Անկախության բանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անկախության բանակ, կամավորական աշխարհազորային ռազմաքաղաքական միավորում։ Կազմավորվել է 1989 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին՝ Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կազմակերպության խորհրդի անդամների (Ա. Նավասարդյան, Մ. Գորգիսյան, Լ. Հակոբյան, Ա. Արշակյան, Ռ. Մարկոսյան, Ա. Հակոբյան, Ն. Զուրաբյան, Գ. Միրզոյան, Դ. Հակոբյան) նախաձեռնությամբ։

«Անկախության բանակի» գաղափարական, կազմակերպչական սկզբունքները և նպատակները շարադրված են Հռչակագրում, ուր մասնավորապես ասված է.

Aquote1.png
- «Բանակը կոչված է պաշտպանելու Հայաստանի անկախացման գործընթացը, ազգի յուրաքանչյուր նվաճում օտար ոտնձգություններից... Այն գալիս է անվարան հերթափոխի Հայրենիքի հավերժության զոհասեղանի առաջ՝ հանուն մեր դարավոր իղձի իրականացման...»։
Aquote2.png


Նպատակները և առաքելությունները չէին սահմանափակվում Հայաստանի ինքնապաշտպանական խնդիրներով և ունեին ազգային հիմնախնդիրների ավելի լայն ընդգրկում։ 1990 թվականի մարտի 23-ին «Անկախության բանակը» հայտարարությամբ դուրս է եկել ԱԻՄ կազմից, դարձել ինքնուրույն միավոր, պահպանել անվանումը և նպատակները։ «Անկախության բանակի» մի քանի ղեկավարներ (Ա. Նավասարդյան, Լ. Հակոբյան, Ն. Զուրաբյան, Ա. Հակոբյան) 1990 թվականի ապրիլի 2-ին հիմնադրաված Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերում ներգրավվել և ստեղծել են նոր ռազմական խորհուրդ (գերագույն հրամանատար՝ Ա. Նավասարդյան, առաջին տեղակալ՝ Լ. Հակոբյան, անդամներ՝ Ա. Հակոբյան, Վ. Ավետյան, Հ. Գևորգյան, Ա. Մալխասյան, Ա. Աղաբեկյան, Կ. Կարապետյան, ընդհանուր հրամանատար՝ Լ. Ազգալդյան, շտաբի պետ՝ Ա. Աղաբաբյան, հրամանատարներ՝ Ա. Թովմասյան, Ա. Մալխասյան, Ա. Աղաբեկյան, Վ. Ավետյան, Ս. Մարգարյան, Ա. Ավետիսյան)։ 1989 թվականի դեկտեմբերից «Անկախության բանակը» ստորաբաժանումներ է ունեցել Երևանում, Էջմիածնում, Արտաշատում, Արմավիրում, Արարատում, Մասիսում, Չարենցավանում, Կամոյում, Վարդենիսում, Վանաձորում, Իջևանում, Տաշիրում, Արցախում։

1990 թվականի փետրվարին մի շարք աշխարհազորային միավորումների և «Անկախության բանակի» նախաձեռնությամբ ստեղծվել է Հայաստանի աշխարհազորային ուժերի Պաշտպանության համակարգիչ խորհուրդը, որի շրջանակներում պետք է գործեին ՀՀ բոլոր ինքնապաշտպանական կազմավորումները։

1989-1990 թվականներին «Անկախության բանակը» մասնակցել է ՀՀ սահմանների և Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ 1990 թվականի մայիսի 27-ին «Անկախության բանակի» ակտիվ գործունեության շնորհիվ կանխվել է Երևանի երկաթուղային կայարանում ԽՍՀՄ Զինված ուժերի և պետական անվտանգության կոմիտեի կողմից կազմակերպված սադրիչ գործունեությունը։

1990 թվականի օգոստոսի 23-ին «Անկախության բանակը» կազմալուծվել է, հրամանատարները և ազատամարտիկներն անցել են քաղաքական գործունեության, զինվորական և քաղաքացիական ծառայության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png