Անդրսահմանային գետ
Անդրսահմանային գետ, գետ, որով անցնում է պետական սահմանը։ Ըստ ժամանակակից միջազգային իրավունքի, պետության իրավունքը անդրսահմանային գետերի նկատմամբ տարածվում է մինչև գետով անցնող պետական սահմանագիծը, այսինքն՝ պետության տարածքը հաշվվում է մինչև այդ գիծը։ Որպես կանոն, նավարկելի սահմանային գետերով սահմանը որոշվում է պետական սահմանի մասին օրենքով սահմանված կարգով։
Պետական սահմանների մասին օրենքներով սահմանված ռեժիմով սահմանային գետերի, լճերի, այլ ջրավազանների ջրերի՝ տվյալ երկրում ընկած մասը և այնտեղ եղած կղզիները վերահսկում են սահմանապահ զորքերը։ Արգելվում է այդ տեղանքի ափերով և սառցի վրայով տեղաշարժվելը դրա համար սահմանված ճանապարհներից, արահետներից դուրս կամ տեղաշարժման կանոնների խախտումով։ Սահմանային գետերը տնտեսական նպատակներով օգտագործելու իրավունք ունեն միայն սահմանակից պետությունները՝ մինչև սահմանագիծը։ Սահմանային ջրերից օգտվելու վերաբերյալ սովորաբար սահմանամերձ պետությունները կնքում են սահմանային համաձայնություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 144)։ |