Անդրոցենտրիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Микеланджело. Сотворение Адама, ок. 1511. Сикстинская капелла
Ադամի արարումը, Միքելանջելո մոտ 1511 թվական Սիքստինյան կապելլա

Անդրոցենտրիզմ, անդրոկենտրոնություն կամ տղամարդակենտրոնություն (հին հունարեն՝ ἀνήρ, [anḗr] — «տղամարդ» և հին հունարեն՝ κέντρον, [κέντρον] — «կենտրոն, ծայր (կարկինի), առանցքի կենտրոն»), խորքային մշակութային ավանդույթ, աշխարհի, մշակույթի, պատմության վերաբերյալ մարդու հայացքների կենտրոնում արական սեռի կամ տղամարդկային տեսակետը դնելու պրակտիկա։

Անդրոցենտրիզմը համընդհանուր մարդկային սուբյեկտիվությունը (կամ սուբյեկտիվությունները) հանգեցնում է միակ` արական նորմի, այն ներկայացնելով որպես համընդհանուր օբյեկտիվություն, մինչդեռ մյուս սուբյեկտիվությունները և առավելապես իգական սուբյեկտիվությունը ներկայացվում է որպես նորմից շեղում, որպես մարգինալ[1], դրանով իսկ մշակութային առումով մարգինալացնելով կանացիությունը։

Այսպիսով, անդրոցենտրիզմը ոչ թէ աշխարհին տղամարդու տեսանկյունից դիտել է նշանակում, այլ տղամարդու աշխարհայացքի նորմատիվ գաղափարները և կյանքի մոդելները որպես միասնական ունիվերսալ սոցիալական նորմեր և կյանքի էտալոն ներկայացնել։ Կանացի աշխարհայացքը կենտրոնում դնելու պրակտիկան կոչվում է գինոցենտրիզմ։

Ծագում և կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Весы. Гравюра по дереву из книги Вальтера Хермана Риффа[de], опубликованной Иоганном Петреусом[en] в 1547 году. Deutsche Fotothek
Կշեռք. փայտագրանկար Վալտեր Հերման Ռիֆի գրքից, որը հրատարակել է Յոհան Պետրեուսը 1547 թվականին[2]
Deutsche Fotothek պատկերների գրադարան

Անդրոցենտրիզմի հայեցակարգն առաջին անգամ ստեղծվել է քսաներորդ դարի սկզբին Շարլոտա Պերկինս Գիլմանի կողմից, ով գրել է «Տղամարդու ստեղծած աշխարհը. կամ «Մեր անդրոկենտրոն մշակույթը» (The Man-Made World: or, Our Androcentric Culture, 1911), որտեղ ասվում է.

Մեր աշխարհայացքն ամբողջությամբ հենված է անփոփոխ անխոս ենթադրության վրա, թե տղամարդու մեջ մարմնավորված է մարդու տեսակը, իսկ կինը անձնավորում է մի տեսակ փոխլրացնող, ուղեկցող և ենթակա օգնական, որի հիմնական էությունը հանգեցվում է սերունդ տալուն։ Տղամարդու նկատմամբ կինը միշտ կատարել է նախդիր լինելու ֆունկցիա՝ նա միշտ միայն նրա [տղամարդու] հետ է։ Միշտ համարվել է, որ նա [կինը] նրա [տղամարդու] վերևում կամ ներքևում է, նրա առջևում, հետևում, կողքին, կից։... Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, ինչով ծնվում և մեծանում ենք, մենք համարում ենք իրերի բնականոն կարգ` այսպես է կառուցված աշխարհը[3]...
- Շարլոտա Պերկինս Գիլման

Ըստ Գիլմանի, այն, ինչ համարվում է «մարդկային բնույթ», հիմնականում տղամարդու բնույթն է։ Ի վերջո, նա եզրակացնում է, որ «մեր անդրոկենտրոն մշակույթը եղել և մնում է չափազանց առնական (մասկուլինային), ինչը ոչ մի կերպ չի կարող ընդունելի լինել»։

Սիմոնա դե Բովուարը, չկիրառելով բուն անդրոցենտրիզմ տերմինը, մշակել է դրա հայեցակարգը՝ այն օգտագործելով գենդերային անհավասարության տեսության մեջ։ «Երկրորդ սեռը» գրքում, որն ի սկզբանե հրատարակվել է Ֆրանսիայում 1949 թվականին, նա պնդում է, որ տղամարդու և կնոջ միջև պատմականորեն ձևավորված հարաբերությունների ընկալումը` որպես գերիշխանություն-հնազանդություն, բարձր կարգավիճակ-ցածր կարգավիճակ կամ նույնիսկ դրական-բացասական հարաբերություններ, ամենաստուգը չէ։ Ավելի շուտ, այն մշակույթներում, որտեղ տղամարդու գերիշխանություն է[4].

տղամարդը մարմնավորում է և՛ դրական, և՛ չեզոք գծեր, ինչը, ըստ էության, արտացոլվում է ընդհանրապես մարդուն վերաբերվող գոյականի (man - մարդ, տղամարդ) ընդհանուր գործածության մեջ։ Միևնույն ժամանակ, «կինը» միայն բացասական բնորոշումներ է պարունակում և ընկալվում է միակողմանի՝ սահմանափակումների պրիզմայով... Ճիշտ այնպես, ինչպես հնում մարդիկ ունեին բացարձակ ուղղահայաց գծի գաղափարը, որի նկատմամբ չափվում էր շեղման անկյունը, այդպես էլ մեր ժամանակներում կա հատուկ չափորոշիչ` «օրդինար», ինչ-որ բացարձակ առնական տիպ։ Կանանց մարմինն ունի ձվարաններ և արգանդ։ Այսպիսով, կինը դառնում է իր այլության գերին` ուրվագծված իր էության սահմաններով։ Հաճախ ասում են, որ նա մտածում է ոչ թե գլխով, այլ սեռական գեղձերով։ Տղամարդն իրեն թույլ է տալիս անտեսելու այն փաստը, որ իր անատոմիան ներառում է նաև սեռական գեղձերը, այդ թվում՝ ամորձիները, և որ այդ գեղձերը սեռական հորմոններ են արտադրում։ Տղամարդն իր մարմինն ընկալում է աշխարհի հետ անմիջական և բնական կապի մեջ, որը նա ընկալում է իր տեսանկյունից՝ օբյեկտիվորեն։ Միաժամանակ կանացի մարմինը նա ընկալում է որպես յուրատեսակ պատնեշ, որպես բանտ՝ նեղող բոլոր հետևանքներով։ Այսպիսով, մարդկությունը, մարդկային ցեղը ըստ էության արական է, և, հետևաբար, կինը ընկալվում է ոչ թե ինքն իրենով, այլ միայն տղամարդու հետ համեմատությամբ. նա չի դիտվում որպես ինքնավար, առանձին էակ... Նա իրապես կարևոր և անհրաժեշտի ինչ-որ երկրորդական կամ կոմնակի բանն է։ Տղամարդը Սուբյեկտն է, Բացարձակն է, կինը Այլն է։

1994 թվականին ֆեմինիստ իրավաբան Քեթրին ՄակՔիննոնը բացահայտել է գենդերային չեզոքության իրավական առասպելն այնպես, ինչպես նախկինում ոչ ոք չէր արել։ Թեև նա երբեք չի օգտագործել «անդրոկենտրոնություն» տերմինը, սակայն նրա հիմնական փաստարկները նույնական են եղել այս գրքում ներկայացվածներին. տղամարդիկ և կանայք տարբերվում են միմյանցից կենսաբանական և պատմական բազմաթիվ բնութագրերով, ինչը, ի վերջո, հանդիսանում է կանանց անհավասարության բոլոր ասպեկտների պատճառը` աշխատավարձի ոտնահարումից մինչև բռնաբարություններ։

Այս ամենը տեղի է ունենում ոչ թե տղամարդկանց և կանանց միջև տարբերությունների պատճառով, այլ այն պատճառով, որ սոցիալական աշխարհն այնպես է կառուցված, որ միայն տղամարդիկ դրանում հեռանկար ունեն, որ տղամարդկանց կարիքները ինքնաբերաբար հոգվում են, մինչդեռ կանանց հատուկ կարիքները դիտարկվում են կա'մ որպես առանձին դեպքեր, կամ ընդհանրապես հաշվի չեն առնվում։ Բոլոր անդրոկենտրոն հաստատություններից, որոնք թվարկված են ՄակՔինոնի ցուցակում և համարվում են սովորաբար գենդերային չեզոք, թերևս ոչ մեկն այնքան պատասխանատու չէ կանանց ԱՄՆ տնտեսական և քաղաքական ռեսուրսներն օգտագործելու իրավունքից զրկելու համար, որքան զբաղվածության կառուցվածքը։ Շատ ամերիկացիներ կարող են մտածել, որ աշխատավայրը գենդերային չեզոք է, որ կանանց նկատմամբ որոշակի խտրականությունն անօրինական է, բայց իրականում այն այնքան մանրակրկիտ կազմակերպված է ի շահ տղամարդ աշխատողի, ով ունի կին, որը հոգ է տանում տան և երեխաների մասին, որ տղամարդկանց և կանանց միջև եղած տարբերությունները տրանսֆորմացվել են ի վնաս կանանց շահերի։

Որպես մայր կնոջ կենսաբանական և պատմական դերը տնտեսական և քաղաքական ռեսուրսների հասանելիության համար սահմանափակում չի հանդիսանում։ Այն սահմանափակված է անդրոկենտրոն սոցիալական աշխարհով, որը ինստիտուցիոնալացնում է վճարովի աշխատանքը ծնող լինելու պարտականության հետ համակարգելու միայն մեկ մեխանիզմ. տանը կին ունենալ, ով խնամում է երեխաներին։

Ամերիկացի հետազոտող-մարդաբան Նենսի Ռիեկը (Nancy Riec), վերլուծելով տղամարդկանց և կանանց մասին պատկերացումները, ընդգծում է անդրոկենտրոն մշակույթի էությունը, որում տղամարդիկ առնչվում են հասարակությանը, իսկ կանայք՝ բնությանը։ Նման հայացքներն արտացոլված են լեզվում, արվեստում և նույնիսկ գիտության մեջ։ Այս տեսակետներում գլխավորը «տղամարդկանց՝ որպես ավելի «մշակված», սոցիալական էակների և կանանց՝ որպես բնությանը ավելի մոտ էակների խորհրդանշական հակադրությունն է։ Սա ծնել է մի շարք կրկնակի հակադրություններ, ինչպիսիք են. կանանց համար մարմինն առաջին պլանում է, իսկ տղամարդկանց համար՝ միտքը. կանայք առաջնորդվում են կրքերով և բնազդներով (մայրական, դաստիարակչական), իսկ տղամարդիկ՝ իրենց բանականությամբ և ինտելեկտով. կնոջ տեղը ընտանեկան շրջապատում է, իսկ տղամարդու ոլորտը՝ հասարակությունը, քաղաքականությունը, բիզնեսը»[5][6]։

Գենդերային կարծրատիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված կարծիք կա, որ տղամարդիկ, քան կանայք, ավելի հավանական են կամք, անվախություն, տոկունություն, դիմացկունություն, ռացիոնալություն, խիզախություն, տրամաբանություն, ռազմատենչություն, հաստատունություն, վճռականություն, իրականությունը սթափ գնահատելու, առանձին փաստերն ընդհանրացնելու կարողություն, ինչպես նաև, որ տղամարդիկ ավելի ակտիվ են, գործարար, ունեն ավտորիտարիզմի ձգտում, հակված են կատարել ռիսկային տարրեր ունեցող աշխատանք։ Ընդ որում, նրանց բանավոր ունակություններ ու ինտուիցիան ավելի քիչ է զարգացած, քան կանանց մոտ։

Միևնույն ժամանակ, շատերը հակված են կարծելու, որ մշակութային ավանդույթներն են նման հատկություններ վերագրում տղամարդկանց, և որ դրանք ամենևին էլ միշտ չէ, որ տղամարդու բնավորությանը բնորոշ հատկանիշներից են։ Օրինակ՝ ինտուիցիան կարող է լավ զարգացած լինել ցանկացած մարդու մոտ՝ անկախ սեռից։ Պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր տղամարդ ունի իր անհատական բնավորությունը, որը ձևավորվել է տարբեր սոցիալական և ժառանգական գործոնների ազդեցության ներքո։

Անդրոցենտրիզմ տերմինը ակտիվորեն օգտագործվում է գենդերային տեսաբանների և ֆեմինիստների կողմից՝ քննադատելու մշակույթի սոցիալական աշխարհը, որտեղ տղամարդու և կնոջ բնութագրերը տարասեռ և տարաբնույթ են, սև-սպիտակի բաժանված և հիերարխիկ կառուցվածքայնացված։ Քանի որ գոյություն ունեցող մշակութային աշխարհը և բնաշխարհը ստեղծված է (խոսույթի միջոցով) արական սուբյեկտի անունից, արական հեռանկարի տեսանկյունից, որտեղ իգականը հասկացվում է որպես «այլ» և «օտար», և ամենից հաճախ ընդհանրապես անտեսվում է։ Ժամանակակից մշակույթի տղամարդակենտրոնությունը հիմնված է եվրոպական գիտության ունիվերսալիստական դիսկուրսի վրա, որը ցույց է տալիս գենդերային չեզոք դիրքավորում և «գիտականորեն» հիմնավորում է սոցիալական ինստիտուտների և կառույցների գենդերային չեզոքությունը։

Տղամարդկանց դերը հասարակության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն, մշակույթների մեծ մասում տղամարդիկ ավելի շատ իրավունքներ և հեղինակություն են ունեցել հասարակության մեջ, քան կանայք։ Այս ավանդույթն ամրագրված է նաև համաշխարհային ամենատարածված կրոնների պատվիրաններում։ Սա մեծապես պայմանավորված է նրանով, որ կնոջ համար երեխաների ծննդյան և դաստիարակության հետ կապված կյանքի հիմնական նպատակները եղել են բացառապես ընտանիքի ներսում։ Ներկայումս արևմտյան շատ երկրներում (հիմնականում Եվրոպայում, ինչպես նաև ԱՄՆ-ում) նկատվում է կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարեցման միտում։ Արևմուտքում 20-րդ դարում կանանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխություններն առավել հստակ բնութագրվել են այնպիսի գործընթացներով, ինչպիսիք են սեռական հեղափոխությունը և ֆեմինիզմի ակտիվացումը՝ որպես տղամարդկանց և կանանց հավասարության ցանկության ամենակազմակերպված դրսևորում։

Տղամարդակենտրոնության օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որտեղ ասվում էր, որ յուրաքանչյուր ոք, անկախ սեռից, ունի նույն ազատությունների իրավունքը։ Այնուամենայնիվ, 1997 թվականի Մարդկային զարգացման զեկույցը ցույց է տալիս, որ ոչ մի ազգի չի հաջողվում հասնել այս նպատակին։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի մարդահամարի վերջին վիճակագրության համաձայն՝ կանայք վաստակում են տղամարդկանց վաստակածի միայն 77%-ը նույնքան աշխատանքի դիմաց։ Ի հավելումն այս սեռերի վարձատրության տարբերությանը, շատ հազվադեպ է լինում կանանց գտնել խոշոր ընկերություններում ղեկավար պաշտոններում։ Նաև ավանդական կանանց աշխատանքները, ինչպիսիք են ուսուցումը և երեխաների խնամքը, ամենացածր վարձատրվող աշխատանքներից են։

Տեղաշարժի սահամանափակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաուդյան Արաբիան կանանց սահմանափակ տեղաշարժի ամենաակնառու օրինակն է, որտեղ կանայք իրավունք չունեին մեքենա վարել կամ հեծանիվ վարել հանրային ճանապարհներով մինչև 2018 թվականը։ Երկրի խիստ իսլամական օրենքներն արգելում են կանանց լքել իրենց տները առանց ամուսնու թույլտվության, քանի որ դա կարող է հանգեցնել նրանց շփման անծանոթ տղամարդկանց հետ։

Մի շարք այլ երկրներում կանայք նույնպես ունեն պետությունից հեռանալու սահմանափակումներ, և նույնիսկ զարգացած երկրներում կանայք կարող են բողոքել տեղաշարժման սահմանափակումից։ Թեև այս կանայք օրինական իրավունք ունեն մեքենա վարելու կամ ինքնաթիռով թռչելու, նրանք իրենք նախընտրում են երեկոյան տնից դուրս չգալ՝ բռնաբարության կամ հարձակման վտանգից խուսափելով։

Սեփականության իրավունքի սահմանափակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ երկրներում, օրինակ՝ Լեսոտոյում, կանայք հող ունենալու իրավունք չունեն։ Բոլոր փաստաթղթերում հայտնվում են միայն արական անուններ՝ լինի դա կնոջ հայր, թե ամուսին։ Եթե այդ տղամարդկանցից մեկը մահանում է, ապա կինը օրինական իրավունք չունի այն հողի նկատմամբ, որի վրա նա ապրել և աշխատել է իր ողջ կյանքում։ Հաճախ այրիները մնում են անօթևան, քանի որ մահացած ամուսնու ընտանիքը նրանց վռնդում է իրենց տներից։ Ուստի շատ կանանց ամուսնությունը «վտանգավոր» է, քանի որ կարող են կորցնել իրենց տները։

Իրավունքների նման սահմանափակումները հատկապես սուր են գյուղական վայրերում, որտեղ հիմնական և գերիշխող գործունեությունը գյուղատնտեսությունն է։ Կանայք կարող էին իրենց ողջ կյանքը ծախսել՝ մշակելով և բերք հավաքելով միայն այս հողում ապրելու իրավունքի համար, որից նրանք զրկվելու են, ինչպես նաև սոցիալական ապահովությունից են զրկվում, եթե հայրը կամ ամուսինը մահանում կամ հեռանում է։

Քաղաքական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն հանգամանքին, որ կանայք կազմում են աշխարհի բնակչության կեսը, նրանք ամբողջ աշխարհում զբաղեցնում են խորհրդարանների տեղերի միայն 15,6%-ը։ Կանանց բացակայությունը նկատելի է իշխանության բոլոր մակարդակներում՝ տեղական, տարածաշրջանային և ազգային։ Բոլիվիայում, Կամերունում և Մալայզիայում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց գործունեության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ կանայք կարողացել են մասնակցել առաջնահերթ ծախսերի կետերի սահմանմանը, նրանք առավելապես ներդրումներ են կատարել ընտանիքի, համայնքային ռեսուրսների, առողջապահության, կրթության և աղքատության վերացման մեջ, քան տղամարդիկ, ովքեր ավելի հաճախ ներդրումներ կատարում են ռազմական արդյունաբերության մեջ։

Որոշ երկրներ փորձարկել են քվոտաների համակարգեր՝ քաղաքականության մեջ կանանց թիվն ավելացնելու համար, թեև այդ համակարգերը հաճախ քննադատում են քաղաքականության մեջ կանանց միայն այն պատճառով, որ նրանք կին են՝ անկախ նրանց որակավորումից։

Կրթության մատչելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների մեծ մասը, ովքեր այժմ դպրոց չեն հաճախում, աղջիկներ են։ Իսկ աշխարհի անգրագետների երկու երրորդը նույնպես կանայք են։ Ինչ վերաբերում է կանանց կրթությանը, ապա այն միշտ չէ, որ հասանելի է, քանի որ զարգացող երկրներում աղջիկներին հաճախ դուրս են հանում դպրոցից, որպեսզի օգնեն տնային գործերում, և հայրերը կարող են նաև դպրոցից հեռացնել, եթե կարծում են, որ ժամանակն է նրանց ամուսնացնել կամ եթե ընտանիքը շատ քիչ գումար ունի երկու երեխա կրթելու համար, ուստի նախապատվությունը տրվում է տղային։

Կրթական մակարդակի այս բացը դառնում է ավելի ճնշող, երբ հետազոտությունները ցույց են տալիս, որ աղջիկների կրթությունը աղքատությանը վերջ տալու և անձնական զարգացման խթանման հիմնական գործոնն է։ Աղջիկները, ովքեր ավարտում են դպրոցը, ավելի քիչ հավանական է, որ ամուսնանան վաղ տարիքում, ավելի քիչ երեխաներ կունենան և ավելի առողջկ լինեն։ Այս կանայք նաև ավելի շատ են վաստակում և ներդրումներ են կատարում իրենց ընտանիքներում՝ դրանով իսկ ապահովելով, որ իրենց դուստրերը կրթություն ստանան։

Գրականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության պատմության մեջ տղամարդ գրողների գերակշռությունը բացատրվում է ոչ միայն որոշակի պատմական պայմաններով (կանանց կրթության և դաստիարակության առանձնահատկություններով և այլն), այլև կին հեղինակների և նրանց տեքստերի պատմությունից դիտավորյալ բացառմամբ։ Կանոնական պոետիկան, սկսած անտիկ ժամանակաշրջանից, հիմնված էր տղամարդկանց տեքստերի վրա, կանայք չէին տեղավորվում կանոնի մեջ, արդյունքում՝ կանանց ստեղծագործությունը բնորոշվում էր որպես չնչին և սիրողական։ Արվեստի պատմության մեջ կինը գովաբանվում էր որպես տղամարդ ստեղծագործողի մուսա և պաշտամունքի առարկա, մինչդեռ ինքը զրկված էր ստեղծագործելու իրավունքից։

Այսօր հասարակությունների մեծ մասում գրքերը, ամսագրերի հոդվածները և ակնարկները հիմնականում գրվում են տղամարդկանց կողմից և, որպես հետևանք, ավելի շատ լուսաբանում են տղամարդկանց տեսակետը։ Օրինակ՝ 2010 թվականին Random House ամերիկյան հրատարակչության կողմից հրատարակված գրքերի միայն 37%-ն է գրվել կանանց կողմից, և The New York Review Books հրատարաչության կողմից գրված գրքերի միայն 17%-ն են գրել կանայք[7]։ 2010 թվականին VIDA-ի կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ հոդվածների և ակնարկների ճնշող մեծամասնությունը գրել են Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության առաջատար ամսագրերում[8]։

Բժիշկ Դեյվիդ Անդերսոնի և դոկտոր Մայքլ Համիլթոնի 2001 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամենաշատ վաճառված մանկական գրքերից 200-ում, այդ թվում Caldecott մրցանակի[9] արժանացած գրքերում, յոթ տարվա կտրվածքով բավարար կին կերպարներ չկան։ Տղամարդկանց հերոսները գրեթե երկու անգամ ավելի շատ են եղել, քան կին հերոսները, իսկ տղամարդ կերպարները հայտնվել են նկարազարդումների 53%-ում։ Սյուժեների մեծ մասը կենտրոնացած էր տղամարդ կերպարների և նրանց կյանքի փորձի վրա[10]։

Հեռուստատեսություն և կինոարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդիկ են ֆիլմերի ճնշող մեծամասնության ռեժիսորները, սցենարիստները և պրոդյուսերները։ Սա կարող է հանգեցնել անդրոկենտրոն կողմնակալության, քանի որ ֆիլմերի մեծ մասը կապված է աշխարհի տղամարդկային մտապատկերի հետ։ Ըստ թվերի՝ 250 ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմերից 82%-ը տղամարդկանց կողմից գրված գրքերի կինոադապտացիաներ են եղել, իսկ ֆիլմերի միայն 6%-ն են նկարահանվել կին ռեժիսորների կողմից[11]։ Բոլոր ֆիլմերի ակնարկների 70%-ը գրված է տղամարդկանց կողմից։ Այսպիսով, տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին ոչ միայն էկրանին, այլև գրախոսականներ գրելու դեպքում[12]։

2009 թվականին Ջին Դևիսի ինստիտուտի[13] կողմից իրականացված ուսումնասիրությունը վերլուծել է 122 մանկական ֆիլմ (թողարկված 2006-2009 թվականներին)։ Հետազոտությունները ցույց են տվել, որ թե՛ նկարահանման հրապարակում, թե՛ էկրանին տղանեները գերազանցում են աղջիկներին։ Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ ռեժիսորների 93%-ը, գրողների 87%-ը և պրոդյուսերների 80%-ը տղամարդիկ են[14]։ Այսպիսով, աշխարհի անդրոկենտրոն մտապատկերը գերակշռում էր ֆիլմերի մեծ մասում։ Հետազոտական զեկույցներում նշվում է, որ տղամարդու գերակայությունը հիմնված է տղամարդկանց կողմնակալության վրա (անդրոկենտրոն կողմնակալություն) ֆիլմերի պատմություններում։ Իրենց կարծիքն արտահայտող կերպարների մեծ մասը նույնպես արական սեռի են, մինչդեռ իգական սեռի կերպարները գնահատվում են միայն արտաքինի, երիտասարդության և սեքսուալության հիման վրա։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդու կերպարը բոլոր ժամանակներում հանդես է եկել որպես հերոսական կերպար, որպես կերպարվեստում պատկերելու առարկա։ Արվեստի պատմության և տեսության մեջ ամբողջությամբ վերարտադրվում են տղամարդու՝ որպես արվեստագետ-ստեղծողի և կնոջ՝ որպես պաշտամունքի առարկայի կայուն կերպարները։

1985 թվականին Նյու Յորքից կին արվեստագետների Guerrilla Girls (թարգմանաբար` պարտիզանուհիներ) խումբը, սկսել են բողոքել կին արվեստագետների թերներկայացվածության դեմ։ Ըստ նրանց՝ արական սեռի արվեստագետներն ու տղամարդու տեսակետը շարունակել են գերիշխել կերպարվեստի աշխարհում։ 1989 թվականին Նյու Յորքի ավտոբուսներում ցուցադրել են պաստառ, որը վերնագրված էր. «Արդյո՞ք կանայք պետք է մերկ լինեն Մետրոպոլիտեն թանգարան մտնելու համար»։ Նրանք հաշվել էին, որ Մետրոպոլիտեն թանգարանի Ժամանակակից արվեստի բաժինների նկարիչների 5%-ից պակասը կանայք էին, ընդ որում թանգրարանի նկարներում մերկ ներկայացվածների 85%-ը կին էին[15]։

Ավելի քան 20 տարի անց կանայք դեռևս քիչ էին ներկայացված արվեստի աշխարհում։ 2007 թվականին New York Times թերթի լրագրող Ջերի Սալցը քննադատել է Ժամանակակից արվեստի թանգարանին՝ կին արվեստագետների աշխատանքը թերագնահատելու համար։ Ժամանակակից արվեստի թանգարանում նրա հաշված 400 արվեստի գործերից միայն 14-ն են եղել կանանց գործեր (3,5%)[16]։ Սալցը նաև հայտնաբերել է կին արվեստագետների զգալի թերներկայացվածություն իր ուսումնասիրած արվեստի վեց այլ հաստատություններում[17]։

Տղանարդակենտրոն լեզու. արական սեռը լեզվի քերականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ մասկուլինային լեզվի օգտագործումը տղամարդկանց, կանանց, ինտերսեքսին և ոչ բինար մարդկանց վերաբերյալ կարող է հասկացվել արական կամ անդրոկենտրոն կողմնակալություն հասարակության մեջ, որտեղ տղամարդիկ դիտվում են որպես «նորմա», իսկ կանայք, ինտերսեքսը և ոչ բինար գենդերները դիտվում են որպես «մյուս»։

Փիլիսոփայության գիտնական Ջենիֆեր Սաուլը պնդում է, որ լեզվում արական սեռի օգտագործումը մարգինալացնում է կանանց, ինտերսեքս և ոչ բինար մարդկանց հասարակության մեջ[18]։ Վերջին տարիներին որոշ գրողներ սկսել են օգտագործել ավելի շատ գենդեր-ընդգրկող լեզու (օրինակ՝ օգտագործելով իրենց/նրանց դերանունները և օգտագործելով սեռը ներառող բառեր, ինչպիսիք են մարդկությունը, մարդ, գործընկեր, ամուսին, գործարար, հրշեջ, նախագահ և ոստիկան)։

Լեզուները, որոնք ունեն սեռի քերականական կատեգորիա, ինչպես անգլերենը, ռուսերենը և այլն, ավելի դժվար է հասցնել «չեզոք» ձևի, թեև բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ արական սեռը լեզվի քերականության մեջ չի մեկնաբանվում որպես իսկապես գենդեր-ընդգրկուն[19]։ Հոգեբանական հետազոտությունները ցույց են տվել, որ համեմատած անկողմնակալ տերմինների հետ, ինչպիսիք են «նրանք» և «մարդկություն», արական սեռին պատկանող տերմինները հանգեցնում են արական կողմնակալ պատկերացումների և՛ լսողի, և՛ հաղորդակցվողի մտքում։

Միկոլ Համիլթոնի երեք ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գոյություն ունի ոչ միայն տղամարդ → մարդիկ կողմնակալություն, այլև մարդիկ→ տղամարդ կողմնակալություն[20]։ Այլ կերպ ասած, արական կողմնակալությունը մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ ենթարկվում են միայն գենդերային չեզոք լեզվի (թեև կողմնակալությունը թուլանում է)։ Նրա երկու ուսումնասիրություններում մասնակիցների կեսը (գենդերային չեզոք լեզվին ծանոթանալուց հետո) արական-կողմնակալ պատկերացումներ ունեին, բայց մնացած մասնակիցների մոտ ընդհանրապես գենդերային կողմնակալություն չկար։ Իր երրորդ ուսումնասիրության ժամանակ միայն տղա սեռի ներկայացուցիչներն են ցուցաբերել արական կողմնակալություն (գենդերային չեզոք լեզվին ծանոթանալուց հետո), իսկ կանայք սեռային կողմնակալություն չեն ցուցաբերել։ Համիլթոնը պնդում էր, որ դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ տղամարդիկ մեծացել են «ցանկացած անձի» մասին մտածելով՝ որպես ընդհանուր արական «նա» և կարող են ավելի հեշտ մտածել, որ «նա»-ն իրենց է վերաբերում։ Ավելին, չեզոք լեզվի երկու տարբերակներից չեզոք լեզուն, որը բացահայտորեն մատնանշում է կանանց (օրինակ՝ արական նա կամ իգական նա) ավելի արդյունավետ կերպով է նվազեցնում է անդրոկենտրոնությունը, քան չեզոք լեզուն, որն ընդհանրապես չի նշում սեռը (օրինակ՝ «մարդ»)[21][22]։

Ֆեմինիստ մարդաբան Սալի Սլոկումը պնդում է, որ մարդաբանական մտքի մեջ եղել է երկար տարիներ արական կողմնակալություն, ինչի մասին վկայում է տերմինաբանությունը, որն օգտագործվում է հասարակությանը, մշակույթին և մարդկությանը հղում կատարելիս։ Ըստ Սլոկումի, «շատ հաճախ «տղամարդ» բառն օգտագործվում է այնպիսի երկիմաստ ձևով, որ անհնար է որոշել՝ այն վերաբերում է արական սեռին, թե ընդհանրապես մարդկային տեսակներին, ներառյալ արական և իգական սեռի ներկայացուցիչները»[23]։

Տղամարդկանց լեզուն կդիտարկվի որպես «նորմ», և կանայք ինչ էլ անեն լեզվական առումով, դրան կգնահատվի բացասական` հակառակ դրան[24]։ Սոցիալապես ստորադաս խմբի խոսքը կմեկնաբանվի որպես լեզվական առումով ոչ ադեկվատ ի դեմս սոցիալապես գերիշխող խմբի խոսքի[25]։ Պարզվել է, որ կանայք ավելի շատ հեջեր (hedges) և ճշգրտիչներ են օգտագործում, քան տղամարդիկ։ Կանացի խոսքը դիտվել է որպես ավելի զիջողական և համարվել է անզոր խոսք։ Սա հիմնված է այն տեսակետի վրա, որ արական խոսքը չափանիշ է։

Ընդհանուր արական սիմվոլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համացանցում շատ ավատարներ գենդերաչեզոք են (օրինակ՝ ժպտացող դեմքի պատկերը:-)): Այնուամենայնիվ, երբ ավատարը մարդ է և գենդերային ակնհայտ պատկանելություն ունի, ապա այն սովորաբար տղամարդու տեսքով է[26][27]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А.В. Кирилина. «Гендер и язык». Антология. էջեր с. 13-15.
  2. Ryff, Walther Hermann Der furnembsten, notwendigsten, der gantzen Architectur …. — Nuremberg: J. Petreius, 1547.
  3. Гендерная психология / под ред. И. С. Клециной. — 2-е изд., перераб. и доп.. — М.: Питер, 2009. — 496 с. — (Практикум по психологии). — ISBN 978-5-388-00541-0
  4. Бовуар, Симона де Второй пол / ֆրանսերենից ռուսերեն թարգմանիչ Իրինա Մալախովա, Ելենա Օռլովա, Աննա Շաբաշնիկովա. — СПб.: Азбука-Аттикус, 2017. — 924 с. — (Новый культурный код). — ISBN 978-5-389-13048-7
  5. Клецина, Ирина Сергеевна Психология гендерных отношений : теория и практика. — СПб.: Алетейя, 2004. — С. 229. — 403 с. — (Гендерные исследования). — ISBN 5-89329-722-9
  6. Ильин, Евгений Павлович Пол и гендер. — СПб.: Питер, 2010. — С. 25. — 686 с. — (Мастера психологии). — ISBN 978-5-49807-453-5
  7. Franklin, Ruth (7 Feb 2010) The New Republic: A Literary Glass Ceiling? Why magazines aren’t reviewing more female writers (retrieved 17/03/2011)
  8. VIDA: Women in Literary Arts. The Count 2010 (retrieved 17 March 2011)
  9. JDUBIN (2021 թ․ մարտի 24). «Randolph Caldecott Medal». Association for Library Service to Children (ALSC) (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.
  10. Hamilton, Mykol C.; Anderson, David; Broaddus, Michelle; Young, Kate (2006 թ․ դեկտեմբեր). «Gender stereotyping and under-representation of female characters in 200 popular children's picture books: a twenty-first century update». Sex Roles. 55 (11–12): 757–765. doi:10.1007/s11199-006-9128-6. S2CID 146234748.
  11. The Celluloid Ceiling Report (retrieved 17/03/2011)
  12. Lauzen, Martha (2008) Thumbs Down — Representation of Women Film Critics in the Top 100 U.S. Daily Newspapers (retrieved 17/03/2011)
  13. «Geena Davis Institute on Gender in Media». Geena Davis Institute. Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
  14. Smith, Stacy & Choueiti, March (2009). Gender On Screen and Behind the Camera in Family Films:An Executive Summary (retrieved 17/03/2011)
  15. Guerilla Girls poster 1989. Guerrilla Girls. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  16. Saltz, Jerry (2007 թ․ նոյեմբերի 18). «Where are All the Women? On MoMA's Identity Politics». New York. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  17. Saltz, Jerry (2007 թ․ նոյեմբերի 17). «Data: Gender Studies. Is MoMA the worst offender? We tallied how women fare in six other art-world institutions». New York. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  18. Saul, Jennifer (2004). «Feminist philosophy of language». plato.stanford.edu. Stanford Encyclopedia of Philosophy (online). Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  19. Studies:
    • Bojarska, Katarzyna (2013 թ․ մարտ). «Responding to lexical stimuli with gender associations: a cognitive–cultural model». Journal of Language and Social Psychology. 32 (1): 46–61. doi:10.1177/0261927X12463008. S2CID 145006661.
    • Hamilton, Mykol C. (1988 թ․ դեկտեմբեր). «Using masculine generics: Does generic he increase male bias in the user's imagery?». Sex Roles (journal). 19 (11–12): 785–799. doi:10.1007/BF00288993. S2CID 144493073.
    • Hamilton, Mykol C.; Henley, Nancy M. (1982 թ․ օգոստոս). Sex bias in language: effects on the reader/hearer's cognitions. Paper presented at a conference of the American Psychological Association, Los Angeles.
    • DeLoache, Judy S.; Cassidy, Deborah J.; Carpenter, C. Jan (1987 թ․ օգոստոս). «The three bears are all boys: Mothers' gender labeling of neutral picture book characters». Sex Roles (journal). 17 (3–4): 163–178. doi:10.1007/BF00287623. S2CID 143834265.
  20. Hamilton, Mykol C. (1991 թ․ նոյեմբեր). «Masculine bias in the attribution of personhood: people = male, male = people» [Արական կողմնակալություն անձի վերագրման մեջ. մարդիկ = տղամարդ, տղամարդ = մարդիկ]. Psychology of Women Quarterly. 15 (3): 393–402. doi:10.1111/j.1471-6402.1991.tb00415.x. S2CID 143533483. {{cite journal}}: Missing pipe in: |title= (օգնություն)
  21. Khosroshahi, Fatemeh (1989 թ․ դեկտեմբեր). «Penguins don't care, but women do: A social identity analysis of a Whorfian problem» [Պինգվիններին կարևոր չէ, բայց կանանց համար` է. Ուորֆիական խնդրի սոցիալական ինքնության վերլուծություն]. Language in Society. 18 (4): 505–525. doi:10.1017/S0047404500013889. S2CID 145728097.
  22. Bailey, April H.; LaFrance, Marianne (2017 թ․ հունիս). «Who counts as human? Antecedents to androcentric behavior». Sex Roles (journal). 76 (11–12): 682–693. doi:10.1007/s11199-016-0648-4. S2CID 148460313.
  23. Slocum, Sally (2012) [1975], "Woman the gatherer: male bias in anthropology", in McGee, R. Jon; Warms, Richard L., eds. (2011 թ․ հուլիսի 11). Anthropological theory: an introductory history. New York: McGraw-Hill. էջեր 399–407. ISBN 9780078034886.
  24. Mooney, A., & Evans, B. (2019). Language, Power, and Society: An Introduction.
  25. Wolfram, W. and Schilling-Estes, N. (1998) American English: Dialect and Variation. Oxford: Wiley-Blackwell.
  26. Wade, Lisa (2009 թ․ մայիսի 4). «Default avatars: a collection». The Society Pages | Sociological Images. Մինեսոտայի համալսարան. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  27. Bailey, April H.; LaFrance, Marianne (2016). «Anonymously male: Social media avatar icons are implicitly male and resistant to change» [«Անանուն արական. սոցիալական մեդիայի ավատարի պատկերակները ակնհայտորեն արական են և փոփոխությունների նկատմամբ կայուն»]. Journal of Psychosocial Research on Cyberspace. 10 (4): 8. doi:10.5817/CP2016-4-8.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]