Շաֆտսբերի հայացքները ձևավորվել են անգլիական նեոպլատոնականների («Քեմբրիջի դպրոցի») ազդեցությամբ։ Ըստ Շաֆտսբերի՝ զգայաբար տրվածի արտաքին ձևավորումը խարսխվում է որոշակի ներքին չափականության վրա, քանի որ ձևը չի կարող նյութից ծնվել, այն անստեղծ, մշտնջենական, զուտ իդեալական միասնություն է, որն ամբողջացնում և կերպավորում է բազմազանությունը։ Ոչ թե զգայական իրերի պատահական գոյությունը, այլ այդ ներքին և իդեալական չափականությունն է պատկերում իսկական արվեստագետը՝ դրանով իսկ լինելով կարծես իրականության յուրատեսակ երկրորդ արարիչ։ Արվեստագետը նմանվում է բնությանը․ նրա առջև բացվում է այն ներքին ձևը, որը հատուկ է ոչ միայն բնությանը, այլև գիտակցությանը։ Այդ ներքին ձևի օրենքը Շաֆտսբերը ձևակերպել է հետևյալ կերպ, ամեն մի կեցություն իր ամբողջականությունը մասերից չի ստանում, այն որպես ձևավորված ամբողջականություն առկա է և գործում է մասերից առաջ։ Շաֆտսբերի կարծիքով մարդն ընդունակ է անմիջականորեն ընկալելու ես-ի մեջ ձևի անհատական սկզբունքը (սեփական «հանճարը»), որի անհատական դրսևորումները, իրենց ողջ տարբերություններով հանդերձ, միմյանց նկատմամբ նույնական են՝ ձևաստեղծման իրենց կարողության առումով, որը կարող է անվանվել «տիեզերական հանճար»։ Շաֆտսբերի գեղագիտության ազդեցությունը նկատելի է Դ․ Դիդրոյի, Գ․ Համանի, Յո․ Գ․ Հերդերի, Վ․ Հումբոլդտի, գերմանացի ռոմանտիկների, Է․ Հուսեռլի հայացքներում, գեշտալդ հոգեբանության և Է․ Կասիրերի «Սիմվոլիկ ձևերի փիլիսոփայության» մեջ։ Բարոյականության արմատները, ըստ Շաֆտսբերի, մարդու բնածին «բարոյական զգացման» մեջ են։ Բարոյականության էությունը անհատական և հասարակական հակումների ներդաշնակ զուգակցման մեջ է։ Շաֆտսբերը գտնում է, որ բարոյական կատարելությունը գեղագիտական բնույթ ունի, գեղեցիկն ու բարոյականը անխզելիորեն կապված են իրար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 475)։