Անցման ժամանակաշրջան կապիտալիզմից սոցիալիզմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անցման ժամանակաշրջան կապիտալիզմից սոցիալիզմին պատմական հատուկ ժամանակաշրջան, որ սկսվում է սոցիալիստական հեղափոխության հաղթանակով, պրոլետարիատի դիկտատուրայի ու արտադրության կարևորագույն միջոցների հանրային սեփականության հաստատումով և ավարտվում սոցիալիզմի լիակատար հաղթանակով։ «Կապիտալիստական և կոմունիստական հասարակության միջև ընկնում է մի ժամանակաշրջան, երբ առաջինը ռևոլյուցիոն ձևով փոխարկվում է երկրորդին։ Այդ շրջանին համապատասխանում է նաև անցման մի քաղաքական շրջան, և այդ շրջանի պետությունն ուրիշ ոչինչ չի կարող լինել, բացի պրոլետարիատի ռևոլյուցիոն դիկտատուրայից» (Կառլ Մարքս , Գոթայի ծրագրի քննադատությունը, 1955 թվականԱնցման ժամանակաշրջանի անհրաժեշտությունը պայմանավորված է արտադրության կոմունիստական եղանակի առաջացման ու զարգացման առանձնահատկություններով։ Արտադրության միջոցների մասնավոր սեփականության վրա հիմնված յուրաքանչյուր նոր հասարակարգի արտադրահարաբերություններն առաջանում են նախորդ հասարակարգի ընդերքում։ Օրինակ՝ կապիտալիստական արտադրահարաբերություններն առաջանում են ֆեոդալական հասարակարգի ընդերքում և գոյություն ունենում որպես տնտեսաձև։ Դա պայմանավորված է այդ հասարակարգերի տնտեսական հիմքերի նույնատիպությամբ։ Բուրժուական հեղափոխությունն ավարտվում է միայն իշխանության գրավումով, որի միջոցով վերացվում են ֆեոդալական հիմնարկությունները։

Կոմունիստական արտադրաեղանակն արմատականորեն տարբերվում է կապիտալիստականից և, հետևաբար, որպես տնտեսաձև, չի կարող առաջանալ նրա ընդերքում։ Կապիտալիզմի պայմաններում ստեղծվում են միայն կոմունիստական արտադրաեղանակին անցնելու նյութական (խոշոր մեքենայական արտադրություն) և սուբյեկտիվ (բանվոր դասակարգ) նախադրյալներ։ Պրոլետարական հեղափոխությունը տեղի է ունենում կոմունիստական տնտեսաձևի բացակայության պայմաններում։ Իշխանության գրավումն այդ հեղափոխության սկիզբն է հաստատվում է պրոլետարիատի դիկտատուրայի պետություն, որն օգտագործվում է որպես միջոց՝ կապիտալիստական արտադրահարաբերությունները վերացնելու և կոմունիստական արտադրաեղանակի ստորին փուլը՝ սոցիալիզմը կառուցելու համար։ Այս արմատական վերափոխման համար պահանջվում է պատմական հատուկ անցման ժամանակաշրջան։ Սոցիալիզմի կառուցմանը բնորոշ են մի շարք ընդհանուր օրինաչափություններ, որոնք հաստատվում են ՍՍՀՄ-ի և սոցիալիստական մյուս երկրների փորձով։ Դրանք են՝ մարքս-լենինյան կուսակցության առաջնորդությամբ բանվոր դասակարգի կողմից աշխատավորական զանգվածների ղեկավարումը պրոլետարական հեղափոխություն կատարելու և այս կամ այն ձևով պրոլետարիատի դիկտատուրա հաստատելու համար, բանվոր դասակարգի դաշինքը գյուղացիության հիմնական զանգվածի և աշխատավորական այլ խավերի հետ. կապիտալիստական սեփականության վերացումն ու արտադրության հիմնական միջոցների հանրային սեփականության հաստատումը, գյուղատնտեսության աստիճանական սոցիալիստական վերափոխումը, սոցիալիզմի և կոմունիզմի կառուցման, աշխատավորների կենսամակարդակի բարձրացման նպատակով ժողովրդական տնտեսության պլանաչափ զարգացումը, սոցիալիստական հեղափոխության իրագործումը գաղափարախոսության ու կուլտուրայի բնագավառում և աշխատավոր ժողովրդին, սոցիալիզմի գործին նվիրված մտավորականության ստեղծումը. ազգային ճնշման վերացումը և ժողովուրդների միջև իրավահավասարության և եղբայրական բարեկամության հաստատումը, սոցիալիզմի նվաճումների պաշտպանությունն արտաքին ու ներքին թշնամիների ոտնձգություններից, տվյալ երկրի բանվոր դասակարգի համերաշխությունը մյուս երկրների բանվոր դասակարգի հետ՝ պրոլետարական ինտերնացիոնալիզմը։ Սոցիալիստական արտադրահարաբերությունների հաղթանակի անհրաժեշտ պայմանը սոցիալիզմի նյութատեխնիկական բազայի՝ էլեկտրիֆիկացված խոշոր մեքենայական արտադրության ստեղծումն է, որ վարվում է կոլեկտիվ ձևով և զարգանում պլանաչափորեն։ Անցման ժամանակաշրջանի օրինաչափությունները տարբեր երկրներում իրագործվում են յուրահատուկ ձևերով, որոնք համապատասխանում են յուրաքանչյուր երկրի պատմականորեն կազմավորված առանձնահատկություններին և տվյալ ժամանակաշրջանում ստեղծված պայմաններին։ Ձևերի այդ բազմազանությունը ոչ միայն չի բացառում ընդհանուր օրինաչափությունները, այլև ստեղծագործաբար հարստացնում է սոցիալիզմի կառուցման մարքս-լենինյան տեսությունը։ Անցման ժամանակաշրջանի էկոնոմիկային հատուկ են երեք հիմնական՝ սոցիալիստական, կապիտալիստական և մանրապրանքային տնտեսաձևեր։ Բայց որոշ երկրներում կարող են գոյություն ունենալ նաև նահապետական-գյուղացիական և պետական կապիտալիզմի տնտեսաձևեր։ Հիմնական տնտեսաձևերին համապատասխանում են դասակարգեր՝ բանվոր դասակարգը, մանր բուրժուազիան (հատկապես՝ գյուղացիությունը) և բուրժուազիան։ Անցման ժամանակաշրջանի հիմնական հակասությունը մեռնող կապիտալիզմի և նոր զարգացող սոցիալիզմի միջև եղած հակասությունն է։

Aquote1.png «Անցման այդ ժամանակաշրջանը չի կարող պայքարի ժամանակաշրջան չլինել մեռնող կապիտալիզմի և ծնվող կոմունիզմի միջև, կամ, այլ խոսքով՝ պարտված, բայց չոչնչացված կապիտալիզմի և ծնված, բայց դեռ բոլորովին թույլ կոմունիզմի միջև» Aquote2.png

(Վլադիմիր Իլիչ Լենին)։

Սոցիալիզմի և կապիտալիզմի միջև պայքարը մղվում է «ով՝ ում» սկզբունքով, որ լուծվում է հօգուտ սոցիալիզմի։ Սոցիալիզմի հաղթանակը կապիտալիստական արտադրահարաբերությունների, էկոնոմիկայի բազմակացութաձևության վերացումն է և ժողովրդական տնտեսության մեջ սոցիալիստական արտադրահարաբերությունների համապարփակ տիրապետության հաստատումը, սոցիալիզմին համապատասխան զարգացած արտադրողական ուժերի ստեղծումը նյութական արտադրության բոլոր ճյուղերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 458 CC-BY-SA-icon-80x15.png