Անրի Վիյոտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անրի Վիյոտան
Vieuxtemps.jpeg
Ի ծնե անունֆր.՝ Henri François Joseph Vieuxtemps
Ծնվել էփետրվարի 17, 1820(1820-02-17)[1][2][3][4][5][6]
Վերվիե, Վերվիե, Լիեժ, Վալոնիա, Բելգիա[7]
ԵրկիրFlag of Belgium.svg Բելգիա
Մահացել էհունիսի 6, 1881(1881-06-06)[1][2][3][4][5][6] (61 տարեկանում)
Ալժիր, Ֆրանսիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի պրոֆեսոր և ջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրRoyal Conservatory of Brussels
ՇրջանավարտՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ԱմուսինJosephine Vieuxtemps[8]

Վիյոտան Անրի (ֆր.՝ Henri Vieuxtemps, փետրվարի 17, 1820(1820-02-17)[1][2][3][4][5][6], Վերվիե, Վերվիե, Լիեժ, Վալոնիա, Բելգիա[7] - հունիսի 6, 1881(1881-06-06)[1][2][3][4][5][6], Ալժիր, Ֆրանսիա), բելգիացի ջութակահար, կոմպոզիտոր և մանկավարժ։ Շ․ Բերիոյի աշակերտը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիյոտանի հայրը եղել է սիրողական մակարդակի ջութակահար և կիթառի վարպետ: Տղայի մեջ երաժշտական ընդունակություններ նկատելով` սկսել է սովորեցնել նրան նվագել ջութակ: Արդեն չորս տարեկանում տղան մասնակցում էր տնային համերգներին: Մի փոքր ուշ գրել է իր առաջին ստեղծագործությունը` «Աքաղաղի երգը»: Անրիի հայրը, հասկանալով, որ իր գիտելիքները բավարար չեն, սկսեց փնտրել իր տղայի համար պրոֆեսիոնալ ուսուցիչներ: Մ. Ժենենի շնորհիվ տղան շարունակեց սովորել Լ. Ժ. Լեկլու-Դեժոնկայի մոտ, ով պրոֆեսիոնալ ջութակահար էր Վերվյեից: 1827 թվականի ապրիլի 18-ին Անրին ներկայացավ Վերվեյում` «Վոկալ և գործիքային մեծ համերգին»: Դրան հաջորդեցին շրջագայությունները Բելգիայի և Հոլանդիայի քաղաքներով: Պատանի երաժիշտը դեպի իրեն հրավիրեց հայտնի ջութակահար Շառլ Բերիոյի ուշադրությունը, ով տղայի համար ձեռք բերեց Նիդերլանդների թագավորի կրթաթոշակ և վերցրեց իր հետ Բրյուսել, իսկ ավելի ուշ` Փարիզ: Վիյոտանի առաջին համերգը Փարիզում տեղի ունեցավ 1829 թվականին:

1833 թվականին Վիյոտանը սկսում է իր շրջագայությունները` արդեն իսկ սկզբում արժանանալով հիացական արձագանքների: Ռոբերտ Շումանը նրա մասին գրում է. «Երբ խոսում ես Վիյոտանի մասին, ակամա մտածում ես Պագանինիի մասին: Առաջին նոտայից մինչև վերջինը թվում է, թե մենք կանգնած ենք կախարդված շրջանի մեջ, որ չունի ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ:»[9]: Որոշ ժամանմակ ապրելով Վենայում` նա երաժշտության տեսության դասեր է առնում Սիմոն Զեխտերայից, իսկ 1835 թվականին վերադառնում է Փարիզ, որտեղ կատարելագործվում է որպես կոմպոզիտոր Անտոնին Ռեյխայի մոտ: Պատանի Վիյոտանին Ռեյխան բնութագրում է այսպես. «Անրի Վիյոտան որդին, որպես ջութակահար, արդեն տիրապետում է գերազանց տաղանդի, նաև շնորհված է երաժշտական ստեղծագործական հոյակապ տվյալներով, որոնց երևան գալու համար անհրաժեշտ է միայն ժամանակ և համապատասխան օգնություն, և այդ տվյալներով հետագայում նա հայտնի կդարձնի իր երկիրը:»: Այդ ժամանակին են վերաբերում Վիյոտանի առաջին խոշոր ստեղծագործությունները` fis-moll կոնցերտը` հրատարակված որպես №2, և E-dur` հայտնի որպես Առաջին կոնցերտ, ինչպես նաև ֆանտազիաները, հատկապես Ֆանտազիա-կապրիսը և «Հիշողություններ Ռուսաստանից» ֆանտազիան: Որոշ ստեղծագործություններ գրվել են համահեղինակ թավջութակահար, Վիյոտանի հայրենակից և ընկեր Ֆրանսուա Սերվեի հետ:

1844 թվականին Վիյոտանը ամուսնանում Վենացի դաշնակահար Ժոզեֆինա Էդերի հետ: Հետագայում նա միշտ ուղեկցել է ամուսնուն համերգային ճանապարհորդությունների ժամանակ և հաճախ ներկայացել է որպես նրա կոնցերտմայստեր: Հաջորդ տարում Անրի Վիյոտանը Ֆրանսուա Ֆետիսի, Շառլ Խանսենսի և իր ուսուցիչ Շառլ Բերիոյի հետ ընդունվում է Բելգիայի գիտությունների թագավորական ակադեմիայի արվեստի բաժին` որպես պատվավոր անդամներ:

1846 թվականից ապրել և աշխատել է Սանկտ-Պետերբուրգում, որտեղ դասավանդում էր և զբաղեցնում էր Իշխանական թատրոնի սոլիստի պաշտոնը: Ռուսաստանում աշխատելով յոթ տարի, հորինելով մի շարք երգեր և գրելով Չորրորդ կոնցերտը` Վիյոտանը վերադառնում է Փարիզ և շարունակում ակտիվ համերգային գործունեությունը: Ջութակահարի մեծ թվով համերգային շրջագայություններ անցակցվեցին ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Թուրքիայում և Ամերիկայում:

1866 թվականին Վիյոտանը զրկվում է հորից, իսկ 1868 թվականին նաև կնոջից: Ապրումները և հոգնեցուցիչ շրջագայությունները ազդեցություն են թողնում Վիյոտանի առողջության վրա: Նա որոշում է կրճատել համերգային գործունեությունը և զբաղվել մանկավարժությամբ: 1871 թվականին Վիյոտանը պրոֆեսորի պաշտոն է ստանում Բրյուսելի կոնսերվատորիայում: Իր աշակերտների մեջ ամենահայտնին դառնում է բելգիացի ջութակահար, խմբավար և կոմպոզիտոր Էժեն Իզաին: 1873 թվականին ինսուլտի, և դրա հետևանքով մարմնի ձախակողմյան մասի կաթվածահարության պատճառով նա ստիպված է լինում լքել իր պաշտոնը: Մասամբ վերականգնելով առողջությունը` Վիյոտանը, ամեն դեպքում, հրաժարվում է համերգային ջութակահարի կարիերան շարունակելուց, զբաղվում է կոմպոզիացիայով և երբեմն դասավանդելով: 1878 թվականին ջութակահարը բնակություն է հաստատում Ալժիրում, որտեղ և մահանում է երեք տարի անց` հերթական ինսուլտից:

Վիյոտանը եղել է ռոմանտիկ ուղղության խոշորագույն ջութակահարներից մեկը։ Նրա երկերին բնորոշ են փայլուն վիրտուոզային ֆակտուրան, դեկորատիվ, գունեղ գրելաձևը։ Գործիքային կոնցերտի ժանրի զարգացմանը նշանակալից ազդեցություն են գործել Վիյոտանի ջութակի 7 կոնցերտները։

Ստեղծագործական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիյոտանը ջութակի համար գրված մեծաքանակ ստեղծագործությունների հեղինակ է, որոնք մինչև այժմ էլ վայելում են մեծ հանրաճանաչություն. յոթ կոնցերտ ջութակի և նվագախմբի համար, երկու կոնցերտ թավջութակի համար, Մեծ սոնատներ դաշնամուրի և ջութակի համար, սոնատա ալտի և դաշնամուրի համար, Սյուիտներ հին ոճով, ֆանտազիաների շարքեր, վարիացիաների, կոնցերտային էտյուդներ, ռոմանսներ առանց բառերի և այլ պիեսաներ:

Լայն ճանաչում է վայելում Ալյաբևի ջութակի համար գրված հայտնի «Սոխակ» ռոմանսի մշակումը[10]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականին Վերվյեում կոմպոզիտորի հիշատակին կանգնեցվել է ճարտարապետ Ռոմբոյի կառուցած հուշարձանը: Անրի Վիյոտանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Բելգիայում անց է կացվել մրցույթ նրա անվամբ, որը իրականացվում է մինչև այսօր:

Վիյոտանի ջութակը` 1741 թվի Գվարների, վաճառքի է հանվել 2010 թվականին: Առաջադրված գինը` 18 միլլիոն դոլլար: Եթե հայտնվի գնորդ, ով պատրաստ է վճարել այդ գումարը, և գործարքը իրականանա, ապա Վիյոտանի գործիքը կդառնա աշխարհի ամենաթանկ գործիքը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 International Music Score Library Project — 2006.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Biographie Nationale de Belgique / Académie royale des sciences, des lettres et des beaux-arts de BelgiqueBruxelles: 1866.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Dictionnaire des WallonsFrench Community of Belgium, (untranslated).
  7. 7,0 7,1 7,2 Вьётан Анри // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. Вьетан, Жозефина // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIIа. — С. 606.
  9. Peter F. Ostwald. Schumann: The Inner Voices of a Musical Genius — UPNE, 1987. — P. 108. (անգլ.)
  10. Романс «Соловей», автор Александр Майкапар
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 452 CC-BY-SA-icon-80x15.png