Անմաքս առևտրի խանութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավտոմեքենաների անցակետ Տորֆյանովկա ռուս-ֆիննական սահմանին

Անմաքս առևտրի խանութ (դյութի ֆրի շոփ, անգլ.՝ duty free shop»), խանութներ, որոնք վաճառում են ապրանքներ այն գնով, որը չի ներառում ակցիզների, տուրքերի որոշ տեսակներ, ինչպես նաև ավելացված արժեքի հարկ՝ պայմանով, որ այդ ապրանքները դուրս բերվեն երկրից։ Գտնվում են առավելապես պետական սահմանի անցման կետերում, այդ թվում՝ նավահանգիստներում, օդանավակայաններում, կայարաններում։ Տիպիկ տեսականի՝ սպիրտային խմիչքներ, ծխախոտային արտադրանք, օծանելիք, ավելի քիչ` բիժուտերիա, ոսկերչական իրեր, բջջային հեռախոսներ, ժամացույցներ, հրուշակեղեն։ Հատուկ անմաքս առևտրի խանութների համար ալկոհոլը թողարկվում է լիտրանոց շշերով, մինչդեռ սովորական խանութներում օգտագործվում են 0,7 լիտր տարողությամբ շշեր։

Tax Free համաշխարհային ասոցիացիայի (Tax Free World Association, TWFA») տվյալներով՝ 2011 թվականին աշխարհում անմաքս առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 46 մլրդ դոլար, դրանցից 35%-ը բաժին է ընկել Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, 34%-ը՝ Եվրոպային և 23%-ը՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկային։ Վաճառված ապրանքների 31%-ը օծանելիք և կոսմետիկա են, 17%-ը՝ ալկոհոլ[1]։

Խանութների խոշորագույն ցանցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անթալիայի օդանավակայանում անմաքս առևտրի խանութ

Աշխարհում առաջին անմաքս առևտրի խանութը բացվել է Բրենդան Օ'Ռեգանի կողմից Իռլանդիայի Շաննոնի օդանավակայանում 1947 թվականին և գործում է մինչ օրս։ Այն ստեղծվել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև ավիաչվերթների ուղևորների սպասարկման համար։ Ինքնաթիռները կանգ էին առնում այդտեղ վերալիցքավորման համար։ Խանութն անմիջապես հայտնի է դարձել, և նմանատիպ խանութներ են հայտնվել ամբողջ աշխարհում։

1966 թվականին հիմնադրվել է օդանավակայաններում Duty Free խանութների միջազգային ասոցիացիան, որն այսօր միավորում է շուրջ 400 անմաքս առևտրի օպերատոր ընկերությունների։

Անմաքս առևտրի խանութների խոշորագույն ցանցը Dufry-ն է[2]։ Ընկերությունը հիմնադրվել է դեռևս 1869 թվականին, շտաբ-բնակարանը գտնվում է Բազելում։ Մրցակիցներից մեկի՝ the Nuance Group-ի կլանումից հետո Dufry-ի ցանցը 1650 խանութ ունի աշխարհի 58 երկրում (այդ թվում՝ Ռուսաստանում)[3]։ Ընկերության տարեկան շրջանառությունը գերազանցում է 4 մլրդ շվեյցարական ֆրանկը, եկամուտների 87%-ը ստացվում է օդանավակայաններում իրականացվող վաճառքից[4]։

Ըստ «Generation Research» անկախ հետազոտողի վերլուծության՝ Դուբայի Duty Free-ն օդանավակայանների խոշորագույն մանրածախ վաճառողն է[5]։ Այս ընկերությունը սկսել է աշխատել 1983 թվականի դեկտեմբերի 20-ին։ Այժմ այնտեղ աշխատում է 7600 աշխատակից, վաճառքի ծավալը 2014 թվականին կազմել է 1917 մլն դոլար։ Այն առևտուր է իրականացնում Դուբայի միջազգային օդանավակայանում (26 000 մ²) և Ալ Մաքթում միջազգային օդանավակայանում (2500 մ²)[6]։

«World Duty Free Group»-ը ձևավորվել է իտալական «Autogrill Group» խանութների ցանցի (գործում է 1977 թվականից), իսպանական «Aldeasa» մանրածախ ցանցի (գործում է 1976 թվականից), բրիտանական «Alfa Airport Shopping»-ի (գործում է 1955 թվականից) և Հիթրոու օդանավակայանի հոլդինգի կողմից հիմնադրված «World Duty Free» ընկերության միաձուլման արդյունքում։ Ընկերության շտաբ-բնակարանը գտնվում է Նովարում (Իտալիա)։ Խումբը միավորում է 550 առևտրի կենտրոն և անմաքս խանութներ 20 երկրներում, առաջին հերթին՝ Իտալիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում։ Ընկերության շրջանառությունը 2014 թվականին կազմել է 2406,6 մլն եվրո, որից 1057,8 մլն եվրոն ստացվել է Մեծ Բրիտանիայում առևտրից, 737,6 մլն եվրոն՝ Եվրոպայից, 438,3 մլն եվրո՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայից, 172,9 մլն եվրո՝ Մերձավոր Արևելքից ու Ասիայից[7]։

2001 թվականի հոկտեմբերի 11-ին երեք եղբայրները՝ Սայմոն Ֆալիկը (Simon Falic), Ջերոմ Ֆալիկը (Jerome Falic) և Լեոն Ֆալիկը (Leon Falic), 121 մլն դոլարով ձեռք են բերել «World Duty Free»-ի ամերիկյան մասը և այն վերանվանել «Duty Free Americas»[8]։ 2005 թվականին ընկերությունը 13 մլն դոլար շահույթ է ստացել 354.2 մլն դոլար շրջանառության պայմաններում՝ հանդիսանալով արևմտյան կիսագնդում անմաքս խանութների խոշորագույն օպերատորը։ Նրա ցանցն ընդգրկում է 28 խանութ ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին, 48 խանութ՝ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին, ևս 19-ը գտնվում են Մեքսիկայում, Հարավային Ամերիկայում և Չինաստանում։ Նաև խանութներ կան ԱՄՆ 12 խոշորագույն օդանավակայաններում։ Ընկերության շտաբ-բնակարանը գտնվում է Հոլիվուդում (Ֆլորիդա)[9]։

James Richardson խանութը Բեն Գուրիոն օդանավակայանում, Իսրայել

Երբ անմաքս առևտուրը դեռ նոր էր ձևավորվում, ամերիկացի երկու գործարար՝ Չարլզ Ֆինին և Ռոբերտ Միլլերը, ստեղծել են «Duty Free Shoppers» (DFS, «անմաքս գնորդներ») ընկերությունը։ 1960 թվականի նոյեմբերի 7-ին սկսել է աշխատել Հոնկոնգում գտնվող նրանց առաջին խանութը։ Այժմ այս ցանցն ունի 420 խանութ 11 երկրներում, այդ թվում՝ 17 միջազգային օդանավակայանում, ինչպես նաև 14 անմաքս խանութ Հարավ-Արևելյան Ասիայի և Ավստրալիայի որոշ քաղաքների բիզնես թաղամասերում։ 1996 թվականին «LVMH Moët Hennessy»-ն ձեռք է բերել Չ. Ֆինիի և մյուս երկու բաժնետերերի բաժնետոմսերի մի մասը, և այսօր DFS-ի սեփականատերն է Ռ. Միլլերի հետ համատեղ։

Ավստրալիական «James Richardson» ընկերությունն իր առաջին duty free խանութը բացել է Բրիսբեն օդանավակայանում 1972 թվականին։ Ներկայումս «James Richardson» անմաքս խանութների ցանցը ներառում է 8 խանութ Ավստրալիայում, 3 խանութ՝ Նոր Զելանդիայում և 5՝ Իսրայելում։ «James Richardson Group»-ը հիմնադրվել է 1892 թվականին և զբաղվում էր կահույքի և անշարժ գույքի արտադրությամբ[10]։

Հունաստանում անմաքս առևտրի բացառիկ իրավունք ունի «Hellenic Duty Free Shops» ընկերությունը։ Այն հիմնադրվել է 1979 թվականին պետության կողմից, 2000 թվականին սկսվել է դրա սեփականաշնորհումը (ավարտվել է 2006 թվականին)։ Ընկերությունը Հունաստանի ողջ տարածքում ունի 111 խանութ՝ ներառյալ 22 օդանավակայանում, 11 անցակետում և 11 նավահանգստում[11]։

Թաիլանդում duty free խանութների առաջատար ցանցը «King Power»-ն է, որն ունի իր առևտրի կենտրոնը՝ 12 000 մ² տարածքով Բանգկոկի գործարար թաղամասում, ինչպես նաև խանութներ Թաիլանդի բոլոր խոշոր օդանավակայաններում[12]։

Խոշորագույն անմաքս առևտրի կենտրոնների առաջին տասնյակ[1][խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դուբայի միջազգային օդանավակայան, Դուբայ, ԱՄԷ
  2. Ինչհոնի միջազգային օդանավակայան, Սեուլ / Ինչհոն, Հարավային Կորեա
  3. Լոնդոնի Հիթրոու Օդանավակայան, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
  4. Սինգապուրի Չանգի Օդանավակայան, Սինգապուր
  5. Հոնկոնգի միջազգային օդանավակայան, Հոնկոնգ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
  6. Փարիզ-Շառլ դը Գոլի օդանավակայան, Փարիզ, Ֆրանսիա
  7. Մայնի Ֆրանկֆուրտ Օդանավակայան, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա
  8. Տերմինալ Տալլինկ / Սիլյա (լաստանավային նավահանգիստ), Ֆինլանդիա
  9. Սուվարնաբխումի Օդանավակայան, Բանգկոկ, Թաիլանդ
  10. Ամստերդամի Schiphol Օդանավակայան, Ամստերդամ, Նիդեռլանդներ

Անվտանգության նկատառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար չվերթների ուղևորները մեկնման և նշանակման վայրի օդանավակայանների միջև առնվազն մեկ կանգառ ունենալու դեպքում պետք է զգույշ լինեն վերջին տարանցիկ կետում «անմաքս» ալկոհոլ և օծանելիք գնելիս, հակառակ դեպքում նրանց կարող է բռնագրավել պահպանությունը, եթե ուղևորները գերազանցեն ձեռքի ուղեբեռում փոխադրվող հեղուկների ներկայիս սահմանը։ Դա չի տարածվում այն ուղևորների վրա, որոնք տեղաշարժվում ԵՄ-ի շրջանակներում մեկ օրվա ընթացքում (երբ հեղուկը փաթեթավորվել է թափանցիկ պլաստիկ տոպրակի մեջ՝ ստուգման համար ներկայացված կտրոնով։ 100 մլ-ից ավելի ծավալով ալկոհոլային խմիչքներ և այլ հեղուկներ, որոնք առգրավվել են զննման կետում, հնարավոր է տեղափոխել օդանավակայանից, ինչի համար պահանջվում է լրացնել հատուկ ձևաթուղթը և վճարել առաքման տուրքը։

Duty free ըստ ժամանման[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ երկրներ, հատկապես Ավստրալիան և Նոր Զելանդիան, թույլ են տալիս ժամանող ուղևորներին սահմանն անցնելուց անմիջապես առաջ գնել ապրանքներ, որոնք չեն հարկվում ակցիզներով։ Սա ոչ միայն ազատում է գնված իրերը տեղափոխելու անհարմարությից, այլև լուծում է անվտանգության խնդիրները[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Frances Cha (2012 թ․ հունիսի 14). «And the world's most lucrative airports are ...» (անգլերեն). CNN. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  2. «Крупнейший оператор duty free в мире Dufry покупает конкурента за $1,73 млрд» (ռուսերեն). Ведомости. 2014 թ․ հունիսի 4. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  3. «Dufry in One Minute» (անգլերեն). Dufry AG. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  4. «Unaudited Interim Condensed Consolidated Financial Statements as of March 31, 2015» (PDF) (անգլերեն). Dufry AG. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.(չաշխատող հղում)
  5. Mary Sophia (2014 թ․ հոկտեմբերի 16). «Dubai Duty Free Named World's Largest Airport Retailer» (անգլերեն). Gulf Business. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  6. «About DDF» (անգլերեն). Dubai Duty Free. 2014. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  7. «Annual Financial Report 2014» (PDF) (անգլերեն). World Duty Free Group. էջ 34. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  8. «About Duty free Americas — Corporate Overview» (անգլերեն). Duty Free Americas, Inc. 2015. Արխիվացված է օրիգինալից (asp) 2015 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  9. Dan Telvock (2013 թ․ փետրվարի 20). «Peace Bridge duty free operators big political donors» (անգլերեն). Investigative Post. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  10. «About JR/Group» (անգլերեն). JR/Group. 2011. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  11. «About» (անգլերեն). Hellenic Duty Free Shops. 2012. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  12. Jonathan Head (2009 թ․ հուլիսի 20). «Tourists warned of Thailand airport scam» (stm) (անգլերեն). BBC. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  13. «Все что нужно знать о DUTY FREE» (ռուսերեն). GO 2 Your Dream. 2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.