Անտառագիտությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խոսրովի արգելոց
Անտառ Տավուշում

Անտառագիտությունը Հայաստանում, անտառագիտության բնագավառի աշխատանքների նպատակը եղել է հիմնականում հանրապետության անտառային զանգվածների ընդլայնումը։ 1929 թվականին Վանաձորում հիմնադրվել է Անտառփորձակայան, որտեղ առաջին աշխատանքները նվիրվել են հանրապետության անտառների տիպաբանությանը և հատումներից հետո դրանց վերականգնմանը, կենսաբանական և անտառտնտեսական բնութագրմանը։ Հետագայում անտառագիտության նոր կենտրոն է ստեղծվել բուսաբանության ինստիտուտում, որի առաջնահերթ խնդիրը Սևանա լճի ջրերից ազատված տարածքի անտառապատումն է և համապատասխան տեսակաշարի ու ագրոտեխնիկայի մշակումը։ Այդ բաժնի (Պ. Խուրշուդյան և ուրիշներ) երաշխավորությամբ Սևանի ավագանում ստեղծվել են մոտ 7000 հա սոճու տնկարկներ։ Բուսաբանական պաշարներից առաջինը հետազոտվել են Հայաստանի տարածքի դեղաբույսերը։ Հետագայում Ա. Խրիմլյանն ավելի մանրամասն ուսումնասիրել է առանձին արժեքավոր բուսատեսակներ, օրինակ՝ եթերայուղատու բույսերը, Ձ. Աստվածատրյանը՝ տրագականտային գազերը, Ա. Սեպետճյանը՝ սննդական բույսերը, Ս. Ջոլոտնիցկայան՝ դեղաբույսերը։ Բուսաբանական գիտության կիրառական խնդիրներից է օգտակար բույսերի ինտրոդուկցիան։ Հանրապետության հողժողկոմը դեռևս 1927 թվականին Հրազդան գետի ափին հիմնադրել էր առաջին բուսաբանական այգին, 1935 թվականին մշակվել է նոր այգի՝ ավելի քան 100 հա տարածքում, որը բույսերի ինտրոդուկցիայի հանրապետության առաջին գիտական կենտրոնն է։ Այնուհետև կազմակերպվել են բուսաբանական այգու՝ Վանաձորի (1936) և Սևանի (1944) բաժանմունքները։ Գ. Յարոշենկոն, Հ. Մկրտչյանը, Տ. Չուբարյանը, Լ. Մախատաձեն, Ա. Գրիգորյանը, ժ. Վարդանյանը, Զ. Աստվածատրյանը և ուրիշներ այգում ու նրա մասնաճյուղերում ստեղծել են տարբեր աշխարհագր. ծագման և տարբեր կարգաբան, ու կենսաձևերի պատկանող ինտրոդուկցված բույսերի հարուստ հավաքածուներ՝ շուրջ 5000 անուն, այդ թվում՝ ծառերի ու թփերի ավելի քան 1600 տեսակ և սորտ, խոտաբույսերի 1240 տեսակ, այլատեսակ ու պարտիզային ձևեր։ Հրատարակվել է ժ. Վարդանյանի «Հայաստանի ծառերն ու թփերը բնության մեջ և մշակության պայմաններում» (2003) մենագրությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png