Անուն և ազգանուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անուն և ազգանուն, հնում մարդիկ երեխաներին անվանակոչում էին նրանց պահվածքին, արտաքինին համապատասխան կամ այնպիսի բառերով, որոնք արտահայտում էին ապագայում երեխային այս կամ այն հատկությամբ օժտված տեսնելու ցանկությունը, օրինակ՝ հայկական Վարդգես, Հրաչյա, Ռազմիկ անունները համապատասխանաբար նշանակում են վարդի պես մազեր, կրակոտ աչքեր ունեցող, մարտիկ։ Հայկական որոշ անուններ առաջացել են կենդանիների, թռչունների, ծաղիկների անվանումներից՝ Եզնիկ, Այծեմնիկ, Գառնիկ, Աղավնի, Արծվիկ, Հասմիկ և այլն։

Հին Արևելք և Հին Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Արևելքում սովորություն կար անձնանուններ կազմել աստվածների անունների նմանությամբ։ Հին Հռոմում անուն էին տալիս միայն առաջին չորս արու զավակներին, իսկ հաջորդներին անվանում էին ըստ թվական հերթականության, օրինակ՝ Քվինտոս՝ հինգերորդ, Սեքստոս՝ վեցերորդ, և այլն։

Քրիստոնեություն, Աստվածաշունչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեության տարածումից հետո երեխաներին անվանակոչում էին նաև Աստվածաշնչում հիշատակված անուններով, որոնք տարածվել են Արևմուտքի գրեթե բոլոր ժողովուրդների մեջ՝ վերափոխված տարբերակներով. Հովհաննեսը ֆրանսիացիները դարձրել են Ժան, անգլիացիները՝ Ջոն, լեհերը՝ Յան, իսպանացիները` Խուան, իտալացիները՝ Ջովաննի, ռուսները՝ Իվան։ Հայերի մեջ տարածված աստվածաշնչյան բազմաթիվ անուններ՝ Դավիթ, Ռուբեն, Իսահակ, Սառա, Թամար, Պետրոս և այլն, երբեմն ընկալվում են իբրև հայկական։

Հայկական անունների ստեղծում և վերամշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Աճառյան

Հայկական անունների ուսումնասիրությամբ հատկապես զբաղվել է Հրաչյա Աճառյանը։ նա կազմել է իր տեսակի մեջ եզակի` «Հայոց անձնանունների բառարանը»՝ 5 հատորով։ Հայկական մի շարք անուններ արտահայտում են մարդու արտաքին և ներքին որոշ բարեմասնություններ՝ Գեղուհի, Հրայր, Ժիրայր, Համեստ, Ազնիվ, Պատվական, որոշ անուններ ծագում են տեղանուններից՝ Նաիրի, Արարատ, Տարոն, Արաքսի, Վանուհի, մի այլ խումբ ունի կրոնական բովանդակություն և քրիստոնեական անունների թարգմանություն է՝ Հարություն, Առաքել, Աստվածատուր, կամ նոր անուններ են՝ Համբարձում, Մկրտիչ, Գալուստ, Ավետիս, Սրբուհի և այլն։ Օտար ծագում ունեցող որոշ անուններ՝ Սեդա, Մհեր, Եղիշե, Ռուզան, Սուրեն և այլն, ձևափոխվելով դարձել են հայկական։

Ազգանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգանուններ սկզբնապես չեն եղել, որովհետև հնում մարդիկ ապրում էին մեկուսացած, փոքրիկ բնակավայրերում, և բոլորը միմյանց ճանաչում էին։ Իսկ նույն անունն ունեցող մարդկանց զանազանել են հայրերի անուններով, օրինակ՝ Տիգրանի որդի Առաքել և այլն։ Սակայն մարդկանց թվաքանակի ավելացման հետևանքով միայն անունով կամ հայրանունով հնարավոր չէր բավարարվել, և առաջացել են ազգանունները։ Հին և միջին դարերում ազգանուն կրել են միայն ազնվական ընտանիքները, օրինակ՝ Մամիկոնյաններ, Արծրունիներ, Ռշտունիներ և այլն։ Միջնադարյան Հայաստանում նշանավոր տոհմերը հիշատակելիս նրանց ազգանվանն ավելացնում էին ազգ կամ տուն բառերը՝ Ազգն Մամիկոնյաց, Ազգն Ռշտունյաց, Տունն Արծրունյաց և այլն։ Երբեմն մարդկանց անվանը որպես ազգանուն կցվում էր նրանց ծննդյան կամ հիմնական գործունեության վայրի անունը՝ Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի, Ներսես Լամբրոնացի և այլն։

Ժամանակի ընթացքում ամեն տոհմ իր ազգանունն է ստացել, որը հիմնականում առաջացել է տոհմում հեղինակություն վայելող որևէ նախնու անունից, կցվել է նաև պատկանելություն կամ ազգակցական կապ արտահայտող նախածանց կամ վերջածանց. օրինակ՝ հայերը կցում են -յան, -յանց, -ենց, -ունց, -ոնց, -ունի, հույները՝ -իդես, պարսիկները՝ -զադե, սլավոնները՝ -իչ, -սկի, -ով, վրացիները՝ -ձե, -շվիլի, և այլն։ Ազգանուններ տրվել են նաև այն արհեստի անունով, որով հայտնի են եղել տոհմակիցներից մեկը կամ մի քանիսը՝ Դարբինյան, Ոսկերչյան, Ժամագործյան, նաև աչքի ընկած կնոջ անունով՝ Մանանդյան, Շուշանյան, Հասմիկյան և այլն։ Որոշ ժողովուրդների (օրինակ՝ ռուսների) մեջ տարածված են կենդանիների անուններից առաջացած բազմաթիվ ազգանուններ (Զայչիկ, Վոլկով, Մեդվեդև և այլն)։ Հայերի -ունի վերջածանցով ազգանունները հնում հատուկ էին նախարարական տոհմերին (Ամատունի, Արծրունի, Բագրատունի, Ռշտունի և այլն), -ենց, -ունց, -ոնց վերջածանցով ազգանունները՝ Բակունց, Ադոնց, Բրուտենց և այլն, այսօր էլ տարածված են Զանգեզուրում։

Հայերի մեջ ամենատարածվածը յան-ով վերջացող ազգանուններն են, -յան-ը առաջացել է -յանց ձևից, որ նույնն է, ինչ -ենց-ը (Արամյանց-Արամենց, այսինքն՝ Արամի տոհմին պատկանող)։ Հայաստանում գործող կարգի համաձայն՝ քաղաքացին ցանկության դեպքում կարող է փոխել իր անունն ու ազգանունը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]