Անհիմն հարստացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անհիմն հարստացում, առանց օրենքով, այլ իրավական ակտով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի հաշվին գույք ձեռք բերելը կամ խնայելը։ Քաղաքացիական իրավունքում համընդհանուր տարածում ունի այն մոտեցումը, որ անհիմն հարստացման արդյունքում անարդարացիորեն գույք ձեռք բերած կամ խնայած անձը պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռքբերված գույքը ՝ բացառությամբ առանձին դեպքերի։ Այս ինստիտուտը նպաստում է քաղաքացիական շրջանառության մասնակիցների գույքային իրավունքների պաշտպանությանը, քանի որ ոչ ոք չպետք է հարստանա մեկ ուրիշի հաշվին, առանց դրա համար իրավական հիմքի։

Անհիմն հարստացման հետևանքով ծագող պարտավորությունները դելիկտային (վնասի պատճառման հետևանքով ծագող) պարտավորությունների հետ միասին կազմում են «արտապայմանագրային պարտավորություններ» կատեգորիան։ Անհիմն հարստացման հետևանքով ծագող պարտավորությունները ձևակերպվել են դեռևս հռոմեական մասնավոր իրավունքում՝ սահմանվելով, որ «ոչ ոք չպետք է օգուտ քաղի մեկ ուրիշի հաշվին» (nemo locupletari potest aliena iactura):

Անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորական հարաբերությունների մասնակից (պարտատեր և պարտապան) կարող են լինել քաղաքացիական իրավունքի բոլոր սուբյեկտները՝ քաղաքացիները, իրավաբանական անձինք, համայնքը և պետությունը։ Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ պարտավորության առարկա կարող է լինել միայն գույքը՝ լայն իմաստային մեկնաբանությամբ, այդ թվում՝ իրերը, գույքային իրավունքները և քաղաքացիական իրավունքով պաշտպանվող այլ նյութական բարիքներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք» (երրորդ մաս), 4-րդ հրատարակչություն՝ լրացումներով և փոփոխություններով, խմբ.` պրոֆ․ Տ․Կ․Բարսեղյան, պրոֆ․ Գ․Հ․Ղարախանյան, ԵՊՀ հրատարակչություն, Եր․, 2011, էջ 72