Jump to content

Անդրոսուհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրոսուհի

Տեսակդրամատիկական ստեղծագործություն
ԺանրՊալիատա
Ձևպիես
ՀեղինակՏերենտիուս[1]
Բնագիր լեզուլատիներեն[1]
Առաջին ներկայացումմ. թ. ա. 166
ԿերպարներԽրեմես
 Andria (Terence)

«Անդրոսուհի» (լատին․՝ Andria), հռոմեացի դրամատուրգ Տերենտիուսի անդրանիկ կատակերգությունը։ Բեմադրվել է մ.թ.ա. 166 թվականին Մեդալեսեսի խաղերի ժամանակ։

Կատակերգությունը վարպետորեն հյուսված է Մենանդրոսի երկու կատակերգությունից, որոնցից մեկը կոչվում է «Անդրոսուհի», մյուսը՝ «Պերինթուհի»։ Այս առիթով Տերինտիուսը կատակերգության նախերգանքում գրում է․ «Մենանդրոսը գրել է երկու կատակերգություն՝ «Անդրոսուհի» և «Պերինթուհի». պոետը պատրաստ է խոստովանելու՝ «Պերինթուհի»-ից պատշաճը նա տեղափոխել է«Անդրոսուհի»-ի մեջ, օգտագործել որպես իր սեփականը»։

Տերենտիուսը կատակերգության նախերգանքում պաշտպանում է իրեն հակառակորդների քննադատությունից, որոնք նրան մեղդրում են կոնտամինացիայի մեջ՝ համարելով այդ հնարքը բանագողություն։

Կատակերգության գործողությունը կատարվում է Աթենքում, բայց բարքերը, ինչպես և լեզուն, հռոմեական են։ Կատակերգության գլխավոր գործող անձը Պամֆիլոսն է, սակայն հետաքրքրական և աչքի ընկնող դեր են կատարում Պամֆիլոսի հոր՝ Սիմոնի ստրուկ Սոսիան ու Պամֆոլոսի ստրուկ Դավոսը։

Կատակերգությունը կենցաղային է։ Ծերունի Սիմոնի՝ Պամֆիլոսի հոր պատմածից երևում է, որ Անդրոս կղզուց Աթենք է եկել և հարևանությամբ ապրում է Խրիսիդա անունով մի երիտասարդ ու գեղեցիկ կին։ Խրիսիդան սկզբում վարում է «ամոթխած, դաժան ու համեստ կյանք, ...սակայն հետո երևում են հոմանիները խոստումներով ու վարձով»։ Կարիքը ստիպում է, որպեսզի Խրիսիդան վարի անբարոյական կյանք։ Խրիսիդան գրավում է նաև Պամֆիլոսին, որը անկեղծ զգացմունքով կապվում է նրա հետ և սիրում է նրան, սակայն Խրիսիդան մեռնում է։ Թաղմանը ներկա են լինում Սիմոնը, Պամֆոլիսը և այլոք։ Երբ դագաղը դրվում է խարույկի վրա, այն ժամանակ Խրիսիդայի քույրը «մոտենում է անզգուշաբար կրակին»՝ խարույկի մեջ նետվելու դիտավորությամբ։ «Այստեղ Պամֆիլոսը արտահայտում է իր թաքնված սերը» և նետվում է դեպի կինը, գրկում նրան և բացականչում․ «Գլիկերիա, ի՞նչ ես անում, ինչո՞ւ ես քեզ կործանում»։ Հայրը՝ Սիմոնը, զայրացած որդու այս վարմունքից, վերադառնում է տուն։ Նա որոշել էր Պամֆիլոսին ամուսնացնել իր ունևոր հարևան Խրեմեսի աղջկա հետ, սակայն երկու ծերերին հայտնի չէր Պամֆիլոսի գաղտնի սերը։ Խրեմեսը դժվարությամբ էր համաձայնել խնամիանալ Սիմոնի հետ, իսկ Սիմոնը Խրեմեսի համաձայնությունից հետո հարսանիքի պատրաստություն էր տեսնում։ Խրիմեսը իմանալով Պամֆիլոսի սիրո մասին հրաժարվում է իր աղջկան կնության տալ նրան։ Չնայած դրան Սիմոնը հարսանիքի պատրաստություն է տեսնում և տղային հայտարարում, որ այդ գիշեր նա անպայման պետք է ամուսնանա Խրիմեսի դստեր հետ։ Այստեղ սկսվում է Պամֆիլոսի ողբերգությունը, նա սիրում է Գլիկերային, սակայն դժվարանում է մերժել հորը։

Այս վիճակից Պամֆիլոսին հանում է իր ստրուկ Դաուլոսը։ Նա համոզում է Պամֆիլոսին առերես համաձայնություն տալ հորը, համոզված լինելով, որ հարսանիքը գլուխ չի գա, որոհետև Խրեմեսը համաձայնություն չի տա ամուսնությանը։ Հետևելով ստրուկի խորհրդին՝ Պամֆիլոսը տալիս է համաձայնությունը։ Հայրը Խրեմեսին հայտնում է, որ որդին խզել է հարաբերությունը Գլինկերայի հետ և հաշտություն է խնդրում։ Խրեմեսը հաշտվում է։ Սիմոնը գոհ է Դաուլոսից, բայց այժմ անհարմար դրություն է ստեղծվում Դաուլոսի համար, որովհետև կեղծիքը կբացվի և նա կպատժվի։ Խրեմեսի աղջկան սիրում է Խարինը՝ Պամֆիլոսի ընկերը։ Խարինը լսելով Պամֆիլոսի հարսանիքի պատրաստության մասին խնդրում է նրան նախ չամուսնանալ, իսկ եթե այդ հարսանիքը Պամֆիլոսի սրտին մոտ է, այդ դեպքում թող նա հարսանիքը հետաձգի մինչև իր քաղաքից հեռանալը։ Պամֆիլոսը պատասխանում է. «Այդ ամուսնությունը ինձ ատելի է ավելի, քան քեզ սիրելի»։

Սրամիտ Դաուլոսը այստեղ էլ է բանեցնում իր հնարամտությունը։ Նա Խարինին խորհուրդ է տալիս հաջողության համար մի փոքր համբերել, ապա Գլիկերիայի ստրկուհուն՝ Միսիդային համոզում է մանկանը տանել և դնել Սիմոնի դռան մոտ։ Խրեմեսը պատահաբար գալիս է Սիմոնի մոտ և տեսնում մանկանը։ Դաուլոսը ակնարկով հասկացնում է Խրեմեսին, որ մանուկը Պամֆիլոսինն է։ Խրեմեսը սաստիկ բարկանում է և Սիմոնին հայտնում, որ ետ է վերցնում իր խոստումը։ Այդ ժամանակ Աթենք է գալիս ծերունի Կրիտոնը և հայտնում, որ Գլիկերիան աթենացի է, որ նրա հայրը վախճանվել է Անդրոս կղզում, թողնելով մանկահասակ երեխային՝ Խրիսիդային․ պարզվում է, որ հայրը Խրեմեսի եղբայրն է եղել, որն ազատվել է նավաբեկությունից Անդրոս կղզու մոտ Գլիկերիայի հետ։ Այս լուրը Դաուլոսը հայտնում է Սիմոնին։ Սիմոնը կասկածելով, որ Դաուլոսը խաբում է իրեն, հրամայում է նրան բանտարկել, սակայն պարզվում է, որ աուլոսը չի խաբել։ Նա ազատվում է բանտից։ Պամֆիլոսն ամուսնանում է Գլիկերիայի հետ, իսկ Խարինը՝ Խրեմեսի մյուս աղջկա հետ, որին Սիմոնը ցանկանում էր ամուսնացնել Պամֆիլոսի հետ։

Կատակերգության մեջ Դաուլոսը ներկայացված է կենդանի, աշխույժ, սրամիտ այն աստիճանի, որ մի պահ թվում է, թե նա է կատակերգության կենտրոնական անձը։ Թե երիտասարդ, թե ծեր տերերը կատարելապես վստահում են նրա խելքին։ Դաուլոսին հնարամտությամբ հակադրվում է Սիմոնը, որ ջանում է Պամֆիլոսին ամուսնացնել հարուստ հարևանի աղջկա հետ, իսկ Դաուլոսը փորձում է աջակցել երիտասարդ տիրոջը՝ Պամֆիլոսին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Musisque Deoque. Un archivio digitale di poesia latina, dalle origini al Rinascimento italiano — 2005.
  2. Առաքել Առաքելյան, Հռոմեական գրականության պատմություն, Ե․, Հայպետուսմանկհրատ, 1956, էջ 130-133։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրոսուհի» հոդվածին։