Jump to content

Անյա Յուլ Անդերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անյա Յուլ Անդերսեն
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 15, 1969(1969-02-15)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՕդենսե, DK
ՔաղաքացիությունԴանիայի Թագավորություն
Մասնագիտությունհանդբոլիստ և handball coach
Պարգևներ և
մրցանակներ
 Anja Andersen Վիքիպահեստում

Անյա Յուլ Անդերսեն, ծնվել է 1969 թվականի փետրվարի 15-ին, դանիացի նախկին թիմային հանդբոլ խաղացող և ներկայիս մարզիչ է։ Նա օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։ 1997 թվականին ճանաչվել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի տարվա լավագույն խաղացող[2]։ Նա լայնորեն համարվում է բոլոր ժամանակների լավագույն հանդբոլիստներից մեկը։ 2007 թվականին ընդգրկվել է Դանիայի մարզական փառքի սրահում[3]։ 2024 թվականին ընդգրկվել է նաև Եվրոպական հանդբոլի ֆեդերացիայի փառքի սրահում[4]։

Խաղային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անյա Անդերսենը հայտնի է եղել որպես հարձակողական ոճի բարձրակարգ խաղացող՝ աչքի ընկնելով ինչպես իր վարպետությամբ, այնպես էլ բռնկուն բնավորությամբ, խաղի ընթացքում համարձակ հնարքներով և դրամատիկ դրվագներ ստեղծելու պատրաստակամությամբ։ Նա 1990-ականներին դանիական հանդբոլի վերածննդի կարևորագույն դեմքերից է եղել։ Նրա կրքոտ բնավորությունն ու տպավորիչ խաղամակարդակը ոչ ոքի անտարբեր չեն թողել, իսկ 1994 թվականին Եվրոպայի առաջնությունում նվաճված առաջին ոսկե մեդալից հետո ազգային հավաքականը սիրալիրորեն ստացել է «Երկաթե տիկնայք» մականունը և դարձել ազգային սպորտային հերոսների խորհրդանիշ[5]։

Չնայած 1990-ականների Դանիայի կանանց հանդբոլի ազգային հավաքականը բազմաթիվ վառ անհատականություններ է ունեցել, անվիճելի է, որ Աննյա Անդերսենը նրանցից ամենաազդեցիկն ու միաժամանակ ամենահակասականն է եղել։ Չնայած ոչ ոք կասկածի տակ չի դրել նրա խաղային բարձր մակարդակը, նրա բռնկուն բնավորությունը, որի հետևանքով նա բազմաթիվ անգամներ հեռացվել է կարևոր հանդիպումներից, հաճախ քննարկումների առարկա է դարձել։ 1996 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ընթացքում Դանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ուլրիկ Վիլբեկը կարճ ժամանակով հեռացրել է նրան թիմից՝ նրա խաղաոճի և խաղադաշտում պահվածքի շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով[6]։

Նա Դանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 133 հանդիպում և խփել 725 գոլ։ Այդ ցուցանիշով նա Դանիայի ազգային հավաքականի պատմության երրորդ լավագույն ռմբարկուն է եղել՝ զիջելով միայն Կամիլա Անդերսենին և Յաննե Կոլինգին, որոնք նույնպես «Երկաթե տիկնայք» թիմի անդամներ են եղել[7]։

Հենց Աննյա Անդերսենն էր, որ հանդբոլ է բերել իսկական շոուի տարրերը։ Խորապես ոգեշնչվելով բասկետբոլից, հատկապես՝ Հառլեմ Գլոբթրոթերս-ից, նա ձևավորել է խաղաոճ, որն ավելի շատ ուղղված է եղել հանդիսատեսին տպավորելուն, քան մրցակցին։ Ակտիվ խաղային կարիերան ավարտելուց հետո նա 2000 և 2001 թվականներին կազմավորել է լավագույն կին հանդբոլիստներից բաղկացած «Երազանքի թիմ»-ը, որը ցուցադրական հանդիպումներ է անցկացրել Դանիայի ընտրված հավաքականի դեմ։ «Երազանքի թիմի» խաղերը մեծ հաջողություն է ունեցել, սակայն դադարեցվել, երբ Անդերսենն այլևս չի կարողացել անձամբ հանդես գալ որպես ակտիվ խաղացող[8]։

Սրտի արատի պատճառով Անդերսենը 1999 թվականին ավարտել է իր խաղային կարիերան[9]։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անյա Անդերսենը խաղային կարիերան ավարտելուց անմիջապես հետո դարձել է Դանիայի կանանց հանդբոլի լիգայի «Սլագելսե» ակումբի գլխավոր մարզիչը[10]։ Սկզբում նա թիմին օգնել է դուրս գալ բարձրագույն լիգա, իսկ հետագայում երեք անգամ հաղթել Եվրոպայի Չեմպիոնների լիգայում՝ 2003–04, 2004–05 և 2006–07 մրցաշրջաններում։ 2006 թվականին նա նաև մարզել է Սերբիայի ազգային հավաքականը:

2008 թվականին Անդերսենը «Սլագելսեից» տեղափոխվել է «ՖԿ Կոպենհագեն Հոնբոլ» ակումբ[11]։ 2010 թվականին նա հեռացել է ակումբից, քանի որ այն լուծարվել է, և որոշել է որոշ ժամանակ դադար վերցնել՝ նախքան նոր թիմ մարզելը[12]։

2011 թվականի փետրվարին Անդերսենը նշանակվել է ռումինական «Օլտքիմ Ռեմնիկու Վիլչա» ակումբի գլխավոր մարզիչ։ Ակումբը նրան հրավիրել էր՝ նպատակ ունենալով նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը[13][14]։

Սակայն 2011 թվականի մարտին, գլխավոր մարզչի պաշտոնում երկու ամսից էլ քիչ աշխատելուց հետո, նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ անբավարար արդյունքների պատճառով։ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում «Օլտքիմը» նրա ղեկավարությամբ անցկացրած չորս հանդիպումներից երկուսում պարտություն է կրել[15]:

2011–12 մրցաշրջանում Անդերսենը գլխավորել է «Վիբորգ ՀԿ»-ի տղամարդկանց թիմը։ Ավելի ուշ ակումբը ֆինանսական պատճառներով լուծարել է նրա պայմանագիրը[16]։ Նրա նշանակման ժամանակ «Վիբորգի» խաղացողներից մեկը, անանուն կերպով մեկնաբանելով այդ որոշումը տաբլոիդին, հայտարարել է, որ «տղամարդը չի հարգի նրա մարզչական ոճը»[17]։

2015 թվականին, ավարտելով համագործակցությունը առաջին դիվիզիոնի «DHG Håndbold» ակումբի հետ, Անդերսենը հայտարարել է, որ իր մարզչական կարիերան ավարտված է, և որ «այլևս չի պատկերացնում իրեն կրկին ներգրավված հանդբոլում»[18]։

Նվաճումներ և ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ակտիվ խաղային կարիերայի ընթացքում Աննյա Անդերսենը նվաճել է բազմաթիվ տիտղոսներ և մեդալներ.

  • 1987 թվական - Աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր
  • 1992 թվական - Նորվեգիայի առաջնության չեմպիոն՝ «Բեկկելագետ» ակումբի կազմում
  • 1993 թվական - Կանանց աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
  • 1994 թվական - Կանանց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
  • 1995 թվական - Կանանց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  • 1996 թվական - Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր
  • 1996 թվական - Կանանց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
  • 1997 թվական - Կանանց աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
  • 1997 թվական - Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի տարվա լավագույն խաղացող[19]։ 2022 թվականի դրությամբ նա դանիացի միակ կին խաղացողն էր եղել, բացի դարպասապահ Սանդրա Տոֆթից, որն արժանացել է այս մրցանակին, իսկ մինչև 2012 թվականի մարտի 1-ը, երբ այդ կոչումը նվաճել է Միկել Հանսենը, նա միակ դանիացի խաղացողն է եղել՝ թե՛ տղամարդ, թե՛ կին, որը երբևէ դարձել էրՀանդբոլի միջազգային ֆեդերացիայի տարվա լավագույն խաղացող:

Նրա մարզչական կարիերան նույնպես նշանավորվել է նշանակալի հաջողություններով.

  • 2003, 2005 և 2007 թվականներին՝ Դանիայի կանանց հանդբոլի առաջնության չեմպիոն՝ «Սլագելսե» ակումբի գլխավոր մարզիչ
  • 2004, 2005 և 2007 թվականներին՝ Եվրոպական հանդբոլի ֆեդերացիայի (EHF) կանանց Չեմպիոնների լիգայի հաղթող՝ «Սլագելսե» ակումբի գլխավոր մարզիչ
  • 1994 թվական - ճանաչվել է աշխարհի երկրորդ լավագույն հանդբոլիստուհի
  • 1996 թվական - Եվրոպայի առաջնության ամենաարժեքավոր խաղացող[20]
  • 1997 թվական - ճանաչվել է աշխարհի լավագույն հանդբոլիստուհի[2]
  • 2007 թվական - ընդգրկվել է Դանիայի մարզական փառքի սրահում[3]
  • 2009 թվական - արժանացել է «Մաթիլդե» մրցանակին՝ էլիտար մարզիկների մարզչական ոլորտում ընդունված կարծրատիպերը կոտրելու համար[21]
  • 2024 թվական - ընդգրկվել է Եվրոպական հանդբոլի ֆեդերացիայի փառքի սրահում[4]

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսենը ծնվել է Դանիայի Օդենսե քաղաքում։ Նրա հայրը՝ Քելդ Անդերսենը, նույնպես հանդբոլիստ էր և հանդես է եկել Դանիայի ազգային հավաքականի կազմում[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. 1 2 «All the previous World Handball Players». International Handball Federation. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. 1 2 «Anja Andersen». Sportens Hall of Fame (դանիերեն). Վերցված է 2024-03-08-ին.
  4. 1 2 «New legends of the game inducted into EHF Hall of Fame». European Handball Federation. Վերցված է 2025 թ․ հունվարի 28-ին.
  5. Christiansen, Casper Helweg; Top, Morten (2015 թ․ դեկտեմբերի 5). «Dengang det blev sjovt at se kvindehåndbold» (դանիերեն). Danmarks Radio. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. Anders Bo Rasmussen, TV2. Spillerne blev kaldt sammen efter sejr i semifinalen: – Der er sket noget forfærdeligt 13. dec. 2017
  7. «KVINDE A-LANDSKAMPE RANGLISTE 1947 - 2023» (դանիերեն). håndbold.info. Վերցված է 2025 թ․ հունվարի 25-ին.
  8. Kokborg, Johnny Wojciech (2021 թ․ դեկտեմբերի 12). «Historien om Slagelse Dream Team: 'Hun tog den hårde vej'». www.bt.dk (դանիերեն). Վերցված է 2024-03-08-ին.
  9. «Anja Andersen stopper». Berlingske.dk (դանիերեն). 1999 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2024-03-08-ին.
  10. Kokborg, Johnny Wojciech (2021 թ․ դեկտեմբերի 12). «Historien om Slagelse Dream Team: 'Hun tog den hårde vej'». www.bt.dk (դանիերեն). Վերցված է 2024-03-08-ին.
  11. «Anja Andersen tager ni spillere med». DR (դանիերեն). 2008 թ․ փետրվարի 6. Վերցված է 2024-03-08-ին.
  12. «FCK-chok: Anja Andersen stopper – TV 2». sport.tv2.dk (դանիերեն). 2010 թ․ փետրվարի 25. Վերցված է 2024-03-08-ին.
  13. «OFICIAL Anja Andersen a semnat cu Oltchim (Romanian)». 2011 թ․ փետրվարի 3. Վերցված է 2011-02-03-ին.
  14. «EXCLUSIV / Anja Andersen este noua antrenoare a Oltchimului! (Romanian)». Վերցված է 2011-02-03-ին.
  15. «Anja: excentrică, ineficientă, demisă (Romanian)». Վերցված է 2011-03-08-ին.
  16. «Viborgs herrer dropper Anja Andersen» (դանիերեն). Viborg Folkeblad. 2011 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2026 թ․ ապրիլի 13-ին.
  17. «Anja uønsket af Viborg-spillerne» (դանիերեն). Danmarks Radio. 2011 թ․ հունիսի 24. Վերցված է 2026 թ․ ապրիլի 13-ին.
  18. «Anja Andersen siger farvel til håndbold». DR (դանիերեն). 2015 թ․ հունվարի 14. Վերցված է 2024-03-08-ին.
  19. «Previous World Handball Players». International Handball Federation. Արխիվացված է օրիգինալից 2008-01-01-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 2-ին.
  20. «Women's EHF Euro 1996». ehfeuro.eurohandball.com. European Handball Federation. Վերցված է 2025 թ․ փետրվարի 27-ին.
  21. «Danskkvindesamfund.dk – Tidligere prismodtagere». Արխիվացված է օրիգինալից 2017-04-17-ին. Վերցված է 2018-08-26-ին.
  22. «Anja Andersen har mistet sin far: Keld Andersen er død» (դանիերեն). B.T. 2021 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2025 թ․ մայիսի 17-ին.