար։

Հին ժամանակներում ժամանակային առումով տրամաբանության կիրառումը ուսումնասիրել են մեգարական դպրոցի փիլիսոփաները, մասնավորապես` Դիոդորոս Կրոնոսը և ստոյիկները: Ժամանակակից խորհրդանշական ժամանակային տրամաբանությունը, որն առաջին անգամ մոդալ տրամաբանության հիման վրա հայեցակարգել և ձևակերպել է նոր զելանդացի տրամաբան-փիլիսոփա Արթուր Նորման Փրայորը (1914-1969) 1950-ականներին[17], առավել լայնորեն կիրառվել և զարգացել է համակարգչային գիտության մեջ՝ շնորհիվ Թյուրինգի մրցանակի դափնեկիր Ամիր Պնուելիի (1941-2009) աշխատանքի[18]:

Ժամանակային տրամաբանությունը մոդալ տրամաբանությունից տարբերվում է հիմնականում նրանով, որ այն ժամանակային պայմաններում ուղղակիորեն հաշվի է առնում պատճառահետևանքային կապերը։ Օրինակ, սխոլաստների համար «Սոկրատեսը նստած է» արտահայտությունը (օրինակ, որը քննարկել է Արիստոտելը) ամբողջական է այն իմաստով, որ այն հաստատուն է, և որոշակի պահերին ճշմարիտ է, որոշ պահերին՝ կեղծ: Արթուր Փրայորն ավելի ծանոթ էր այն տեսակետին (որը մինչ օրս լայնորեն տարածված է), որ նման արտահայտությունը թերի է, քանի դեռ ժամանակային հղում չի տրամադրվում, և, հետևաբար, չնայած դա անելու թվացյալ բնականությանը, չի կարելի համարել, որ արտահայտությունը փոխում է իր ճշմարտացիության արժեքը ժամանակի ընթացքում[17]:

Պատճառահետևանքային կապ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիորի ժամանակայնությունը (ժամանակայնությունն ինքնին) ժամանակի մեջ պահերի փոխկապակցվածությունն է, մինչդեռ էմպիրիկ ժամանակայնությունը ժամանակի մեջ իրադարձությունների պատճառահետևանքային փոխկախվածությունն է, այսինքն՝ պատճառականությունը։

Տեմպորալ բյուրեղ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեմպորալ կամ ժամանակային բյուրեղը հիպոթետիկ ֆիզիկական կառուցվածք է, որը պարբերաբար փոխում է իր կառուցվածքը հավասար ժամանակահատվածներում, երբ դրան դրսից էներգիա է հաղորդվում[19]: 2015 թվականին ապացուցվել է, որ ամենացածր էներգիա ունեցող վիճակում և ցանկացած հավասարակշռության համակարգում, որը հասել է կայուն վիճակի ցանկացած էներգիայի արժեքով, ժամանակային բյուրեղի ստեղծումը անհնար է, եթե համակարգում փոխազդեցությունները կարճ հեռավորության վրա են: Ժամանակային բյուրեղի նմանություն ստեղծվել է 2017 թվականին՝ հիմնվելով ոչ հավասարակշռված համակարգերի վրա, որոնք էներգիա են ստանում լազերային ճառագայթումից կամ միկրոալիքային ճառագայթումից[20][21]:

Ժամանակային բյուրեղի գաղափարն առաջին անգամ նկարագրել է Ֆրենկ Վիլչեկը 2012 թվականին։ Քվանտային ժամանակային բյուրեղն իրականացնող առաջին ֆիզիկական մոդելը առաջարկվել է 2019 թվականին՝ հիմնված բազմամասնիկային ոչ տեղային փոխազդեցություններով քվանտային բիթերի (quantum bit) համակարգի վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ialenti, Vincent (2020). Deep Time Reckoning. Cambridge, Massachusetts: The MIT Press. ISBN 9780262539265.
  2. Utz, Richard (2011). «Negotiating Heritage: Observations on Semantic Concepts, Temporality, and the Centre of the Study of the Cultural Heritage of Medieval Rituals». Philologie Im Netz (58): 70–87. ISSN 1433-7177.
  3. Daniel Fidel Ferrer and Ritu Sharma (2016 թ․ օգոստոսի 26). Heidegger Being and Time, Sein und Zeit (1927): An Index.
  4. «The Unreality of Time». www.ditext.com. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 30-ին.
  5. George Herbert Mead (1932). The Philosophy Of The Present.
  6. Derrida, Jacques. The Problem of Genesis in Husserl’s Philosophy (անգլերեն). Translated by Hobson, Marian. Chicago, IL: University of Chicago Press.
  7. Bjork, Collin; Buhre, Frida (2021 թ․ մայիսի 27). «Resisting Temporal Regimes, Imagining Just Temporalities». Rhetoric Society Quarterly. 51 (3): 177–181. doi:10.1080/02773945.2021.1918503. ISSN 0277-3945.
  8. «КРИТИЧЕСКАЯ ТЕОРИЯ • Большая российская энциклопедия - электронная версия». old.bigenc.ru. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 30-ին.
  9. Buhre, Frida; Bjork, Collin (2021 թ․ մայիսի 27). «Braiding Time: Sami Temporalities for Indigenous Justice». Rhetoric Society Quarterly. 51 (3): 227–236. doi:10.1080/02773945.2021.1918515. ISSN 0277-3945.
  10. «What is the Spatial Turn? · Spatial Humanities». spatial.scholarslab.org. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 30-ին.
  11. Corfield, Penelope J. (2015). «History and the Temporal Turn: Returning to Causes, Effects and Diachronic Trends». Les âges de Britannia. Presses universitaires de Rennes. էջեր 259–273. doi:10.4000/books.pur.92961. ISBN 9782753540200.
  12. May, J.; Thrift, N. (2003). Timespace: Geographies of Temporality. Critical Geographies. Taylor & Francis. ISBN 978-1-134-67785-6. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  13. «Pour quelques microsecondes de moins... et quelques milliards de plus». La Tribune (ֆրանսերեն). 2011-07-21CEST13:48:57+0200. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 31-ին.
  14. «Спектор Д.М. Время и трансцендентальный субъект. Кант и Гегель». Философская мысль. 10 (10): 18–33. 2017-10. doi:10.25136/2409-8728.2017.10.20747. ISSN 2409-8728.
  15. Кант И. Сочинения в шести томах. — М.: «Мысль», 1964. — Т. 3. — С. 404.
  16. Goranko, Valentin; Rumberg, Antje (2025). Zalta, Edward N.; Nodelman, Uri (eds.). Temporal Logic (Summer 2025 ed.). Metaphysics Research Lab, Stanford University.
  17. 1 2 Copeland, B. Jack (2020). Zalta, Edward N.; Nodelman, Uri (eds.). Arthur Prior (Spring 2020 ed.). Metaphysics Research Lab, Stanford University.
  18. «ACM: Fellows Award / Amir Pnueli». awards.acm.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008-02-28-ին. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 31-ին.
  19. Zakrzewski, Jakub (2012 թ․ հոկտեմբերի 15). «Crystals of Time». Physics (անգլերեն). 5: 116. doi:10.1103/PhysRevLett.109.160402.
  20. Аня Грушина Рябь времени, или Когда физика лучше фантастики // Наука и жизнь. — 2017. — № 6. —С. 10-13
  21. Алексей Понятов. Десять крупнейших событий 2017 года в физике и астрономии. 6. Темпоральный кристалл — два варианта. // Наука и жизнь. — 2018. — № 1. — С. 8-12

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]