Անմեղություն (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անմեղություն
տեսակգեղանկար
նկարիչՍարգիս Երկանյան
ժանրդիմանկար
գտնվում էՀայաստանի պետական պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաանմեղությունը խորհրդանշող կերպար
Ծանոթագրություններ

Անմեղություն, Սարգիս Երկանյանի նկարներից, պատկերված է երիտասարդ աղջկա դիմանկար, ֆրանսուհու տիպար։ Այն անհատական նկարագրով, հոգեբանական և խորագրին համապատասխան արտահայտությամբ անմեղության խորհրդանիշ է։ Երկանյանի ստեղծագործություններում հանդես եկած մոդելները մեծ մասամբ թվում են հոգսերով ծանրաբեռնված, անուրախ կյանքի դժվարին փորձություններով անցած։ Թերևս այս հանգամանքն է դիտողին մտերմացնում տիպարների հետ, նրանց նկատմամբ համակրանքի զգացում առաջ բերում, երբեմն նույնիսկ կարեկցանքով համակում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկանյանը օրիորդին պատկերել է կիսադեմ դիրքով, հանգիստ կեցվածքով, խաղաղ հոգեվիճակով, մտքերով տարված։ Նրա դիմագծերն արտահայտում են այնպիսի այնպիսի անմեղություն, որպիսին հատուկ է նոր միայն ինքնուրույն կյանք թևակոխած, բայց դեռևս անփորձ աղջկան։ Ըստ արտաքին նկարագրի՝ օրիորդը հասրակ ժողովրդի ներկայացուցիչ է, համեստ ապրելակերպով անձնավորություն։ Եվ թեպետ նրա դիմագծերը խաղաղ են, բայց նրա տարտամ դրությունը, մտազբաղ հոգեվիճակը արտահայտող աչքերի սևեռումն ասում են այն մասին, որ նրան ինչ–որ հոգս է մտատանջում։ «Անմեղության» հերոսը թեև ոչ այնքան հրապուրիչ գեղեցկությամբ օժտված, բայց միամիտ է, բարի, ազնիվ աղջկա բարեմասնություններով։

Գեղարվեստական արտահայտչականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմանկարը բնագրով հայտնի չէ, բայց գեղարվեստական միջոցներն այնքան ակնառու են, որ կերպարի արտահայտչականությամբ մեզ հայտնի նրա դիմանկարների շարքում կարելի է համարել լավագույններից մեկը։ Սուր է նրա դիտողականությունը՝ նմանությունը տալու, դիմագծերի պլաստիկական ձևերն ընկալելու, նրբերանգները տեսնելու,կերպարի կենդանի արտահայտությունը պահպանելու ամենանուրբ գեղանկարչական միջոցներով։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտասահմանյան մամուլի մի փոքրիկ ակնարկ։

Յոթ տարի առաջ Երկանյանն ինձի հանձնեց իր նկարներից մեկի ընդօրինակությունը՝ «Անմեղությունը», որը ցուցադրած եմ «Գեղունիի» 1906 թվականի մեջ։ Այդ նկարի վրա երկնային գույնը իր նրբությամբ երազել կուտա առարկային երկնային անմեղությունը, գծերուն ազնվականությունը, ընդհանուր տպավորությունը անուշ անմեղություն մըն է․ խարտյաշ մազերուն ցոլքերուն տակ կը ժպտի այդ անմեղին դեղձի ծաղիկներու փափուկ մարմրած հազիվ նշմարելի կարմրությունը։ Մելամաղձության մեջ անոր արվեստին կամակորությունը զգալի է

[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն