Աննե Վաբարնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննե Վաբարնա
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21, 1877(1877-12-21)
ԾննդավայրՎիպոլսովա, Վեռսկա, Պիլվամաա, Էստոնիա
Մահացել էդեկտեմբերի 7, 1964(1964-12-07)[1] (86 տարեկան)
Մահվան վայրՏոնյա, Վեռսկա, Պիլվամաա, Էստոնիա
ԳերեզմանVärska Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Էստոնիա և  ԽՍՀՄ
Մասնագիտություներգչուհի
 Anne Vabarna Վիքիպահեստում

Աննե Վաբարնա (էստ․՝ Anne Vabarna, դեկտեմբերի 21, 1877(1877-12-21), Վիպոլսովա, Վեռսկա, Պիլվամաա, Էստոնիա - դեկտեմբերի 7, 1964(1964-12-07)[1], Տոնյա, Վեռսկա, Պիլվամաա, Էստոնիա), սետու էթնիկ խմբի ռունական երգերի կատարող և սետուական հեքիաթասաց[2]։ Կրել է «Սետուի երգեցիկ մայր» (էստ․՝ Setu lauluema) ոչ պաշտոնական տիտղոսը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննեն ծնվել է 1877 թվականին Չուդ լճի ափին գտնվող Վիպոլզովո գյուղում, Վյարսկից 4 կիլոմետր հյուսիս, Տիխոնի և Կրեպայի (մկրտման անունը՝ Ագրիպինա) ընտանիքում, դեկտեմբերի 21-ին (դեկտեմբերի 9-ին հին տոմարով)։ Աննեի մանկությունն անցել է այնպես, ինչպես այն ժամանակվա բոլոր գյուղացի աղջիկների մանկությունը․ կյանքի համար անհրաժեշտ բոլոր գիտելիքներն ու հմտությունները նա ստացել է տանը։ Սետուի որոշ տղաների ձմռանն ուղարկել են սովորելու տարրական ռուսալեզու դպրոցներ, աղջիկների համար կրթություն ստանալը համարվել է ավելորդ շքեղություն։ Աննեն իր ողջ կյանքի ընթացքում մնացել է անգրաճանաչ[3]։

Աննան 18 տարեկանում նշանվել է հարևան Տոնյա գյուղում։ Երիտասարդ տարիներին Աննան գեղեցիկ աղջիկ է եղել, բայց արտաքին տեսքի մի փոքր արատով. մանկության տարիներին ձիու սմբակի հարվածը կոտրել է նրա քիթը։ Նրա մոտ են եկել ութ տարբեր խնամախոսներ, սակայն ամուսնության որոշումը կայացրել են նրա ծնողները, ինչպես ընդունված է եղել սետուների մոտ։ Փեսան Աննայից տարիքով է եղել և նրան կնության են տվել իր ցանկությանը հակառակ։ Հարսանիքին Աննեն արտասվել է ոչ թե ավանդույթի համաձայն, այլ սրտանց։ Բայց հետագայում կյանքն ավելի է լավացել։ Աննեի ամուսինը՝ Յակոն (Յակով), աշխատասեր ու բարեսիրտ մարդ էր, նրանք ունեցել են ինը երեխա՝ հինգ դուստր և չորս որդի[3]։

Մինչ ամուսնանալը Սետուի աղջիկներին ավանդաբար կոչել են իրենց հոր անունով, այսպիսով, իրենց հայրենի գյուղում Աննեն հայտնի է եղել Տիխոնի Աննե անունով։ Ամուսնությունից հետո նա ստացել է ամուսնու անունը՝ Յակո Աննե։ 1921 թվականին Էստոնիայի բնակիչներին՝ սետու ժողովրդին ազգանուններ տալու ակցիայի ժամանակ Աննեին տվել են Վաբարնա (էստ․՝ Vabarn) ազգանունը։ Հետագայում նրա հանրահայտ, իսկ հետո պաշտոնական ազգանունը եղել է Վաբարնա (էստ․՝ Vabarna)[3]։

Աննեն երգելու ունակությունը ժառանգել է մորից։ Բայց նա չի հասցրել ընդօրինակել նրա ողջ երգացանկը, քանի որ յոթ տարեկանում կորցրել է մորը։ Սետու երգերի մեծ մասը նա լսել է մորաքրոջից՝ հիվանդ ոտքով պառաված օրիորդից, ով ապրել է իր եղբոր հետ խուտորում, և տեղացի այլ ժողովրդական երգիչներից։ Ժողովրդական երգերի կատարումը սետուի առօրյայի մի մասն է եղել, որը մշտապես ուղեկցել է նրանց թե՛ աշխատանքի մեջ, թե՛ հանգստի ժամանակ[3]։

Էստոնիայի Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 1940 թվականին, Էստոնիայի քաղաքական ցնցումներից հետո, Աննե Վաբարնային հրավիրել են ելույթ ունենալու Տալլինի Էստոնիա համերգասրահում, որտեղ Աննեի ողջույնի երգն արժանացել է ցանկալի ուշադրության և ճանաչման։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Աննե Վաբարնան ստիպված է եղել հարմարվել նոր ռեժիմին։ Նրա երգացանկում հայտնվել են Ստալինին գովերգող մի քանի պարտադիր իմպրովիզացիաներ, երգեր կոլտնտեսային համակարգի և խորհրդային խաղաղության քաղաքականության մասին և այլն։ Այդ ժամանակ Աննեն արդեն անցել էր իր 60-ամյակի շեմը, բայց նա լի էր կենսունակությամբ և ուզում էր տեսնել աշխարհը։ 1947 թվականին Աննե Վաբարնան իր երգչախմբի հետ ելույթ է ունեցել Մոսկվայում՝ քաղաքի 800-ամյակի տոնակատարության ժամանակ։ Նույն թվականին նրան նշանակվել է պետական անհատական կենսաթոշակ[3]։

Ժողովրդական հեքիաթասացի ծերությունը անհոգ չի անցել։ 1950-ականների վերջին նրա որդին՝ Արվոն (Տիմոֆեյ), մահացել է պարանոցի փոքրիկ խոցից, ով ուսուցչի մասնագիտություն էր ստացել Տարտուում և աշխատում էր տնից հեռու։ 1962 թվականի աշնանը Աննեի նախավերջին որդին՝ Միխայիլը, ինքնասպան է եղել։ Չնայած ճակատագրի հարվածներին, Աննեն պահպանել է կյանքի և ուրախության ծարավը։ Երբ նրա առողջությունը թույլ է տվել, ելույթ է ունեցել տեղական երեկույթների ժամանակ և շատ է ցանկացել նորից երգել հայրենի հողից ավելի հեռու վայրերում։ Իրեն բուժող բժիշկներին ուղղված երգի իմպրովիզացիաներում նա բազմիցս զվարճալի կերպով գովերգել է այն բժիշկներին, ովքեր թույլ չեն տվել իրեն մոտենալ «փեսացուներ» գերեզմանից, նա չի ցանկացել շտապել հանդիպել նրանց, որովհետև «ավազն այլևս թույլ չէր տա իրեն շարժել լեզուն»[3]։

Աննե Վաբարնան մահացել է 1964 թվականի դեկտեմբերի 6-ին, Տոնյա գյուղում՝ 86 տարեկան հասակում։ Թաղվել է դեկտեմբերի 12-ին Վարսկա ավանի գերեզմանատանը[4]։

Աննե Վաբարնայի գերեզմանը ընդգրկված է Էստոնիայի մշակութային հուշարձանների պետական ռեգիստրում[4]։

Ստեղծագործական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմաս Օտտո Վայսանենի և Աննե Վաբարնայի համագործակցության արդյունքում ստեղծվել են 8500 բանաստեղծական տողեր, այդ թվում առաջին (հարսանեկան) 5580 տողից բաղկացած Suurõq sajaq սետուական էպոսը, որը ձայնագրվել է ֆոնոգրաֆի վրա 1923 թվականին։ Վայսանենը Աննե Վաբարնայի անունը հայտնի է դարձրել ամբողջ Էստոնիայում իր «Seto lugõmik» գրքի երկրորդ մասով և մամուլում հրապարակված հոդվածներով[3]։

1927 թվականին Տարտուի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանող Պաուլոպրիյտա Վոոլայնեի (Paulopriit Voolaine, 1899-1985) խնդրանքով Աննե Վաբարնան կարդացել է «Peko» սետուական էպոսը, որը պատմում է ժողովրդական հերոս Պեկոյի կյանքի և արկածների մասին, ով դարձել էր պտղաբերության աստված, օգնել Հիսուս Քրիստոսին և թաղվել էր Պսկով-Պեչորյան վանքում։ Էպոսը Աննեի թելադրանքով գրի է առել նրա 19-ամյա որդին՝ Իվոն (Իվան)։ Էպոսը պահվում է տետրի 388 էջերում՝ որպես շարունակական տեքստ (առանց բանաստեղծական տողերի բաժանման)։ 1928 թվականի սկզբին Վոոլայնը հրապարակել է էպոսի համառոտ շարադրանքը Eesti Kirjandus (Էստոնական գրականություն) ամսագրում[4][5]։

1927 թվականի վերջերին կրկին Վոոլայնի խնդրանքով Աննեն 6 շաբաթվա ընթացքում թելադրել է «Ale» բանաստեղծական վեպը։ Ձեռագիրը ընդհանուր առմամբ պարունակել է 10042 տող երկու նոթատետրում, իսկ երկու ամիս անց Վոոլայնը Էստոնիայի հանրությանն է ներկայացրել ժողովրդական հեքիաթասացի նոր ստեղծագործությունը[3]։

Աննե Վաբարնայի և Վոոլայնի համագործակցությունը շարունակվել է և վերջինիս նախաձեռնությամբ Աննեն ավելի է զարգացրել Պեկոյի թեման։ Արդյունքը պատրաստ է եղել 1929 թվականի վերջին։ «Պեկո» էպոսի II մասը պարունակել է 4318 տող։ Աննեն առաջարկել է երգել, թե ինչպես է դաժան Պեկոն ղեկավարում մարդկանց, դատում և այլ ձևերով մասնակցում մարդկանց կյանքին (այսինքն՝ մշակվել է մի թեմա, որը չկար «Պեկո»-ի առաջին մասում)։ Իր հերթին Վոոլայնը Աննեին խորհուրդ է տվել երկրորդ մասում ներառել ժողովրդական տարբեր երգեր (մասնավորապես՝ «Ilolaul», «Ilmatütar» և այլն) և սետուական հեքիաթներ։ Արդյունքների մասին Վոոլայնը կրկին անդրադարձել է «Eesti Kirjandus» (1930) ամսագրում։ Մոտավորապես նույն ժամանակաշրջանում լույս են տեսել նոր էպիկական ստեղծագործություններ՝ «Ivvan Hirmus» (1724 տող), «Keväjälaul» (2578 տող), «Tammõlaul» (2781 տող) և «Kõivolaul» (1152 տող)[3]։

Հետագայում, Աննեն սկսել է երգեր գրել նույնիսկ առանց Վոոլայնից պատվերներ ստանալու, քանի որ նա շարունակել է ֆինանսական օգնություն ստանալ Էստոնիայի կառավարությունից։ Նա հիմնականում գտել է նոր առարկայական թեմաներ և ոլորտներ բնության մեջ։ Չնայած երգի կերպարների փոփոխությանը, Աննեն իր բոլոր նոր երգերում օգտագործել է գրեթե կրկնվող կոմպոզիցիոն սխեմաներ։ Էպիկական ակտիվության և իրադարձությունների զարգացման բացակայությունը հեքիաթասացը փոխհատուցել է հերոսների միջև երկխոսություններով՝ բնական երևույթները կամ ծառերը (հիմնականում եղբայրներ կամ հարազատներ) հանդիպում են, պատմում միմյանց իրենց կյանքի և աշխատանքի մասին, անհանգստանում, ուրախանում, վիճում և հետո յուրաքանչյուրը վերադառնում է իր տեղը։ Դրանց են վերաբերվում 1930-ականների կեսերին ստեղծված Pedäjälaul (927 տող), Kuusõlaul (1,180 տող), Kadajalaul (610 տող), Mõisa uibo ja talo uibo (1,176 տող), Tuulõlaul (1,918 տող, õ108T), «Վիլաուլ» (1158 տող) ստեղծագործությունները[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Աննե Վաբարնայի երգի և բանավոր երգացանկի պահպանմամբ զբաղվել են պրոֆեսիոնալ բանահավաքներն ու ուսանողները։ 1948–1949 թվականներին Էստոնական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի լեզվի և գրականության ինստիտուտի աշխատակիցները գործուղվել են Սետումաա և Աննե Վաբարնայի հետ ձայնագրել մոտ 110 ժողովրդական երգեր։ 1959 թվականին Գրական թանգարանի և Էստոնական ռադիոյի ժողովրդական երգի բաժնի աշխատակիցների կողմից Սետումաա կատարած համատեղ ուղևորության ընթացքում Աննե Վաբարնան երգել և ասմունքել է ժողովրդական արվեստի 62 ստեղծագործություն, որոնք ձայնագրվել են մագնիտոֆոնով[4]։

Ընդհանուր առմամբ, Աննե Վաբարնայի մշակութային ժառանգությունը կազմում է ավելի քան 150000 բանաստեղծական տող[6]։

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աննե Վաբարնայի հայրենիքում՝ Վիպոլզովա գյուղում, քարի վրա տեղադրվել է հուշատախտակ, որի հեղինակն է քանդակագործ Էլմար Ռեբանեն (Elmar Rebane)[3]։
  • Աննե Վաբարնայի գերեզմանի վրա տեղադրված է մարմարե հուշարձան, որի հեղինակը քանդակագործ Էլմար Ռեբանեն է[4]։
  • Սետոմաայի վոլոստը սահմանել է Աննե Վաբարնայի անվան մրցանակ, որը շնորհվում է սետուական յուրօրինակ մշակույթի պահպանման ոլորտում ակնառու աշխատանքի համար[7].[8]։
  • 2011 թվականին Ռուսաստանում անցկացվել է «Ուգրո-ֆիննական աշխարհի անունը» մրցույթը, որտեղ վեպսերը, իժորները, վոդերը, սետուները, ֆինն-ինգեմանլանդցիները, բեսերմենները, լիվերը և այլ ուգրո-ֆիննական ժողովուրդները քվեարկել են իրենց նշանավոր և փառավոր հայրենակիցների համար։ «Ուգրո-ֆիննական աշխարհի անունը» պատվավոր կոչման հավակնորդների թվում է եղել Աննե Վաբարնան[9]։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետնորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծոռնուհի՝ Յանե Վաբարնա (23.06.1980), Էստոնիայի մշակույթի և արվեստի գործիչ, Սետուի մշակույթի խթանող, ասեղնագործության վարպետ, 2015-2016 թվականներին՝ Սետուի փոխարքա տիտղոսակիր (էստ․՝ Ülemsootska), Աննե Վաբարնայի մրցանակի դափնեկիր[10]։
  • Ծոռ՝ Յալմար Վաբարնա (էստ․՝ Jalmar Vabarna, 17.04.1987), էստոնական ժողովրդական և էստրադային երգերի կատարող, Trad.Attack (անգլ.՝ Trad.Attack!), Զետոդ (էստ․՝ Zetod) և Վիլյանդի կիթար տրիո (էստ․՝ Viljandi Guitar Trio) անսամբլների անդամ։ Կինը՝ Սանդրա Վաբարնան (էստ․՝ Sandra Vabarna, ծննդյան անունը՝ Սանդրա Սիլլամաա, 29.04.1985), Էստոնացի երաժիշտ է, Trad.Attack! խմբի անդամ և մենեջեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Paulopriit Voolaine. Setu lauluema Vabarna Anne "Peko (Pekolanõ)" (էստոներեն) // Eesti Kirjandus. — 1928. — Nr. 22, lk. 6-21.
  • Paulopriit Voolaine. Setu lauluema Vabarna Anne "Peko laulu" II osa. (էստոներեն) // Eesti Kirjandus. — 1930. — Nr. 24, lk. 378-389.
  • Peko. Setu rahvuseepos. — Kuopio: Snellman-Instituutti, 1995.
  • Lauri Honko, Anneli Honko, Paul Hagu. The Maiden's Death Song & The Great Wedding. Anne Vabarna's Oral Twin Epic written down by A. O.Väisänen. — Helsinki: Suomalainen Tiedeakatemia, 2003. — 529 lk. ISBN 9789514109041.
  • Эпос сето «Пеко» / Краткий пересказ. Централизованная библиотечная система города Пскова (ռուս.)
  • Laulikud ja pillimehed. Антология эстонской народной музыки (էստոներեն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Советская Эстония. Энциклопедический справочник / Гл. ред. Г. Наан. — Таллин: Валгус, 1979. — С. 231. — 440 с.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 «Setu lauluema Anne Vabarna». folklore.ee (էստոներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «4219 Anne Vabarna (1877-1964) haud». Kultuurimälestiste register (էստոներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  5. «Народность сето. Обычаи сето. Эпос сето "Пеко"». Централизованная библиотечная система города Пскова (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  6. «Setu lauluema Anne Vabarnale pühendatud omakultuuriõhtu». Eesti Pärimusmuusika Keskus (էստոներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  7. «Anne Vabarna nimelise omakultuuripreemia laureaadid on selgunud». Maaleht (էստոներեն). 06.12.2013. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  8. Värska Vallavolikogu (02.12.2013). «Anne Vabarna nimelise omakultuuripreemia väljaandmise kord». Riigi Teataja (էստոներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  9. «Сету неактивно голосуют за своих представителей в конкурсе «Имя финно-угорского мира»». Псковская Лента Новостей. 14.10.2011. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  10. «Anne Vabarna nimelise omakultuuripreemia laureaadid on Jane Vabarna ja Annela Laaneots». Värska vallavalitsus (էստոներեն). 19.12.2016. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննե Վաբարնա» հոդվածին։